Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 27

Ո՞վ է քո Աստվածը

Ո՞վ է քո Աստվածը

Ինչո՞ւ է կարևոր այն, թե ով է քո Աստվածը։ ~ Որովհետև մարդիկ շատ աստվածների են պաշտում (Ա Կորնթացիս 8։5)։ Երբ Պողոս առաքյալը Եհովայի զորությամբ բուժեց մի մարդու, որն ի ծնե կաղ էր, հավաքվածները բացականչեցին. «Աստվածները մարդկային տեսք առած վայր են եկել մեզ մոտ»։ Նրանք ուզում էին երկրպագել Պողոսին ու նրա ընկեր Բառնաբասին։ Պողոսին նրանք անվանեցին Հերմես, իսկ Բառնաբասին՝ Դիոս (Զևս)։ Դրանք կեղծ աստվածների անուններ էին։

Պողոսն ու Բառնաբասը թույլ չտվեցին, որ մարդիկ երկրպագեն իրենց։ Նրանք վազեցին դեպի ամբոխը և ասացին. «Ե՛տ դարձեք այդ ունայն բաներից դեպի կենդանի Աստված» (Գործք 14։7–14)։ Կարո՞ղ ես ասել, թե ով է «կենդանի Աստվածը», որ ստեղծել է ամեն բան։ ~ Այո, Եհովան է՝ «միակ Բարձրյալը ամբողջ երկրի վրա»։ Հիսուսը Եհովային անվանեց «միակ ճշմարիտ Աստված»։ Ուրեմն ո՞վ է միայն արժանի երկրպագության։ ~ Միայն Եհովան (Սաղմոս 83։18; Յովհաննէս 17։3; Յայտնութիւն 4։11

Ինչո՞ւ Պողոսն ու Բառնաբասը թույլ չտվեցին, որ մարդիկ իրենց աստվածացնեն

Մարդկանց մեծ մասը, «միակ ճշմարիտ Աստծո» փոխարեն, ուրիշ աստվածների է պաշտում։ Նրանք սովորաբար երկրպագում են փայտից, քարից կամ մետաղից պատրաստված պատկերների (Ելից 32։3–7; Ղեւտացոց 26։1; Եսայիա 44։14–17)։ Մարդիկ աստվածներ ու աստղեր են անվանում նաև նշանավոր մարդկանց և նրանց դարձնում իրենց հիացմունքի ու պաշտամունքի առարկան։ Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է մարդկանց փառաբանելը։ ~

Պողոսը (նույն այն Սողոսը, որը դարձավ Հիսուսի առաքյալ) գրեց. «Այս աշխարհի աստվածը անհավատների մտքերը կուրացրեց» (Բ Կորնթացիս 4։4)։ Հիշո՞ւմ ես, թե ով է այդ աստվածը։ ~ Բանսարկու Սատանան է։ Նա մարդկանց այնպես է մոլորեցրել, որ նրանք երկրպագում են որոշակի առարկաների կամ մարդկանց։

Երբ Սատանան փորձեց Հիսուսին՝ ասելով նրան, որ խոնարհվի ու երկրպագի իրեն, ի՞նչ պատասխանեց Հիսուսը։ ~ «Տիրո՛ջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես ու միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մատթէոս 4։10)։ Հիսուսը պարզ ցույց տվեց, որ հարկավոր է երկրպագել միայն Եհովային։ Այդ մասին քաջատեղյակ էին երեք երիտասարդներ՝ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը։ Կարդանք նրանց հետ պատահած մի դեպքի մասին։

Այս երիտասարդները Աստծո Իսրայել ժողովրդի հետ գերի էին տարվել Բաբելոն։ Այնպես եղավ, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկուց մի մեծ արձան սարքել տվեց։ Նա հրամայեց, որ երաժշտության հնչելուն պես՝ բոլոր մարդիկ խոնարհվեին արձանի առջև։ Զգուշացվեց, որ նա, ով չէր խոնարհվի և չէր երկրպագի արձանին, կգցվեր կրակով բորբոքված հնոցը։ Ինչպե՞ս կվարվեիր դու նման իրավիճակում։ ~

Ինչո՞ւ այս երեք հրեաները չեն խոնարհվում արձանի առջև

Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը սովորաբար կատարում էին թագավորի հրամանները։ Բայց այս հրամանը նրանք հրաժարվեցին կատարել։ Գիտե՞ս, թե ինչու։ ~ Որովհետև Աստծո օրենքն ասում է. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես և նրանց չերկրպագես» (Ելից 20։3–5)։ Ուստի Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հնազանդվեցին Եհովա Աստծո օրենքին, ոչ թե թագավորի հրամանին։

Թագավորը շատ բարկացավ ու հրամայեց, որ երեք երիտասարդներին անմիջապես իր մոտ բերեն։ Նա հարցրեց. «Դուք իսկապե՞ս իմ աստվածներին չեք պաշտում։ Ես ձեզ տալիս եմ ևս մեկ հնարավորություն. այժմ, երբ հնչի երաժշտությունը, խոնարհվեք և երկրպագեք իմ կանգնեցրած արձանին։ Եթե չերկրպագեք, կգցվեք կրակով բորբոքված հնոցը։ Եվ այդ ո՞ր աստվածն է, որ կկարողանա ազատել ձեզ իմ ձեռքից»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեին այժմ այս երիտասարդները։ Դու, օրինակ, ի՞նչ կանեիր։ ~ Նրանք ասացին թագավորին. «Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարո՛ղ է մեզ փրկել։ Բայց եթե չփրկի էլ, քո աստվածներին մենք չենք ծառայի։ Մենք չենք երկրպագի քո ոսկե արձանին»։

Թագավորն ավելի բարկացավ։ Նա հրամայեց. «Յոթնապատի՛կ վառեցեք հնոցը»։ Ապա մի քանի ամրակազմ տղամարդկանց պատվիրեց կապել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին ու նետել հնոցը։ Հնոցն այնքան ուժեղ էր վառվում, որ նրա բոցը սպանեց այդ տղամարդկանց։ Իսկ ի՞նչ պատահեց երեք հրեաներին։

Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը ընկան ուղիղ հնոցի մեջ, ապա վեր կացան։ Երիտասարդ հրեաները մնացել էին անվնաս, իսկ նրանց կապերն արձակվել էին։ Ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ։ ~ Թագավորը նայեց հնոցի մեջ և զարհուրեց։ «Մի՞թե մենք երեք մարդ չգցեցինք կրակը»,— հարցրեց նա։ Ծառաները պատասխանեցին. «Այո, ո՛վ թագավոր»։

Ինչպե՞ս Եհովան ազատեց իր ծառաներին հնոցում այրվելուց

Ապա թագավորն ասաց. «Ահա ես չորս մարդ եմ տեսնում, որոնք քայլում են կրակի մեջ, և կրակը նրանց չի այրում»։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ էր այդ չորրորդ անձնավորությունը։ ~ Նա Եհովայի հրեշտակն էր, որ պաշտպանեց երեք հրեաներին այրվելուց։

Այդ ամենը տեսնելով՝ թագավորը մոտեցավ հնոցի դռանը ու բղավեց. «Սեդրա՛ք, Միսա՛ք, Աբեդնագո՛վ, Բարձրյալ Աստծո ծառանե՛ր, դո՛ւրս ելեք և այստե՛ղ եկեք»։ Երբ այս երեք երիտասարդները դուրս եկան, բոլորը տեսան, որ նրանք չէին այրվել։ Կրակի հոտ անգամ չէր գալիս նրանց վրայից։ Թագավորն ասաց. «Օրհնյա՜լ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և փրկեց իր ծառաներին, քանի որ նրանք բացի իրենց Աստծուց չպաշտեցին ուրիշ ոչ մի աստծո» (Դանիէլ 3–րդ գլուխ)։

Ի՞նչ կուռքերի են պաշտում այսօր մարդիկ

Այս պատմությունից մենք կարող ենք դաս սովորել։ Ինչպես անցյալում, այսօր էլ մարդիկ պատկերներ ու կուռքեր են շինում և նրանց պաշտում։ Մի հանրագիտարանում ասվում է, որ «դրոշը խաչի նման սրբացվում է» («The Encyclopedia Americana»)։ Կուռքերը կարող են պատրաստված լինել փայտից, քարից, մետաղից կամ կտորից։ Հիսուսի առաջին դարի աշակերտները, օրինակ, չէին երկրպագում Հռոմի կայսրին, և պատմաբան Դանիել Մանիքսը նման երկրպագությունից հրաժարվելը նմանեցնում է «դրոշին պատիվ տալուց կամ պետությանը հավատարմության երդում տալուց հրաժարվելուն»։

Ի՞նչ ես կարծում, Աստծո համար նշանակություն ունի՞, թե կուռքը ինչից է պատրաստված՝ կտորից, փայտից, քարից, թե մետաղից։ ~ Ճիշտ կլինի՞, որ Եհովայի ծառան երկրպագի կուռքերի։ ~ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը չերկրպագեցին կուռքերի։ Նրանք վարվեցին այնպես, ինչպես Եհովային էր հաճելի։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրանց։ ~

Եհովայի ծառաները չպետք է երկրպագեն որևէ մարդու կամ առարկայի։ Կարդանք այդ մասին Յեսու 24։14, 15, 19–22; Եսայիա 42։8; Ա Յովհաննէս 5։21 և Յայտնութիւն 19։10 համարներում։