Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վերնատանը

Վերնատանը

Պատմություն 99

Վերնատանը

ԵՐԿՈՒ օր անց՝ հինգշաբթի երեկոյան, Հիսուսն իր տասներկու առաքյալների հետ գալիս է մի տան վերին ընդարձակ սենյակը՝ Պասեքի ընթրիքն անելու։ Տեսնո՞ւմ ես այն մեկին, որը սենյակից դուրս է գալիս. դա Հուդա Իսկարիովտացին է։ Նա գնում է քահանաների մոտ, որպեսզի տեղեկացնի նրանց, թե ինչպես կարող են բռնել Հիսուսին։

Դրանից մեկ օր առաջ Հուդան գնացել էր նրանց մոտ ու հարցրել. «Ի՞նչ կտաք ինձ, եթե ձեզ օգնեմ, որ բռնեք Հիսուսին»։ «Երեսուն արծաթ դրամ»,— խոստացել էին նրանք։ Իսկ հիմա Հուդան գնում է այդ մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Հիսուսի գտնվելու տեղը։ Ի՜նչ սարսափելի բան...

Պասեքի ընթրիքը վերջանում է։ Բայց հիմա Հիսուսը սկսում է մեկ այլ՝ հատուկ ընթրիք։ Նա իր առաքյալներին մեկնում է հացն ու ասում. «Կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում»։ Ապա Հիսուսը տալիս է նրանց գինով լի բաժակը՝ ասելով. «Խմե՛ք. սա խորհրդանշում է իմ արյունը, որ ձեզ համար է թափվում»։ Աստվածաշնչում այս արարողությունը կոչվում է «Տիրոջ ընթրիք»։

Իսրայելացիները Պասեքն ուտում էին՝ հիշելու համար այն օրը, երբ Աստծու հրեշտակը Եգիպտոսում ‘անցավ’ իրենց դռների մոտով, բայց սպանեց եգիպտացիների տներում գտնվող առաջնեկներին։ Իսկ հիմա Հիսուսն ուզում է, որ իր առաքյալները հիշեն իրեն և այն, թե ինչպես նա իր կյանքը տվեց իրենց համար։ Ահա թե ինչու է Հիսուսը պատվիրում նրանց ամեն տարի տոնել այդ հատուկ օրը։

Տիրոջ ընթրիքից հետո Հիսուսը հորդորում է առաքյալներին մնալ քաջ ու իրենց հավատի մեջ՝ ամուր։ Վերջում նրանք Աստծուն փառաբանության երգեր են երգում և հեռանում այդտեղից։ Արդեն շատ ուշ է. հավանաբար, կեսգիշերն անց է։ Հետաքրքիր է իմանալ, թե նրանք ուր են գնում։

Մատթէոս 26։14–30; Ղուկաս 22։1–39; Յոհվաննէս 13–17 գլուխներ; Ա Կորնթացիս 11։20։