Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը հարություն է տալիս մահացածներին

Հիսուսը հարություն է տալիս մահացածներին

Պատմություն 92

Հիսուսը հարություն է տալիս մահացածներին

ԱՅՍ աղջիկը, որին տեսնում ես նկարում, 12 տարեկան է։ Նրա ձեռքից բռնողը Հիսուսն է, իսկ դիմացի կանգնածները ծնողներն են։ Գիտե՞ս, թե ինչո՛ւ են նրանք այսքան երջանիկ։ Հիմա կիմանանք։

Աղջկա հայրը Հայրոս անունով մի ճանաչված մարդ է։ Պատահում է այնպես, որ նրա աղջիկը հիվանդանում է ու անկողին ընկնում։ Բայց նրա վիճակը, լավանալու փոխարեն, գնալով ավելի է վատթարանում։ Հայրոսն ու իր կինը խիստ անհանգստանում են. չլինի՞ թե իրենց մինուճար դուստրը մահանա։ Այդ մտքերով տարված՝ Հայրոսը գնում է Հիսուսին փնտրելու, քանի որ նա լսել է Հիսուսի կատարած հրաշքների մասին։

Հայրոսը գտնում է Հիսուսին՝ մի մեծ բազմությամբ շրջապատված։ Ճեղքել–​անցնելով ամբոխի միջով՝ Հայրոսն ընկնում է Հիսուսի ոտքերը։ «Աղջիկս շատ, շա՜տ հիվանդ է։ Խնդրում եմ, արի՛ ու բժշկի՛ր նրան»,— աղաչում է նա։ Հիսուսը համաձայնվում է։

Ճանապարհին ամբոխը ավելի ու ավելի է խտանում, ու մարդիկ սկսում են իրար հրմշտել։ Հանկարծ Հիսուսը կանգ է առնում ու հարցնում. «Ո՞վ դիպավ ինձ»։ Իրենից դուրս եկող զորությունից նա զգաց, որ ինչ–​որ մեկը դիպավ իրեն։ Բայց ո՞վ. 12 տարի ծանր հիվանդությամբ տառապող մի կին, որը մոտենալով հպվել էր Հիսուսի հագուստներին ու բժշկվել։

Տեսնելով, թե Հիսուսն ինչ հեշտությամբ է բուժում մարդկանց՝ Հայրոսը փոքր–​ինչ թեթևանում է։ Բայց այդ պահին հայտնվում է մի մարդ և վատ լուր հաղորդում Հայրոսին. «Հիսուսին այլևս մի՛ անհանգստացրու։ Քո աղջիկը մահացավ»։ Հիսուսը, լսելով այս խոսքերը, Հայրոսին ասում է. «Մի՛ անհանգստացիր, ամեն բան լավ կլինի»։

Երբ նրանք վերջապես հասնում են Հայրոսի տուն՝ տեսնում են բարձր ձայնով լաց լինող մարդկանց։ Հիսուսը, նրանց դիմելով, ասում է. «Լաց մի՛ լինեք, որովհետև նա մեռած չէ, այլ քնած»։ Այդ խոսքերի վրա նրանք սկսում են ծիծաղել ու ծաղրել Հիսուսին, որովհետև համոզված են, որ աղջիկը մեռած է։

Հիսուսն աղջկա հոր, մոր ու իր առաքյալներից երեքի հետ մտնում է այն սենյակը, որտեղ գտնվում է երեխան։ Ապա, բռնելով նրա ձեռքից, ասում է. «Վե՛ր կաց»։ Տե՛ս, նկարում պատկերված է այն պահը, երբ աղջիկը կենդանանում է։ Նա վեր է կենում իր պառկած տեղից ու սկսում ման գալ սենյակում։ Ահա թե ինչն է պատճառը, որ նրա հայրն ու մայրը այսքան ուրախ ու երջանիկ են։

Գիտե՞ս, այս աղջիկն առաջինը չէ, որին հարություն է տվել Հիսուսը։ Ինչպես հաղորդում է Աստվածաշունչը, առաջինը Նային քաղաքի մի որբևայրի կնոջ որդին էր։ Ավելի ուշ Հիսուսը հարություն է տալիս նաև Ղազարոսին՝ Մարիամի ու Մարթայի եղբորը։ Իսկ երբ գա Հիսուսի կառավարելու ժամանակը՝ որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր, նա շա՜տ ու շա՜տ մարդկանց հարություն կտա։ Մի՞թե սա ուրախալի չէ։

Ղուկաս 8։40–56; 7։11–17; Յովհաննէս 11։17–44։