Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

«Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ»

«Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ»

1. Ի՞նչ զգացումներ կարող է մեր մեջ առաջ բերել անարդարությունը։

 ՄԵԾԱՀԱՍԱԿ այրի կնոջը խաբեությամբ զրկում են իր ողջ խնայողություններից։ Քարսիրտ մայրը լքում է իր անօգնական մանկիկին։ Մի մարդու բանտարկում են հանցագործության համար, որը նա չի կատարել։ Ի՞նչ զգացումներ են քո մեջ առաջացնում այս իրավիճակները։ Ըստ երևույթին, դրանցից յուրաքանչյուրը հուզում է քեզ, և դա հասկանալի է։ Մենք՝ մարդիկս, շատ լավ ենք զգում, թե ինչն է արդար, ինչը՝ ոչ։ Երբ անարդարացի ինչ-որ բան է կատարվում, մենք զայրանում ենք ու ցանկանում, որ վնաս կրողը փոխհատուցում ստանա, իսկ վնաս հասցնողը պատժվի։ Երբ դա չի լինում, մենք թերևս մտածում ենք. «Աստված տեսնո՞ւմ է, թե ինչ է կատարվում։ Ինչո՞ւ նա քայլեր չի ձեռնարկում»։

2. Ամբակումն ինչպե՞ս արձագանքեց անարդարությանը, ու Եհովան ինչո՞ւ չդատապարտեց նրան։

2 Պատմության ընթացքում Եհովայի հավատարիմ ծառաները տվել են այդպիսի հարցեր։ Օրինակ՝ Ամբակում մարգարեն Աստծուն ուղղված իր աղոթքի մեջ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ ահավոր անարդարություն տեսնել տալիս։ Ինչո՞ւ ես թույլատրում, որ բռնությունը, անօրենությունը, հանցագործությունն ու դաժանությունը ամենուր տարածվեն» (Ամբակում 1։3, Contemporary English Version)։ Եհովան չդատապարտեց մարգարեին այս անկեղծ հարցերի համար, քանի որ ինքն է մարդու մեջ դրել արդարության զգացումը։ Այո՛, իր արդարության խոր զգացումից Եհովան որոշ չափով դրել է մեր մեջ։

Եհովան ատում է անարդարությունը

3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան ավելի քաջատեղյակ է անարդարությանը, քան մենք։

3 Եհովան չի մոռանում տեղի ունեցած անարդարությունը։ Նա ամեն ինչ տեսնում է։ Ահա թե Նոյի օրերի վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը. «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը» (Ծննդոց 6։5)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Անարդարության մասին մեր պատկերացումները հաճախ հիմնված են լինում լոկ այն մի քանի դեպքերի վրա, որ կյանքում տեսել ենք կամ լսել։ Ի տարբերություն մեզ՝ Եհովան տեղյակ է համաշխարհային մասշտաբով կատարվող անարդարությանը։ Նա տեսնում է ամբողջական պատկերը։ Ավելին, Աստված կարող է տեսնել մարդու սրտի հակումները՝ այն նենգ մտքերը, որոնք թաքնված են անարդար գործերի հետևում (Երեմիա 17։10

4, 5. ա) Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան հոգ է տանում նրանց, ում հանդեպ անարդարություն է դրսևորվել։ բ) Ի՞նչ անարդարության է բախվել Եհովան։

4 Եհովան անարդարությունը նկատելուց ավելին է անում։ Նա նաև հոգ է տանում այն մարդկանց, ովքեր դարձել են դրա զոհը։ Երբ թշնամի ազգերը դաժանաբար էին վարվում իր ժողովրդի հետ, «Եհովան խղճում էր նրանց, երբ լսում էր կեղեքողների ու չարչարողների պատճառով նրանց հեծեծանքը» (Դատավորներ 2։18)։ Թերևս նկատել ես, որ ոմանք որքան ավելի շատ են անարդարություն տեսնում, այնքան ավելի անտարբեր են դառնում դրա նկատմամբ։ Բայց Եհովան այդպիսին չէ։ Արդեն 6 000 տարի է, ինչ նա տեսնում է ողջ աշխարհում տիրող անարդարությունը, սակայն նրա ատելությունը դրա հանդեպ չի նվազում։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը վստահեցնում է, որ «ստախոս լեզուն», «անմեղ արյուն թափող ձեռքերը», «ստեր խոսող կեղծ վկան» և նման այլ բաներ գարշելի են նրան (Առակներ 6։16-19

5 Խորհենք նաև այն մասին, թե Եհովայի կողմից ինչպիսի խիստ դատապարտության արժանացան Իսրայելի անարդար առաջնորդները։ «Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչ է արդարությունը»,— հարցրեց նրանց Աստծու կողմից ներշնչված մարգարեն։ Վառ կերպով նկարագրելով այն, թե ինչպես են նրանք չարաշահում իշխանությունը՝ Եհովան կանխագուշակեց, թե ինչ է լինելու այդ ապականված մարդկանց հետ. «Նրանք օգնության կկանչեն Եհովային, բայց նա չի պատասխանի։ Ի պատասխան նրանց չար գործերի՝ նա կծածկի իր երեսը նրանցից այդ ժամանակ» (Միքիա 3։1-4)։ Որքա՜ն է Եհովան զզվում անարդարությունից։ Աստված սեփական փորձից գիտի, թե ինչ է դա։ Արդեն հազարավոր տարիներ է՝ Սատանան անարդարացիորեն չարախոսում է նրան (Առակներ 27։11)։ Բացի դրանից, Եհովային ցավ է պատճառել անարդարության ամենասոսկալի դրսևորումը. իր Որդուն, որը «ոչ մի մեղք չգործեց», մահապատժի ենթարկեցին որպես հանցագործի (1 Պետրոս 2։22; Եսայիա 53։9)։ Պարզ է, որ Եհովան աչք չի փակում անարդարության վրա և ոչ էլ անտարբեր է մարդկանց տառապանքի հանդեպ։

6. Գուցե ինչպե՞ս արձագանքենք անարդարության բախվելիս և ինչո՞ւ։

6 Միանգամայն բնական է, որ անարդարություն տեսնելիս կամ դրա զոհը դառնալիս չենք կարողանում զսպել մեր զգացմունքները։ Մենք ստեղծված ենք Աստծու պատկերով, իսկ անարդարությունը ամբողջովին հակառակ է Եհովայի էությանը (Ծննդոց 1։27)։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա թույլատրում անարդարությունը։

Կարևոր հարցը

7. Բացատրիր, թե ինչպես զրպարտեցին Եհովային և հարցականի տակ դրեցին նրա ղեկավարման ձևը։

7 Ինչպես տեսանք, Արարիչն իրավունք ունի իշխելու երկրի և նրա բոլոր բնակիչների վրա (Սաղմոս 24։1; Հայտնություն 4։11)։ Սակայն մարդկության պատմության հենց սկզբում Աստծուն զրպարտեցին, և հարցականի տակ դրվեց նրա ղեկավարման ձևը։ Ինչպե՞ս։ Առաջին մարդուն՝ Ադամին, Եհովան պատվիրեց չուտել պարտեզում՝ իր դրախտանման տան մեջ աճող ծառերից մեկի պտղից։ Իսկ եթե Ադամը չհնազանդվե՞ր։ «Անշուշտ, պիտի մեռնես»,— ասել էր Աստված (Ծննդոց 2։17)։ Ադամի ու իր կնոջ՝ Եվայի համար դժվար չէր պահել Աստծու պատվիրանը։ Այդուհանդերձ, Սատանան համոզեց Եվային, որ Աստված չափազանց մեծ սահմանափակումներ է դրել նրանց վրա։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե կինն ուտեր ծառի պտղից։ Սատանան բացեիբաց հայտարարեց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդոց 3։1-5

8. ա) Եվային ասած իր խոսքերով ի՞նչ ակնարկեց Սատանան։ բ) Աստծու անվան և գերիշխանության հետ կապված՝ Սատանան ի՞նչը կասկածի ենթարկեց։

8 Իր այս խոսքերով Սատանան ակնարկեց, թե Աստված ոչ միայն կարևոր տեղեկություն է թաքցրել Եվայից, այլև սուտ է ասել նրան։ Փորձիչը դրդեց Եվային կասկածի տակ դնել, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։ Այդպիսով՝ Սատանան արատավորեց Եհովայի համբավը։ Նրա այդ արարքը հարձակում էր Եհովայի գերիշխանության և նրա ղեկավարման ձևի վրա։ Զգուշություն դրսևորելով՝ Սատանան հարցականի տակ չդրեց այն փաստը, որ Եհովան է Գերիշխանը։ Սակայն նա կասկածի ենթարկեց դրա օրինական ու արդարացի լինելը։ Այլ կերպ ասած՝ նա հայտարարեց, որ Եհովան արդարությամբ չի ղեկավարում և չի գործում հանուն իր հպատակների շահերի։

9. ա) Ինչի՞ն արժանացան Ադամն ու Եվան իրենց անհնազանդության պատճառով, և դա ի՞նչ կարևոր հարցեր առաջ բերեց։ բ) Եհովան ինչո՞ւ չոչնչացրեց ապստամբներին։

9 Ադամն ու Եվան չհնազանդվեցին Եհովային ու կերան արգելված ծառի պտղից։ Իրենց անհնազանդության պատճառով նրանք դատապարտվեցին մահվան, ճիշտ ինչպես Աստված նախազգուշացրել էր։ Բայց Սատանայի ասած սուտը որոշ կարևոր հարցեր առաջ բերեց։ Եհովան իսկապես իրավունք ունի՞ մարդկության վրա իշխելու, թե՞ մարդիկ կարող են իրենք իրենց ղեկավարել։ Աստված լավագո՞ւյն ձևով է գործի դնում իր գերիշխանությունը։ Եհովան կարող էր գործադրել իր ամենազոր ուժը և տեղում ոչնչացնել ապստամբներին։ Բայց բարձրացված հարցերը վերաբերում էին ոչ թե Աստծու իշխանությանը, այլ նրա անվանը, որի մեջ մտնում է նրա ղեկավարման ձևը։ Ուստի Ադամին, Եվային և Սատանային ոչնչացնելը չէր փաստի, որ Աստծու իշխանությունը արդարացի է։ Հակառակը՝ դա նույնիսկ ավելի շատ կասկածներ առաջ կբերեր նրա կառավարման առնչությամբ։ Միայն ժամանակը ցույց կտար՝ կկարողանային արդյոք մարդիկ Աստծուց անկախ հաջողությամբ ղեկավարել իրենց, թե ոչ։

10. Մարդկանց ղեկավարման հետ կապված՝ ի՞նչ է ցույց տվել պատմությունը։

10 Ի՞նչ է ցույց տվել ժամանակը։ Հազարամյակների ընթացքում մարդիկ փորձել են կառավարման բազմաթիվ ձևեր, այդ թվում նաև միապետություն, ժողովրդավարություն, սոցիալիզմ և կոմունիզմ։ Այս ամենի արդյունքը համառոտակի և ուղղակիորեն ամփոփվում է հետևյալ աստվածաշնչյան համարում. «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Որքա՜ն իրավացի էր Երեմիա մարգարեն, երբ գրեց. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

11. Եհովան ինչո՞ւ թույլատրեց, որ մարդկությունը տառապանքներ կրի։

11 Սկզբից ևեթ Եհովան գիտեր, որ մարդկանց անկախությունը, կամ՝ ինքնիշխանությունը, շատ տառապանքներ է բերելու։ Այդ դեպքում անարդարացի չէ՞ր արդյոք նման բան թույլ տալ։ Ամենևի՛ն։ Սա հասկանալու համար քննենք մի օրինակ։ Ենթադրենք՝ երեխադ մահացու հիվանդության պատճառով վիրահատության կարիք ունի։ Դու հասկանում ես, որ վիրահատությունը նրան բավական ցավ կպատճառի, և դա քեզ շատ է վշտացնում։ Բայց դու գիտես նաև, որ դրա շնորհիվ երեխադ հետագայում ավելի առողջ կլինի։ Նույնն է պարագան նաև այս դեպքում. Աստված գիտեր, նույնիսկ կանխագուշակել էր, որ մարդկային ղեկավարման թույլատրումը մեծ ցավ ու տառապանք կբերի իր հետ (Ծննդոց 3։16-19)։ Սակայն նա գիտեր նաև, որ հարատև և իսկական ազատությունը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե նա թույլատրեր ողջ մարդկությանը քաղել իր ապստամբության դառը պտուղները։ Այդպիսով վիճաբանական հարցը կլուծվեր վերջնականապես ու առհավետ։

Մարդու անարատության հարցը

12. Ինչպես երևում է Հոբի օրինակից, Սատանան ի՞նչ մեղադրանք է ուղղել մարդկանց դեմ։

12 Բայց այս խնդրին առնչվող մեկ ուրիշ բան էլ կա։ Աստծու իշխանության օրինականությունն ու արդարացիությունը հարցականի տակ դնելով՝ Սատանան ոչ միայն հարցականի տակ դրեց Եհովայի գերիշխանության իրավունքը և արատավորեց Եհովայի համբավը, այլև կասկածի ենթարկեց նրա ծառաների անարատությունը։ Ուշադրություն դարձրու, թե Սատանան ինչ ասաց Եհովային արդար Հոբի մասին. «Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան, նրա տունն ու ողջ ունեցվածքը։ Նրա ձեռքի գործը դու օրհնել ես, իսկ նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, ու դիպիր այն ամենին, ինչ նա ունի, և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 1։10, 11

13. Հոբի դեմ ուղղված իր մեղադրանքներով ի՞նչ ակնարկեց Սատանան, և ինչպե՞ս է դա վերաբերում ողջ մարդկությանը։

13 Սատանան պնդեց, թե Եհովան գործի էր դնում պաշտպանելու իր զորությունը՝ Հոբի նվիրվածությունը գնելու համար։ Իսկ դա նշանակում էր, որ Հոբի անարատությունը կեղծիք էր, և որ նա ծառայում էր Աստծուն լոկ դրա դիմաց իրեն տրվող վարձատրության համար։ Սատանան հայտարարեց, թե Աստծու օրհնություններից զրկվելու դեպքում այդ նույն մարդը կանիծի իր Արարչին։ Նա գիտեր, որ Հոբը աչքի էր ընկնում որպես «անարատ, ուղղամիտ, Աստծուց վախեցող և չարից հեռացող մարդ»։ a Ուստի եթե նրան հաջողվեր կոտրել Հոբի անարատությունը, ապա ի՞նչ կարելի էր ասել մնացած մարդկանց մասին։ Փաստորեն, Սատանան իրականում հարցականի տակ դրեց բոլոր այն մարդկանց նվիրվածությունը, ովքեր ցանկանում են ծառայել Աստծուն։ Եվ իրոք, հարցը ավելի ընդարձակելով՝ նա ասաց Եհովային. «Մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն» (Հոբ 1։8; 2։4

14. Պատմությունը ի՞նչ է ցույց տվել այն մեղադրանքների առնչությամբ, որ Սատանան ուղղել էր մարդկանց դեմ։

14 Պատմությունը ցույց է տվել, որ փորձությունների ժամանակ շատերն են Հոբի նման պահպանել իրենց հավատարմությունը Եհովայի հանդեպ՝ հակառակ Սատանայի պնդմանը։ Իրենց հավատարիմ ապրելակերպով նրանք ուրախացրել են Աստծու սիրտը, ինչի շնորհիվ Եհովան պատասխան է տվել Սատանայի այն հեգնական հայտարարությանը, թե դժվարությունների բախվելիս մարդը կդադարի Աստծուն ծառայելուց (Եբրայեցիներ 11։4-38)։ Այո՛, սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցողները երես չեն թեքել Աստծուց։ Ամենավհատեցնող ու շփոթեցնող իրավիճակներում նրանք նույնիսկ ավելի մեծ վստահություն են դրսևորել Եհովայի հանդեպ՝ համոզված լինելով, որ նա փորձություններին դիմանալու ուժ կտա իրենց (2 Կորնթացիներ 4։7-10

15. Ի՞նչ հարց կարող է ծագել այն դատավճիռների առնչությամբ, որոնք Աստված կայացրել է անցյալում և կկայացնի ապագայում։

15 Եհովան արդարություն է գործադրել ոչ միայն գերիշխանությանը և մարդկանց անարատությանը վերաբերող հարցերում։ Աստվածաշնչում ներկայացվում են արձանագրություններ Եհովայի դատավճիռների մասին, որոնք նա կայացրել է առանձին անհատների և նույնիսկ ազգերի նկատմամբ։ Գրքի մեջ ընդգրկված են նաև մարգարեություններ այն դատավճիռների վերաբերյալ, որոնք Աստված կայացնելու է ապագայում։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան իր դատավճիռներում եղել է և կլինի արդար։

Ինչու է Աստծու արդարությունը գերազանց

Եհովան երբեք «արդարին ամբարշտի հետ» չի կործանի

16, 17. Ո՞ր օրինակներից է երևում, որ իրական արդարությունն ըմբռնելու մարդկանց կարողությունը սահմանափակ է։

16 Եհովայի մասին միանգամայն տեղին կարելի է ասել. «Նրա բոլոր ճանապարհները արդար են» (2 Օրենք 32։4)։ Մեզանից ոչ մեկը նման բան չի կարող ասել իր մասին, քանի որ ըմբռնելու մեր սահմանափակ կարողությունը հաճախ է խանգարում մեզ տեսնելու ճիշտը։ Քննենք Աբրահամի օրինակը։ Նա աղերսեց Եհովային չկործանել Սոդոմը, թեպետև այն ողողված էր ամբարշտությամբ։ Ահա թե ինչ հարցրեց Աբրահամը. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կկործանես» (Ծննդոց 18։23-33)։ Անշուշտ, հարցի պատասխանն էր՝ ոչ։ Միայն այն ժամանակ, երբ արդար Ղովտն ու իր աղջիկները ապահով հասան Սեգոր քաղաք, Եհովան Սոդոմի վրա «ծծումբ ու կրակ տեղաց» (Ծննդոց 19։22-24)։ Այժմ նկատի առնենք մեկ ուրիշ դեպք. Հովնանը «խիստ վրդովվեց», երբ Աստված ողորմեց Նինվեի բնակիչներին։ Քանի որ մարգարեն արդեն հայտարարել էր նրանց կործանման մասին, նա ցանկանում էր տեսնել այդ կործանումը, չնայած որ նինվեցիները ի սրտե զղջացել էին (Հովնան 3։10-4։1

17 Եհովան վստահեցրեց Աբրահամին, որ արդարադատությունը ոչ միայն ամբարիշտներին կործանել է նշանակում, այլև արդարներին փրկել։ Ինչ վերաբերում է Հովնանին, ապա նա ստիպված եղավ սովորել, որ Եհովան ողորմած է։ Եթե չար մարդը փոխի իր բռնած ուղին, Աստված պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5)։ Ի տարբերություն թերարժեքության զգացումով տառապող մարդկանց՝ Եհովան դատաստան չի անում պարզապես իր զորությունը ցույց տալու նպատակով։ Բայց նա չի վարանում նաև կարեկցանք դրսևորել՝ չվախենալով այն մտքից, որ իրեն թույլ կհամարեն։ Նրա գործելակերպն է՝ միշտ ողորմել, երբ դրա համար հիմքեր կան (Եսայիա 55։7; Եզեկիել 18։23

18. Աստվածաշնչի օգնությամբ ցույց տուր, որ Եհովան միայն զգացմունքներով չի առաջնորդվում։

18 Միևնույն ժամանակ Եհովային չեն կուրացնում զգացմունքները։ Երբ իր ժողովուրդն ընկղմվեց կռապաշտության մեջ, Աստված վճռական կերպով հայտարարեց. «Կդատեմ քեզ ճանապարհներիդ համեմատ ու քո բոլոր գարշելի բաները քեզ վրա կբերեմ։ Իմ աչքը չի խնայի քեզ, ես չեմ կարեկցի, այլ քո ճանապարհները քեզ վրա կբերեմ» (Եզեկիել 7։3, 4)։ Այո՛, երբ մարդիկ համառորեն շարունակում են իրենց բռնած ուղին, Եհովան պատասխանատվության է կանչում նրանց։ Բայց իր դատավճիռը նա իրականացնում է ծանրակշիռ ապացույցների հիման վրա։ Այդ պատճառով, երբ Սոդոմի ու Գոմորի համար արված «բողոքի աղաղակը» հասավ Եհովային, նա ասաց. «Ես վճռել եմ իջնել ու տեսնել, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ինձ հասած աղաղակին» (Ծննդոց 18։20, 21)։ Որքա՜ն շնորհակալ ենք, որ Եհովան տարբերվում է բազմաթիվ այն մարդկանցից, ովքեր հապճեպորեն եզրակացություններ են անում նախքան բոլոր փաստերին ծանոթանալը։ Իրոք, ինչպես որ Աստվածաշունչն է նկարագրում, Եհովան «հավատարմության Աստված է.... նրա մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 32։4

Վստահիր Եհովայի արդարությանը

19. Ի՞նչ կարող ենք անել, եթե մեզ համար դժվար է հասկանալ, թե ինչպես է Եհովան արդարություն գործադրում։

19 Աստվածաշնչում չեն լուսաբանվում բոլոր հարցերը՝ կապված անցյալում Եհովայի կատարած գործերի հետ, և ոչ էլ ներկայացվում են բոլոր մանրամասները, թե ապագայում Եհովան ինչպես կդատի առանձին անհատների, ինչպես նաև մարդկանց խմբերի։ Եթե մեզ շփոթության մեջ են գցում աստվածաշնչյան այնպիսի արձանագրություններ կամ մարգարեություններ, որոնցում բացակայում են նման մանրամասները, ապա կարող ենք Միքիա մարգարեի պես նվիրվածություն դրսևորել։ Նա գրեց. «Ես համբերությամբ կսպասեմ իմ փրկության Աստծուն» (Միքիա 7։7

20, 21. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան միշտ կանի այն, ինչ ճիշտ է։

20 Մենք կարող ենք վստահ լինել, որ յուրաքանչյուր իրավիճակում Եհովան կանի այն, ինչ ճիշտ է։ Նույնիսկ երբ մարդիկ բացահայտորեն աչք են փակում անարդարության վրա, Եհովան խոստանում է. «Վրեժխնդրությունը իմն է։ Ե՛ս կհատուցեմ» (Հռոմեացիներ 12։19)։ Եթե մենք էլ տրամադրված լինենք սպասելու, ապա կունենանք նույն վստահությունը, որն ուներ Պողոս առաքյալը։ Նա ասաց. «Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ։ Անհնարի՛ն է» (Հռոմեացիներ 9։14

21 Մենք դեռ շարունակում ենք ապրել «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Անարդարության ու «կեղեքումների» հետևանքով շատ դաժանություններ են կատարվում (Ժողովող 4։1)։ Եհովան, սակայն, չի փոխվել։ Աստված շարունակում է ատել անարդարությունը և խորապես կարեկցում է նրանց, ովքեր դարձել են դրա զոհը։ Եթե հավատարիմ մնանք Եհովային և նրա գերիշխանությանը, նա ուժ կտա մեզ, որ կարողանանք տոկալ մինչև Աստծու կողմից նշանակված ժամանակը, երբ նա իր Թագավորության միջոցով կվերացնի ամեն տեսակ անարդարություն (1 Պետրոս 5։6, 7

a Հոբի մասին Եհովան ասաց. «Երկրի վրա նրա նման.... մարդ չկա» (Հոբ 1։8)։ Այստեղից հետևում է, որ Հոբն, ըստ երևույթին, ապրել է Հովսեփի մահից հետո և Մովսեսի՝ որպես Իսրայելի առաջնորդ նշանակվելուց առաջ։ Ուստի կարելի էր ասել, որ այդ ժամանակ Հոբի նման անարատ մարդ չկար։