Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 19

Ճի՞շտ է կռիվ անելը

Ճի՞շտ է կռիվ անելը

Ճանաչո՞ւմ ես կռվարար տղաների ու աղջիկների։ ~ Քեզ հաճելի՞ է լինել նրանց հետ, թե՞ ավելի շատ կուզեիր լինել այնպիսիների կողքին, ովքեր բարի են ու խաղաղասեր։ ~ Մեծ Ուսուցիչն ասել է. «Երանի՜ խաղաղություն անողներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթէոս 5։9

Բայց երբեմն ուրիշները իրենց արարքներով մեզ բարկացնում են։ Պատահե՞լ է, որ քեզ որևէ մեկը բարկացնի։ ~ Նման դեպքերում թերևս մեր մեջ վրեժ լուծելու ցանկություն առաջանա։ Մի անգամ նման բան պատահեց Հիսուսի աշակերտների հետ, երբ նրանք ճամփորդում էին դեպի Երուսաղեմ։ Տեսնենք, թե ինչպես դա եղավ։

Երբ նրանք որոշ տարածություն էին անցել, Հիսուսը իր աշակերտներից մի քանիսին ուղարկեց Սամարիայի գյուղերից մեկը, որպեսզի հանգստանալու տեղ գտնեն։ Բայց այնտեղի բնակիչները չցանկացան իրենց գյուղում ընդունել նրանց, քանի որ նրանք ուրիշ կրոնի էին պատկանում։ Սամարացիները չէին սիրում այն մարդկանց, ովքեր Երուսաղեմում էին Աստծուն երկրպագություն մատուցում։

Հակոբոսն ու Հովհաննեսը ի՞նչ էին ուզում անել սամարացիներից վրեժ լուծելու համար

Եթե քեզ հետ նման ձևով վերաբերվեին, ի՞նչ կանեիր։ Կբարկանայի՞ր։ Կուզեի՞ր վրեժ լուծել։ ~ Հենց այդպես էլ ցանկացան վարվել Հակոբոս և Հովհաննես աշակերտները։ Նրանք ասացին Հիսուսին. «Կամենո՞ւմ ես՝ ասենք, որ կրակ իջնի երկնքից և նրանց մեռցնի» (զարմանալի չէ, որ Հիսուսը նրանց «Որոտմունքի որդիներ» էր անվանել)։ Բայց Հիսուսը նրանց ասաց, որ ճիշտ չի լինի մարդկանց հետ այդպես վարվել (Ղուկաս 9։51–56; Մարկոս 3։17

Գուցե երբեմն մարդիկ չար լինեն մեր հանդեպ։ Որոշ երեխաներ կարող է չուզենան, որ դու խաղաս իրենց հետ՝ ասելով. «Մենք չենք ուզում քեզ հետ ընկերություն անել»։ Նման դեպքերում հնարավոր է, որ մեզ վատ զգանք ու ցանկանանք վրեժ լուծել։ Բայց ճիշտ կլինի՞ այդպես վարվել։ ~

Բացենք Աստվածաշունչը և կարդանք Առակաց 24–րդ գլխի 29 համարը։ Այստեղ գրված է. «Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ նրան այնպես եմ անելու, այն մարդուն հատուցելու եմ նրա գործքին համեմատ»»։

Ըստ քեզ՝ ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ ~ Այստեղ ասվում է, որ չպետք է փորձենք վրեժ լուծել։ Չպետք է չարությամբ վարվենք այն մարդու հետ, որը չար է եղել մեր հանդեպ։ Իսկ ի՞նչ անել, եթե որևէ մեկը փորձում է կռվի մեջ ներքաշել քեզ։ Նա կարող է քեզ բարկացնել՝ քո հասցեին վատ խոսքեր ասելով։ Գուցե նա ծաղրի քեզ և ասի, թե վախենում ես իրենից։ Ենթադրենք՝ նա քեզ վախկոտ է անվանում։ Ի՞նչ կանես։ Կկռվե՞ս նրա հետ։ ~

Նորից տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Բացենք Մատթէոս 5–րդ գլուխը և կարդանք 39 համարը։ Այստեղ Հիսուսն ասում է. «Չարին հակառակ մի կենա, այլ ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու»։ Քո կարծիքով՝ Հիսուսն այստեղ ի՞նչ է ուզում ասել։ Մի՞թե նա ուզում է ասել, թե երբ ինչ–​որ մեկը բռունցքով հարվածի երեսիդ, պետք է թույլ տաս, որ մյուս երեսիդ էլ հարվածի։ ~

Ո՛չ, Հիսուսը բոլորովին դա նկատի չուներ։ Ապտակ ասելով՝ նա նկատի ուներ մի արարք, որով դիմացինին կռվի մեջ են ներքաշում։ Դա կարող է լինել ուղղակի հրմշտոց, որը կարող է մեզ բարկացնել։ Իսկ եթե բարկանանք ու մենք էլ հրենք, ի՞նչ տեղի կունենա։ ~ Ամենայն հավանականությամբ՝ կռվի մեջ կընկնենք։

Հիսուսը չէր ուզում, որ իր աշակերտները կռիվ անեն։ Ուստի նա ասաց, որ եթե մեկը ապտակում է մեզ, չպետք է պատասխան ապտակ հասցնենք։ Մենք չպետք է բարկանանք ու սկսենք կռվել։ Եթե կռվի բռնվենք, ապա ցույց կտանք, որ մենք ոչնչով լավը չենք նրանից, ով առաջինը սկսեց կռիվը։

Երբ կռվի վտանգ է նկատվում, լավ կլինի ի՞նչ անել՝ քո կարծիքով։ ~ Լավ կլինի թողնել ու հեռանալ։ Գուցե այնպես լինի, որ քեզ մի անգամ հրելով չբավարարվեն։ Սակայն նույն ձևով չպատասխանելու դեպքում ամեն ինչ կավարտվի։ Եթե հեռանաս, դա ոչ թե կնշանակի՝ դու թույլ գտնվեցիր, այլ որ դու ուժ ունեցար անելու այն, ինչ ճիշտ է։

Ի՞նչ պետք է անենք, երբ մեզ փորձում են կռվի մեջ ներքաշել

Իսկ ի՞նչ կպատահի, եթե կռվես նրանց հետ ու հաղթես։ ~ Նա, ում ծեծել ես, կարող է իր ընկերների հետ վերադառնալ։ Նրանք նույնիսկ կարող են քեզ մահակներով ծեծել կամ էլ դանակով վնաս հասցնել։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու Հիսուսը չէր ուզում, որ մենք կռվի մեջ ընկնենք։ ~

Ի՞նչ կարելի է անել, երբ տեսնում ենք, որ ուրիշները կռվում են։ Պե՞տք է կռվող կողմերից որևէ մեկին պաշտպանենք։ ~ Աստվածաշնչում գրված է, թե ինչպես վարվելն է ճիշտ։ Բացենք Առակաց 26–րդ գլխի 17 համարը։ Այստեղ կարդում ենք. «Շանը ականջներից բռնում է այն անցավորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար»։

Ուրիշների կռվին խառնվելը ինչո՞վ է նման շան ականջներից բռնելուն. դու կարող ես վնասվել, ուրեմն մի՛ խառնվիր կռվին

Ի՞նչ կպատահի, եթե բռնես շան ականջներից։ Դա ցավ կպատճառի շանը, և նա կհարձակվի քեզ վրա։ Ինչքան շատ նա ուզենա իր ականջներն ազատել, այնքան ավելի մեծ ուժով դու կբռնես նրա ականջներից, իսկ արդյունքում՝ շունը է՛լ ավելի կկատաղի։ Եթե թողնես, նա քեզ կկծի։ Բայց կարո՞ղ ես նրան ականջներից բռնած պահել անընդհատ։ ~

Այսպիսի իրավիճակի մեջ կընկնենք, եթե խառնվենք ուրիշների կռվին։ Մենք չգիտենք, թե ով է սկսել կռիվը և ինչի համար։ Ինչ–​որ մեկին ծեծելու պատճառը գուցե նրա արած գողությունը լինի։ Եթե մենք նրան օգնենք, կստացվի, որ օգնում ենք գողի։ Իսկ դա ճիշտ չի լինի։

Ուրեմն ի՞նչ պետք է անես, երբ տեսնես կռիվ անողների։ ~ Եթե դա դպրոցում է, այդ մասին հայտնիր ուսուցիչներից որևէ մեկին։ Իսկ եթե կռիվը ուրիշ տեղում է, կարող ես կանչել ոստիկանի կամ էլ ծնողիդ հայտնել։ Այո, նույնիսկ երբ ուրիշ մարդիկ ուզում են կռվել, մենք պետք է խաղաղասեր լինենք։

Ի՞նչ պետք է անես, երբ տեսնես կռիվ անողների

Հիսուսի ճշմարիտ աշակերտները ամեն կերպ պետք է աշխատեն հեռու մնալ կռիվներից։ Դրանով մենք ցույց կտանք, որ ուժ ունենք անելու այն, ինչ ճիշտ է։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսի աշակերտին «պետք չէ կռիվ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել» (Բ Տիմոթէոս 2։24

Այժմ տեսնենք, թե Աստվածաշնչում ուրիշ ինչ լավ խորհուրդներ կան, որոնք կօգնեն մեզ խուսափել կռիվներից։ Կարդանք Հռովմայեցիս 12։17–21 և Ա Պետրոս 3։10, 11 համարները։