Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Նամակ սիրառատ Աստծուց

Նամակ սիրառատ Աստծուց

Քո ամենասիրած գիրքը ո՞րն է։ ~ Շատ երեխաներ սիրում են կարդալ կենդանիների մասին, մյուսներին դուր են գալիս նկարազարդ գրքերը։ Հաճելի է կարդալ այդպիսի գրքեր։

Սակայն ամենից լավը այն գրքերն են, որոնցից կարող ենք Աստծո մասին ճշմարտությունը սովորել։ Այդ գրքերից մեկը ամենաթանկն է մեզ համար։ Գիտե՞ս, թե որն է այդ գիրքը։ ~ Աստվածաշունչն է։

Ինչո՞ւ է Աստվածաշունչն այդքան արժեքավոր։ ~ Որովհետև այդ գիրքը Աստված է տվել մեզ։ Աստվածաշունչը պատմում է Աստծո մասին, նաև այն բոլոր բարի գործերի, որ նա անելու է մեզ համար։ Այն կարդալով՝ իմանում ենք, թե ինչպես պետք է վարվենք, որ ուրախացնենք Աստծուն։ Աստվածաշունչը ասես մի նամակ լինի, որը ստացել ենք Աստծուց։

Աստված կարող էր Աստվածաշունչը գրել տալ երկնքում, իսկ հետո փոխանցել մարդկանց։ Բայց նա այդպես չվարվեց։ Նա երկրի վրա ապրող իր ծառաներին հանձնարարեց գրել գրեթե ողջ Աստվածաշունչը՝ հաղորդելով նրանց իր մտքերը։

Ինչպե՞ս էր դա հնարավոր։ ~ Հիշենք ռադիոյի և հեռուստացույցի օրինակը։ Երբ ռադիոյով լսում ենք որևէ մեկի ձայնը, հասկանում ենք, որ խոսողը գտնվում է մեզնից շատ հեռու։ Իսկ հեռուստացույցով ոչ միայն լսում, այլև նույնիսկ տեսնում ենք մարդկանց, որ ապրում են հեռավոր երկրներում։

Մարդիկ նույնիսկ կարողանում են տիեզերանավով թռչել դեպի Լուսին և այնտեղից լուրեր ուղարկել Երկիր։ Գիտեի՞ր այդ մասին։ ~ Եթե մարդը կարող է նման բան անել, ապա չի՞ կարող Աստված երկնքից տեղեկություն հաղորդել։ ~ Իհա՛րկե կարող է։ Եվ Աստված դա արել է դեռևս այն ժամանակ, երբ մարդիկ ոչ ռադիո ունեին, ոչ էլ հեռուստացույց։

Որտեղի՞ց գիտենք, որ Աստված կարող է հեռվից խոսել մեզ հետ

Աստված խոսեց Մովսես անունով մի մարդու հետ։ Թեև Մովսեսը չէր կարող տեսնել Աստծուն, բայց կարողացավ լսել նրան։ Միլիոնավոր մարդիկ ներկա էին, երբ դա տեղի ունեցավ։ Այդ ժամանակ ամբողջ սարը դղրդաց, որոտումներ ու կայծակ եղավ։ Մարդիկ իմացան, որ Աստված էր խոսում, բայց նրանք սաստիկ վախեցան։ Ուստի ասացին Մովսեսին. «Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ Իսկ հետո Մովսեսը գրեց այն ամենը, ինչ Աստված նրան ասաց։ Նրա գրածը գտնվում է Աստվածաշնչում (Ելից 20։18–21

Մովսեսը գրել է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը։ Իսկ ամբողջ Աստվածաշունչը գրելուն մասնակցել է մոտավորապես քառասուն հոգի։ Այդ մարդիկ ապրել են շա՜տ ու շա՜տ տարիներ առաջ։ Աստվածաշնչի գրությունը տևել է բավականին երկար ժամանակ՝ գրեթե 1 600 տարի։ Զարմանալին այն է, որ այս մարդկանցից շատերը թեև երբեք իրար չեն ճանաչել, սակայն նրանց գրած մտքերը լիարժեք ձևով լրացնում են մեկը մյուսին։

Կարո՞ղ ես ասել այս մարդկանց անունները, որոնք մասնակցել են Աստվածաշունչը գրելուն

Աստվածաշունչը գրողներից ոմանք ճանաչված մարդիկ էին։ Մովսեսը սկզբում հովիվ էր, սակայն դարձավ Իսրայել ժողովրդի առաջնորդը։ Սողոմոնը թագավոր էր, նաև աշխարհի ամենաիմաստուն ու ամենահարուստ մարդը։ Բայց նրանց մեջ կային այնպիսիները, որ այնքան էլ ճանաչված չէին։ Օրինակ՝ Ամովսը հասարակ մարդ էր. նա զբաղվում էր թզենիների մշակությամբ։

Նրանց մեջ կար նաև բժիշկ։ Գիտե՞ս նրա անունը։ ~ Նրա անունը Ղուկաս էր։ Մյուսը մաքսավոր էր՝ հարկ հավաքող, անունը՝ Մատթեոս։ Գրողներից մեկն էլ օրենսգետ էր՝ լավ գիտեր հրեական օրենքները։ Աստվածաշնչի գրքերից թվով ամենաշատ գրքերը գրվել են նրա ձեռքով։ Գիտե՞ս, թե ով է նա։ ~ Նա Պողոսն է։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը, որ նույնպես մասնակցել են Աստվածաշնչի գրությանը, եղել են ձկնորսներ։

Նրանցից շատերը գրել են այն մասին, թե ինչ է Աստված անելու ապագայում։ Որտեղի՞ց նրանք գիտեին, թե ինչ էր տեղի ունենալու։ ~ Աստված էր նրանց հայտնել այդ մասին։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, Աստվածաշնչի մեծ մասն արդեն գրվել էր։ Հիշո՞ւմ ես, որ Մեծ Ուսուցիչը մինչ երկիր գալը ապրել է երկնքում։ Ուստի նա գիտեր, թե Աստված ինչ է արել։ Հավատո՞ւմ էր նա, որ Աստվածաշունչը Աստծո տված գիրքն է։ ~ Իհա՛րկե հավատում էր։

Հիսուսը Աստծո գործերի մասին պատմելիս դիմում էր Աստվածաշնչի օգնությանը։ Իսկ երբեմն էլ պարզապես վերապատմում էր այնտեղ գրվածը։ Բայց Հիսուսը նաև որոշ տեղեկություններ հայտնեց, որ անմիջապես Աստված էր նրան ասել։ Նա ասաց. «Ես ինչ որ նրանից լսեցի, խոսում եմ աշխարհի մեջ» (Յովհաննէս 8։26)։ Հիսուսը շատ բաներ էր լսել Աստծուց, քանի որ ապրել էր Աստծո հետ։ Իսկ որտե՞ղ կարող ենք գտնել Հիսուսի խոսքերը։ ~ Աստվածաշնչում։ Նրա խոսքերը գրի են առնվել, որպեսզի մենք կարդանք։

Իհարկե, երբ Աստված պատվիրեց մարդկանց գրել Աստվածաշունչը, նրանք գրեցին այն լեզվով, որով ամեն օր խոսում էին։ Այնպես որ Աստվածաշնչի մեծ մասը գրվել է եբրայերենով, մի մասը՝ արամերենով, մնացածն էլ՝ հունարենով։ Բայց քանի որ շատ մարդիկ այսօր չեն կարող կարդալ այդ լեզուներով, Աստվածաշունչը թարգմանվել է ուրիշ շատ լեզուների։ Այսօր Աստվածաշնչի հատվածները կարելի է ընթերցել ավելի քան 2 260 լեզուներով։ Պատկերացնո՞ւմ ես, թե դա որքան շատ է։ Աստվածաշունչը Աստծո նամակն է՝ ուղղված բոլոր երկրներում ապրող մարդկանց։ Չնայած նրան, որ Աստվածաշունչը թարգմանվել է բազում անգամներ, նրա բովանդակությունը մնացել է անփոփոխ. այն պարունակում է նույն այն մտքերը, որ Աստված սկզբում հաղորդել էր։

Աստվածաշնչում գրվածը շատ կարևոր է մեզ համար։ Այդ գիրքը գրվել է շատ վաղուց, բայց այնտեղ խոսվում է այնպիսի դեպքերի մասին, որ տեղի են ունենում այսօր։ Այն նաև պատմում է, թե ինչ է Աստված անելու ապագայում։ Նրանում գրվածը զարմանահրաշ է։ Այն մեզ հիանալի հույս է տալիս։

Ի՞նչ կարող ես սովորել՝ կարդալով Աստվածաշունչը

Աստվածաշունչը մեզ նաև հայտնում է, թե ինչպես ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ Այնտեղից իմանում ենք, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Ամենքս՝ թե՛ դու և թե՛ ես, պետք է սովորենք դա։ Աստվածաշունչը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր վատ գործեր են կատարել։ Դրանց մասին կարդալը կօգնի մեզ խուսափել այն փորձանքներից, որ պատահել են նրանց հետ։ Այնտեղ նաև պատմվում է, թե ինչ օգուտներ են քաղել այն մարդիկ, ովքեր ճիշտ են վարվել։ Եվ այդ ամենը գրվել է մեր օգտի համար։

Աստվածաշնչից օգուտներ քաղելու համար պետք է իմանալ մի կարևոր հարցի պատասխան. ո՞վ է տվել մեզ Աստվածաշունչը։ ~ Այո, «Աստվածաշունչ» գիրքը Աստված է տվել։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք խելացի ենք։ ~ Լսելով Աստծուն և անելով այն ամենը, ինչ նա պատվիրում է մեզ։

Ուրեմն՝ մենք պետք է ժամանակ հատկացնենք ու միասին կարդանք Աստվածաշունչը։ Երբ նամակ ենք ստանում ինչ–​որ մեկից, ում շատ ենք սիրում, մենք նորից ու նորից կարդում ենք այն, որովհետև թանկ է մեզ համար։ Այդպես էլ Աստվածաշունչը պետք է շատ թանկ լինի մեզ համար, որովհետև այն մի նամակ է՝ ուղարկված Նրա կողմից, ով ամենից շատ է մեզ սիրում։ Աստվածաշունչը նամակ է՝ ուղարկված սիրառատ Աստծուց։

Մի քանի րոպե հատկացնենք՝ կարդալու Աստվածաշնչի հետևյալ համարները, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչն իրոք Աստծո Խոսքն է՝ գրված մեր իսկ օգտի համար. Հռովմայեցիս 15։4; Բ Տիմոթէոս 3։16, 17 և Բ Պետրոս 1։20, 21։