Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դամասկոսի ճանապարհին

Դամասկոսի ճանապարհին

Պատմություն 108

Դամասկոսի ճանապարհին

ԳԻՏԵ՞Ս, թե ով է գետնին ընկածը։ Դա Սողոսն է։ Հիշո՞ւմ ես, նա այն երիտասարդն է, որին հանձնված էր Ստեփանոսին քարկոծող մարդկանց վերնազգեստների հսկողությունը։ Հապա նայի՛ր. այս ի՞նչ կուրացուցիչ, պայծառ լույս է։ Վերջապես, ի՞նչ է տեղի ունենում։

Ստեփանոսի սպանվելուց հետո Սողոսը սկսում է հալածանքներ կազմակերպել Հիսուսի հետևորդների դեմ։ Նա նույնիսկ մտնում է տները, որպեսզի նրանց գտնի ու բանտերը նետի։ Աշակերտներից շատերը փախչում են ուրիշ քաղաքներ ու այնտեղ սկսում քարոզել «բարի լուրը»։ Բայց Սողոսը սկսում է իր հետապնդումները նաև ուրիշ վայրերում։ Այս անգամ նա ճանապարհ է ընկել դեպի Դամասկոս։ Բայց ճանապարհին մի զարմանալի բան է կատարվում։

Հանկարծ երկնքից մի պայծառ լույս է փայլատակում Սողոսի շուրջը։ Նա, ինչպես տեսնում ենք նկարում, ընկնում է գետնին։ Այդ պահին մի ձայն դիմում է նրան՝ ասելով. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Սողոսի հետ գտնվող մարդիկ տեսնում են լույսը, և իրենք էլ են ինչ–​որ ձայն լսում, բայց ոչինչ չեն հասկանում։

— Ո՞վ ես, Տե՛ր,— հարցնում է Սողոսը։

— Ես Հիսուսն եմ՝ նա, որին դու հալածում ես,— պատասխանում է ձայնը։ Դրանով Հիսուսն ուզում է հասկացնել նրան, որ հալածել իր հետևորդներին՝ դա նույնն է, թե իրե՛ն հալածեն։

Այդժամ Սողոսը հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր»։

— Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս,— ասում է Հիսուսը,— և քեզ այնտեղ կասվի, թե ի՛նչ պետք է անես։— Սողոսը բարձրանում է ընկած տեղից, բացում աչքերը, սակայն ոչինչ չի տեսնում. նա կուրացել է։ Եվ իր հետ եղող մարդիկ ստիպված են լինում ձեռքից բռնած նրան առաջնորդել Դամասկոս։

Այժմ Հիսուսը խոսում է Դամասկոսում գտնվող իր աշակերտներից մեկի հետ։ «Վե՛ր կաց, Անա՛նիա, գնա՛ Ուղիղ կոչվող փողոցը։ Հուդայի տանը փնտրիր Սողոս անունով մեկին։ Ես նրան ընտրել եմ, որ ինձ համար հատուկ ծառա լինի»։

Անանիան հնազանդվում է նրան։ Հանդիպելով Սողոսին՝ ձեռքերը դնում է նրա վրա ու ասում. «Տերն ինձ ուղարկեց, որ դու կրկին տեսնես ու լցվես սուրբ ոգով»։ Եվ իսկույն նրա աչքերից թեփերի պես բաներ են ցած թափվում. նա կրկին վերստանում է տեսնելու կարողությունը։

Դրանից հետո Սողոսը սկսում է բարի լուրը անդադար քարոզել տարբեր ազգերի մարդկանց։ Նա հայտնի է դառնում Պողոս առաքյալ անունով, որի մասին մենք դեռ շատ կխոսենք։ Բայց նախ տեսնենք, թե Աստված ո՛ւր է ուղարկում Պետրոս առաքյալին։

Գործք 8։1–4; 9։1–20; 22։6–16; 26։8–20։