Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 19

Աստծու իմաստությունը՝ «սրբազան գաղտնիքի» մեջ

Աստծու իմաստությունը՝ «սրբազան գաղտնիքի» մեջ

1, 2. Ի՞նչ «սրբազան գաղտնիք» պետք է հետաքրքրի մեզ և ինչո՞ւ։

 ԳԱՂՏՆԻՔՆԵՐ. միշտ գրավում են, հրապուրում, բորբոքում մեր հետաքրքրությունը։ Թերևս դա է պատճառը, որ մարդիկ հաճախ դժվարանում են գաղտնիք պահել։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Աստծու փառքը գործը գաղտնի պահելն է» (Առակներ 25։2)։ Այո՛, Եհովան՝ մեր Գերիշխան Տերն ու Արարիչը, իրավամբ որոշ բաներ գաղտնի է պահում մարդկանցից, մինչև որ չի հասնում դրանք հայտնելու ժամանակը։

2 Գոյություն ունի զարմանահրաշ մի գաղտնիք, որը Եհովան հայտնել է իր Խոսքում։ Այն կոչվում է Աստծու «կամքի սրբազան գաղտնիք» (Եփեսացիներ 1։9)։ Դա բացահայտելով՝ պարզապես հետաքրքրությունդ չէ, որ կբավարարես։ Սրբազան գաղտնիքի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելը կարող է առաջնորդել փրկության և օգնել, որ պատկերացում կազմես Եհովայի անհատակ իմաստության մասին։

Բացահայտվում է աստիճանաբար

3, 4. Ծննդոց 3։15-ի մարգարեությունը ինչպե՞ս է հույս տալիս մարդկությանը, և ի՞նչ «սրբազան գաղտնիք» է այն պարունակում։

3 Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, գուցե թվար, թե Եհովայի նպատակը դրախտ-երկրի վերաբերյալ խափանվեց։ Բայց Աստված անմիջապես անցավ խնդրի լուծմանը։ Նա ասաց. «Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (Ծննդոց 3։15

4 Խորհրդավոր, առեղծվածային խոսքեր։ Ո՞վ էր կինը։ Ո՞վ էր օձը։ Ո՞վ էր «սերունդը», որ ջախջախելու էր օձի գլուխը։ Ադամն ու Եվան կարող էին միայն ենթադրություններ անել։ Իրականում Աստծու այս խոսքերը հույս էին տալու այդ անհավատարիմ զույգի բոլոր հավատարիմ հետնորդներին։ Արդարությունը ի վերջո հաղթանակելու էր։ Եհովայի նպատակը դառնալու էր իրականություն։ Բայց ինչպե՞ս։ Դա գաղտնիք էր։ Աստվածաշունչն այն անվանում է «Աստծու իմաստությունը.... ամփոփված սրբազան գաղտնիքի մեջ, թաքնված իմաստությունը» (1 Կորնթացիներ 2։7

5. Օրինակով ցույց տուր, թե ինչու է Եհովան իր գաղտնիքը բացահայտում աստիճանաբար։

5 Որպես «գաղտնիքներ Հայտնող» Աստված՝ Եհովան ի վերջո հայտնելու էր այս գաղտնիքի իրականացման հետ կապված մանրամասները (Դանիել 2։28)։ Բայց նա անելու էր դա աստիճանաբար՝ քայլ առ քայլ։ Սա պատկերացնելու համար խորհենք այն մասին, թե սիրառատ հայրը ինչ պատասխան կտա իր փոքրիկ որդուն, եթե վերջինս հարցնի. «Հայրի՛կ, ես ինչպե՞ս եմ ծնվել»։ Իմաստուն հայրը կհայտնի այնքան տեղեկություն, որքան փոքրիկը ի վիճակի կլինի հասկանալու։ Երեխայի մեծանալուն զուգընթաց՝ նա ավելի շատ բան կբացատրի։ Նմանապես, Եհովան որոշում է, թե երբ է իր ժողովուրդը պատրաստ, որ իմանա իր կամքն ու նպատակները (Առակներ 4։18; Դանիել 12։4

6. ա) Ի՞նչ նպատակի է ծառայում ուխտը։ բ) Ինչո՞ւ է ուշադրության արժանի այն, որ Եհովան մի շարք ուխտեր է կապել մարդկանց հետ։

6 Ի՞նչ կերպերով է Եհովան հայտնել այդ գաղտնիքը։ Հիմնականում մի շարք ուխտերի, կամ՝ դաշինքների միջոցով։ Հավանաբար առիթ ունեցել ես պայմանագիր կնքելու, երբ տուն ես գնել, պարտքով գումար ես վերցրել կամ տվել։ Դա իրավական երաշխիքն է եղել այն բանի, որ նախատեսված պայմանները կիրագործվեն։ Բայց ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Եհովան պաշտոնական ուխտ, կամ՝ պայմանագիր կապեր մարդկանց հետ։ Ճիշտ է, Աստծու խոսքն արդեն իսկ երաշխիք է, որ իր խոստումները կիրականանան, այնուամենայնիվ մի շարք դեպքերում Աստված, բարություն ցուցաբերելով, հաստատել է իր խոսքը իրավական բնույթի պայմանագրերով։ Այս անխախտ ուխտերը մեզ՝ անկատար մարդկանց, ավելի մեծ հիմքեր են տալիս վստահելու Եհովայի խոստումներին (Եբրայեցիներ 6։16-18

Ուխտ՝ Աբրահամի հետ

7, 8. ա) Ի՞նչ ուխտ կապեց Եհովան Աբրահամի հետ և դրանով ի՞նչ լույս սփռեց սրբազան գաղտնիքի վրա։ բ) Եհովան ինչպե՞ս աստիճանաբար հստակեցրեց, թե որ տոհմաբանական ճյուղից էր գալու խոստացյալ Սերունդը։

7 Ավելի քան երկու հազար տարի անց այն բանից հետո, երբ առաջին մարդիկ վտարվեցին դրախտից, Եհովան իր հավատարիմ ծառա Աբրահամին ասաց. «Կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի [չափ].... Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին» (Ծննդոց 22։17, 18)։ Սա լոկ խոստում չէր։ Աստված այն արտահայտեց իրավական ուխտի միջոցով և հաստատեց իր անբեկանելի երդումով (Ծննդոց 17։1, 2; Եբրայեցիներ 6։13-15)։ Որքա՜ն հրաշալի է, որ Գերիշխան Տերը մարդկությանը օրհնելու պայմանագիր կապեց։

«Կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի.... չափ»

8 Աբրահամական ուխտից հայտնի դարձավ, որ խոստացյալ սերունդը՝ որպես Աբրահամի ժառանգ, մարդ պետք է լիներ։ Բայց ո՞վ էր լինելու նա։ Ժամանակի ընթացքում Եհովան հայտնեց, թե Աբրահամի որ որդուց էր գալու սերունդը՝ Իսահակից։ Իսկ վերջինիս երկու որդիներից ընտրվեց Հակոբը (Ծննդոց 21։12; 28։13, 14)։ Ավելի ուշ իր 12 որդիներից մեկի վերաբերյալ Հակոբն ասաց հետևյալ մարգարեական խոսքերը. «Գավազանը չի հեռանա Հուդայից, ոչ էլ ղեկավարի ցուպը՝ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը [կամ՝ «նա, ում պատկանում է», ծնթ.] գա, և ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի» (Ծննդոց 49։10)։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ սերունդը կլինի թագավոր և առաջ կգա Հուդայի ժառանգներից։

Ուխտ՝ Իսրայելի հետ

9, 10. ա) Ի՞նչ ուխտ կապեց Եհովան իսրայելացիների հետ, և ի՞նչ պաշտպանություն էր տալիս այդ ուխտը։ բ) Օրենքը ինչպե՞ս էր ցույց տալիս, որ մարդիկ փրկանքի կարիք ունեն։

9 Մ. թ. ա. 1513 թ.-ին Եհովան այնպիսի քայլեր ձեռնարկեց, որոնք ճանապարհ հարթեցին սրբազան գաղտնիքին վերաբերող հաջորդ մանրամասների բացահայտման համար։ Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետնորդների՝ իսրայելացիների հետ։ Մովսիսական օրենքի այս ուխտը, որն այլևս ուժի մեջ չէ, խոստացյալ սերնդի մասին Եհովայի նպատակի կարևոր մասն էր կազմում։ Ինչպե՞ս։ Բերենք երեք պատճառ։ Առաջին՝ Օրենքն ասես պաշտպանող պատ լիներ (Եփեսացիներ 2։14)։ Նրա արդար կանոնները հրեաներին զատում էին մյուս ազգերից։ Այդպես Օրենքը օգնում էր պահպանել խոստացյալ սերնդի տոհմաբանական ճյուղը։ Հիմնականում այս պաշտպանության շնորհիվ էր, որ երբ հասավ Հուդայի ցեղից Մեսիայի ծնվելու ժամանակը, իսրայելացիները պահպանվել էին որպես ազգ։

10 Երկրորդ՝ Օրենքը ակնհայտորեն ցույց էր տալիս, որ մարդկությունը փրկանքի կարիք ունի։ Քանի որ Օրենքը կատարյալ էր, պարզ էր դառնում, որ անկատար մարդը չէր կարող ամբողջովին պահել այն։ Հետևաբար Օրենքը ծառայեց «հանցանքները հայտնի դարձնելու համար, մինչև որ գար սերունդը, որին տրվել էր խոստումը» (Գաղատացիներ 3։19)։ Կենդանական զոհերի միջոցով Օրենքը հնարավոր էր դարձնում մեղքերի ժամանակավոր քավությունը։ Բայց ինչպես գրում է Պողոսը, «անհնար է, որ ցլերի և այծերի արյունը մեղքեր վերացնի»։ Ուստի այդ զոհերը միայն նախապատկերն էին Քրիստոսի քավիչ զոհի (Եբրայեցիներ 10։1-4)։ Ահա թե ինչու հավատարիմ հրեաների համար այդ ուխտը «դաստիարակ եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը» (Գաղատացիներ 3։24

11. Ի՞նչ փառավոր հեռանկար բացեց Օրենքի ուխտը իսրայելացիների առաջ, բայց ժողովուրդն ինչո՞ւ կորցրեց այն։

11 Երրորդ՝ ուխտը փառավոր հեռանկար էր բացում իսրայելացիների առաջ։ Եհովան խոստացել էր, որ եթե նրանք հավատարիմ մնային ուխտին, ապա կդառնային «քահանաների թագավորություն և սուրբ ազգ» (Ելք 19։5, 6)։ Արդյունքում երկնային «քահանաների թագավորության» առաջին անդամները ընտրվեցին իսրայելացիներից։ Սակայն իսրայելացիներն ընդհանուր առմամբ ըմբոստացան Օրենքի ուխտի դեմ, մերժեցին Մեսիական սերնդին և կորցրին այդ հեռանկարը։ Ուրեմն ովքե՞ր էին համալրելու քահանաների թագավորության անդամների թիվը։ Այդ օրհնված ժողովուրդը ի՞նչ առնչություն պետք է ունենար խոստացված սերնդի հետ։ Սրբազան գաղտնիքին առնչվող այս մանրամասները պարզ կդառնային Աստծու նշանակած ժամանակին։

Թագավորության ուխտ՝ Դավթի հետ

12. Եհովան ի՞նչ ուխտ հաստատեց Դավթի հետ, և դա ի՞նչ լույս սփռեց Աստծու սրբազան գաղտնիքի վրա։

12 Մ. թ. ա. 11-րդ դարում Եհովան ավելի շատ լույս սփռեց սրբազան գաղտնիքի վրա՝ կնքելով մեկ ուրիշ ուխտ։ Հավատարիմ Դավիթ թագավորին նա խոստացավ. «Ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին և նրա թագավորությունը կհաստատեմ.... Նրա թագավորության գահը կհաստատեմ դարեդար» (2 Սամուել 7։12, 13; Սաղմոս 89։3)։ Մեսիայի տոհմաբանական ճյուղը ավելի որոշակի դարձավ. սերունդը գալու էր Դավթի տնից։ Բայց մի՞թե սովորական մարդը կարող էր ղեկավարել դարեդար (Սաղմոս 89։20, 29, 34-36)։ Մի՞թե մարդկային թագավորը ի վիճակի կլիներ մարդկությանը ազատելու մեղքի ու մահվան կապանքներից։

13, 14. ա) Համաձայն 110-րդ սաղմոսի՝ Եհովան ի՞նչ խոստում տվեց իր կողմից օծված Թագավորին։ բ) Մարգարեների միջոցով հետագայում ի՞նչ հայտնի դարձավ գալիք սերնդի մասին։

13 Աստծու ներշնչմամբ Դավիթը գրեց. «Սա է Եհովայի խոսքը իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»։ Եհովան երդվել է (և չի ափսոսա). «Դու հավիտենական քահանա ես՝ Մելքիսեդեկի կարգի պես»» (Սաղմոս 110։1, 4)։ Դավթի այս խոսքերը վերաբերում էին խոստացված սերնդին՝ Մեսիային (Գործեր 2։35, 36)։ Թագավորը ղեկավարելու էր ոչ թե Երուսաղեմից, այլ երկնքից՝ Եհովայի «աջ կողմից»։ Դրա շնորհիվ նա իշխանություն էր ձեռք բերելու ոչ միայն Իսրայելի վրա, այլև ամբողջ աշխարհի (Սաղմոս 2։6-8)։ Հայտնի դարձավ նաև մեկ ուրիշ մանրամասնություն։ Եհովան հանդիսավոր երդում տվեց. Մեսիան կլինի «քահանա Մելքիսեդեկի կարգի պես»։ Աբրահամի օրերում ապրած թագավոր ու քահանա Մելքիսեդեկի նման՝ սպասվող սերունդը նշանակվելու էր և՛ Թագավոր, և՛ Քահանա Աստծու կողմից (Ծննդոց 14։17-20

14 Տարիների ընթացքում Եհովան մարգարեների միջոցով ավելի շատ բան հայտնեց իր սրբազան գաղտնիքի մասին։ Օրինակ՝ Եսայիա մարգարեն ասաց, որ սերունդը մահանալու էր զոհաբերական մահով (Եսայիա 53։3-12)։ Միքիան կանխագուշակեց, թե որտեղ էր նա ծնվելու (Միքիա 5։2)։ Իսկ Դանիելը նույնիսկ հայտնեց սերնդի ի հայտ գալու և մահանալու ճշգրիտ ժամանակը (Դանիել 9։24-27

Սրբազան գաղտնիքը բացահայտվե՛ց

15, 16. ա) Եհովայի Որդին ինչպե՞ս ծնվեց «կնոջից»։ բ) Հիսուսը ի՞նչ ժառանգեց իր երկրային ծնողներից, և ե՞րբ նա հայտնվեց որպես խոստացյալ սերունդ։

15 Այն, թե ինչպես պիտի կատարվեին այս մարգարեությունները, գաղտնի մնաց այնքան ժամանակ, մինչև որ ի հայտ եկավ սերունդը։ Գաղատացիներ 4։4-ում ասվում է. «Երբ ժամանակը լրացավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից»։ Մ. թ. ա. 2-րդ թվականն էր։ Աստծու հրեշտակը երևաց Մարիամ անունով մի հրեա կույսի և ասաց նրան. «Դու կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը.... Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։31, 32, 35

16 Ավելի ուշ Եհովան իր Որդու կյանքը երկնքից փոխադրեց Մարիամի արգանդը, այնպես որ նա լույս աշխարհ եկավ կնոջից։ Մարիամը անկատար կին էր։ Բայց Հիսուսը նրանից անկատարություն չժառանգեց, քանի որ «Աստծու Որդին» էր։ Միևնույն ժամանակ Հիսուսի երկրային ծնողները՝ որպես Դավթի հետնորդներ, փոխանցեցին նրան Դավիթ թագավորի ժառանգորդը լինելու իրավունք թե՛ ծնունդի, թե՛ օրենքի հիման վրա (Գործեր 13։22, 23)։ Հիսուսի մկրտության ժամանակ՝ 29 թ.-ին, Եհովան օծեց նրան սուրբ ոգով և ասաց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։16, 17)։ Վերջապես սերունդը հայտնվեց (Գաղատացիներ 3։16)։ Ժամանակն էր, որ ավելի շատ մանրամասնություններ բացահայտվեին սրբազան գաղտնիքի առնչությամբ (2 Տիմոթեոս 1։10

17. Ինչպե՞ս լույս սփռվեց Ծննդոց 3։15-ի մարգարեության վրա։

17 Իր ծառայության ընթացքում Հիսուսը ցույց տվեց, որ Ծննդոց 3։15-ում նկարագրված օձը Սատանան է, իսկ օձի սերունդը՝ Սատանայի հետևորդները (Մատթեոս 23։33; Հովհաննես 8։44)։ Ավելի ուշ հայտնի դարձավ, թե ինչպես առհավետ կոչնչանան այդ բոլորը (Հայտնություն 20։1-3, 10, 15)։ Կինը «վերին Երուսաղեմն» է, այլ կերպ ասած՝ Աստծու կինը, այսինքն՝ Եհովայի կազմակերպության երկնային մասը՝ կազմված ոգեղեն արարածներից (Գաղատացիներ 4։26; Հայտնություն 12։1-6 a

Նոր ուխտը

18. Ո՞րն էր «նոր ուխտի» նպատակը։

18 Թերևս ամենաապշեցուցիչ բանը հայտնի դարձավ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը, երբ նա իր հավատարիմ աշակերտներին հայտնեց «նոր ուխտի» մասին (Ղուկաս 22։20)։ Մովսիսական օրենքի ուխտի նման՝ այս նոր ուխտը նպաստելու էր «քահանաների թագավորության» կազմավորմանը (Ելք 19։6; 1 Պետրոս 2։9)։ Բայց այն հաստատվելու էր ոչ թե մարմնավոր ինչ-որ ազգի, այլ հոգևոր ազգի՝ «Աստծու Իսրայելի» հետ, որը բացառապես կազմված էր լինելու Հիսուսի հավատարիմ օծյալ հետևորդներից (Գաղատացիներ 6։16)։ Նոր ուխտի այս անդամները Հիսուսի հետ պետք է օրհնություն բերեին մարդկությանը։

19. ա) Ինչո՞ւ «նոր ուխտի» միջոցով հաջողվեց ստեղծել «քահանաների թագավորություն»։ բ) Օծյալ քրիստոնյաները ինչո՞ւ կոչվեցին «նոր ստեղծագործություն», և Քրիստոսի հետ քանի՞ հոգի պիտի ծառայի երկնքում։

19 Իսկ ի՞նչն է պատճառը, որ նոր ուխտի միջոցով հաջողվեց ստեղծել «քահանաների թագավորություն», որը պետք է օրհնություն բերի մարդկությանը։ Պատճառն այն է, որ Քրիստոսի աշակերտներին որպես մեղավորների դատապարտելու փոխարեն այդ ուխտը Հիսուսի զոհի միջոցով մեղքերի քավության հնարավորություն է տալիս (Երեմիա 31։31-34)։ Երբ նրանք Եհովայի աչքին դառնում են մաքուր, Աստված այդ անհատներին որպես որդիներ ընդունում է իր երկնային ընտանիք և օծում սուրբ ոգով (Հռոմեացիներ 8։15-17; 2 Կորնթացիներ 1։21)։ Այդպես նրանք վերստին ծնվում են, որպեսզի «ունենան այն կենդանի հույսը.... որ պահված է երկնքում» (1 Պետրոս 1։3, 4)։ Քանի որ նման բարձր դիրքի արժանանալը բոլորովին նոր բան է մարդկանց համար, սուրբ ոգուց ծնված օծյալ քրիստոնյաները կոչվում են «նոր ստեղծագործություն» (2 Կորնթացիներ 5։17)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Հիսուսի հետ մարդկության վրա երկնքից իշխելու է 144 000 հոգի (Հայտնություն 5։9, 10; 14։1-4

20. ա) Սրբազան գաղտնիքի առնչությամբ ի՞նչ հայտնի դարձավ 36 թ.-ին։ բ) Աբրահամին տրված խոստման շնորհիվ ովքե՞ր օրհնություններ կվայելեն։

20 Հիսուսի նման՝ այս օծյալ քրիստոնյաները նույնպես դառնում են «Աբրահամի սերունդ» (Գաղատացիներ 3։29 b Առաջին օծյալները մարմնավոր հրեաներ էին։ Բայց 36 թ.-ին սրբազան գաղտնիքի հետ կապված ևս մի մանրամասնություն հայտնի դարձավ. հեթանոսները՝ ծագումով ոչ հրեա մարդիկ, նույնպես երկնային հույս ստանալու հնարավորություն պետք է ունենային (Հռոմեացիներ 9։6-8; 11։25, 26; Եփեսացիներ 3։5, 6)։ Բայց արդյոք միայն օծյալ քրիստոնյանե՞րը պետք է վայելեին այն օրհնությունները, որ իր հետ բերելու էր Աբրահամին տրված խոստումը։ Ո՛չ, քանի որ Հիսուսի զոհը օգուտներ է տալիս ողջ աշխարհին (1 Հովհաննես 2։2)։ Ժամանակի ընթացքում Եհովան հայտնի դարձրեց, որ անհամար թվով մի «մեծ բազմություն» կփրկվի Սատանայի այս համակարգի վախճանից (Հայտնություն 7։9, 14)։ Իսկ անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ հարություն կառնեն դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով (Ղուկաս 23։43; Հովհաննես 5։28, 29; Հայտնություն 20։11-15; 21։3, 4

Աստծու իմաստությունն ու սրբազան գաղտնիքը

21, 22. Եհովայի սրբազան գաղտնիքը ինչպե՞ս է բացահայտում նրա իմաստությունը։

21 Սրբազան գաղտնիքը «Աստծու՝ տարբեր կերպերով դրսևորվող իմաստության» ապշեցուցիչ վկայությունն է (Եփեսացիներ 3։8-10)։ Ինչպիսի՜ իմաստություն է դրսևորել Եհովան՝ այս գաղտնիքը հաստատելով և հետո աստիճանաբար այն բացահայտելով։ Նա իմաստությամբ հաշվի է առել մարդկանց սահմանափակ հնարավորությունները՝ թույլատրելով նրանց ցույց տալ, որ վստահում են իրեն (Սաղմոս 103։14

22 Եհովան անզուգական իմաստություն դրսևորեց նաև, երբ որոշեց Թագավոր նշանակել Հիսուսին։ Եհովայի Որդին շատ ավելի վստահելի է, քան Աստծու ստեղծած էակներից ցանկացածը ողջ տիեզերքում։ Այն ժամանակ, երբ Քրիստոսը մսից ու արյունից կազմված մարդ էր, տարբեր դժվարությունների բախվեց։ Ուստի նա լիովին հասկանում է մարդկանց խնդիրները (Եբրայեցիներ 5։7-9)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա թագավորակիցների մասին։ Դարերի ընթացքում սուրբ ոգով օծվեցին տարբեր ծագում ունեցող թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ բոլոր ռասաներից ու լեզուներից։ Չկա այնպիսի մի դժվարություն, որ նրանցից գոնե մեկը տեսած և հաղթահարած չլինի (Եփեսացիներ 4։22-24)։ Որքա՜ն ուրախալի կլինի ապրել այս ողորմած թագավորների ու քահանաների իշխանության ներքո։

23. Եհովայի սրբազան գաղտնիքի առնչությամբ ի՞նչ պատվի են արժանացել քրիստոնյաները։

23 Պողոս առաքյալը գրել է. «Սրբազան գաղտնիքը, որը ծածկված էր անցած դարերից և անցած սերունդներից.... բացահայտվեց նրա սրբերին» (Կողոսացիներ 1։26)։ Այո՛, Եհովայի օծյալ սրբերը շատ բան են իմացել սրբազան գաղտնիքի մասին և այդ գիտելիքները փոխանցել են միլիոնավոր մարդկանց։ Մեծ պատվի ենք արժանացել բոլորս, քանի որ Եհովան «հայտնեց մեզ իր կամքի սրբազան գաղտնիքը» (Եփեսացիներ 1։9)։ Թող որ ուրիշներին էլ պատմենք այս հիասքանչ գաղտնիքի մասին, որ նրանք նույնպես տեսնեն Եհովա Աստծու անսահման իմաստությունը։

a Հիսուսի միջոցով բացվեց նաև «Աստծու հանդեպ նվիրվածության սրբազան գաղտնիքը» (1 Տիմոթեոս 3։16)։ Երկար ժամանակ գաղտնիք էր, թե կկարողանա արդյոք որևէ մեկը կատարյալ անարատություն պահել Եհովայի առջև։ Հիսուսը տվեց պատասխանը։ Նա անարատ մնաց Սատանայի կողմից եկած բոլոր փորձությունների ժամանակ (Մատթեոս 4։1-11; 27։26-50

b Այդ նույն խմբի հետ Հիսուսը նաև «ուխտ կապեց թագավորության համար» (Ղուկաս 22։29, 30)։ Քրիստոսը, ըստ էության, դաշինք կնքեց «փոքր հոտի» հետ, որի համաձայն՝ նրանք իր հետ կղեկավարեն երկնքում որպես Աբրահամի սերնդի երկրորդական մաս (Ղուկաս 12։32