Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 4

Աստված անուն ունի

Աստված անուն ունի

Երբ ծանոթանում ես որևէ մեկի հետ, ի՞նչ ես առաջին հերթին հարցնում։ ~ Այո, հարցնում ես նրա անունը։ Բոլոր մարդիկ անուններ ունեն։ Առաջին մարդուն Աստված անուն տվեց։ Նա անվանեց նրան Ադամ։ Ադամի կնոջը տրվեց Եվա անունը։

Սակայն անուն են ունենում ոչ միայն մարդիկ։ Հիշիր, թե ինչերը կարող են անուններ ունենալ։ Օրինակ՝ տնային կենդանիները նույնպես իրենց անուններն ունեն։ Այո, անուն ունենալը շատ կարևոր է։

Տեսել ես՝ ինչքա՜ն աստղեր կան երկնքում։ Ի՞նչ ես կարծում, նրանք անուններ ունե՞ն։ ~ Այո, Աստված երկնքի բոլոր աստղերին անուններ է տվել։ Այդ մասին Աստվածաշնչում գրված է. «Նա հաշվում է աստղերի թիվը և կանչում ամենքին իրենց անունով» (Սաղմոս 147։4

Գիտե՞ս, որ բոլոր աստղերն անուններ ունեն

Քո կարծիքով՝ ո՞վ է ամենակարևոր անձնավորությունը ողջ տիեզերքում։ ~ Այո, Աստված է։ Իսկ նա անուն ունի՞։ ~ Հիսուսն ասել է, որ Աստված անուն ունի։ Մի անգամ, երբ նա աղոթում էր Աստծուն, ասաց. «Ես քո անունը ճանաչեցրի իմ աշակերտներին» (Յովհաննէս 17։26)։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է Աստծո անունը։ ~ Աստված ինքը հայտնում է մեզ այդ մասին։ Նա ասում է. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը»։ Ուրեմն՝ Աստծո անունը ԵՀՈՎԱ է (Եսայիա 42։8

Քեզ դո՞ւր է գալիս, երբ մարդիկ չեն մոռանում քո անունը։ ~ Ուրախանում ես, չէ՞, որ քեզ անունով են կանչում։ ~ Եհովան նույնպես ցանկանում է, որ մարդիկ իմանան իր անունը։ Ուրեմն՝ երբ խոսում ենք Աստծո մասին, պետք է օգտագործենք «Եհովա» անունը։ Մեծ Ուսուցիչը օգտագործում էր Աստծո անունը մարդկանց հետ զրուցելիս։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Դու պիտի սիրես [Եհովային՝] քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» (Մարկոս 12։30

Հիսուսը գիտեր, որ «Եհովա» անունը շատ կարևոր է։ Նա սովորեցրեց իր հետևորդներին օգտագործել Աստծո անունը։ Նույնիսկ սովորեցրեց, որ նրանք Աստծո անունը նշեն իրենց աղոթքներում։ Հիսուսը գիտեր, որ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ իմանան իր Եհովա անունը։

Տարիներ առաջ Աստված իր անունը հայտնեց Մովսեսին, որն իսրայելացի էր։ Իսրայելացիներն ապրում էին Եգիպտոսում՝ եգիպտացիների երկրում։ Եգիպտացիները իսրայելացիներին ստրուկ էին դարձրել ու դաժանորեն էին վերաբերվում նրանց։ Մի անգամ պատահեց այնպես, որ Մովսեսը փորձեց օգնել մի իսրայելացու։ Այդ մասին իմացավ Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, ու շատ բարկացավ։ Նա ցանկացավ սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ Եգիպտոսից։

Մովսեսը գնաց ուրիշ երկիր՝ Մադիամ։ Այնտեղ նա ամուսնացավ ու երեխաներ ունեցավ։ Մովսեսը հովիվ էր։ Մի օր, երբ նա ոչխարներ էր արածեցնում սարում, զարմանալի բան տեսավ. մի մորենի կրակների մեջ էր, բայց չէր այրվում։ Մովսեսը մոտ գնաց, որպեսզի ավելի լավ տեսնի, թե ինչ է կատարվում։

Գիտե՞ս՝ հետո ինչ տեղի ունեցավ։ ~ Մովսեսը կրակով բռնված մորենու միջից ձայն լսեց՝ ասես մեկը կանչելիս լիներ. «Մովսե՜ս, Մովսե՜ս»։ Ո՞վ էր կանչում Մովսեսին։ ~ Աստված էր խոսում նրա հետ։ Աստված հանձնարարություն ուներ Մովսեսին տալու։ Նա ասաց. «Եկ հիմա քեզ փարավոնի մոտ ուղարկեմ, և իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, հանիր Եգիպտոսից»։ Աստված խոստացավ, որ կօգնի Մովսեսին այդ գործում։

Ի՞նչ կարևոր բան իմացավ Մովսեսը կրակով բռնված մորենու մոտ

Բայց Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա կգնամ Իսրայելի որդիների մոտ Եգիպտոս և կհայտնեմ նրանց, թե Աստված է ինձ ուղարկել։ Ի՞նչ ասեմ նրանց, եթե հարցնեն. «Ի՞նչ է նրա անունը»։ Ես ի՞նչ պատասխանեմ»։ Աստված ասաց Մովսեսին, որ նա ասի Իսրայելի որդիներին. «Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Եհովա է իմ անունը հավիտյան» (Ելից 3։1–15)։ Դրանով Աստված ցույց տվեց, որ իր անունը երբեք չի փոխելու, այն միշտ Եհովա է մնալու։ Աստված ուզում է, որ հավիտյան իրեն ճանաչենք իր «Եհովա» անունով։

Աստված ինչպե՞ս ճանաչեցրեց իր անունը Կարմիր ծովի մոտ

Մովսեսը վերադարձավ Եգիպտոս։ Եգիպտացիները կարծում էին, թե Եհովան պարզապես իսրայելացիների աստվածն է։ Նրանք չէին մտածում, թե նա ամբողջ տիեզերքի Աստվածն է։ Եհովան հայտնեց Եգիպտոսի թագավորին. «Ես իմ անունը աշխարհով մեկ պիտի ճանաչեցնեմ» (Ելից 9։16)։ Եվ նա այդպես էլ արեց։ Գիտե՞ս, թե ինչպես Եհովան ճանաչեցրեց իր անունը։ ~

Նա Մովսեսին հանձնարարեց դուրս բերել Իսրայել ժողովրդին Եգիպտոսից։ Երբ իսրայելացիները հասան Կարմիր ծովի մոտ, Եհովան ծովի միջով ճանապարհ բացեց, և նրանք չոր գետնի վրայով ապահով անցան։ Բայց երբ փարավոնը իր զորքի հետ միասին փորձեց նույն ճանապարհով հասնել իսրայելացիների ետևից, ջրերը, որ ճանապարհի երկու կողմերում պատի պես կանգնած էին, փուլ եկան, ու եգիպտացիները մահացան։

Դրանից շատ չանցած՝ աշխարհի բոլոր ժողովուրդները իմացան, թե ինչ է արել Եհովան Կարմիր ծովի մոտ։ Որտեղի՞ց գիտենք այդ մասին։ ~ Մոտ 40 տարի հետո իսրայելացիները եկան Քանան՝ այն երկիրը, որը Եհովան խոստացել էր տալ նրանց։ Այնտեղ Ռախաբ անունով մի երիտասարդ կին ասաց երկու իսրայելացի տղամարդկանց. «Մենք լսել ենք, թե ինչպես Եհովան Կարմիր ծովի ջրերը ձեր առաջ ցամաքեցրեց, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից» (Յեսու 2։10

Այսօր շատ մարդիկ նման են այն ժամանակվա եգիպտացիներին։ Նրանք չեն հավատում, որ Եհովան ամբողջ տիեզերքի Աստվածն է։ Ուստի Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը պատմի մարդկանց այդ մասին։ Հենց այդպես վարվեց Հիսուսը։ Երբ արդեն մոտեցել էր երկրի վրա իր կյանքի ավարտը, նա Եհովային ասաց իր աղոթքում. «Ես քո անունը ճանաչեցրի նրանց» (Յովհաննէս 17։26

Հիսուսը հայտնի դարձրեց Աստծո անունը։ Կարո՞ղ ես Աստվածաշնչում ցույց տալ այդ անունը

Ուզո՞ւմ ես Հիսուսին նմանվել։ Հայտնի՛ր մարդկանց, որ Աստծո անունը Եհովա է։ Կտեսնես, որ շատերը չգիտեն այդ մասին։ Կարող ես Աստվածաշնչում ցույց տալ նրանց Սաղմոս 83։18 համարը։ Եկ վերցնենք Աստվածաշունչը և միասին գտնենք այդ համարը։ Այստեղ կարդում ենք. «Եվ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովա է. դու միակ Բարձրյալն ես բոլոր երկրի վրա»։

Ի՞նչ ենք սովորում մեր կարդացածից։ ~ Այո, իմանում ենք, որ «Եհովա» անունը ամենակարևոր անունն է։ Եհովան Ամենակարող Աստվածն է, Հիսուսի Հայրը և Նա, ով ստեղծել է ամեն բան։ Հիշենք նաև Հիսուսի ասածն այն մասին, որ ամբողջ սրտով պետք է սիրենք Եհովա Աստծուն։ Սիրո՞ւմ ես Եհովային։ ~

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն։ ~ Օրինակ՝ նրա հետ մտերմանալով ու նրա անունը ուրիշներին հայտնելով։ Կարող ենք հենց Աստվածաշնչից ցույց տալ նրա անունը։ Նաև կարող ենք պատմել մարդկանց Եհովայի ստեղծած հրաշալի բաների ու նրա բարի գործերի մասին։ Դրանով մենք շատ կուրախացնենք Եհովային, քանի որ նա ցանկանում է, որ մարդիկ ճանաչեն իրեն։ Մենք կարող ենք, չէ՞, այդպես վարվել։ ~

Բոլորը չէ, որ կցանկանան լսել Եհովայի մասին։ Շատերը չլսեցին նույնիսկ Հիսուսին՝ Մեծ Ուսուցչին, երբ նա մարդկանց պատմում էր Աստծո մասին։ Բայց դա պատճառ չեղավ, որ Հիսուսը այլևս չխոսեր Եհովայի մասին։

Աշխատենք լինել Հիսուսի նման և շարունակ պատմենք Եհովայի մասին։ Եթե այդպես վարվենք, կուրախացնենք Եհովա Աստծուն, քանի որ դրանով ցույց կտանք, որ մեզ համար թանկ է նրա անունը։

Կարող ենք Աստվածաշնչից կարդալ ևս մի քանի համարներ, որոնք ցույց են տալիս Աստծո անվան կարևորությունը. Եսայիա 12։2, 4, 5; Մատթէոս 6։9; Յովհաննէս 17։6 և Հռովմայեցիս 10։13։