Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

«Սուրբ, սուրբ, սուրբ է» Եհովան

«Սուրբ, սուրբ, սուրբ է» Եհովան

1, 2. Ի՞նչ տեսիլք տրվեց Եսայիային, և ի՞նչ ենք սովորում դրանից Եհովայի մասին։

 ՏԵՍԱՐԱՆԸ, որ բացվեց Եսայիայի առջև, ակնածանք ու երկյուղածություն առաջացրեց նրա մեջ։ Դա Աստծու կողմից տրված մի տեսիլք էր։ Այդ տեսիլքն այնքան իրական էր թվում, որ հետագայում Եսայիան գրեց, թե իսկապես «տեսել է» Եհովային՝ իր բարձր գահի վրա նստած։ Աստծու քղանցքները «լցրել» էին Երուսաղեմի հսկայական տաճարը (Եսայիա 6։1, 2

2 Եսայիան ակնածանքով լցվեց նաև իր լսածից. երգեցողությունն այնքան ուժգին էր, որ անգամ տաճարի հիմքերն էին ցնցվում։ Երգողները սերովբեներ էին՝ շատ բարձր դիրք զբաղեցնող ոգեղեն էակներ։ Նրանց ուժգին, համահունչ երգեցողության մեջ հնչում էին պարզ, բայցև վեհ խոսքեր. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի Տեր Եհովան։ Երկիրն ու նրանում եղած բոլոր բաները նրա փառքն են արտացոլում» (Եսայիա 6։3, 4)։ «Սուրբ» բառը երգի մեջ կրկնվում էր երեք անգամ, ինչը և հատուկ ձևով ու արդարացիորեն ընդգծում էր Եհովայի անգերազանցելի սրբությունը (Հայտնություն 4։8)։ Աստծու սուրբ լինելը ընդգծվում է ողջ Աստվածաշնչում։ Հարյուրավոր համարների մեջ նրա անվան կողքին գործածվում են «սուրբ» և «սրբություն» բառերը։

3. Եհովայի սրբության մասին սխալ պատկերացումները շատերին ինչպե՞ս են հեռացրել Աստծուց նրա հետ մտերմացնելու փոխարեն։

3 Պարզ է, որ Եհովան սուրբ է, և դա ամենակարևոր բաներից մեկն է, որ նա ցանկանում է՝ հասկանանք։ Սակայն մեր օրերում շատերին վանում է այդ գաղափարը։ Ոմանք սխալմամբ սրբությունը շփոթում են ինքնագոհության և կեղծ բարեպաշտության հետ։ Նրանք, ովքեր պայքարում են ինքնահարգանքի պակասի դեմ, Աստծու սրբությունը գուցե ավելի շատ վհատեցնող համարեն, քան գրավիչ։ Նրանք թերևս վախենան, որ երբեք չեն կարողանա արժանի լինել մտերմանալու նման սուրբ Աստծու հետ։ Ուստի շատերը երես են թեքում Արարչից նրա սրբության պատճառով։ Դա ցավալի է, քանի որ իրականում Աստծու սրբությունը իրեն մոտենալու հիմնավոր պատճառ է։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանելուց առաջ քննենք, թե ինչ է իսկական սրբությունը։

Ի՞նչ է սրբությունը

4, 5. ա) Ի՞նչ է նշանակում «սրբություն» և ի՞նչ չի նշանակում։ բ) Ի՞նչ երկու կարևոր առումներով է Եհովան «առանձնացված»։

4 Այն, որ Աստված սուրբ է, չի նշանակում, թե նա ինքնագոհ է, գոռոզ և արհամարհանքով է վերաբերվում ուրիշներին։ Ընդհակառակը՝ նման հատկությունները ատելի են նրան (Առակներ 16։5; Հակոբոս 4։6)։ Ուրեմն ի՞նչ է իրականում նշանակում «սուրբ» բառը։ Հին եբրայերենում այն ծագել է մի բառից, որն ունի «առանձնացնել» իմաստը։ Երկրպագության մեջ «սուրբ» բառը մատնանշում է այն, ինչը առանձին է պահվում որպես սրբություն։ Սրբությունը նաև սերտորեն կապված է մաքրության ու անարատության հետ։ Ինչպե՞ս է այս բառը կիրառվում Եհովայի առնչությամբ։ Արդյո՞ք այն ցույց է տալիս, թե նա «առանձնացված» է անկատար մարդկանցից՝ մեզանից շատ հեռու է։

5 Ամենևի՛ն։ Լինելով «Իսրայելի Սուրբը»՝ Եհովան վստահեցրեց իր ժողովրդին, որ նրանց մեջ է, չնայած որ այդ ժողովուրդը մեղավոր էր (Եսայիա 12։6; Օսեե 11։9)։ Հետևաբար Աստծու սրբությունը նրան անհասանելի չի դարձնում։ Այդ դեպքում ի՞նչ առումով է նա «առանձնացված»։ Երկու կարևոր առումներով։ Առաջին՝ Եհովան առանձնացված է բոլոր արարածներից այն իմաստով, որ նա միակ Բարձրյալն է։ Նրա անարատությունը՝ մաքրությունը, բացարձակ է և անսահման (Սաղմոս 40։5; 83։18)։ Երկրորդ՝ Եհովան զերծ է ամեն տեսակի մեղքից, և դա կարող է մխիթարական լինել մեզ համար։ Ինչո՞ւ։

6. Ինչո՞ւ կարող ենք մխիթարվել այն մտքից, որ Եհովան մեղքից զերծ է։

6 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իսկական սրբությունը հազվադեպ բան է։ Այն ամենը, ինչ մարդկային հասարակության մեջ օտարացած է Աստծուց, այս կամ այն ձևով ապականված է՝ մեղքով և անկատարությամբ պղծված։ Բոլորս էլ ստիպված ենք պայքար մղել մեր ներսում բնակվող մեղքի դեմ։ Եվ բոլորս էլ հայտնվում ենք մեղքին տեղի տալու վտանգի առջև, եթե թուլացնում ենք մեր զգոնությունը (Հռոմեացիներ 7։15-25; 1 Կորնթացիներ 10։12)։ Եհովային նման վտանգ չի սպառնում։ Մեղքից ամբողջովին զերծ լինելով՝ նա երբեք չի ապականվի և ոչ մի սխալ բան չի անի։ Սա մեզ ավելի շատ է հավաստիացնում, որ Եհովան իդեալական Հայր է, քանի որ դա նշանակում է, որ նա լիովին վստահելի է։ Ի տարբերություն շատ մեղավոր հայրերի՝ Եհովան երբեք չի փոխվի, չի դառնա անբարո և դաժան։ Նրա սրբությունը նման բան թույլ չի տա։ Եղել են դեպքեր, երբ Եհովան նույնիսկ երդվել է իր սրբությամբ, քանի որ ուրիշ ոչինչ չի կարող ավելի արժանի լինել վստահության (Ամոս 4։2)։ Մի՞թե դա մխիթարական չէ։

7. Ինչո՞ւ կարելի է ասել, որ սրբությունը Եհովային բնորոշ հատկանիշ է։

7 Սրբությունը Եհովային բնորոշ հատկանիշ է։ Ի՞նչ է դա նշանակում։ Պարզաբանելու համար քննենք «մարդ» և «անկատար» բառերը։ Այսօր այդ հասկացությունները սերտորեն կապված են իրար։ Անկատարությունը «ներծծված» է մեր մեջ և ազդում է այն ամենի վրա, ինչ անում ենք։ Այժմ քննենք երկու ուրիշ բառ՝ «Եհովա» և «սուրբ»։ Եհովան իր ողջ էությամբ սուրբ է։ Նա ամեն առումով մաքուր է, անարատ և արդար։ Մենք չենք կարողանա իսկապես ճանաչել Աստծուն, եթե չհասկանանք այդ խորիմաստ բառը՝ «սուրբ»։

«Սրբությունը պատկանում է Եհովային»

8, 9. Ինչի՞ց է երևում, որ Եհովան օգնում է անկատար մարդկանց հարաբերական իմաստով սուրբ դառնալու։

8 Քանի որ Եհովան սրբության մարմնացում է, ճիշտ կլինի ասել, որ նա ամեն սրբության աղբյուրն է։ Աստված եսասիրաբար այդ արժեքավոր հատկությունը իր մեջ չի պահում։ Նա առատաձեռնորեն տալիս է այն ուրիշներին։ Օրինակ, երբ Եհովան այրվող մորենու մոտ հրեշտակի միջոցով խոսեց Մովսեսի հետ, նույնիսկ այն հողը, որի վրա կանգնած էր վերջինս, սուրբ դարձավ (Ելք 3։5

9 Կարո՞ղ է արդյոք անկատար մարդը Եհովայի օգնությամբ դառնալ սուրբ։ Կարող է, բայց հարաբերական իմաստով։ Աստված Իսրայել ժողովրդին «սուրբ ազգ» դառնալու հեռանկար էր տվել (Ելք 19։6)։ Նա օրհնել էր այդ ժողովրդին երկրպագության այնպիսի ձևով, որը սուրբ էր, մաքուր և անարատ։ Այդ պատճառով սրբության մասին Մովսիսական օրենքում հաճախ է խոսվում։ Օրինակ՝ Քահանայապետը կրում էր ոսկյա մի թիթեղ՝ ամրացված իր խույրի առջևի մասում։ Արևի տակ պսպղալով՝ այն երևում էր բոլորին։ Թիթեղի վրա փորագրված էին հետևյալ խոսքերը. «Սրբությունը պատկանում է Եհովային» (Ելք 28։36)։ Ուստի իսրայելացիների երկրպագությունն ու կենսակերպը պետք է տարբերվեին իրենց մաքրությամբ և անարատությամբ։ Եհովան հետևյալ պատվերն էր տվել նրանց. «Սուրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ» (Ղևտական 19։2)։ Քանի դեռ իսրայելացիները անկատար մարդու հնարավորության սահմաններում ջանք չէին խնայում, որ հետևեին Աստծու տված խորհուրդներին, նրանք սուրբ էին հարաբերական իմաստով։

10. Սրբության հարցում հին Իսրայելն ինչպե՞ս էր տարբերվում շրջակա ժողովուրդներից։

10 Այն, որ սրբության վրա այսքան մեծ ուշադրություն էր հրավիրվում, խիստ մեծ հակադրություն էր ստեղծում Իսրայելի և շրջակա ժողովուրդների երկրպագության ձևերի միջև։ Այդ հեթանոս ժողովուրդները երկրպագում էին այնպիսի աստվածների, որոնք անգամ գոյություն չունեին, աստվածների, որոնք նկարագրվում էին որպես դաժան, ագահ և այլասերված։ Նրանք անսուրբ էին հնարավոր բոլոր առումներով։ Նման աստվածների երկրպագելը մարդկանց սուրբ չէր դարձնում։ Այդ պատճառով Եհովան նախազգուշացրել էր իր ծառաներին հեռու մնալ հեթանոսներից և նրանց պիղծ կրոնական սովորույթներից (Ղևտական 18։24-28; 1 Թագավորներ 11։1, 2

11. Եհովայի կազմակերպության երկնային մասի սրբությունը ինչպե՞ս է դրսևորվում ա) հրեշտակների, բ) սերովբեների, գ) Հիսուսի միջոցով։

11 Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայել ժողովուրդը ջանք չէր խնայում, որ ընդօրինակեր Եհովային, միայն աղոտ կերպով էր կարողանում արտացոլել Աստծու կազմակերպության երկնային մասի սրբությունը։ Աստծուն անձնվիրաբար ծառայող միլիոնավոր ոգեղեն էակների մասին ասվում է, որ նրանք Եհովայի «սուրբ բյուրավորներն» են (2 Օրենք 33։2; Հուդա 14)։ Նրանք կատարելապես արտացոլում են Աստծու սրբության պայծառ և անբիծ գեղեցկությունը։ Հիշիր նաև սերովբեներին, որոնց Եսայիան տեսել էր իր տեսիլքում։ Այդ հզոր ոգեղեն էակների երգի բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ նրանք կարևոր դեր են խաղում Եհովայի սրբությունը ողջ տիեզերքում հայտնելու գործում։ Սակայն կա մի ոգեղեն էակ, որն այս բոլոր արարածներից բարձր է. դա Աստծու միածին Որդին է։ Հիսուսը լավագույն կերպով է արտացոլում Եհովայի սրբությունը։ Նա հայտնի է որպես «Աստծու Սուրբ» (Հովհաննես 6։68, 69

Սուրբ անուն, սուրբ ոգի

12, 13. ա) Ինչո՞ւ է Աստծու անունը սուրբ։ բ) Ինչո՞ւ պետք է սրբացվի Աստծու անունը։

12 Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու անվան մասին։ Ինչպես տեղեկացանք առաջին գլխից, այդ անունը զուտ տիտղոս չէ։ Այն ներկայացնում է Եհովա Աստծուն իր բոլոր հատկություններով։ Դա է պատճառը, որ Աստվածաշունչն ասում է՝ նրա «անունը սուրբ է» (Եսայիա 57։15)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ Աստծու անունը անարգելը մահվան դատապարտության արժանի մեղք էր (Ղևտական 24։16)։ Ուշադրություն դարձնենք նաև, թե Հիսուսն իր աղոթքում առաջնային տեղն ինչին հատկացրեց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Ինչ-որ բան սրբացնել նշանակում է առանձնացնել այն իբրև սուրբ, մեծարել, ընդունել որպես սրբություն։ Բայց ինչո՞ւ է անհրաժեշտ սրբացնել արդեն իսկ սուրբ այնպիսի մի բան, ինչպիսին Աստծու անունն է։

13 Աստծու սուրբ անունը վարկաբեկվել է, անարգվել ստերով ու զրպարտությամբ։ Եդեմում Սատանան սուտ խոսեց Եհովայի մասին՝ ակնարկելով, թե նա անարդար Գերիշխան է (Ծննդոց 3։1-5)։ Այդ ժամանակվանից ի վեր Սատանան՝ այս անսուրբ աշխարհի իշխանը, ամեն բան անում է, որ ամենուրեք Աստծու մասին ստեր տարածվեն (Հովհաննես 8։44; 12։31; Հայտնություն 12։9)։ Կրոնները Աստծուն ներկայացնում են իբրև բռնասեր, անմատչելի և դաժան անձնավորության։ Նրանք պնդում են, թե իրենց արյունահեղ պատերազմներում Աստված աջակցում է իրենց։ Աստծու կողմից արարված հրաշալի ստեղծագործությունները հաճախ վերագրվում են կույր պատահականությանը կամ էվոլյուցիային։ Այո՛, Աստծու անունը չարամտորեն զրպարտության է ենթարկվել։ Հարկավոր է այն սրբացնել, հարկավոր է վերականգնել այդ անվանը վայել փառքը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Եհովան կսրբացնի իր անունը հավիտյան։ Նա դա կանի Թագավորության միջոցով, որն իր Որդին է ղեկավարելու։ Ուրախ ենք ցանկացած ձևով նպաստելու այդ մեծ նպատակի իրականացմանը։

14. Ինչո՞ւ է Աստծու ոգին կոչվում սուրբ, և ոգու դեմ հայհոյելը ինչո՞ւ է ծանր մեղք։

14 Գոյություն ունի Եհովայի հետ սերտորեն կապված մի բան ևս, որ գրեթե միշտ կոչվում է սուրբ։ Դա իր ոգին է, կամ՝ գործուն ուժը (Ծննդոց 1։2)։ Եհովան օգտագործում է այդ անհաղթելի զորությունը իր նպատակներն իրականացնելու համար։ Աստված ամեն ինչ անում է սուրբ, անարատ և մաքուր կերպով։ Ուստի տեղին է, որ նրա գործուն ուժը կոչվում է սուրբ ոգի (Ղուկաս 11։13; Հռոմեացիներ 1։4)։ Սուրբ ոգուն հայհոյելը, ինչը նշանակում է գիտակցաբար ընդդիմանալ Եհովայի նպատակներին, աններելի մեղք է համարվում (Մարկոս 3։29

Ինչու է Եհովայի սրբությունը մեզ մոտեցնում իրեն

15. Ինչո՞ւ է տեղին, որ Եհովայի սրբությունը աստվածավախություն առաջ բերի մեր մեջ, և ի՞նչ է այդ վախը։

15 Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ պետք է ակնածալից վախ ունենան Եհովայի հանդեպ, քանի որ նա սուրբ է։ Օրինակ՝ Սաղմոս 99։3-ում կարդում ենք. «Թող նրանք գովաբանեն քո անունը. մեծ է և վախ ներշնչող, սուրբ է այն»։ Համարում հիշատակվող վախը փոխանցում է ակնածանքի, հարգանքի ամենավեհ արտահայտման գաղափար։ Նման զգացում ունենալը տեղին է, քանի որ սրբության հարցում Աստված մեզնից անհամեմատ բարձր է։ Նրա սրբությունը կատարելապես մաքուր է և փառահեղ։ Սակայն այն չպետք է վանի մեզ։ Ընդհակառակը՝ Աստծու սրբության հանդեպ ճիշտ տեսակետը մեզ կմոտեցնի իրեն։ Ինչո՞ւ։

16. ա) Ինչպե՞ս է սրբությունը կապված գեղեցկության հետ։ Բեր օրինակ։ բ) Աստվածաշնչում ինչպե՞ս է նկարագրվում մեր սուրբ Աստծու գեղեցկությունը։

16 Աստվածաշունչը սրբությունը կապում է գեղեցկության հետ։ Եսայիա 63։15-ում երկինքը նկարագրվում է որպես «սրբության ու գեղեցկության վեհաշուք բնակատեղի»։ Գեղեցկությունը հրապուրում է մեզ։ Նայիր 33-րդ էջի նկարին։ Արդյոք այս տեսարանը քեզ չի՞ գրավում։ Ի՞նչն է այդքան հրապուրիչ դարձնում այն։ Տես, թե որքան զուլալ է ջուրը։ Նույնիսկ օդն է մաքուր, երկինքը կապույտ է, իսկ լույսը կարծես փայլում է։ Հիմա պատկերացնենք մեկ այլ տեսարան։ Առվակի մեջ աղբ է, ծառերի ու քարերի վրա խզբզանքներ կան, օդը լցված է ծխով։ Դա մեզ այլևս չի գրավի, այլ կվանի։ Գեղեցկությունը մենք ինքնըստինքյան կապում ենք մաքրության, անարատության ու լույսի հետ։ Այս նույն բառերը կարող են օգտագործվել Աստծու սրբությունը նկարագրելու համար։ Զարմանալի չէ, որ Եհովայի մասին նկարագրությունները հմայում են մեզ։ Ճառագող մի լույս՝ պսպղուն, ինչպես թանկագին քարերը, շիկափայլ, ինչպես կրակը կամ ամենամաքուր թանկարժեք մետաղները. այսպիսին է մեր սուրբ Աստծու գեղեցկությունը (Եզեկիել 1։25-28; Հայտնություն 4։2, 3

Ինչպես գեղեցկությունը, այնպես էլ սրբությունը գրավիչ է

17, 18. ա) Եսայիայի վրա սկզբում ի՞նչ ազդեցություն գործեց իր տեսած տեսիլքը։ բ) Ինչպե՞ս Եհովան սերովբեի միջոցով մխիթարեց Եսայիային, և սերովբեի արածը ի՞նչ էր նշանակում։

17 Խորհելով Աստծու սրբության շուրջ՝ պե՞տք է արդյոք զգանք, թե ավելի ցածր դիրք ենք զբաղեցնում նրա համեմատ։ Այո՛։ Չէ՞ որ մենք Եհովայից ցածր ենք. մեր ու նրա միջև տարբերությունը ուղղակի անհամեմատելի է։ Պե՞տք է արդյոք այս բանի իմացությունը հեռացնի մեզ Աստծուց։ Խորհենք այն մասին, թե ինչպես արձագանքեց Եսայիան, երբ լսեց Եհովայի սրբությունը հռչակող սերովբեներին. «Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան հենց իրեն՝ Թագավորին՝ Զորքերի Տեր Եհովային»» (Եսայիա 6։5)։ Այո՛, Եհովայի անսահման սրբությունը հիշեցրեց Եսայիային, թե որքան մեղավոր և անկատար է։ Սկզբում այդ հավատարիմ մարդը ընկճվեց։ Բայց Եհովան չթողեց նրան այդ վիճակում։

18 Սերովբեներից մեկը անմիջապես մխիթարեց մարգարեին։ Ինչպե՞ս։ Այդ հզոր ոգեղեն էակը թռավ դեպի զոհասեղանը, այնտեղից ածխի մի կտոր վերցրեց ու դրանով դիպավ Եսայիայի շուրթերին։ Գուցե թվա, թե դա ավելի շուտ ցավ կպատճառեր, քան կմխիթարեր մարգարեին։ Հիշենք, սակայն, որ դա տեսիլք էր, որն ուներ խորհրդանշական իմաստ։ Եսայիան, որ հավատարիմ հրեա էր, լավ գիտեր, որ տաճարի զոհասեղանի վրա ամեն օր զոհեր էին մատուցվում մեղքերի քավության համար։ Եվ սերովբեն սիրով հիշեցրեց մարգարեին, որ թեև նա իսկապես անկատար էր՝ «անմաքուր շուրթերով», այնուամենայնիվ կարող էր մաքուր դառնալ Աստծու աչքին։ a Եհովան ցանկանում էր սուրբ համարել անկատար, մեղավոր մարդուն, թեկուզև հարաբերական իմաստով (Եսայիա 6։6, 7

19. Ինչպե՞ս է հնարավոր սուրբ լինել հարաբերական իմաստով՝ չնայած անկատարությանը։

19 Նույնը ճշմարիտ է նաև այսօր։ Երուսաղեմի զոհասեղանի վրա մատուցվող բոլոր զոհերը նախապատկերն էին ավելի մեծ բանի՝ մի կատարյալ զոհի, որը տրվեց Հիսուս Քրիստոսի միջոցով 33 թ.-ին (Եբրայեցիներ 9։11-14)։ Եթե իսկապես զղջում ենք մեր կատարած մեղքերի համար, փոխում ենք մեր սխալ ընթացքը և հավատ դրսևորում այդ զոհի հանդեպ, ապա ներում ենք ստանում (1 Հովհաննես 2։2)։ Մենք նույնպես կարող ենք մաքուր լինել Աստծու առջև։ Այս առնչությամբ Պետրոս առաքյալը հետևյալ հիշեցումն է տալիս. «Գրված է. «Սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ»» (1 Պետրոս 1։16)։ Ուշադրություն դարձրու, որ Եհովան չասաց, թե պետք է այնքան սուրբ լինենք, որքան նա։ Աստված երբեք անհնարին ոչ մի բան չի ակնկալում մեզանից (Սաղմոս 103։13, 14)։ Փոխարենը՝ Եհովան պատվիրում է, որ սուրբ լինենք, քանի որ նա սուրբ է։ «Սիրելի զավակների պես» մենք առիթներ ենք փնտրում անկատար մարդու հնարավորության սահմաններում լավագույն կերպով ընդօրինակելու նրան (Եփեսացիներ 5։1)։ Ուստի սրբության հասնելը շարունակական պրոցես է։ Հոգևորապես հասունանալուն զուգընթաց մենք օրեցօր ձգտում ենք «սրբությունը կատարելագործել» (2 Կորնթացիներ 7։1

20. ա) Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ կարող ենք մաքուր լինել մեր սուրբ Աստծու աչքին։ բ) Երբ Եսայիան իմացավ, որ իր մեղքերը ներված են, ի՞նչ ազդեցություն գործեց դա իր վրա։

20 Եհովան սիրում է այն, ինչ արդար է և մաքուր։ Նա ատում է մեղքը (Ամբակում 1։13)։ Բայց Աստված չի ատում մեզ։ Քանի դեռ մեղքին վերաբերվում ենք այնպես, ինչպես նա է վերաբերվում, այսինքն՝ ատում ենք չարը և սիրում բարին, ջանում ենք Հիսուս Քրիստոսի կատարյալ հետքերով քայլել, Եհովան ներում է մեր մեղքերը (Ամոս 5։15; 1 Պետրոս 2։21)։ Երբ հասկանում ենք, որ մեր սուրբ Աստծու աչքին կարող ենք մաքուր լինել, դա շատ մեծ ազդեցություն է գործում մեզ վրա։ Մի պահ խորհիր. Եհովայի սրբությունը Եսայիային սկզբում հիշեցրեց իր անմաքրության մասին։ Նա աղաղակեց. «Վա՜յ ինձ»։ Բայց երբ մարգարեն հասկացավ, որ իր մեղքերը ներված են, փոխեց իր տեսակետը։ Երբ Եհովան հարցրեց, թե ով կկամենա կատարել իր հանձնարարությունը, Եսայիան առանց հապաղելու արձագանքեց, չնայած որ չգիտեր, թե ինչ է այն։ Նա բացականչեց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Եսայիա 6։5-8

21. Ի՞նչ հիմք ունենք համոզված լինելու, որ կարող ենք սրբություն զարգացնել մեր մեջ։

21 Մենք ստեղծված ենք սուրբ Աստծու պատկերով՝ բարոյական հատկություններով և հոգևոր բաները ըմբռնելու կարողությամբ (Ծննդոց 1։26)։ Բոլորս էլ սուրբ լինելու ունակություն ունենք։ Եթե շարունակենք զարգացնել այդ հատկությունը, Եհովան ուրախությամբ կօգնի մեզ։ Դա անելով՝ մենք է՛լ ավելի կմոտենանք մեր սուրբ Աստծուն։ Դեռ ավելին՝ քննելով Եհովայի հատկությունները հաջորդ գլուխներում՝ կտեսնենք, որ նրան մոտենալու հիմնավոր պատճառները շատ են։

a «Անմաքուր շուրթերով» արտահայտությունը տեղին է, քանի որ Աստվածաշնչում «շուրթեր» բառը հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով և նշանակում է խոսք կամ լեզու։ Անկատար մարդկանց մեղքերի մեծ մասը կապված է այն բանի հետ, թե նրանք ինչպես են գործածում խոսելու իրենց կարողությունը (Առակներ 10։19; Հակոբոս 3։2, 6