Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Չարության վերջը

Չարության վերջը

Պատմություն 114

Չարության վերջը

Ի՞ՆՉ ես տեսնում նկարում։ Ճիշտ է, սպիտակ ձիերով մի հեծելազոր։ Բայց տե՛ս, թե որտեղից են նրանք գալիս։ Ձիերը ամպերի վրայով քառատրոփ սլանում են երկնքից։ Իսկ մի՞թե երկնքում իսկապես ձիեր կան։

Ոչ, սրանք իսկական ձիեր չեն։ Մենք գիտենք, որ ձիերը չեն կարող ամպերի վրայով վազել, այնպես չէ՞։ Բայց Աստվածաշունչը խոսում է հենց երկնային ձիերի մասին։ Գիտե՞ս, թե ինչու։

Առաջներում ձիերը շատ էին գործածվում պատերազմներում։ Ուստի, երկնային ձիավորների մասին խոսելիս Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված պատերազմելու է երկրի վրա ապրող մարդկանց հետ։ Գիտե՞ս, թե ինչպես է կոչվում այդ պատերազմը։ Արմագեդոն։ Այս պատերազմը երկրի վրայից վերացնելու է ամեն չարություն։

Արմագեդոն պատերազմը վարելու է Հիսուսը։ Հիշո՞ւմ ես ով է Հիսուսը. նա այն անձնավորությունն է, որին Եհովան ընտրել է որպես իր կառավարության Թագավոր։ Ահա թե ինչու է նա իր գլխին թագ կրում։ Իսկ սուրը ցույց է տալիս, որ նա ոչնչացնելու է Աստծու բոլոր թշնամիներին։ Զարմանո՞ւմ ես, որ Աստված կործանելու է բոլոր չարագործներին։

Վերադառնանք 10–րդ պատմությանը։ Ի՞նչ ես տեսնում։ Այո՛, դա այն մեծ Ջրհեղեղն է, որը ոչնչացրեց ամբարիշտներին։ Ո՞վ բերեց Ջրհեղեղը։ Եհովա Աստված։ Իսկ հիմա նայենք 15–րդ պատմությունը։ Այս ի՞նչ է կատարվում։ Սոդոմն ու Գոմորը ոչնչանում են կրակով, որը Եհովան է թափում երկնքից։

Անցնենք 33–րդ պատմությանը։ Տես, թե ինչ վիճակում են եգիպտացիների ձիերն ու ռազմակառքերը։ Ո՞վ փլցրեց այս կործանարար ջրերը։ Եհովան։ Այդ բանը նա արեց իր ժողովրդին փրկելու համար։ Նայիր 36–րդ և 76–րդ պատմությունները։ Տեսնում ենք, թե ինչպես Եհովան թույլ տվեց, որ նույնիսկ իր Իսրայել ժողովուրդը աղետի ենթարկվի չարության պատճառով։

Ուրեմն, չպետք է զարմանանք, որ Եհովան իր երկնային զորքերն ուղարկելու է երկրի վրայից ամեն տեսակի չարությունը վերացնելու համար։ Պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակելու։ Թերթե՛նք էջը, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Յայտնութիւն 16։16; 19։11–16։