Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 22

«Վերին իմաստությունը» քո կյանքում

«Վերին իմաստությունը» քո կյանքում

1-3. ա) Սողոմոնը ինչպե՞ս բացառիկ իմաստություն դրսևորեց՝ բացահայտելով երեխայի իսկական մորը։ բ) Եհովան ի՞նչ է խոստանում տալ մեզ, և ի՞նչ հարցեր են առաջանում։

 ԲԱՐԴ իրավիճակ էր։ Երկու կին պայքարում էին մի մանկիկի համար։ Երկուսն էլ ապրում էին նույն հարկի տակ, ու երկուսն էլ գրեթե նույն ժամանակամիջոցում որդի էին ունեցել։ Բայց երեխաներից մեկը մահացել էր։ Այժմ կանանցից յուրաքանչյուրը պնդում էր, թե ինքն է կենդանի երեխայի մայրը։ a Ոչ մի վկա չկար, որ տեղյակ լիներ պատահածից։ Ինչպես երևում է, գործը արդեն լսվել էր ցածր ատյանում, սակայն լուծում չէր ստացել։ Վերջապես այն հասել էր Իսրայելի թագավորին՝ Սողոմոնին։ Կհաջողվե՞ր արդյոք թագավորին բացահայտել ճշմարտությունը։

2 Նրանց վիճաբանությունները որոշ ժամանակ լսելուց հետո Սողոմոնը պատվիրեց, որ սուր բերեն։ Այնուհետև լուրջ դեմքով հրամայեց, որ երեխային երկու մասի բաժանեն. կեսը տան կանանցից մեկին, կեսը՝ մյուսին։ Իսկական մայրը անմիջապես սկսեց աղաչել թագավորին, որ իր անգին մանկիկին տան մյուս կնոջը։ Իսկ երկրորդը սկսեց պնդել, որ երեխային սրով կիսեն։ Սողոմոնի համար ամեն ինչ պարզ էր։ Նա գիտեր, թե ինչպիսի գորովանքով է մայրը վերաբերվում իրենից ծնված զավակին։ Թագավորը կիրառեց այդ գիտելիքը, ինչը և օգնեց նրան գտնելու վիճաբանական հարցի լուծումը։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան հանգստացավ մայրը, երբ Սողոմոնը երեխային տվեց նրան և ասաց. «Նա՛ է նրա մայրը» (1 Թագավորներ 3։16-27

3 Բացառիկ իմաստության ինչպիսի՜ դրսևորում։ Երբ մարդիկ իմացան, թե Սողոմոնն ինչպես լուծեց խնդիրը, ապշեցին, «քանի որ տեսան, որ.... Աստծու իմաստությունը կար նրա մեջ»։ Այո՛, Սողոմոնի իմաստությունը Աստծուց տրված պարգև էր։ Եհովան «իմաստուն ու հասկացող սիրտ» էր տվել նրան (1 Թագավորներ 3։12, 28)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք նո՞ւյնպես կարող ենք Աստծուց իմաստություն ստանալ։ Այո՛, քանի որ Եհովայի ներշնչմամբ Սողոմոնը գրեց. «Եհովան է տալիս իմաստություն» (Առակներ 2։6)։ Աստված խոստանում է իմաստություն՝ գիտելիքները, հասկացողությունը և խորաթափանցությունը ճիշտ կիրառելու կարողություն տալ նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են այն։ Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել վերին իմաստությունը։ Եվ ինչպե՞ս կարող ենք կյանքում կիրառել այն։

«Ձեռք բեր իմաստություն». ինչպե՞ս

4-7. Ո՞ր չորս պայմանները կատարելու դեպքում իմաստություն ձեռք կբերենք։

4 Աստծու իմաստությունը ձեռք բերելու համար հարկավո՞ր է արդյոք առանձնահատուկ ունակություններ ու բարձրագույն կրթություն ունենալ։ Ո՛չ։ Եհովան պատրաստ է իր իմաստությունը մեզ տալու՝ անկախ մեր ծագումից ու կրթությունից (1 Կորնթացիներ 1։26-29)։ Սակայն մենք էլ մեր կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, քանի որ Աստվածաշունչը քաջալերում է «ձեռք բերել իմաստություն» (Առակներ 4։7)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

5 Առաջին՝ մենք պետք է Աստծու հանդեպ վախ ունենանք։ «Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է [«առաջին քայլն է դեպի իմաստություն», The New English Bible]» (Առակներ 9։10)։ Այո՛, Աստծու վախը ճշմարիտ իմաստության հիմքն է։ Ինչո՞ւ։ Հիշիր, որ իմաստությունը գիտելիքները կիրառելու կարողությունն է։ Աստծուց վախենալը ոչ թե նրա առջև սարսափից կուչ գալն է, այլ ակնածանքով, հարգանքով ու վստահությամբ խոնարհվելը։ Սա առողջ վախ է, որը մղում է մեր կյանքը ներդաշնակեցնելու Աստծու կամքի և ճանապարհների վերաբերյալ մեր գիտելիքներին։ Ավելի իմաստուն ուղի մենք չենք էլ կարող ընտրել, քանի որ Եհովայի չափանիշները միշտ ամենամեծ օգուտներն են բերում այն անհատներին, ովքեր պահում են դրանք։

6 Երկրորդ՝ մենք պետք է խոնարհ ու համեստ լինենք։ Առանց խոնարհության և համեստության մարդը չի կարող ձեռք բերել Աստծու իմաստությունը (Առակներ 11։2)։ Ինչո՞ւ։ Եթե ունենք այդ հատկությունները, ապա պատրաստ կլինենք ընդունելու, որ չգիտենք բոլոր հարցերի պատասխանները, միշտ չէ, որ ճիշտ ենք, և որ կարիք ունենք իմանալու, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ է մտածում Եհովան։ Աստված «հակառակվում է գոռոզներին», սակայն իմաստություն է պարգևում խոնարհ սիրտ ունեցողներին (Հակոբոս 4։6

7 Երրորդ՝ կարևոր է ուսումնասիրել Աստծու գրավոր Խոսքը։ Եհովայի իմաստությունը բացահայտվում է նրա Խոսքում։ Այս հատկությունը ձեռք բերելու համար պետք է ջանքեր գործադրենք (Առակներ 2։1-5)։ Չորրորդ պայմանը աղոթքն է։ Եթե մենք Աստծուց անկեղծորեն իմաստություն խնդրենք, նա առատաձեռնորեն կտա այն (Հակոբոս 1։5)։ Իր սուրբ ոգու օգնությունը ստանալու մասին մեր աղոթքները Եհովան անպատասխան չի թողնի։ Իսկ այդ ոգու շնորհիվ կկարողանանք գտնել նրա Խոսքում պարփակված գանձերը, որոնք կօգնեն մեզ լուծելու խնդիրները, խուսափելու վտանգներից և կայացնելու իմաստուն որոշումներ (Ղուկաս 11։13

Աստծու իմաստությունը ձեռք բերելու համար ջանքեր են պահանջվում

8. Ի՞նչը ցույց կտա, որ մենք իսկապես ձեռք ենք բերել Աստծու իմաստությունը։

8 Ինչպես տեսանք 17-րդ գլխից, Եհովայի իմաստությունը գործերով արտահայտվող հատկություն է։ Հետևաբար, եթե մենք իսկապես ձեռք ենք բերել այն, դա կարտացոլվի մեր վարվելակերպի մեջ։ Հակոբոս աշակերտը նկարագրեց աստվածային իմաստության պտուղները, երբ գրեց հետևյալ խոսքերը. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (Հակոբոս 3։17)։ Աստվածային իմաստության այս դրսևորումներից յուրաքանչյուրը քննելիս կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Տեսանելի՞ է արդյոք վերին իմաստությունը իմ կյանքում»։

«Մաքուր է, ապա՝ խաղաղարար»

9. Ի՞նչ է նշանակում լինել մաքուր, և ինչո՞ւ է տեղին, որ առաջինը մաքրությունն է նշվում իմաստության պտուղների մեջ։

9 «Նախևառաջ մաքուր է»։ Մաքուր լինել նշանակում է լինել անաղարտ ոչ միայն գործերով, այլև մտքով ու սրտով։ Աստվածաշունչը իմաստությունը կապում է սրտի հետ։ Երկնային իմաստությունը, սակայն, չի կարող տեղ գտնել այնպիսի սրտում, որն ապականված է չար մտքերով, ցանկություններով ու մղումներով (Առակներ 2։10; Մատթեոս 15։19, 20)։ Իսկ եթե անկատար մարդու հնարավորության սահմաններում մեր սիրտը մաքուր է, ապա մենք «երես կթեքենք չարիքից ու բարին կանենք» (Սաղմոս 37։27; Առակներ 3։7)։ Տեղին է, ուրեմն, որ իմաստության պտուղների մեջ առաջինը նշվում է մաքրությունը։ Եթե բարոյապես ու հոգևորապես մաքուր չլինենք, ինչպե՞ս կկարողանանք արտացոլել վերին իմաստության մյուս պտուղները։

10, 11. ա) Ինչո՞ւ է կարևոր խաղաղարար լինել։ բ) Եթե զգում ես, որ վիրավորել ես հավատակցիդ, ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ խաղաղարար ես (տես նաև ծանոթագրությունը)։

10 «Ապա՝ խաղաղարար»։ Երկնային իմաստությունը մղում է մեզ ձգտելու խաղաղության, որը Աստծու սուրբ ոգու պտղի երեսակներից մեկն է (Գաղատացիներ 5։22)։ Մենք ջանում ենք չխզել «խաղաղության միավորող կապը», որը համախմբում է Եհովայի ժողովրդին (Եփեսացիներ 4։3)։ Նաև մեր ուժերի ներածին չափով ձգտում ենք վերականգնել խաղաղությունը, երբ այն խաթարվում է։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Աստվածաշունչը ասում է. «Շարունակեք.... խաղաղությամբ ապրել. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (2 Կորնթացիներ 13։11)։ Փաստորեն, քանի դեռ շարունակում ենք խաղաղությամբ ապրել, խաղաղության Աստվածը մեզ հետ կլինի։ Հավատակիցների հետ մեր փոխհարաբերությունները անմիջական կապ ունեն Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների հետ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խաղաղարար ենք։ Ահա մի օրինակ։

11 Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկես, եթե զգում ես, որ վիրավորել ես հավատակցիդ։ Հիսուսն ասաց. «Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։23, 24)։ Դու այս խորհուրդը կկիրառես, եթե նախաձեռնություն վերցնես ու մոտենաս եղբորդ։ Ի՞նչ նպատակով։ Նրա հետ «հաշտվելու»։ b Իսկ որպեսզի կարողանաս հաշտվել, պետք է ընդունես, որ վիրավորել ես նրա զգացմունքները, ոչ թե հերքես դա։ Եթե դու նրան մոտենաս խաղաղությունը վերականգնելու նպատակով և պահպանես այդ տրամադրվածությունը, ապա հնարավոր կլինի հարթել ցանկացած անհամաձայնություն, ներողություն խնդրել իրարից և ներել միմյանց։ Երբ խաղաղություն հաստատելու նպատակով քայլեր ես ձեռնարկում, ցույց ես տալիս, որ առաջնորդվում ես աստվածային իմաստությամբ։

«Խոհեմ, հնազանդվելու պատրաստ»

12, 13. ա) Հակոբոս 3։17-ում «խոհեմ» թարգմանված բառը ի՞նչ նշանակություն ունի։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խոհեմ ենք։

12 «Խոհեմ»։ Ի՞նչ է նշանակում լինել խոհեմ։ Ըստ աստվածաշնչագետների՝ «խոհեմ» թարգմանված հունարեն բառը, որն օգտագործված է Հակոբոս 3։17-ում, դժվար է ճշգրիտ ձևով թարգմանել։ Այդ բառն ունի «զիջել» իմաստը։ Թարգմանիչները օգտագործել են տարբեր բառեր՝ «մեղմ», «համբերող», «ուշադիր»։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր կյանքում արտահայտում ենք վերին իմաստության այս պտուղը։

13 «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց»,— ասվում է Փիլիպպեցիներ 4։5-ում։ Իսկ մեկ այլ թարգմանության մեջ այս միտքը հնչում է հետևյալ կերպ. «Խոհեմ մարդու համբավ ունեցեք» (J. B. Phillips, The New Testament in Modern English)։ Ուշադրություն դարձնենք, որ համարում խոսքն այն մասին չէ, թե ինչպիսին ենք մենք մեր սեփական աչքերում, այլ թե ինչ կարծիք ունեն մեր մասին ուրիշները, ինչ համբավ ենք վայելում։ Խոհեմ մարդը շեշտը անընդհատ չի դնի օրենքի տառի վրա և միշտ իրենը չի պնդի։ Փոխարենը՝ նա պատրաստ կլինի լսելու ուրիշներին և, երբ տեղին է, զիջելու՝ անելով այն, ինչ նրանք են ցանկանում։ Այդպիսի անհատը նաև մեղմ է ուրիշների հանդեպ և ոչ թե կոշտ ու կոպիտ։ Թեև անհրաժեշտ է, որ բոլոր քրիստոնյաներն ունենան այս հատկությունը, սակայն հատկապես կարևոր է, որ երեցները դրսևորեն այն։ Մեղմությունը գրավիչ հատկություն է ու երեցներին մատչելի է դարձնում (1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ Լավ կլինի, որ բոլորս էլ հարցնենք ինքներս մեզ. «Արդյոք ունե՞մ հոգատար, զիջող ու մեղմ մարդու համբավ»։

14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք հնազանդվելու։

14 «Հնազանդվելու պատրաստ»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում սա միակ տեղն է, որտեղ հանդիպում է «հնազանդվելու պատրաստ» թարգմանված հունարեն բառը։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ այս բառը «հաճախ օգտագործվում է զինվորական կարգապահության առնչությամբ»։ Այն մատնանշում է «հեշտությամբ համոզվող» ու «ենթարկվող» մարդու։ Վերին իմաստությամբ առաջնորդվող անհատը պատրաստակամորեն հնազանդվում է այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում։ Նա չունի այնպիսի մարդու համբավ, որն առաջնորդվում է միայն իր կայացրած որոշումներով և մերժում է իր տեսակետին հակասող բոլոր փաստերը։ Ընդհակառակը՝ այդպիսի անհատը անմիջապես փոխում է իր մտածելակերպը, երբ Սուրբ Գրքի հիման վրա իրեն ներկայացված փաստերի օգնությամբ տեսնում է, որ սխալ ուղի է բռնել կամ սխալ եզրակացություններ է արել։ Արդյոք նմա՞ն մարդու համբավ ունես։

«Ողորմությամբ և բարի պտուղներով լի»

15. Ի՞նչ է ողորմությունը, և ինչո՞ւ են «ողորմությունն» ու «բարի պտուղները» Հակոբոս 3։17-ում հիշատակվում միասին։

15 «Ողորմությամբ և բարի պտուղներով լի»։ c Ողորմությունը վերին իմաստության կարևոր դրսևորումներից է, քանի որ, ինչպես նշվում է, իմաստությունը լի է ողորմությամբ։ Ուշադրություն դարձնենք, որ «ողորմությունն» ու «բարի պտուղները» միասին են հիշատակվում։ Սա տեղին է, քանի որ Աստվածաշնչում ողորմությունը ներառում է ուրիշների հանդեպ քնքուշ հոգատարություն, ինչպես նաև կարեկցանք, որը մղում է միշտ բարի գործեր անելու։ Մի աշխատության մեջ ողորմություն դրսևորելը բացատրվում է հետևյալ կերպ. «Վատ վիճակում գտնվող անհատի համար ցավ զգալ և նրան օգնություն ցույց տալու նպատակով ջանքեր թափել»։ Հետևաբար աստվածային իմաստությունը չոր, սառը և ուրիշի վշտի հանդեպ անտարբեր հատկություն չէ։ Ընդհակառակը՝ այն ջերմ է, բխում է սրտից և նրբազգաց է։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լի ենք ողորմությամբ։

16, 17. ա) Աստծու հանդեպ սիրուց բացի՝ ի՞նչն է մղում մեզ քարոզելու և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ լի ենք ողորմությամբ։

16 Անկասկած, դա անելու կարևոր ձևերից մեկը Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելն է։ Ի՞նչն է մղում մեզ անելու այս գործը։ Նախևառաջ՝ Աստծու հանդեպ սերը։ Բայց մեզ այդ քայլին մղում է նաև ողորմությունը, կամ՝ ուրիշների հանդեպ կարեկցանքը (Մատթեոս 22։37-39)։ Շատ մարդիկ այսօր «կեղեքված են և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։36)։ Կեղծ կրոնի հովիվները անտեսել ու հոգևորապես կուրացրել են նրանց։ Դա է պատճառը, որ նրանք չգիտեն, որ Աստծու Խոսքը իմաստուն առաջնորդություն է տալիս, և տեղյակ չեն, թե ինչ օրհնություններ է բերելու Թագավորությունը երկրի վրա։ Երբ մտածում ենք մեր շուրջը ապրող մարդկանց հոգևոր կարիքների մասին, կարեկցանքից մղված՝ ցանկանում ենք մեր ուժերի ներածին չափով անել ամեն բան՝ Եհովայի սիրառատ նպատակի մասին նրանց պատմելու համար։

Մենք դրսևորում ենք «վերին իմաստությունը», երբ ուրիշների հանդեպ ողորմություն, կամ՝ կարեկցանք ենք ցուցաբերում

17 Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ լի ենք ողորմությամբ։ Հիշենք բարի սամարացու մասին Հիսուսի առակը, ըստ որի՝ սամարացին ճանապարհի եզրին կողոպտված ու ծեծված մի անցորդի գտավ։ Կարեկցանքից մղված՝ նա «ողորմածաբար վարվեց». կապեց նրա վերքերը և հոգ տարավ նրա մասին (Ղուկաս 10։29-37)։ Մի՞թե այս պատմությունից պարզ չի դառնում, որ ողորմած լինել նշանակում է կարիքի մեջ գտնվողին գործնական օգնություն ցույց տալ։ Աստվածաշունչը մեզ քաջալերում է, որ «բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղատացիներ 6։10)։ Նկատի առնենք որոշ իրավիճակներ։ Տարեց հավատակիցը կարիք ունի, որ իրեն ավտոմեքենայով տանեն ժողովի հանդիպումներին։ Այրի քույրը իր տանը ինչ-որ բան վերանորոգելու հարցում օգնության կարիք ունի (Հակոբոս 1։27)։ Հուսահատված քույրը կամ եղբայրը թերևս «բարի խոսքի» կարիք է զգում, որն ուրախություն կպատճառի նրան (Առակներ 12։25)։ Երբ նման կերպերով ողորմություն ենք դրսևորում, ցույց ենք տալիս, որ վերին իմաստությամբ ենք վարվում։

«Կողմնապահություն չանող, առանց կեղծավորության»

18. Եթե առաջնորդվում ենք վերին իմաստությամբ, ի՞նչը պետք է ձգտենք արմատախիլ անել մեր սրտից և ինչո՞ւ։

18 «Կողմնապահություն չանող»։ Աստվածային իմաստությունը վեր է ռասայական նախապաշարումից ու ազգային հպարտությունից։ Եթե առաջնորդվում ենք այդպիսի իմաստությամբ, ջանքեր ենք գործադրում մեր սրտից արմատախիլ անելու կողմնապահության ամենաչնչին արտահայտումն անգամ (Հակոբոս 2։9)։ Մարդու կրթությունը, նյութական վիճակը և ժողովում ունեցած պատասխանատվությունները հիմք չեն տալիս, որ նրան ուրիշներից վեր դասենք։ Բացի այդ՝ մենք վերևից չենք նայում որևէ հավատակցի, նույնիսկ եթե թվում է, թե նա ցածր խավի ներկայացուցիչ է։ Եթե Եհովան թույլ է տվել, որ տվյալ անհատը արժանանա իր սիրուն, ուրեմն պետք է ընդունենք, որ նա արժանի է նաև մեր սիրուն։

19, 20. ա) Որտեղի՞ց է առաջացել հունարեն «կեղծավոր» բառը։ բ) Ինչպե՞ս ենք ցույց տալիս «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն», և ինչո՞ւ է դա կարևոր։

19 «Առանց կեղծավորության»։ «Կեղծավոր» թարգմանված հունարեն բառը կարող է մատնանշել «դերասանի»։ Հնում հույն և հռոմեացի դերասանները բեմադրության ժամանակ մեծ դիմակներ էին հագնում։ Այդ պատճառով հունարենում «կեղծավոր» բառը սկսեց կիրառվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինչ-որ բան էին ձևացնում, կամ՝ կեղծ դիմակ էին հագնում։ Ուստի աստվածային իմաստության այս պտուղը ոչ միայն պետք է անդրադառնա հավատակիցների հետ մեր վարվելակերպի վրա, այլև նրանց հանդեպ մեր ունեցած զգացմունքների։

20 Պետրոս առաքյալի խոսքերով՝ «ճշմարտությանը հնազանդվելը» մղում է «կեղծավորությունից զերծ եղբայրասիրության» (1 Պետրոս 1։22)։ Մենք չպետք է սոսկ արտաքնապես ցույց տանք, թե ջերմ զգացմունքներ ենք տածում մեր եղբայրների հանդեպ։ Մենք դիմակներ չենք հագնում և ուրիշներին մոլորեցնելու համար դերասանություն չենք անում։ Մեր սերը պետք է լինի անկեղծ ու սրտաբուխ։ Եթե այդպես վարվենք, կշահենք մեր հավատակիցների վստահությունը. նրանք կիմանան, որ մենք իսկապես այն անձնավորությունն ենք, ինչ որ ցույց ենք տալիս։ Այսպիսի անկեղծությունը ճանապարհ է հարթում քրիստոնյաների միջև բաց և անկեղծ հաղորդակցության համար և ժողովում փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծում։

«Իմաստությունը.... պահպանիր»

21, 22. ա) Սողոմոնը ինչպե՞ս թերացավ պահպանել իմաստությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք պահպանել իմաստությունը և ի՞նչ օգուտներ կքաղենք։

21 Աստվածային իմաստությունը Եհովայի կողմից տրված պարգև է, որն անհրաժեշտ է պահպանել։ Ահա թե ինչ է ասել Սողոմոնը. «Որդի՛ս.... իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր (Առակներ 3։21)։ Ցավոք, Սողոմոնն ինքը այդպես չվարվեց։ Նա իմաստուն մնաց այնքան ժամանակ, քանի դեռ իր սիրտը հնազանդ էր։ Սակայն վերջում Սողոմոնի բազմաթիվ օտարազգի կանայք նրա սիրտը հեռացրին Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունից (1 Թագավորներ 11։1-8)։ Նրա հետ պատահածը ցույց է տալիս, որ գիտելիքները մեծ արժեք չեն ունենա, եթե չկիրառվեն։

22 Ինչպե՞ս կարող ենք պահպանել իմաստություն։ Հարկավոր է ոչ միայն կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականությունը, որ տրվում է «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով, այլև ջանք թափել կիրառելու այն, ինչ սովորում ենք (Մատթեոս 24։45)։ Որքա՜ն կարևոր է կիրառել Աստծու իմաստությունը, քանի որ նույնիսկ հիմա այն կառաջնորդի մեզ կյանքի լավագույն ուղիով։ Այդ իմաստության շնորհիվ «ամուր կկառչենք իսկական կյանքից», որը կլինի Աստծու նոր աշխարհում (1 Տիմոթեոս 6։19)։ Իսկ ամենակարևորը՝ վերին իմաստություն զարգացնելով՝ կմոտենանք ամենայն իմաստության Աղբյուրին՝ Եհովա Աստծուն։

a Համաձայն 1 Թագավորներ 3։16-ի՝ հիշյալ կանայք անբարոյական էին։ Այս առնչությամբ Եհովայի վկաների կողմից հրատարակված «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանում ասվում է. «Ըստ երևույթին, այդ կանայք անբարո էին ոչ թե այն պատճառով, որ այդպես փող էին աշխատում, այլ քանի որ պոռնկություն էին գործել։ Հնարավոր է՝ նրանք հրեաներ էին, բայց ավելի հավանական է, որ այլազգիներ էին»։

b «Հաշտվիր» թարգմանված հունարեն բառը ծագում է մի բայից, որը նշանակում է «դադարել թշնամի լինելուց և ընկերներ դառնալ, համերաշխ դառնալ, վերականգնել նորմալ փոխհարաբերությունները կամ համերաշխությունը»։ Ուստի քո նպատակն է՝ փոխել, հնարավորության դեպքում հեռացնել անբարյացակամ վերաբերմունքը այն մարդու սրտից, որին վիրավորել ես (Հռոմեացիներ 12։18

c Մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքերը հնչում են հետևյալ կերպ. «Կարեկցանքով ու բարի գործերով լի» (Charles B. Williams, A Translation in the Language of the People)։