Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փակ դռներից ներս

Փակ դռներից ներս

Պատմություն 103

Փակ դռներից ներս

ՊԵՏՐՈՍԻ ու Հովհաննեսի գնալուց հետո Մարիամը մենակ է մնում դամբարանի մոտ, որտեղ Հիսուսի մարմինն էր գտնվում։ Նա սկսում է լաց լինել։ Ապա, ինչպես տեսանք նախորդ գլխի նկարում, նա թեքվում է դեպի դամբարանի մուտքը ու ներս նայում։ Այնտեղ տեսնում է երկու հրեշտակների։ Նրանք հարցնում են. «Ինչո՞ւ ես լալիս»։

Մարիամը պատասխանում է. «Իմ Տիրոջ մարմինը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել»։ Ապա շրջվելով մյուս կողմը՝ տեսնում է մի անձնավորության։ Վերջինս հարցնում է. «Այդ ո՞ւմ ես փնտրում»։

Մարիամին թվում է, թե այդ մարդը պարտիզպանն է, և, հավանաբար, նա է վերցրել Հիսուսի մարմինը։ Մարիամն ասում է. «Եթե դու ես վերցրել Հիսուսին, խնդրում եմ ասա՝ որտե՞ղ ես դրել նրան»։ Մինչդեռ իրականում դա հենց Հիսուսն է։ Նա այնպիսի մարմին էր հագել, որ Մարիամը չի կարողանում միանգամից ճանաչել։ Բայց երբ Հիսուսը տալիս է նրա անունը, Մարիամն անմիջապես գլխի է ընկնում, որ դա Հիսուսն է։ Նա շտապում է աշակերտների մոտ, որ հաղորդի այդ նորությունը. «Ես տեսե՜լ եմ Տիրոջը»։

Նույն օրը՝ մի փոքր ավելի ուշ, աշակերտներից երկուսը քայլում էին դեպի Էմմաուս գյուղը, երբ ճանապարհին մի մարդ է միանում նրանց։ Աշակերտները տխուր են. պատճառը Հիսուսի մահն է։ Բայց ճանապարհ գնալու ընթացքում այդ ուղեկիցը Գրություններից շատ կարևոր մտքեր է պարզաբանում, որից նրանք զգալիորեն սրտապնդվում են։ Եվ միայն ամենավերջում, երբ միասին հացի են նստում, հասկանում են, որ իրենց ուղեկիցը Հիսուսն է։ Ապա Հիսուսն անհետանում է, իսկ երկու աշակերտները արագորեն վերադառնում են Երուսաղեմ՝ առաքյալներին պատմելու իրենց հետ պատահածը։

Այդ ընթացքում Հիսուսը երևում է նաև Պետրոսին։ Մյուսները իմանում են այդ մասին և սրտանց ուրախանում։ Եվ ահա այս երկու աշակերտները հասնում են Երուսաղեմ, գտնում առաքյալներին ու պատմում, որ Հիսուսն իրենց էլ է երևացել ճանապարհին։ Հենց այդ պահին զարմանալի մի բան է տեղի ունենում։ Ի՞նչ։

Նայի՛ր նկարին։ Տեսնո՞ւմ ես, թեև սենյակի դուռը փակ է, բայց Հիսուսն այնտեղ է։ Ինչքա՜ն երջանիկ են նրա աշակերտները։ Պատկերացնո՞ւմ ես նրանց ուրախության չափը։ Ի՜նչ օր է, չէ՞։ Կարո՞ղ ես հաշվել, թե քանի անգամ Հիսուսը երևաց իր հետևորդներին։ Ստացվե՞ց հինգ անգամ։

Հիսուսի՝ աշակերտներին երևացած օրը, Թովմաս առաքյալը նրանց հետ չէր։ Նրան ասում են. «Տիրոջը տեսե՛լ ենք»։ Բայց նա ասում է. «Մինչև անձամբ չտեսնեմ նրան, չեմ հավատա»։ Դրանից ութ օր հետո աշակերտները դարձյալ հավաքվում են մի սենյակում ու դուռը կողպում, և այս անգամ Թովմասն էլ է նրանց հետ։ Սենյակի մեջ հանկարծ հայտնվում է Հիսուսը։ Հիմա Թովմասը հավատում է։

Յովհաննէս 20։11–29; Ղուկաս 24։13–43։