Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 18

Մի մոռացիր շնորհակալություն հայտնել

Մի մոռացիր շնորհակալություն հայտնել

Ճաշ կերե՞լ ես այսօր։ ~ Գիտե՞ս, թե ով էր պատրաստել։ ~ Սովորաբար ընտանիքում մայրիկն է ճաշ պատրաստում կամ էլ մեկ ուրիշը։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է Աստծուն շնորհակալություն հայտնենք։ ~ Որովհետև Աստված է հնարավոր դարձնում, որ բույսերն ու ծառերը աճեն, և մենք էլ ուտելիք ունենանք։ Սակայն մենք պետք է շնորհակալություն հայտնենք նաև նրան, ով պատրաստում կամ մատուցում է ճաշը։

Երբեմն պատահում է, որ մոռանում ենք մարդկանց շնորհակալություն ասել իրենց կատարած բարի գործերի համար։ Երբ Մեծ Ուսուցիչը երկրի վրա էր, մի քանի բորոտներ մոռացան նրան շնորհակալություն հայտնել։

Գիտե՞ս, թե ինչ է նշանակում բորոտ։ ~ Այդպես են կոչում բոր հիվանդությամբ տառապող մարդուն։ Այդ ծանր հիվանդության պատճառով մարդու մաշկը նույնիսկ կարող է քայքայվել։ Հիսուսի ժամանակներում բորոտները մյուս մարդկանցից առանձին էին ապրում։ Երբ բորոտը տեսներ մեկին մոտենալիս, պետք է բղավեր՝ զգուշացնելու, որ նա իրենից հեռու մնար։ Դա արվում էր այն բանի համար, որ մյուսները չմոտենային իրեն ու չվարակվեին այդ հիվանդությամբ։

Հիսուսը շատ բարի էր բորոտների հանդեպ։ Մի օր Երուսաղեմ գնալիս նա մի փոքր գյուղի միջով պիտի անցներ։ Երբ հասավ այդ գյուղին, տասը բորոտներ դուրս եկան՝ տեսնելու նրան։ Նրանք լսել էին, որ Հիսուսը Աստծուց ստացած զորություն ուներ՝ բուժելու ամեն տեսակ հիվանդություն։

Բորոտները մոտ չեկան Հիսուսին, այլ հեռվում կանգնած մնացին։ Նրանք հավատում էին, սակայն, որ Հիսուսը կարո՛ղ էր բուժել իրենց հիվանդությունը։ Մեծ Ուսուցչին տեսնելուն պես՝ նրանք ձայն տվեցին. «Հիսո՛ւս, Ուսուցի՛չ, օգնի՛ր մեզ»։

Դու խղճո՞ւմ ես հիվանդ մարդկանց. Հիսուսը խղճում էր։ Նա գիտեր, թե ինչ վատ բան է բորոտությամբ հիվանդ լինելը, ուստի պատասխանեց նրանց ու ասաց. «Գնացե՛ք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք» (Ղուկաս 17։11–14

Հիսուսն ի՞նչ է պատվիրում բորոտներին

Ինչո՞ւ Հիսուսը նրանց քահանաների մոտ ուղարկեց։ Որովհետև Եհովան բորոտների համար օրենք էր սահմանել, համաձայն որի Աստծո քահանան պետք է ստուգեր բորոտի մաշկը, և եթե բորոտությունը անցած լիներ, հայտներ, որ նա առողջ է։ Ապաքինվելուց հետո նա կարող էր նորից ապրել առողջ մարդկանց մեջ (Ղեւտացոց 13։16, 17

Բայց այս բորոտները, որ դեռ չէին ապաքինվել, կլսեի՞ն Հիսուսին, կգնայի՞ն քահանայի մոտ։ ~ Նրանք անմիջապես ճանապարհ ընկան։ Նրանք վստահ էին, որ Հիսուսը կբուժեր իրենց։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։

Դեռ քահանայի մոտ չհասած՝ ճանապարհին այդ մարդիկ նկատեցին, որ հիվանդության հետքն անգամ չկար։ Նրանց մաշկն առողջացել էր. նրանք բուժվել էին։ Նրանց հավատը Հիսուսի զորության հանդեպ վարձատրվեց։ Ինչպիսի՜ ուրախություն։ Բայց հիմա ի՞նչ պետք է անեին նրանք, որպեսզի ցույց տային իրենց երախտագիտությունը։ Դու ի՞նչ կանեիր։ ~

Այս մարդը ինչո՞ւ է վերադարձել Հիսուսի մոտ

Առողջացած տասը բորոտներից մեկը ետ դարձավ Հիսուսի մոտ և սկսեց փառաբանել Եհովա Աստծուն։ Նա Եհովային էր փառաբանում, քանի որ այն զորությունը, որի շնորհիվ բուժվել էր, Աստծուց էր գալիս։ Այդ մարդը նաև Մեծ Ուսուցչի առջև ծնկի գալով՝ շնորհակալություն հայտնեց։ Նա անչափ երախտապարտ էր, որ Հիսուսը բուժել էր իրեն։

Իսկ ո՞ւր մնացին մյուս ինը մարդիկ։ Հիսուսը հարցրեց. «Չէ՞ որ տասն էին, որ բուժվեցին։ Իսկ այն ինը ո՞ւր են։ Մի՞թե միայն մեկը եկավ՝ փառք տալու Աստծուն»։

Այո, տասից միայն մեկը փառք տվեց Աստծուն և շնորհակալություն հայտնեց Հիսուսին։ Եվ նա ուրիշ երկրացի էր՝ սամարացի։ Իսկ մյուս ինը շնորհակալություն չհայտնեցին ո՛չ Աստծուն, ո՛չ էլ Հիսուսին (Ղուկաս 17։15–19

Դու այս մարդկանցից ո՞ր մեկին կուզեիր նման լինել։ Հավանաբար սամարացուն, չէ՞։ ~ Ուրեմն՝ երբ մեզ համար բարի գործ են անում, ի՞նչ պետք է ասենք։ ~ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք։ Մարդիկ հաճախ մոռանում են այդ մասին։ Բայց լավ կլինի, որ մենք միշտ հիշենք։ Երբ շնորհակալություն ենք հայտնում, դա հաճելի է Եհովա Աստծուն ու նրա Որդուն՝ Հիսուսին։

Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել այն բորոտին, որն առողջանալուց հետո ետ դարձավ Հիսուսի մոտ

Եթե փորձես, կարող ես հիշել, թե ինչքա՜ն բարի գործեր են արել ուրիշները քեզ համար։ Օրինակ՝ երբևէ հիվանդացե՞լ ես։ ~ Իհարկե, հնարավոր է, որ դու բորոտությամբ երբեք չես հիվանդացել, բայց գուցե մրսած ես եղել կամ էլ փորդ է ցավել։ Հիվանդ ժամանակ որևէ մեկը խնամե՞լ է քեզ։ ~ Երևի դեղ է տվել կամ էլի ինչ–​որ բան արել քեզ համար։ Ուրա՞խ ես, որ քեզ օգնել են շուտ առողջանալ։ ~

Հիսուսը ուրախացավ, երբ սամարացին շնորհակալություն հայտնեց իրեն բուժելու համար։ Ի՞նչ ես կարծում, մայրիկն ու հայրիկը չե՞ն ուրախանա, եթե նրանց շնորհակալություն հայտնես իրենց արած գործերի համար։ ~ Իհա՛րկե կուրախանան։

Ինչո՞ւ է կարևոր չմոռանալ շնորհակալություն հայտնել

Կան մարդիկ, ովքեր ամեն օր, ամեն շաբաթ քեզ համար բարի գործեր են անում։ Գուցե դրանով նրանք պարզապես իրենց աշխատանքն են կատարում։ Հնարավոր է՝ նույնիսկ մեծ ուրախությամբ։ Ճիշտ կլիներ չմոռանալ նրանց շնորհակալություն հայտնել։ Քո ուսուցիչը օգնում է քեզ լավ սովորել. դա նրա աշխատանքն է։ Բայց նրան հաճելի կլինի, եթե դու շնորհակալություն հայտնես իրեն։

Երբեմն մարդիկ կարող են փոքր թվացող բաներ անել քեզ համար։ Գուցե դուռը բացեն կամ էլ սեղանի շուրջ ուտելիք փոխանցեն քեզ։ Լավ կլինի, եթե շնորհակալություն հայտնես նույնիսկ այս փոքր բաների համար։

Եթե չմոռանանք շնորհակալություն հայտնել մարդկանց, ապա հավանական է՝ չենք մոռանա շնորհակալություն հայտնել նաև մեր երկնային Հորը։ Այնքա՜ն շատ բան կա, որի համար կարող ենք շնորհակալություն հայտնել Եհովային։ Նա մեզ տվել է կյանք և ուրիշ շա՜տ ու շա՜տ բաներ, որոնք կյանքը հաճելի են դարձնում։ Ուստի մենք շատ հիմքեր ունենք ամեն օր փառաբանության խոսքեր ասելու Աստծուն։

Շնորհակալություն հայտնելու վերաբերյալ կարդանք Աստվածաշնչի հետևյալ համարները. Սաղմոս 92։1; Եփեսացիս 5։20; Կողոսացիս 3։17 և Ա Թեսաղոնիկեցիս 5։18։