Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ազատ են արձակվում բանտից

Ազատ են արձակվում բանտից

Պատմություն 106

Ազատ են արձակվում բանտից

ՆԱՅԻ՛Ր, այս հրեշտակը բացում է բանտի դուռը և ազատ արձակում Հիսուսի առաքյալներին։ Արի՛ տեսնենք, թե ինչպես նրանք հայտնվեցին բանտում։

Դա պատահեց կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ սուրբ ոգին թափվեց Հիսուսի աշակերտների վրա։ Մի օր, կեսօրին, Պետրոսն ու Հովհաննեսը գնում են Երուսաղեմի տաճար։ Տաճարի դռների մոտ մի մարդ է նստած՝ ի ծնե կաղ։ Մարդիկ նրան ամեն օր այնտեղ են բերում, որպեսզի տաճար մտնողներից դրամ մուրա։ Տեսնելով Պետրոսին ու Հովհաննեսին՝ այդ մարդը որևէ բան է նրանցից խնդրում։ Ինչպե՞ս կվարվեն առաքյալները։

Նրանք կանգ են առնում ու նայում այդ աղքատ մարդուն։ «Ես դրամ չունեմ,— ասում է Պետրոսը,— բայց քեզ կտամ այն, ինչ որ ունեմ. Հիսուսի անունով՝ ոտքի ե՛լ ու քայլի՛ր»։ Այդ ասելով՝ Պետրոսը բռնում է մարդու աջ ձեռքից. նա անմիջապես տեղից վեր է ցատկում ու քայլում։ Ժողովրդին զարմացնում և միաժամանակ անասելի ուրախացնում է այդ հրաշքը։

— Այս հրաշքը մենք գործեցինք Աստծու զորությամբ, այն Աստծու, որը մեռելներից հարություն տվեց Հիսուսին,— բացատրում է Պետրոսը։ Մինչ Հովհաննեսն ու ինքը խոսում էին, նրանց են մոտենում կրոնական առաջնորդները։ Նրանք բարկացած են, քանի որ Պետրոսն ու Հովհաննեսը մարդկանց Հիսուսի հարության մասին են պատմում։ Այդ է պատճառը, որ նրանց ձերբակալում են ու բանտ նստեցնում։

Հաջորդ օրը կրոնական առաջնորդները մեծ ժողով են կայացնում և Պետրոսին, Հովհաննեսին ու նրանց բուժած մարդուն բերում են այնտեղ։ «Ի՞նչ զորությամբ արեցիք այդ հրաշքը»,— հարցնում են կրոնական առաջնորդները։

Նա էլ բացատրում է նրանց, թե՝ Աստծու զորությամբ, այն Աստծու, որը Հիսուսին հարություն տվեց։ Քահանաները չգիտեն, թե ինչ անեն, և, մյուս կողմից, չեն էլ կարող ժխտել, որ այդ հրաշքն իսկապես տեղի է ունեցել։ Նրանց ոչինչ չի մնում անելու, բացի այն, որ առաքյալներին սպառնում են, արգելում խոսել Հիսուսի մասին ու ազատ են արձակում նրանց։

Օրերն անցնում են, իսկ առաքյալները շարունակում են քարոզել Հիսուսի մասին և նաև բժշկել հիվանդներին։ Այդ հրաշքների մասին լուրերը տարածվում են շրջակայքում։ Ժողովուրդը բերում է իր հիվանդներին նույնիսկ Երուսաղեմի մոտակա բնակավայրերից, որպեսզի առաքյալները բուժեն։ Կրոնական առաջնորդները՝ նախանձով լցված, ձերբակալում են առաքյալներին ու բանտ նստեցնում։ Սակայն նրանք այնտեղ երկար չեն մնում։

Ինչպես երևում է նկարից, գիշերը Աստծու հրեշտակը բաց է անում բանտի դռները։ «Գնացե՛ք, մտե՛ք տաճար,— ասում է նա,— և շարունակե՛ք խոսել ժողովրդի հետ»։ Հաջորդ առավոտյան, երբ կրոնական առաջնորդները մարդ են ուղարկում առաքյալներին բանտից հանելու, բանտի խուցը դատարկ են գտնում։ Ավելի ուշ նրանց տեսնում են տաճարում սովորեցնելիս, ուստի բռնում են ու տանում Ատյանի՝ Սինեդրիոնի առաջ։

— Մենք ձեզ խստիվ արգելեցինք Հիսուսի մասին սովորեցնել,— վրդովված խոսում են կրոնական առաջնորդները,— բայց դուք Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով։— Իսկ առաքյալները պատասխանում են. «Մենք առավել պետք է Աստծուն հնազանդվենք, քան մարդկանց»։ Եվ նրանք շարունակում են մարդկանց քարոզել «բարի լուրը»։

Ի՞նչ ես կարծում, այս ամենը հետևելու լավ օրինակ չէ՞ մեզ համար։

Գործք 3–5 գլուխներ։