Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

«Նրա բոլոր ճանապարհները արդար են»

«Նրա բոլոր ճանապարհները արդար են»

1, 2. ա) Ի՞նչ ցավալի անարդարությունների բախվեց Հովսեփը։ բ) Ինչպե՞ս Եհովան վերջ դրեց անարդարությանը։

 ԻՆՉՊԻՍԻ՜ անարդարություն։ Համակրելի երիտասարդը, որ ոչ մի մեղք չի գործել, հայտնվել է զնդանում՝ մեղադրվելով բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Բայց սա առաջին անգամը չէ, որ նա անարդարության է բախվում։ Տարիներ առաջ, երբ այս երիտասարդը՝ Հովսեփը, 17 տարեկան էր, նրա հետ նենգաբար վարվեցին հարազատ եղբայրները, որոնք քիչ էր մնացել սպանեին նրան։ Բայց հետո նրանք Հովսեփին ստրկության վաճառեցին։ Տղային տարան օտար երկիր։ Այնտեղ նրա տիրոջ կինը սկսեց սիրահետել նրան, բայց հաջողության չհասավ։ Մերժում ստանալով՝ նա զրպարտեց տղային։ Այդպես Հովսեփը հայտնվեց բանտում։ Թվում էր, թե չկար մեկը, որ բարեխոսեր նրա համար։

2 Բայց Աստված, որ «արդարություն և արդարադատություն է սիրում», տեսնում էր այդ ամենը (Սաղմոս 33։5)։ Անարդարությունը վերացնելու նպատակով նա գործի անցավ՝ դեպքերի ընթացքն ուղղելով այնպես, որ Հովսեփին ազատեն։ Ավելին, «բանտի փոսը» գցված այդ երիտասարդը շատ պատասխանատու պաշտոն ստացավ և առանձնահատուկ պատվի արժանացավ (Ծննդոց 40։15; 41։41-43; Սաղմոս 105։17, 18)։ Ի վերջո Հովսեփին արդարացրին, և նա իր բարձր դիրքն օգտագործեց՝ ի նպաստ Աստծու նպատակի իրականացման (Ծննդոց 45։5-8

Հովսեփը անարդարացիորեն տառապում էր «բանտի փոսի» մեջ

3. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ բոլորս էլ ցանկանում ենք՝ մեզ հետ արդարացիորեն վարվեն։

3 Այս պատմությունը իրոք տպավորիչ է։ Ո՞վ չի տեսել անարդարություն կամ չի դարձել դրա զոհը։ Այո՛, բոլորս էլ փափագում ենք, որ մեզ հետ վարվեն արդարացիորեն և անկողմնապահությամբ։ Սա զարմանալի չէ, քանի որ Եհովան օժտել է մեզ այնպիսի հատկություններով, որոնք արտացոլում են իր էությունը, իսկ արդարությունը նրա գլխավոր հատկություններից մեկն է (Ծննդոց 1։27)։ Եհովային լավ ճանաչելու համար անհրաժեշտ է ըմբռնել, թե ինչն է արդար նրա աչքում։ Դրա շնորհիվ կսկսենք ավելի բարձր գնահատել Աստծու հրաշալի ճանապարհները և կմղվենք նրան ավելի մոտենալու։

Ի՞նչ է արդարությունը

4. Մարդիկ հաճախ ինչպե՞ս են բացատրում արդարությունը։

4 Արդարությունը մարդիկ հաճախ հասկանում են սոսկ որպես օրենքի դրույթների արդարացի կիրառում։ Ահա թե ինչ է ասվում մի գրքում. «Արդարությունը առնչվում է օրենքին, պարտավորությանը, իրավունքներին ու պարտականություններին։ Դրա շնորհիվ վճիռը կայացվում է անկողմնապահորեն և ըստ արժանվույն» (Right and Reason— Ethics in Theory and Practice)։ Եհովայի արդարությունը, սակայն, ավելին է ներառում, քան կանոնների սառը, մեխանիկական կիրառությունը, որ կատարվում է զուտ պարտքի զգացումից։

5, 6. ա) Ի՞նչ իմաստ ունեն «արդարություն» թարգմանված բնագրային բառերը։ բ) Ի՞նչ է նշանակում այն, որ Աստված արդար է։

5 Եհովայի արդարության ողջ խորությունը ավելի լավ ըմբռնելու համար քննենք Աստվածաշնչում օգտագործված բնագրային բառերը։ Եբրայերեն Գրություններում հիմնականում օգտագործվում է երեք բառ։ Հաճախ «արդար» թարգմանված բառը կարող է նշանակել նաև «այն, ինչ ճիշտ է» (2 Օրենք 6։18)։ Մյուս երկուսը սովորաբար թարգմանվում են «արդարադատություն» բառով։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «արդարադատություն» թարգմանված բառը հաճախ մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ «ճիշտ կամ արդար լինելու հատկություն»։ Այսինքն՝ «արդարություն» և «արդարադատություն» բառերը (Ամոս 5։24

6 Հետևաբար, երբ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված արդար է, դա նշանակում է, որ նա անում է այն, ինչ ճիշտ է և արդարացի, այդ հարցում պահպանում է հետևողականություն և կողմնապահություն չի անում (Հռոմեացիներ 2։11)։ Իրականում, հնարավոր էլ չէ հավատալ, թե նա հակառակը կաներ։ Ահա թե ինչ է ասել հավատարիմ Եղիուսը. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։ Եվ իրոք, անհնար է, որ Եհովան «անարդարացիորեն վարվի»։ Ինչո՞ւ։ Երկու կարևոր պատճառով։

7, 8. ա) Եհովան ինչո՞ւ ընդունակ չէ անարդարացի կերպով գործելու։ բ) Ի՞նչն է մղում Եհովային լինելու արդար և արդարադատ։

7 Առաջին՝ նա սուրբ է։ Ինչպես արդեն նշել ենք այս գրքի 3-րդ գլխում, Եհովան անսահման մաքուր է և ուղղամիտ։ Ուստի նա ընդունակ չէ անարդարացի կամ անօրինական կերպով գործելու։ Խորհենք, թե ինչ է դա նշանակում։ Մեր երկնային Հոր սրբությունը մեզ բոլոր հիմքերը տալիս է համոզված լինելու, որ նա երբեք սխալ կերպով չի վարվի իր երեխաների հետ։ Հիսուսն ուներ այդպիսի վստահություն։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը նա աղոթեց. «Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց [աշակերտներին] քո անվան համար» (Հովհաննես 17։11)։ «Սուրբ Հայր». այս դիմելաձևը Աստվածաշնչում կիրառվում է միայն Եհովայի առնչությամբ։ Սա տեղին է, քանի որ մարդկային ոչ մի հայր սրբության հարցում չի կարող համեմատվել Աստծու հետ։ Հիսուսը լիովին հավատում էր, որ իր աշակերտները ապահով կլինեն իր Հոր ձեռքերում, որը կատարելապես մաքուր է ու անարատ և զերծ ամեն տեսակ մեղքից (Մատթեոս 23։9

8 Երկրորդ՝ անշահախնդիր սերը Եհովայի բուն էությունն է։ Այդպիսի սերը մղում է նրան լինելու արդար, կամ՝ արդարադատ ուրիշների հետ գործ ունենալիս։ Իսկ անարդարությունը՝ իր բոլոր դրսևորումներով (օրինակ՝ ռասայականություն, կողմնապահություն, խտրականություն), հաճախ ծագում է ագահությունից ու եսասիրությունից, որոնք հակառակ են սիրուն։ Սուրբ Գիրքը սիրո Աստծու վերաբերյալ վստահեցնում է. «Եհովան արդար է և սիրում է արդար գործերը» (Սաղմոս 11։7)։ Եհովան իր մասին ասում է. «Ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում» (Եսայիա 61։8)։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ մեր Աստծուն դուր է գալիս արդար և ճիշտ գործեր անելը (Երեմիա 9։24

Եհովայի ողորմությունն ու կատարյալ արդարությունը

9-11. ա) Ի՞նչ կապ գոյություն ունի Եհովայի արդարության և ողորմության միջև։ բ) Եհովայի արդարությունն ու ողորմությունը ինչպե՞ս են երևում մեղավոր մարդկանց հետ նրա վարվելակերպից։

9 Աստծու արդարությունը, ինչպեսև նրա անզուգական էության յուրաքանչյուր գիծ կատարյալ է ու բոլոր առումներով անթերի։ Եհովային փառաբանելով՝ Մովսեսը գրեց. «Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։3, 4)։ Եհովայի արդարության բոլոր դրսևորումները անթերի են. նա երբեք չափից ավելի հանդուրժող չէ ու ոչ էլ չափից ավելի խիստ։

10 Եհովայի արդարության ու ողորմության միջև գոյություն ունի սերտ կապ։ Սաղմոս 116։5-ում ասվում է. «Եհովան բարեգութ է ու արդար, մեր Աստվածը ողորմություն է ցույց տալիս»։ Այո՛, Եհովան թե՛ արդար է, թե՛ ողորմած։ Այս երկու հատկությունները իրար հակառակ չեն։ Ողորմությունը չի մեղմացնում Աստծու արդարությունը, ասես հակառակ դեպքում նրա արդարությունը խիստ կերպով էր դրսևորվելու։ Ո՛չ, այս երկու հատկությունները նա հաճախ դրսևորում է միաժամանակ, անգամ նույն իրավիճակում։ Ահա մի օրինակ։

11 Բոլոր մարդիկ մեղք են ժառանգել և այդ պատճառով արժանի են մեղքի դիմաց տրվող վարձին, այսինքն՝ մահվան (Հռոմեացիներ 5։12)։ Բայց Եհովային հաճելի չէ մեղավորների մահը։ Նա «ներողամիտ, գթառատ և ողորմած Աստված» է (Նեեմիա 9։17)։ Սակայն քանի որ Եհովան սուրբ է, նա չի կարող հանդուրժել անարդարությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է նա ողորմություն դրսևորել մեղավոր մարդկանց նկատմամբ։ Պատասխանը կապ ունի Աստծու Խոսքի ամենաթանկ ճշմարտություններից մեկի հետ. դա մարդկությանը փրկելու նպատակով Եհովայի տված փրկանքն է։ Այս գրքի 14-րդ գլխից մենք ավելի շատ բան կիմանանք Եհովայի կողմից կատարված այս սիրառատ քայլի մասին, որը միաժամանակ և՛ շատ արդարացի է, և՛ անչափ ողորմած։ Այդ քայլի շնորհիվ Եհովան կարողանում է սիրով լի իր ողորմությունը դրսևորել զղջացող անհատների հանդեպ և միևնույն ժամանակ պահպանել կատարյալ արդարության իր չափանիշները (Հռոմեացիներ 3։21-26

Եհովայի արդարությունը սիրտ է ջերմացնում

12, 13. ա) Եհովայի արդարությունը մեզ ինչո՞ւ է մոտեցնում իրեն։ բ) Եհովայի արդարության առնչությամբ ի՞նչ եզրակացրեց Դավիթը, և ինչպե՞ս կարող է դա մխիթարել մեզ։

12 Եհովայի արդարությունը ոչ թե վանող, սառը հատկություն է, այլ գրավիչ մի գիծ է, որը մղում է մեզ մոտենալու նրան։ Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ Եհովայի արդարադատությունը, կամ՝ արդարությունը, սերտորեն կապված է կարեկցանքի հետ։ Քննենք սիրտ ջերմացնող մի քանի օրինակներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես է Եհովան արդարություն դրսևորում։

13 Եհովայի կատարյալ արդարությունը մղում է նրան հավատարմություն և նվիրվածություն դրսևորելու իր ծառաների հանդեպ։ Սաղմոսերգու Դավիթը սեփական փորձից հասկացավ ու գնահատեց Եհովայի արդարության այս առանձնահատկությունը։ Ի՞նչ եզրակացության եկավ նա իր փորձի և Աստծու ճանապարհները ուսումնասիրելու արդյունքում։ Դավիթն ասում է. «Նրանք հավիտյան կպահպանվեն.... Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին» (Սաղմոս 37։28)։ Ինչպիսի՜ մխիթարական հավաստիացում։ Մեր Աստվածը նույնիսկ մեկ վայրկյանով չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն։ Ուստի պատճառ չունենք կասկածի տակ դնելու նրա մտերմությունն ու սիրառատ հոգատարությունը։ Նրա արդարությունը դրա երաշխիքն է (Առակներ 2։7, 8

14. Զրկանքներ կրող մարդկանց հանդեպ Եհովայի հոգատարությունը ինչպե՞ս է երևում Իսրայելին տրված նրա Օրենքից։

14 Աստծու արդարությունը մղում է նրան հասկանալու տառապող մարդկանց կարիքները։ Զրկանքներ կրող անհատների հանդեպ Եհովայի հոգատարությունը երևում է Իսրայելին տված նրա Օրենքից։ Մովսիսական օրենքով նախատեսված էր հոգ տանել որբերին ու այրիներին (2 Օրենք 24։17-21)։ Հասկանալով, թե որքան դժվար կյանքով են ապրում նման ընտանիքները՝ Աստված հայրաբար դառնում էր նրանց Դատավորն ու Պաշտպանը՝ «արդար դատ էր տեսնում որբի և այրու համար» (2 Օրենք 10։18, ծնթ.; Սաղմոս 68։5, ծնթ.)։ a Եհովան զգուշացրեց իսրայելացիներին, որ եթե նրանք փորձեն անպաշտպան կանանց ու երեխաներին դարձնել իրենց զոհը, նա անպայման կլսի վերջիններիս աղաղակը։ Աստված ասաց. «Իմ բարկությունը կբորբոքվի» (Ելք 22։22-24)։ Թեպետ բարկությունը Եհովայի գլխավոր հատկություններից չէ, սակայն գիտակցաբար գործված անարդարությունը նրա մեջ արդարացի զայրույթ է առաջ բերում, հատկապես երբ դրա զոհն են դառնում կարիքի մեջ գտնվող անօգնական մարդիկ (Սաղմոս 103։6

15, 16. Եհովայի անկողմնակալության մասին վկայող ուշագրավ ի՞նչ փաստ կա։

15 Եհովան նաև վստահեցնում է, որ «կողմնապահությամբ չի վարվում ու կաշառք չի վերցնում» (2 Օրենք 10։17)։ Ի տարբերություն իշխանություն ունեցող և ազդեցիկ շատ մարդկանց՝ Եհովայի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում հարստությունն ու մարդու արտաքին տեսքը։ Աստված ընդհանրապես նախապաշարմունք չունի և ոչ մի պարագայում կողմնապահությամբ չի վարվում։ Ահա Եհովայի անկողմնակալության մասին վկայող ուշագրավ մի փաստ։ Նրա երկրպագուն դառնալու և հավիտենական կյանքի հեռանկար ունենալու հնարավորությունը չի տրվում միայն մի քանի «ընտրյալների»։ Ընդհակառակը՝ «բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Այս հրաշալի հույսը կարող են ստանալ բոլորը, անկախ այն բանից, թե սոցիալական որ խավին են պատկանում, ինչ գույնի մաշկ ունեն կամ էլ որ երկրում են ապրում։ Մի՞թե սա գերագույն արդարությունը չէ։

16 Գոյություն ունի Եհովայի կատարյալ արդարության մի առանձնահատկություն ևս, որն արժանի է մեր ուշադրությանն ու գնահատանքին. այն, թե ինչպես է նա վարվում իր արդար չափանիշները խախտողների հետ։

Պատժից ոչ մի ազատում

17. Բացատրիր, թե ինչու այս աշխարհում տեղ գտած անօրենությունը հարցականի տակ չի դնում Եհովայի արդարությունը։

17 Ոմանք գուցե զարմանան. «Եթե Եհովան չի հանդուրժում անարդարությունը, ապա ինչո՞վ կարելի է բացատրել անարդարացի տառապանքն ու անբարո գործերը, որ այնքան տարածված են այսօրվա աշխարհում»։ Նման անօրենությունը ոչ մի դեպքում հարցականի տակ չի դնում Եհովայի արդարությունը։ Այս չար աշխարհում տիրող անարդարությունը հետևանք է Ադամից ժառանգված մեղքի։ Աշխարհը, որտեղ անկատար մարդիկ են ընտրել իրենց մեղավոր ճանապարհները, ողողված է անարդարությամբ։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևելու (2 Օրենք 32։5

18, 19. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան հավիտյան չի հանդուրժի նրանց, ովքեր գիտակցաբար խախտում են իր արդար օրենքները։

18 Թեպետ Եհովան մեծ ողորմություն է ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն ցանկանում են մտերմանալ իր հետ, բայց նա երբեք չի հանդուրժի, որ իր սուրբ անվան վրա անարգանք բերող իրավիճակը հավիտյան շարունակվի (Սաղմոս 74։10, 22, 23)։ Արդարության Աստվածը այն անձնավորությունը չէ, որին կարելի է ծաղրել. հոժարակամորեն մեղք գործողներին նա չի ազատի այն ահեղ դատաստանից, որին նրանք արժանի են իրենց բռնած ուղու համար։ Եհովան «ողորմած ու գթառատ Աստված է, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի.... բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում» (Ելք 34։6, 7)։ Վարվելով այս խոսքերին ներդաշնակ՝ Եհովան որոշ դեպքերում անհրաժեշտ է համարել դատաստան տեսնելու նրանց հանդեպ, ովքեր գիտակցաբար խախտել են իր արդար օրենքները։

19 Որպես օրինակ՝ քննենք, թե հնում Աստված ինչպես էր վարվում Իսրայել ժողովրդի հետ։ Նույնիսկ Ավետյաց երկրում հաստատվելուց հետո այդ ազգը նորից ու նորից անհավատարմությամբ էր վարվում։ Թեև իսրայելացիների անբարո ճանապարհները «վշտացնում» էին Եհովային, Աստված միանգամից չէր մերժում նրանց (Սաղմոս 78։38-41)։ Ընդհակառակը՝ ողորմածաբար նա բազմիցս հնարավորություն էր տալիս ժողովրդին փոխելու իր ուղին։ Աստված ասում էր. «Ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի։ Հե՛տ դարձեք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից, ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն» (Եզեկիել 33։11)։ Թանկ գնահատելով կյանքը՝ Եհովան հաճախ էր ուղարկում իր մարգարեներին, որպեսզի իսրայելացիները կարողանային հեռանալ իրենց չար ճանապարհներից։ Բայց ընդհանուր առմամբ իր սիրտը խստացրած այս ժողովուրդը հրաժարվում էր լսելուց ու զղջալուց։ Վերջիվերջո, հանուն իր սուրբ անվան և այն բանի, թե ինչ անձնավորություն է այդ անվան հետևում կանգնած, Եհովան իսրայելացիներին հանձնեց թշնամիների ձեռքը (Նեեմիա 9։26-30

20. ա) Իսրայելի հետ Աստծու վարվելակերպը ի՞նչ է սովորեցնում նրա մասին։ բ) Ինչո՞ւ է տեղին, որ առյուծը ասոցացվում է Եհովայի ներկայության և գահի հետ։

20 Այն, թե ինչպես էր Եհովան վարվում Իսրայելի հետ, մեզ շատ բան է սովորեցնում նրա մասին։ Մենք սովորում ենք, որ նրա ամենատես աչքերը նկատում են ցանկացած անարդարություն, և այն, ինչ նա տեսնում է, խոր ազդեցություն է թողնում իր վրա (Առակներ 15։3)։ Նաև մխիթարական է իմանալ, որ Եհովան հնարավորություն է փնտրում ողորմություն ցուցաբերելու, եթե դրա համար հիմքեր կան։ Բացի այդ, մենք սովորում ենք, որ նա իր արդարությունը երբեք հապճեպորեն չի դրսևորում։ Եհովայի համբերության պատճառով շատերը սխալմամբ եզրակացնում են, թե նա երբեք դատաստան չի անի ընդդեմ չարերի։ Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից, քանի որ Իսրայելի հետ Աստծու վարվելակերպը մեզ սովորեցնում է նաև, որ նրա համբերությունը անսահման չէ։ Արդարության հարցում Եհովան հաստատակամ է։ Ի տարբերություն մարդկանց, որոնք հաճախ վարանում են անել այն, ինչ արդար է՝ նա երբեք չի կորցնում իր համարձակությունը գործելու հանուն արդարության։ Ուստի տեղին է, որ առյուծը՝ որպես համարձակությամբ դրսևորվող արդարության խորհրդանիշ, ասոցացվում է Աստծու ներկայության ու գահի հետ (Եզեկիել 1։10; Հայտնություն 4։7 b Այսպիսով՝ մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան կիրականացնի անարդարությունը երկրի երեսից վերացնելու վերաբերյալ իր խոստումը։ Այն, թե ինչպես է նա դատում, կարելի է ամփոփել հետևյալ կերպ. հաստատակամություն, երբ անհրաժեշտ է, ողորմություն, երբ հնարավոր է (2 Պետրոս 3։9

Մոտենանք արդարության Աստծուն

21. Խորհելով այն մասին, թե ինչպես է Եհովան արդարություն դրսևորում՝ ինչպե՞ս չպետք է նրան պատկերացնենք և ինչո՞ւ։

21 Երբ խորհում ենք այն մասին, թե ինչպես է Եհովան արդարություն դրսևորում, չպետք է մտածենք, թե նա սառը և խիստ դատավոր է՝ մտահոգված միայն չարագործների հանդեպ իր դատավճիռը կայացնելով։ Փոխարենը՝ մենք պետք է նրան պատկերացնենք որպես սիրառատ, բայց և հաստատակամ Հոր, որն իր երեխաների հետ միշտ վարվում է լավագույն ձևով։ Որպես արդարադատ, կամ՝ արդար Հայր՝ Եհովան արդարության հանդեպ իր հաստատակամությունը հավասարակշռում է սիրով լի կարեկցանքի հետ, որը նա ցուցաբերում է օգնության ու ներողամտության կարիք ունեցող իր երկրային զավակների նկատմամբ (Սաղմոս 103։10, 13

22. Արդարությամբ առաջնորդվելով՝ Եհովան մեզ համար ո՞ր հեռանկարն է հնարավոր դարձրել և ինչո՞ւ։

22 Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ Աստծու արդարությունը շատ ավելին է ներառում, քան չարագործների դեմ դատաստան անելը։ Արդարությամբ առաջնորդվելով՝ Եհովան մեզ համար հնարավոր է դարձրել իսկապես ոգևորիչ մի հեռանկար՝ կատարյալ, անվերջ կյանք մի աշխարհում, որտեղ «արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։ Աստված դա արել է այն պատճառով, որ արդարությունը մղում է նրան մեզ համար փրկության ուղիներ փնտրելու և ոչ թե դատապարտելու։ Եհովայի արդարության խորությունը ավելի լավ հասկանալը մեզ մոտեցնում է նրան։ Հաջորդ գլուխներում մանրամասնորեն կուսումնասիրենք, թե ինչպես է Եհովան դրսևորում այս հիանալի հատկությունը։

a «Որբ» բառը ցույց է տալիս, որ Եհովայի համար թանկ էին թե՛ ծնողազուրկ տղաները և թե՛ ծնողազուրկ աղջիկները։ Եհովան Օրենքի մեջ ընդգրկեց դատական մի որոշման մասին արձանագրություն, ըստ որի՝ Սալպաադի որբ դուստրերին ժառանգություն ստանալու իրավունք էր տրվել։ Այդ դատավճիռը նախադեպ հանդիսացավ որբ աղջիկների իրավունքների պաշտպանության համար (Թվեր 27։1-8

b Հետաքրքիր է, որ անհավատարիմ իսրայելացիների հանդեպ իր դատավճիռն իրագործելիս Եհովան իրեն նմանեցնում է առյուծի (Երեմիա 25։38; Օսեե 5։14