Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ստեփանոսը քարկոծվում է

Ստեփանոսը քարկոծվում է

Պատմություն 107

Ստեփանոսը քարկոծվում է

ԱՅՍ ծնկի եկած մարդը Ստեփանոսն է՝ Հիսուսի հավատարիմ աշակերտներից մեկը։ Բայց տե՛ս, թե ի՛նչ են անում այս մարդիկ. մեծ–​մեծ քարեր են նետում նրա վրա։ Ինչո՞վ է Ստեփանոսը արժանացել նրանց ատելությանն ու այս աստիճանի դաժան վերաբերմունքին։ Հիմա կտեսնենք։

Աստծու օգնությամբ Ստեփանոսը մեծ հրաշքներ է գործում։ Բայց դա այս մարդկանց սրտով չէ, և նրանք սկսում են մեղադրել Ստեփանոսին, թե իբր նա մարդկանց սխալ բաներ է սովորեցնում։ Բայց Աստված Ստեփանոսին իմաստություն է տալիս, և նա ապացուցում է, որ սխալը նրանց սովորեցրածն է։ Դրանից նրանք ավելի են բարկանում և որոշում են ձերբակալել նրան ու մարդիկ բերել, որպեսզի սուտ վկայություններ տան։

Քահանայապետը հարցնում է Ստեփանոսին. «Ճի՞շտ է այս ամենը»։ Ստեփանոսը պատասխանում է Աստվածաշնչի վրա հիմնված հրաշալի ելույթով։ Իր խոսքը եզրափակում է՝ պատմելով, թե ինչպես են չար մարդիկ հին ժամանակներում ատել Եհովայի մարգարեներին. ապա ավելացնում է. «Դուք այն մարդկանցից ոչնչով չեք տարբերվում։ Սպանեցիք Աստծու ծառա Հիսուսին և Աստծու օրենքներին չեք հնազանդվում»։

Կրոնական առաջնորդները այլևս չեն կարողանում զսպել իրենց զայրույթը և կատաղությունից կրճտացնում են իրենց ատամները։ Իսկ Ստեփանոսը գլուխը դեպի երկինք է բարձրացնում ու բացականչում. «Տեսնո՜ւմ եմ Հիսուսին երկնքում Աստծու աջ կողմում նստած»։ Այս խոսքերի վրա մարդիկ փակում են իրենց ականջները, ապա հարձակվում են Ստեփանոսի վրա, բռնում ու քաղաքից դուրս են տանում։

Այնտեղ նրանք հանում են իրենց վերնազգեստները և պահ տալիս երիտասարդ Սողոսին։ Տեսնո՞ւմ ես նրան։ Ապա մի քանիսը սկսում են քարկոծել Ստեփանոսին։ Ստեփանոսը, ինչպես տեսնում ես, ծնկի է գալիս ու աղոթքով դիմում Աստծուն. «Եհովա, մի՛ պատժիր նրանց այս չար գործի համար»։ Նա հասկանում է, որ այդ մարդկանցից ոմանք խաբված են կրոնական առաջնորդների կողմից։ Այս խոսքերն ասելուց հետո Ստեփանոսը մահանում է։

Երբ որևէ մեկը քեզ վիրավորում է կամ քո հանդեպ չարություն է գործում, դու փորձում ես նրան նույնո՞վ հատուցել կամ խնդրում ես Աստծուն, որ պատժի՞ նրան։ Բայց թե՛ Հիսուսը և թե՛ Ստեփանոսը այդպես չվարվեցին։ Նրանք բարությամբ էին վերաբերվում նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրենց նկատմամբ բարի չէին։ Արի՛ հետևենք նրանց օրինակին։

Գործք 6։8–15; 7։1–59։