Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը պարտեզում

Հիսուսը պարտեզում

Պատմություն 100

Հիսուսը պարտեզում

ՀԻՍՈՒՍՆ ու իր առաքյալները դուրս են գալիս վերնատնից և ուղղվում դեպի Գեթսեմանի պարտեզ։ Առաջին անգամ չէ, որ նրանք այստեղ են։ Հիսուսը նրանց պատվիրում է արթուն լինել և աղոթել։ Իսկ ինքը մի փոքր հեռանում է նրանցից և, երեսը գետնին խոնարհեցնելով, աղոթում։

Հետո Հիսուսը վերադառնում է առաքյալների մոտ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ են անում նրանք։ Նրանք քնա՛ծ են։ Հիսուսը երեք անգամ պատվիրում է նրանց արթուն մնալ, բայց երեք անգամ էլ վերադառնալով նրանց քնած է տեսնում։ «Ինչպե՞ս կարելի է ննջել այսպիսի ժամանակ,— ասում է Հիսուսը վերջին անգամ նրանց մոտ վերադառնալուց հետո։— Չէ՞ որ ժամը հասել է, և ես պիտի մատնվեմ իմ թշնամիների ձեռքը»։

Հենց այդ պահին լսվում է մոտեցող ամբոխի ձայնը։ Նայի՛ր։ Մարդիկ սրերով ու մահակներով են զինված։ Նրանք իրենց ձեռքերում ճանապարհը լուսավորելու համար ջահեր ունեն պահած։ Երբ ամբոխն ավելի է մոտենում, մի մարդ նրանցից առանձնանում է ու, գալով դեպի Հիսուսը, համբուրում է նրան։ Տեսնո՞ւմ ես նկարում։ Դա Հուդա Իսկարիովտացի՛ն է։ Իսկ գիտե՞ս, թե ինչո՛ւ է նա համբուրում Հիսուսին։

— Հուդա՛, համբույրո՞վ ես ինձ մատնում,— հարցնում է Հիսուսը։ Համբույրո՜վ... Այո՛, դա նշան է, որը Հուդայի հետ եկած մարդկանց ցույց է տալիս, թե ով է իրենց փնտրած մարդը՝ Հիսուսը։ Եվ այդժամ Հիսուսի թշնամիները առաջ են գալիս ու փորձում ձերբակալել նրան։ Սակայն Պետրոսը չի ուզում առանց կռվի թույլ տալ Հիսուսին տանելու։ Նա հանում է իր հետ վերցրած սուրը և հարվածում կողքին կանգնած մարդուն։ Սուրը, մի փոքր շեղությամբ անցնելով այդ մարդու գլխի կողքով, կտրում է նրա աջ ականջը։ Բայց Հիսուսը դիպչում է նրա ականջին ու բժշկում նրան։

Նա Պետրոսին կարգադրում է. «Սուրդ տե՛ղը դիր։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որ կարող եմ Հորիցս հազարավոր հրեշտակներ խնդրել ինձ փրկելու համար»։ Ճշմարիտ որ, նա կարող է դա անել։ Բայց Հիսուսն այդ քայլին չի դիմում, քանի որ գիտի, որ եկել է ժամը, որ իր թշնամիները բռնեն իրեն։ Ուստի, նա ենթարկվում է այդ մարդկանց և թույլ է տալիս, որ իրեն տանեն։ Ե՛կ տեսնենք, թե ի՛նչ է պատահում Հիսուսին այս դեպքից հետո։

Մատթէոս 26։36–56; Ղուկաս 22։39–53; Յովհաննէս 18։1–12։