Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 14

Ինչո՞ւ է հարկավոր ներել

Ինչո՞ւ է հարկավոր ներել

Պատահե՞լ է, որ ինչ–​որ մեկը քեզ նեղացնի։ ~ Գուցե նա քեզ հարվածե՞լ է կամ վիրավորական խո՞սք ասել։ ~ Դու նրա հետ նույն ձևով կվարվե՞ս։ ~

Շատ մարդիկ այդպես են անում։ Ինչպես որ իրենց հանդեպ են վարվում, այնպես էլ նրանք են վարվում դիմացինի հանդեպ։ Բայց Հիսուսը սովորեցնում է ներել մեզ նեղացնողներին (Մատթէոս 6։12)։ Իսկ եթե ինչ–​որ մեկը հաճախակի է նեղացնում մեզ, քանի՞ անգամ ներենք նրան։ ~

Պետրոսին նույնպես հետաքրքրում էր այն հարցը, թե քանի անգամ է հարկավոր ներել դիմացինին։ Մի օր նա Հիսուսին հարցրեց. «Պետք է յո՞թ անգամ ներեմ»։ Սակայն պարզվեց, որ յոթ անգամը բավարար չէ։ Հիսուսը պատասխանեց. «Մինչև յոթանասուն անգամ յոթ»։

Ի՞նչ էր ուզում իմանալ Պետրոսը ներելու վերաբերյալ

Յոթանասուն անգամ յոթը շա՜տ–​շատ է։ Մենք նույնիսկ չենք էլ հաշվում, թե քանի անգամ են մեզ նեղացնում, այնպես չէ՞։ Հիսուսը հենց այդ էր ուզում ասել. մենք չպետք է հաշվենք, թե քանի անգամ են ուրիշները մեզ նեղացրել։ Եթե նրանք ներողություն են խնդրում, մենք պետք է ներենք նրանց։

Հիսուսը շատ էր ուզում, որ իր աշակերտները հասկանային, թե որքան կարևոր է ներողամիտ լինելը։ Այդ նպատակով՝ Պետրոսի հարցին պատասխանելուց հետո մի առակ պատմեց նրանց համար։ Կուզեի՞ր իմանալ, թե ինչ պատմեց նա։ ~

Ժամանակով մի շատ բարի թագավոր էր ապրում։ Նա իր ծառաներին նույնիսկ պարտքով փող էր տալիս, երբ նրանք օգնության կարիք էին ունենում։ Բայց մի օր թագավորը ցանկացավ, որ իր ծառաները ետ վերադարձնեն պարտքը։ Թագավորի մոտ բերեցին ծառաներից մեկին, որը վաթսուն միլիոն արծաթադրամ էր պարտք։ Դա շա՜տ մեծ գումար է։

Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ծառան պարտքը վճարելու համար թագավորից ժամանակ խնդրեց

Բայց ծառան ծախսել էր թագավորի տված ողջ գումարը և չէր կարող այն վերադարձնել։ Ուստի թագավորը հրամայեց վաճառել ծառայի ամբողջ ունեցվածքը, նաև հենց նրան՝ իր կնոջ ու երեխաների հետ միասին, ու ստացված գումարը տալ պարտքի դիմաց։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ էր զգում ծառան։ ~

Ծառան թագավորի ոտքերն ընկավ և աղաչեց. «Խնդրում եմ, ժամանակ տուր ինձ, և ես իմ պարտքը կվճարեմ քեզ»։ Եթե թագավորի տեղը դու լինեիր, ինչպե՞ս կվարվեիր ծառայի հետ։ ~ Թագավորը խղճաց նրան ու ներեց։ Նա ասաց ծառային, որ պետք չէ վերադարձնել պարտքը. վաթսուն միլիոն արծաթադրամից և ոչ մի կոպեկ։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան պիտի ուրախանար ծառան։

Հիմա տեսնենք, թե ինչ արեց ծառան, երբ դուրս եկավ թագավորի մոտից։ Նա գնաց իր ծառայակիցներից մեկի մոտ, որն իրեն ընդամենը հարյուր արծաթադրամ էր պարտք, բռնեց այս ծառայի կոկորդից ու խեղդում էր նրան՝ ասելով. «Վերադարձրու իմ հարյուր արծաթադրամը»։ Պատկերացրու՝ ինչպե՞ս կարող էր նա այդպես վարվել իր ծառայակցի հետ, երբ թագավորը նրան այդքան մեծ գումար էր շնորհել։ ~

Ծառան ինչպե՞ս վարվեց իր ծառայակցի հետ, որն ի վիճակի չէր պարտքը վճարելու

Այն ծառան, որ հարյուր արծաթադրամ էր պարտքով վերցրել, աղքատ էր։ Նա չէր կարող անմիջապես վերադարձնել այդ պարտքը։ Ուստի նրա ոտքերն ընկավ ու աղաչեց. «Խնդրում եմ, ժամանակ տուր ինձ, և ես իմ պարտքը կվճարեմ քեզ»։ Ի՞նչ ես կարծում, նա ժամանակ պիտի տա՞ր իր ծառայակցին։ ~ Եթե նրա տեղը դու լինեիր, ի՞նչ կանեիր։ ~

Այս մարդը բարի չէր, ինչպես թագավորը։ Նա ուզում էր անմիջապես ստանալ իր փողը։ Եվ քանի որ իր ծառայակիցը չէր կարող վճարել պարտքը, նա նրան բանտ նետեց։ Թագավորի մյուս ծառաները տեսան պատահածը։ Նրանք խղճացին բանտարկված ծառային ու գնացին, բոլոր պատահածը պատմեցին թագավորին։

Թագավորին դուր չեկավ տեղի ունեցածը։ Նա շատ բարկացավ ծառայի վրա, որ չէր ներել իր ծառայակցի պարտքը։ Թագավորը կանչեց նրան ու ասաց. «Չա՛ր ծառա, չէ՞ որ ես ներեցի քո պարտքը։ Պետք չէ՞ր, որ դու էլ ներեիր քո ծառայակցին»։

Թագավորն ի՞նչ արեց անգութ ծառային

Ծառան պետք է դաս սովորած լիներ բարի թագավորի ներողամտությունից։ Բայց նա չէր սովորել։ Թագավորը նրան բանտ նետեց, մինչև որ վաթսուն միլիոն արծաթադրամը վերադարձներ։ Իհարկե, բանտում նա չէր կարող փող վաստակել, որպեսզի պարտքը վերադարձներ, ուստի մինչև մահ այնտեղ էր անցկացնելու իր կյանքի բոլոր օրերը։

Ավարտելով առակը՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Այսպես էլ իմ երկնավոր Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրը իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները» (Մատթէոս 18։21–35

Մենք պետք է գիտակցենք, որ Աստծուն շատ բանով ենք պարտական։ Հենց միայն այն, որ ապրում ենք, Աստծո շնորհն է։ Երբ տեսնում ենք, թե ինչքա՜ն շատ ենք Աստծուն պարտական, հասկանում ենք, թե որքան քիչ են ուրիշները մեզ պարտավոր։ Նրանց պարտքը նման է այն հարյուր արծաթադրամին, որ ծառաներից մեկը պարտք էր մյուսին։ Իսկ Աստծո դեմ գործած մեր սխալները նման են այն վաթսուն միլիոն արծաթադրամին, որ ծառան պարտք էր թագավորին։

Աստված շատ բարի է։ Թեև մենք շատ սխալներ ենք գործում, բայց նա ներում է մեզ։ Նա չի ստիպում մեզ կյանքով վճարել մեր մեղքերի դիմաց։ Բայց մենք պետք է հիշենք հետևյալ դասը. Աստված ներում է մեզ միայն այն դեպքում, երբ մենք էլ ներում ենք ուրիշներին։ Սա չափազանց կարևոր դաս է, համաձայն չե՞ս։ ~

Ի՞նչ կանես դու, երբ քեզանից ներողություն խնդրեն

Եթե որևէ մեկը վիրավորի քեզ, բայց հետո իր արածի համար ներողություն խնդրի, ի՞նչ կանես. կներե՞ս նրան։ ~ Իսկ ի՞նչ կանես, եթե նա քեզ նորից նեղացնի։ Դարձյալ կներե՞ս։ ~

Երբ մենք ենք ներողություն խնդրում, ուզում ենք, չէ՞, որ մեզ ներեն։ ~ Ուրեմն մենք էլ պետք է ներենք մյուսներին։ Չպետք է պարզապես խոսքով ասենք, թե ներում ենք, այլ պետք է սրտանց ներենք նրանց։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ ցանկանում ենք լինել Մեծ Ուսուցչի աշակերտը։

Հասկանալու համար, թե ներելը որքան կարևոր է, միասին կարդանք Առակաց 19։11; Մատթէոս 6։14, 15 և Ղուկաս 17։3, 4 համարները։