Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պետրոսն այցելում է Կոռնելիոսին

Պետրոսն այցելում է Կոռնելիոսին

Պատմություն 109

Պետրոսն այցելում է Կոռնելիոսին

ՆԿԱՐՈՒՄ Պետրոս առաքյալն է, իսկ նրա ետևում կանգնածները՝ իր ընկերները։ Սակայն ինչո՞ւ է այս մարդը խոնարհվում Պետրոսի առջև։ Արդյոք այդպես անելը ճի՞շտ է։ Իսկ գիտե՞ս, թե ով է նա։

Այս մարդը հռոմեական բանակի սպա Կոռնելիոսն է։ Թեև նա անձամբ չի ճանաչում Պետրոսին, բայց նրան ասվել է, որ առաքյալին իր տուն հրավիրի։ Տեսնենք, թե դա ինչպես պատահեց։

Հիսուսի առաջին հետևորդները հրեաներ էին։ Չնայած Կոռնելիոսը հրեա չէ, նա սիրում է Աստծուն, աղոթում է նրան և մարդկանց համար շատ բարի գործեր է կատարում։ Ու մի օր՝ կեսօրից հետո, մի հրեշտակ է հայտնվում նրան ու ասում. «Դու հաճելի ես Աստծուն, և նա պատասխանելու է քո աղոթքներին։ Մարդ ուղարկիր ու քեզ մոտ կանչիր Պետրոս անունով մի մարդու։ Նա ապրում է Հոպպեում՝ Սիմոնի տանը՝ ծովի մոտ»։

Կոռնելիոսն իսկույն Պետրոսի ետևից մարդ է ուղարկում։ Հաջորդ օրը, երբ նրանք մոտենում են Հոպպեին, Պետրոսը գտնվում է Սիմոնի տան հարթ տանիքի վրա։ Այնտեղ Աստված այնպես է անում, որ կարծես թե Պետրոսը իրականում տեսնում է մի մեծ սփռոց երկնքից իջնելիս։ Այդ սփռոցի մեջ բոլոր տեսակի կենդանիներից կային։ Չնայած այն բանին, որ Աստծու օրենքն արգելում էր անմաքուր կենդանիների միս ուտել, երկնքից լսվող ձայնը պատվիրում է. «Վե՛ր կաց, Պետրո՛ս։ Մորթի՛ր և կե՛ր»։

— Ո՛չ,— պատասխանում է Պետրոսը։— Ես երբեք անմաքուր բան չեմ կերել։— Սակայն ձայնը շարունակում է. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի համարիր»։ Ձայնը կրկնվում է երեք անգամ։ Մինչ Պետրոսը դեռ մտածմունքների մեջ է, Կոռնելիոսի մարդիկ գտնում են այդ տունը ու նրա մասին հարցուփորձ անում։

Այդ ժամանակ Պետրոսն իջնում է տանիքից ու ասում նրանց. «Ես նա եմ, ում փնտրում եք։ Ինչո՞ւ եք եկել»։ Երբ եկվորները բացատրում են, թե հրեշտակն ինչ է պատվիրել Կոռնելիոսին, Պետրոսը համաձայնվում է գնալ նրանց հետ։ Եվ հենց հաջորդ օրը Պետրոսն ու իր ընկերները ճանապարհվում են Կեսարիա՝ Կոռնելիոսի մոտ։

Կոռնելիոսը հավաքել է իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։ Պետրոսի ներս մտնելուն պես նա ընդառաջ է գնում, ծնկի է գալիս ու խոնարհվում Պետրոսի ոտքերի մոտ, ինչպես որ պատկերված է նկարում։ Սակայն վերջինս ասում է. «Ոտքի՛ կանգնիր, ես ինքս էլ մարդ եմ»։ Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդու առջև խոնարհվելն ու նրան երկրպագելը ճիշտ չէ։ Մենք պետք է երկրպագենք միայն Եհովային։

Այժմ Պետրոսը սկսում է քարոզել այնտեղ հավաքվածներին։ «Տեսնում եմ, որ Աստված ընդունում է բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ծառայել նրան»,— ասում է նա։ Եվ մինչ նա խոսում էր, Աստված ուղարկում է իր սուրբ ոգին, և ներկաները սկսում են տարբեր լեզուներով խոսել։ Այս երևույթը ապշեցնում է Պետրոսի հետ եկած հրեա աշակերտներին, որովհետև նրանք կարծում էին, թե Աստված միայն հրեաներին է հաճում։ Այս դեպքը նրանց հասկացնում է, որ Աստված որևէ մի ազգի մյուսներից ավելի լավ կամ բարձր չի համարում։ Մեզ համար օգտակար կլինի այս բանը միշտ մեր հիշողության մեջ պահել, այնպես չէ՞։

Գործք 10։1–48; 11։1–18; Յայտնութիւն 19։10։