Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

Ինչո՞ւ է Հիսուսը համարվում Մեծ Ուսուցիչ

Ինչո՞ւ է Հիսուսը համարվում Մեծ Ուսուցիչ

Ավելի քան երկու հազար տարի առաջ ծնվեց ոչ սովորական մի երեխա։ Նա մեծացավ ու դարձավ երբևէ ապրած մեծագույն մարդը։ Այդ ժամանակներում չկային ո՛չ օդանավեր ու ավտոմեքենաներ, ո՛չ էլ հեռուստացույց, համակարգիչ կամ Ինտերնետ։

Երեխային անվանեցին Հիսուս։ Նա դարձավ երբևէ ապրած մարդկանցից ամենաիմաստունը։ Հիսուսը նաև հիանալի ուսուցիչ էր. դժվարհասկանալի բաները նա այնպես էր բացատրում, որ բոլորը հեշտությամբ հասկանում էին։

Հիսուսը ամենուրեք սովորեցնում էր մարդկանց՝ լիներ դա ծովափին թե նավի վրա, տներում թե ճամփաներին։ Մեքենա չկար, ոչ էլ ավտոբուս կամ գնացք։ Նա ոտքով էր ճամփորդում մի տեղից մյուսը, որպեսզի սովորեցնի մարդկանց։

Մենք շատ բաներ ենք սովորում տարբեր մարդկանցից։ Բայց կյանքում ամենակարևոր բաները կարող ենք սովորել միայն Մեծ Ուսուցչից՝ Հիսուսից։ Նրա խոսքերը գրված են Աստվածաշնչում։ Երբ մենք կարդում ենք կամ լսում այդ խոսքերը, ասես Հիսուսն է խոսում մեզ հետ։

Ինչպե՞ս էր Հիսուսը դարձել մեծ ուսուցիչ։ Նա ինքը ուսուցիչ է ունեցել, որն իրեն սովորեցրել է։ Հիսուսը լավ գիտեր, թե որքան կարևոր է լսելը։ Բայց ո՞ւմ էր նա լսում։ Ո՞վ էր նրան սովորեցնում։ ~ Հիսուսի Հայրը՝ Աստված։

Նախքան երկրի վրա որպես մարդ ծնվելը Հիսուսը Աստծո հետ ապրել է երկնքում։ Նա տարբեր էր մյուս բոլոր մարդկանցից, որովհետև ոչ ոք մինչև ծնվելը երկնքում չի ապրել։ Հիսուսը լավ որդի է եղել, նա միշտ լսել է իր Հորը։ Այդ պատճառով երկրի վրա նա կարողանում էր սովորեցնել մարդկանց այն ամենը, ինչ սովորել էր Աստծուց։ Քո հայրիկին ու մայրիկին լսելով՝ դու կարող ես նմանվել Հիսուսին։

Հիսուսը լավ ուսուցիչ էր նաև այն պատճառով, որ սիրում էր մարդկանց և ցանկանում էր օգնել նրանց, որ ճանաչեն Աստծուն։ Նա սիրում էր բոլորին՝ թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին։ Երեխաներն էլ Հիսուսին էին շատ սիրում, որովհետև նա լսում էր իրենց ու զրուցում նրանց հետ։

Ինչո՞ւ էին երեխաներն իրենց լավ զգում Հիսուսի կողքին

Մի օր մի քանի ծնողներ իրենց երեխաներին բերեցին Հիսուսի մոտ։ Բայց Հիսուսի ընկերները ասացին նրանց, որ հեռանան երեխաների հետ միասին՝ մտածելով, որ նա չի կարողանա ժամանակ հատկացնել փոքրիկներին, քանի որ շատ է զբաղված։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ասաց Հիսուսը։ ~ Նա ասաց. «Թույլ տվեք երեխաներին, որ ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց»։ Այո, Հիսուսը ցանկանում էր, որ երեխաները իր մոտ գնային։ Ու թեև նա շատ իմաստուն էր ու կարևոր գործեր ուներ, նա ժամանակ էր հատկացնում երեխաներին սովորեցնելու համար (Մարկոս 10։13, 14

Գիտե՞ս, թե ինչու էր Հիսուսը սովորեցնում երեխաներին ու լսում նրանց։ Որովհետև նա ուզում էր, որ նրանք երջանիկ լինեն՝ իմանան իր երկնային Հոր՝ Աստծո մասին։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես օգնել, որ մարդիկ երջանիկ դառնան։ ~ Պատմելով նրանց այն ամենը, ինչ սովորում ես Աստծո մասին։

Մի առիթով Հիսուսն իր ընկերներին կարևոր դաս սովորեցրեց։ Նա իր մոտ կանչեց մի երեխայի ու նրան կանգնեցրեց աշակերտների մեջտեղը։ Ապա ասաց, որ նրանք պետք է փոխվեին ու դառնային այդ երեխայի պես։

Փոքրիկներից ի՞նչ կարող են սովորել մեծերը

Ի՞նչ էր ուզում Հիսուսը դրանով ասել։ Ինչպե՞ս կարող է մեծահասակ մարդը դառնալ փոքր երեխայի նման։ ~ Փոքր երեխան մեծերի չափ շատ բան չգիտի և միշտ ցանկանում է սովորել։ Ուրեմն՝ Հիսուսն ուզում էր ասել, որ իր աշակերտները պետք է փոքր երեխաների նման խոնարհ լինեն։ Այո, մարդկանցից կարող ենք շատ բաներ սովորել։ Բայց այն, ինչ Հիսուսն է սովորեցնում, մեզ համար պետք է լինի ամենակարևորը (Մատթէոս 18։1–5

Հիսուսը մեծ ուսուցիչ էր նաև մեկ այլ պատճառով։ Նա գիտեր մարդկանց այնպես սովորեցնել, որ հետաքրքրությամբ լսեին իրեն։ Նա բացատրում էր պարզ ու հասկանալի ձևով. խոսում էր թռչունների ու ծաղիկների մասին, շրջապատում ամեն օր հանդիպող բաների մասին, որպեսզի մարդկանց հասկանալի լեզվով բացատրեր Աստծուն վերաբերող հարցերը։

Մի օր, երբ Հիսուսը գտնվում էր լեռան լանջին, շատ մարդիկ հավաքվեցին նրա մոտ։ Հիսուսը նստեց ու սկսեց նրանց հետ խոսել՝ քարոզել, ինչպես պատկերված է նկարում։ Այդ քարոզը կոչվում է Լեռան քարոզ։ Նա ասաց. «Նայեք երկնքի թռչուններին։ Նրանք սերմ չեն ցանում, ոչ էլ տանը ուտելիք են հավաքում։ Բայց Աստված, որ երկնքում է, կերակրում է նրանց։ Մի՞թե դուք ավելի թանկ չեք Աստծո համար, քան այս թռչունները»։

Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը, երբ խոսեց թռչունների ու ծաղիկների մասին

Հիսուսը նաև ասաց. «Ուշադրություն դարձրեք դաշտի շուշաններին։ Նրանք մեծանում են առանց աշխատելու։ Տեսեք՝ ինչքա՜ն սիրուն են։ Նույնիսկ հարուստ Սողոմոն թագավորը դաշտի շուշանների պես չհագնվեց։ Իսկ եթե Աստված ծաղիկներին այդպես հոգ է տանում, չէ՞ որ ձեզ էլ հոգ կտանի» (Մատթէոս 6։25–33

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է Հիսուսը սովորեցնում մեզ այս խոսքերով։ ~ Նա չի ուզում, որ մտահոգվենք, թե որտեղից ուտելիք կամ հագուստ ձեռք բերենք։ Աստված գիտի, որ մենք այդ ամենի կարիքն ունենք։ Բայց նա նաև չի ուզում ասել, թե մենք չպետք է աշխատենք դրանք ձեռք բերելու համար։ Նա սովորեցնում է, որ Աստծո գործը առաջին տեղում դնենք։ Եթե այդպես վարվենք, Աստված հոգ կտանի, որ ունենանք և՛ ուտելիք, և՛ հագուստ։ Հավատո՞ւմ ես դրան։ ~

Քո կարծիքով՝ Հիսուսի քարոզը ի՞նչ տպավորություն թողեց մարդկանց վրա։ ~ Աստվածաշնչում գրված է, որ նրանք զարմանում էին, թե ինչպես էր նա սովորեցնում։ Մարդիկ մեծ հետաքրքրությամբ էին լսում Հիսուսին։ Նրա խոսքերը օգնում էին մարդկանց՝ սովորելու անել այն, ինչ ճիշտ է (Մատթէոս 7։28

Ուրեմն՝ շատ կարևոր է, որ մենք սովորենք Հիսուսից։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել։ ~ Կա մի գիրք, որտեղ գրված են նրա խոսքերը։ Գիտե՞ս, թե որն է այդ գիրքը։ ~ Դա Աստվածաշունչն է։ Նշանակում է՝ Աստվածաշնչում գրվածը ուշադրությամբ կարդալով՝ կլսենք Հիսուսին։ Աստվածաշնչում մի զարմանահրաշ պատմություն կա, որտեղ Աստված ինքն է պատվիրում լսել Հիսուսին։ Եկ տեսնենք, թե ինչպես դա տեղի ունեցավ։

Մի օր Հիսուսն իր երեք ընկերների՝ Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի հետ բարձրացավ սարը։ Մենք հետագայում շատ բան կիմանանք Հիսուսի այս երեք մտերիմ ընկերների մասին։ Երբ նրանք սարը բարձրացան, Հիսուսի երեսը սկսեց փայլել, իսկ շորերը լույսի պես պայծառ եղան, ինչպես նկարում է պատկերված։

Այնուհետև Հիսուսն ու իր ընկերները երկնքից ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ. լսեցե՛ք նրան» (Մատթէոս 17։1–5)։ Գիտե՞ս, թե ում ձայնն էր դա։ ~ Դա Աստծո ձայնն էր։ Այո, Աստված պատվիրում էր նրանց լսել իր Որդուն։

«Դա է իմ սիրելի Որդին, ....լսեցե՛ք նրան»

Իսկ մե՞նք։ Չպե՞տք է մենք էլ լսենք Աստծուն և իր Որդուն՝ Մեծ Ուսուցչին։ ~ Հենց դա է, որ պետք է անենք։ Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես կարող ենք լսել Հիսուսին։ ~

Այո, մենք կարող ենք լսել Աստծո Որդուն՝ նրա մասին կարդալով Աստվածաշնչում, որտեղ այնքա՜ն օգտակար բաներ կան, որ Մեծ Ուսուցիչն ուզում է մեզ ասել։ Քեզ համար հետաքրքիր կլինի իմանալ այդ ամենը։ Եվ դու քեզ երջանիկ կզգաս, եթե սովորածդ պատմես ընկերներիդ։

Իմանալու համար, թե է՛լ ինչ օգուտներ կարող է բերել Հիսուսին լսելը, բացենք Աստվածաշունչը և կարդանք Յովհաննէս 3։16; 8։28–30 և Գործք 4։12 համարները։