Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 25

Վատ գործեր անող մարդիկ կարո՞ղ են փոխվել

Վատ գործեր անող մարդիկ կարո՞ղ են փոխվել

Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, եթե բոլոր մարդիկ միայն բարի գործեր անեին։ ~ Բայց միշտ չէ, որ մարդիկ բարին են անում։ Գիտե՞ս, թե ինչն է պատճառը, որ երբեմն, չուզենալով հանդերձ, սխալ բաներ ենք անում։ ~ Պատճառն այն է, որ բոլորս մեղքով ենք ծնվել։ Բայց կան մարդիկ, որոնք խիստ վատ գործեր են կատարում։ Նրանք, ատելությամբ լցված, վնաս են հասցնում ուրիշներին։ Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ են այդպիսի մարդիկ փոխվել ու սովորել բարի գործեր անել։ ~

Նայիր՝ ինչ է պատկերված նկարում։ Այս մարդիկ քարկոծում են Մեծ Ուսուցչի աշակերտներից մեկին՝ Ստեփանոսին, իսկ հեռվում կանգնած տղամարդը հսկում է նրանց վերնազգեստները։ Այդ մարդու անունը եբրայերենով Սողոս է, իսկ հռոմեացիները նրան Պողոս են անվանում։ Նա ուրախ է, որ Ստեփանոսին սպանում են։ Տեսնենք, թե ինչու է Սողոսը այդ վատ գործին մասնակցում։

Սողոսը հրեական կրոնի ներկայացուցիչ էր՝ փարիսեցի։ Փարիսեցիները թեև ձեռքի տակ ունեին Աստծո Խոսքը, բայց ավելի շատ առաջնորդվում էին իրենց կրոնական առաջնորդների ուսուցումներով։ Ահա թե ինչն էր պատճառը, որ Սողոսը վատ գործեր էր անում։

Սողոսը ներկա էր, երբ Ստեփանոսին ձերբակալեցին Երուսաղեմում ու տարան դատարան։ Դատավորներից ոմանք փարիսեցիներ էին։ Թեև Ստեփանոսի հասցեին վատ բաներ էին ասում, սակայն նա չվախեցավ և դատավորների առջև համարձակորեն վկայություն տվեց Եհովա Աստծո ու Հիսուսի մասին։

Դատավորներին դուր չեկան Ստեփանոսի խոսքերը։ Հիսուսի մասին նրանք արդեն շատ բաներ գիտեին։ Իրականում դրանից կարճ ժամանակ առաջ նրանք էին սպանել տվել Հիսուսին։ Բայց Եհովան Հիսուսին հարություն էր տվել ու երկինք տարել։ Փոխարեն ետ կանգնելու իրենց չար գործերից՝ դատավորները հիմա էլ պայքարում էին Հիսուսի աշակերտների դեմ։

Ստեփանոսին բռնեցին ու քաղաքից դուրս տարան։ Այնտեղ սկսեցին նրան քարկոծել։ Եվ ինչպես տեսնում ես նկարում, Սողոսը կանգնած նայում է։ Նա կարծում է, թե տեղին է Ստեփանոսին սպանելը։

Ինչո՞ւ էր Սողոսը կարծում, թե տեղին է Ստեփանոսին սպանելը

Գիտե՞ս, թե ինչու էր Սողոսն այդպես մտածում։ ~ Սողոսը փարիսեցի էր ու հավատում էր, թե փարիսեցիների ուսուցումները ճշմարիտ են։ Այդ էր պատճառը, որ նա հետևում էր փարիսեցիների օրինակին (Գործք 7։54–59

Քո կարծիքով՝ ի՞նչ արեց Սողոսը Ստեփանոսի սպանությունից հետո։ ~ Նա սկսեց հալածել Հիսուսի մյուս աշակերտներին։ Սողոսը գնում էր տները, դուրս հանում նրանց՝ կին թե տղամարդ, ու բանտ նստեցնում։ Աշակերտներից շատերը ստիպված հեռանում էին Երուսաղեմից, բայց նրանք չէին դադարում քարոզել Հիսուսի մասին (Գործք 8։1–4

Դա ավելի բորբոքեց Սողոսի ատելությունը Հիսուսի աշակերտների հանդեպ։ Նա գնաց Կայիափա քահանայապետի մոտ և նրանից թույլտվություն վերցրեց՝ բանտարկելու Դամասկոս քաղաքի քրիստոնյաներին։ Սողոսը ուզում էր նրանց բերել Երուսաղեմ ու պատժել։ Սակայն Դամասկոսի ճանապարհին մի զարմանալի բան տեղի ունեցավ։

Ո՞վ է խոսում Սողոսի հետ և ի՞նչ է պատվիրում նրան

Երկնքից լույս փայլատակեց, և մի ձայն լսվեց, որ ասում էր. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Խոսողը Հիսուսն էր։ Լույսն այնքան պայծառ էր, որ Սողոսը կուրացավ։ Նրան Դամասկոս տարան իր հետ ճանապարհ ընկած մարդիկ։

Երեք օր հետո Հիսուսը տեսիլքով հայտնվեց Դամասկոսում ապրող իր աշակերտներից մեկին՝ Անանիային։ Նա պատվիրեց Անանիային գնալ Սողոսի մոտ, բուժել նրա կուրությունը և հետը զրուցել։ Երբ Անանիան զրուցեց Սողոսի հետ, վերջինս ընդունեց ճշմարտությունը Հիսուսի մասին, և նրա տեսողությունը վերականգնվեց։ Սողոսը փոխեց իր կյանքը ու դարձավ Աստծո հավատարիմ ծառա (Գործք 9։1–22

Փաստորեն, ինչո՞ւ էր Սողոսը վատ գործեր կատարում։ ~ Որովհետև նրան սխալ բաներ էին սովորեցրել։ Նա օրինակ էր վերցնում այնպիսի մարդկանցից, ովքեր հավատարիմ չէին Աստծուն ու ավելի շատ տեղ էին տալիս մարդկային գաղափարներին, քան Աստծո Խոսքին։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Սողոսը փոխեց իր կյանքը և սկսեց բարի գործեր կատարել, մինչդեռ մյուս փարիսեցիները շարունակում էին պայքարել Աստծո դեմ։ ~ Իրականում Սողոսը չէր ատում ճշմարտությունը։ Երբ նրան ցույց տվեցին ճիշտ ուղին, նա պատրաստ էր փոխվելու։

Գիտե՞ս, թե հետո ինչ եղավ։ ~ Սողոսը դարձավ Հիսուսի առաքյալը։ Նա հայտնի է որպես Պողոս առաքյալ։ Հիշիր, որ Աստվածաշնչի գրքերից թվով ամենաշատը Պողոսն է գրել։

Ուրիշ շատ մարդիկ էլ կան, որ կարող են Սողոսի նման փոխվել։ Բայց դա հեշտ բան չէ, քանի որ կա մի ոգեղեն անձնավորություն, որը ջանում է մարդկանց դրդել չար գործերի։ Գիտե՞ս, թե ով է նա։ ~ Երբ Դամասկոսի ճանապարհին Հիսուսը հայտնվեց Սողոսին, նրան ասաց. «Ուղարկում եմ քեզ մարդկանց աչքերը բացելու, նրանց խավարից դեպի լույս դարձնելու և Սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված» (Գործք 26։17, 18

Այո, Բանսարկու Սատանան է, որ մարդկանց դրդում է չար գործերի։ Դու երբեմն չե՞ս դժվարանում անել այն, ինչ ճիշտ է։ ~ Բոլորս ենք դժվարանում, քանի որ Սատանան մեզ խանգարում է։ Սակայն մեկ ուրիշ պատճառ էլ կա։ Կարո՞ղ ես ասել, թե որն է դա։ ~ Մենք մեղքով ենք ծնվել։

Մեր ժառանգած մեղքի պատճառով մեզ համար երբեմն ավելի հեշտ է լինում սխալ վարվելը, քան թե՝ ճիշտ։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք։ ~ Պետք է պայքարենք բարին գործելու համար։ Եթե այդպես վարվենք, կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը մեզ կօգնի։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա ցույց տվեց իր սերը այն մարդկանց հանդեպ, ովքեր փոխվում են և այլևս վատ գործեր չեն անում։ Նա գիտեր, թե որքան դժվար է փոխվելը։ Օրինակ՝ իր օրերում կային անբարոյական կանայք, որոնք սեռական հարաբերություն էին ունենում տարբեր տղամարդկանց հետ։ Անբարոյությունը, անշուշտ, վատ բան է։ Աստվածաշունչը նման կանանց անվանում է «պոռնիկ»։

Հիսուսն ինչո՞ւ ներեց այս կնոջ մեղքերը

Այդպիսի մի կին լսել էր Հիսուսի մասին։ Նա եկավ Հիսուսի մոտ, երբ նա հյուր էր մի փարիսեցու տանը։ Այդ կինը անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը։ Նա լաց էր լինում՝ մազերով սրբելով նրա ոտքերից իր արցունքները։ Նա շատ էր զղջացել իր մեղքերի համար, ուստի Հիսուսը ներեց նրան, թեև տանտերը՝ փարիսեցին, այն կարծիքի էր, թե նա ներման արժանի չէր (Ղուկաս 7։36–50

Գիտե՞ս, թե Հիսուսը մեկ ուրիշ առիթով ինչ ասաց փարիսեցիներին։ ~ Նա ասաց. «Պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը» (Մատթէոս 21։31)։ Հիսուսն այդպես ասաց, որովհետև շատ պոռնիկներ հավատացին իրեն և ետ կանգնեցին իրենց վատ ճանապարհից։ Իսկ փարիսեցիները շարունակեցին հալածել Հիսուսի աշակերտներին։

Երբ Աստվածաշնչի օգնությամբ տեսնում ենք, որ մեր գործերը սխալ են, պետք է պատրաստ լինենք ուղղվելու։ Եվ երբ իմանում ենք, թե ինչ է Եհովան ակնկալում մեզանից, պետք է հոժարակամորեն անենք դա։ Այդպիսով՝ մենք կուրախացնենք Եհովային և կարժանանանք հավիտենական կյանքի։

Վատ գործեր կատարելուց խուսափելու մասին կարդանք Սաղմոս 119։9–11; Առակաց 3։5–7 և 12։15 համարներում։