Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 28

Ինչպե՞ս որոշել, թե ում է պետք հնազանդվել

Ինչպե՞ս որոշել, թե ում է պետք հնազանդվել

Երբեմն դժվար է լինում որոշել, թե ում է հարկավոր լսել։ Գուցե հայրիկն ու մայրիկը ասեն մի բան, իսկ ուսուցիչն ու ոստիկանը՝ մեկ ուրիշ բան։ Նման դեպքում ո՞ր մեկի ասածը կանես։ ~

Այս գրքի 7–րդ գլուխը քննարկելիս Աստվածաշնչում կարդացինք Եփեսացիս 6։1–3 համարները։ Այստեղ ասվում է, որ երեխաները պետք է լսեն իրենց ծնողներին. «Հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով»։ Քո կարծիքով՝ ի՞նչ է նշանակում ծնողներին հնազանդ լինել Տերով։ ~ Նշանակում է, որ երեխաները պետք է հնազանդվեն, երբ ծնողները սովորեցնում են նրանց Աստծո օրենքները։

Բայց բոլորը չէ, որ հավատում են Եհովա Աստծուն։ Ինչպե՞ս կվարվես, եթե ինչ–​որ մեկը քեզ ասի, թե խաբելու մեջ սխալ բան չկա ու բոլորովին էլ սխալ չէ, օրինակ, ստուգողական աշխատանքների ժամանակ արտագրություն անելը կամ խանութից առանց վճարելու որևէ բան վերցնելը։ Ճիշտ կլինի՞ նման ձևով խաբելն ու գողանալը։ ~

Հիշո՞ւմ ես՝ ինչպես Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց, որ բոլորը երկրպագեն իր կանգնեցրած արձանին։ Բայց Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը չկատարեցին նրա հրամանը։ Կարո՞ղ ես ասել, թե ինչու։ ~ Որովհետև Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ պետք է երկրպագեն միայն Եհովային (Ելից 20։3; Մատթէոս 4։10

Պետրոսն ի՞նչ է ասում Կայիափա քահանայապետին

Հիսուսի մահից հետո նրա առաքյալներին կանգնեցրին հրեաների կրոնական բարձրագույն դատարանի՝ Ատյանի առջև։ Քահանայապետ Կայիափան նրանց ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ չուսուցանեք [Հիսուսի] անունով. իսկ դուք ահա Երուսաղեմը լցրել էք ձեր ուսմունքով»։ Ինչո՞ւ առաքյալները չէին հնազանդվել նրանց պատվերին, ի՞նչ ես կարծում։ ~ Պետրոսը բոլոր առաքյալների անունից պատասխանեց քահանայապետին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։27–29

Այդ ժամանակներում հրեաների կրոնական առաջնորդները մեծ իշխանություն ունեին։ Սակայն իրենց երկիրը գտնվում էր Հռոմեական կայսրության տիրապետության տակ, որտեղ թագավորում էր կայսրը։ Հրեաները չէին ուզում, որ իրենց վրա կայսրը իշխեր։ Սակայն Հռոմեական կայսրությունը նաև բազմաթիվ ծառայություններ էր մատուցում ժողովրդին։ Այսօր էլ յուրաքանչյուր պետություն ծառայություններ է մատուցում իր երկրի բնակիչներին։ Կարո՞ղ ես ասել, թե որ ծառայություններն են դրանք։ ~

Պետությունը կառուցում է ճանապարհներ, վճարում է ոստիկաններին ու հրշեջներին, որպեսզի նրանք պաշտպանեն մեզ։ Նրանք նաև ապահովում են մեզ դպրոցներով, հիվանդանոցներով։ Այս ամենն անելու համար իշխանությունները մեծ գումարներ են ծախսում։ Կուզե՞ս իմանալ, թե որտեղից են նրանք ձեռք բերում այդ գումարը։ ~ Ժողովրդից։ Դրամը, որ մարդիկ վճարում են իշխանություններին, կոչվում է հարկ։

Երբ Մեծ Ուսուցիչը երկրի վրա էր, շատ հրեաներ չէին ուզում Հռոմեական կայսրությանը հարկ վճարել։ Մի օր քահանաները մի քանի մարդ ուղարկեցին Հիսուսի մոտ՝ նրան փորձելու։ Այդ մարդիկ հարցրին Հիսուսին. «Պե՞տք է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ Դա խորամանկ հարց էր։ Եթե Հիսուսը պատասխաներ՝ «Այո՛, պետք է վճարել», շատ հրեաների դուր չէր գա նրա ասածը։ Բայց Հիսուսը չէր էլ կարող ասել, թե պետք չէ վճարել։ Սխալ կլիներ այդպես ասելը։

Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա ասաց. «Ինձ մի արծաթադրամ տվեք»։ Ապա ցույց տալով արծաթադրամը՝ հարցրեց. «Ո՞վ է վրան պատկերված, և ո՞ւմ անունն է գրված»։ Նրանք ասացին. «Կայսրինը»։ Հիսուսն ասաց. «Ուրեմն կայսրինը տվեք կայսրին, Աստծունը՝ Աստծուն» (Ղուկաս 20։19–26

Ինչպե՞ս պատասխանեց Հիսուսը այս մարդկանց խորամանկ հարցին

Ոչ ոքի չհաջողվեց սխալ գտնել նրա պատասխանի մեջ։ Քանի որ կայսրը մարդկանց համար որոշ ծառայություններ էր անում, ճիշտ կլիներ նրան վճարել այդ ծառայությունների դիմաց իր իսկ պատրաստած դրամով։ Իր պատասխանով Հիսուսը ցույց տվեց, որ հարկավոր է վճարել պետության հարկերը մեզ համար կատարվող ծառայությունների դիմաց։

Հիմա դու դեռ փոքր ես։ Փոքրերը հարկ չեն վճարում։ Բայց կա մի բան, որ դու պետք է անես պետության համար։ Գիտե՞ս, թե դա ինչն է։ ~ Պետության օրենքներին ենթարկվելը։ Աստվածաշունչն ասում է. «Հնազանդվեք բարձր իշխանություններին»։ Այստեղ գրված «բարձր իշխանությունները» պետական իշխանություններն են։ Աստված պահանջում է, որ հնազանդվենք պետության օրենքներին (Հռովմայեցիս 13։1, 2

Օրինակ՝ եթե իմանայիր, որ կա օրենք, ըստ որի չի կարելի թուղթ կամ որևէ աղբ գցել փողոցում, կենթարկվեի՞ր այդ օրենքին։ ~ Աստված ուզում է, որ մենք ենթարկվենք։ Իսկ կանեի՞ր ոստիկանի ասածները։ ~ Պետությունը վճարում է ոստիկաններին, որպեսզի նրանք պաշտպանեն մարդկանց։ Հնազանդվելով նրանց՝ մենք հնազանդվում ենք պետությանը։

Ենթադրենք՝ ուզում ես անցնել փողոցը, բայց ոստիկանն ասում է՝ կանգնի՛ր։ Ի՞նչ պետք է անես։ ~ Իսկ եթե ուրիշները չլսեն նրան ու վազելով անցնեն փողոցը, կհետևե՞ս նրանց օրինակին։ ~ Դու պետք է սպասես, նույնիսկ եթե բոլորը առաջ են վազում։ Աստված ուզում է, որ հնազանդվես։

Այժմ պատկերացրու՝ փողոցում ինչ–​որ դեպք է պատահել, ու ոստիկանը պահանջում է, որ մարդիկ հեռանան այնտեղից։ Գուցե դու աղաղակներ լսես ու սկսես անհանգստանալ, թե ինչ է կատարվում։ Կգնա՞ս այդ կողմ՝ տեսնելու պատահածը։ ~ Դա կնշանակի՞, որ դու հնազանդվում ես «բարձր իշխանություններին»։ ~

Պետությունը դպրոցներ է կառուցում և ուսուցիչներ վարձում։ Ի՞նչ ես կարծում, Աստված ուզո՞ւմ է, որ հնազանդվես ուսուցիչներին։ ~ Հապա մտածիր. պետությունը վճարում է ուսուցչին, որպեսզի նա սովորեցնի երեխաներին, այնպես, ինչպես որ վճարում է ոստիկանին, որպեսզի նա պաշտպանի մարդկանց։ Ուստի հնազանդվելով ոստիկանին կամ ուսուցչին՝ մենք հնազանդվում ենք պետությանը։

Ինչո՞ւ պետք է հնազանդվենք ոստիկանին

Բայց ի՞նչ կանես, եթե ուսուցիչը պատվիրի քեզ երկրպագել ինչ–​որ պատկերի։ ~ Հիշո՞ւմ ես՝ ինչպես երեք երիտասարդ հրեաները չերկրպագեցին արձանին, նույնիսկ երբ Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց նրանց։ Ինչո՞ւ նրանք չկատարեցին թագավորի հրամանը։ ~ Որովհետև նրանք ավելի շատ ուզում էին Աստծուն հնազանդվել։

Ուիլ Դյուրանտ անունով մի պատմաբան վաղ քրիստոնյաների մասին գրել է, որ նրանց «բարձրագույն հավատարմությունը չէր պատկանում կայսրին»։ Այն պատկանում էր Եհովա Աստծուն։ Հիշի՛ր, որ մեր կյանքում Աստված պետք է լինի առաջին տեղում։

Մենք հնազանդվում ենք պետությանը, քանի որ Աստված է այդպես կամենում։ Սակայն ինչպե՞ս վարվենք, եթե մեզ պատվիրեն անել մի բան, որն Աստծո կամքին հակառակ է։ ~ Կարող ենք հետևել առաքյալների օրինակին, որ ասացին քահանայապետին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5։29

Աստվածաշունչը սովորեցնում է հարգել օրենքը։ Կարդանք Մատթէոս 5։41, ՆԱ; Տիտոս 3։1 և Ա Պետրոս 2։12–14 համարները։