Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 31

Որտե՞ղ կարող ենք մխիթարություն գտնել

Որտե՞ղ կարող ենք մխիթարություն գտնել

Երբևէ պատահե՞լ է, որ տխուր լինես ու քեզ մենակ զգաս։ ~ Պատահե՞լ է, որ մտածես, թե քեզ չեն սիրում։ ~ Որոշ երեխաներ ունենում են նման զգացումներ։ Բայց Աստված խոստանում է. «Ես քեզ չեմ մոռանա» (Եսայիա 49։15)։ Ուրախալի է, չէ՞, այդ մասին իմանալը։ ~ Եհովա Աստված սիրում է մեզ։

Ինչպե՞ս է իրեն զգում այս կորած գառնուկը

Աստվածաշունչը գրողներից մեկն ասել է. «Թեև հայրս ու մայրս թողնեն ինձ, բայց Տերը ինձ պիտի ընդունի» (Սաղմոս 27։10)։ Մխիթարական են, չէ՞, այս խոսքերը։ ~ Եհովան ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ.... Ես քեզ պիտի օգնեմ» (Եսայիա 41։10, ԱԱ

Այնուամենայնիվ, Եհովան երբեմն թույլ է տալիս, որ Սատանան դժվարություններ ստեղծի մեզ համար ու նույնիսկ փորձության ենթարկի իր ծառաներին։ Մի անգամ Բանսարկու Սատանան այնպիսի տառապանք պատճառեց Հիսուսին, որ նա աղաղակեց Եհովային. «Ի՛մ Աստված, ի՛մ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթէոս 27։46)։ Թեև Հիսուսը տանջանքների մեջ էր, սակայն նա գիտեր, որ Եհովան սիրում է իրեն (Յովհաննէս 10։17)։ Հիսուսը նաև տեղյակ էր, որ Աստված թույլ է տալիս Սատանային փորձել իր ծառաներին ու նրանց տառապանք պատճառել։ Այս գրքի հաջորդ գլուխներից մեկում մենք կիմանանք, թե ինչու է Աստված Սատանային թույլ տալիս նման բաներ անել։

Փոքր երեխայի համար վախենալու շատ առիթներ կարող են ստեղծվել։ Օրինակ՝ պատահե՞լ է, որ կորես։ ~ Վախենո՞ւմ էիր։ ~ Շատ երեխաներ վախենում են։ Մի առիթով Մեծ Ուսուցիչը մի առակ պատմեց կորած ոչխարի մասին։

Որոշ առումով քեզ կարելի է նմանեցնել գառնուկի։ Ինչո՞ւ։ Որովհետև գառները փոքր են ու անօգնական։ Նրանք կարիք ունեն, որ ինչ–​որ մեկը հոգ տանի իրենց ու պաշտպանի։ Սովորաբար գառնուկներին հոգ է տանում հովիվը։

Հիսուսը պատմեց մի հովվի մասին, որը հարյուր ոչխար ուներ։ Մի անգամ նրանցից մեկը կորավ։ Հնարավոր է՝ նա ցանկացել էր տեսնել, թե ինչ կա բլրի մյուս կողմում ու քիչ անց հայտնվել էր հոտից շա՜տ հեռու։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր զգում գառնուկը՝ նայելով չորս կողմը ու տեսնելով, որ ինքն այնտեղ մեն–​մենակ է։ ~

Ի՞նչ արեց հովիվը՝ նկատելով, որ ոչխարներից մեկը չկա։ Մտածե՞ց, թե նա իր մեղքով է մոլորվել, ուստի անհանգստանալու կարիք չկա։ Թե՞ մնացած իննսունինը ոչխարին թողեց մի ապահով տեղ ու գնաց կորածին փնտրելու։ Արժե՞ր արդյոք մի գառան համար հոգս անել, ի՞նչ ես կարծում։ ~ Եթե դու լինեիր կորած գառնուկը, կուզեի՞ր, որ հովիվը քեզ փնտրեր։ ~

Ո՞ւմ կարելի է նմանեցնել այս հովվին, որ հոգ է տանում իր գառնուկին

Հովիվը շատ էր սիրում իր բոլոր ոչխարներին, նաև այն մեկին, որը կորել էր։ Ուստի գնաց փնտրելու նրան։ Պատկերացրու գառնուկի ուրախությունը, երբ հեռվից տեսավ հովվին։ Հիսուսն ասաց, որ իր գառնուկին գտնելով՝ հովիվը շատ ուրախացավ։ Նա այս մեկի համար ավելի շատ ուրախացավ, քան այն իննսունինի համար, որոնք չէին կորել։ Քո կարծիքով՝ ո՞վ է նման Հիսուսի առակի հովվին։ Ո՞վ է մեզ համար հոգ տանում այնպես, ինչպես հովիվն իր ոչխարներին։ ~ Հիսուսն ասաց, որ իր երկնային Հայրը՝ Եհովան, այդ հովվի նման հոգ է տանում մեր մասին։

Եհովա Աստված իր ժողովրդի Մեծ Հովիվն է։ Նա սիրում է իր բոլոր ծառաներին, այդ թվում նաև քեզ նման փոքրիկներին։ Նա չի ուզում, որ մեզանից որևէ մեկը վնասվի կամ կորչի։ Իրոք, մխիթարական է իմանալ, որ Աստված այդպես հոգ է տանում մեզ (Մատթէոս 18։12–14

Եհովան իրակա՞ն է քեզ համար, ինչպես այս երեխայի համար իր հայրը

Հավատո՞ւմ ես Եհովա Աստծուն։ ~ Նա իրական անձնավորությո՞ւն է քեզ համար։ ~ Ճիշտ է, մենք չենք կարող տեսնել Եհովային, քանի որ նա ոգեղեն անձնավորություն է։ Նրա մարմինը անտեսանելի է մեր աչքերի համար։ Բայց նա իրական անձնավորություն է և տեսնում է մեզ։ Երբ մենք օգնության կարիք ենք ունենում, նա իմանում է։ Աղոթքի միջոցով մենք կարող ենք խոսել նրա հետ, ինչպես կխոսեինք որևէ մարդու հետ։ Եհովան ուզում է, որ մենք աղոթենք իրեն։

Ուրեմն ի՞նչ կարող ես անել, երբ տխուր ու միայնակ ես քեզ զգում։ ~ Խոսի՛ր Եհովայի հետ։ Մոտեցի՛ր նրան, և նա քեզ կմխիթարի ու կօգնի։ Հիշիր, որ Եհովան սիրում է քեզ նույնիսկ այն պահերին, երբ թվում է, թե քեզ ոչ մեկ չի սիրում։ Բացենք Աստվածաշունչը և տեսնենք, թե ինչ է գրված Սաղմոս 23–ի առաջին համարում. «Տերն է իմ հովիվը. կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում»։

Ուշադրություն դարձնենք, թե գրողը ինչ է ավելացնում 4–րդ խոսքում. «Թեև քայլեմ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես. քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ»։ Այսպես են զգում այն մարդիկ, ովքեր երկրպագում են Եհովա Աստծուն։ Նեղության մեջ նրանք սրտապնդվում են ու մխիթարություն գտնում։ Իսկ դու քեզ այդպես զգո՞ւմ ես։ ~

Սիրալիր հովվի նման՝ Եհովան հոգ է տանում իր ժողովրդին և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, իսկ նրանք ուրախությամբ հետևում են իրեն։ Նույնիսկ վտանգների դեպքում կարիք չկա, որ նրանք վախենան։ Հովիվն իր գավազանով պաշտպանում է ոչխարներին գիշատիչ կենդանիներից։ Աստվածաշունչը պատմում է, որ երբ իր երիտասարդ տարիներին Դավիթը հովիվ էր, նա պաշտպանում էր իր ոչխարներին առյուծից ու արջից (Ա Թագաւորաց 17։34–36)։ Աստծո ծառաները գիտեն, որ Եհովան էլ իրենց կպաշտպանի։ Նրանք կարող են ապահով զգալ, քանի որ Աստված իրենց հետ է։

Վտանգի պահին ո՞վ կարող է պաշտպանել մեզ այնպես, ինչպես հովիվն է պաշտպանում իր ոչխարներին

Եհովան սիրում է իր ոչխարներին և հոգ է տանում նրանց։ Աստվածաշունչն ասում է. «Հովվի նման նա հովվելու է իր ոչխարներին, իր բազկի վրա է հավաքելու գառնուկներին» (Եսայիա 40։11

Մի՞թե քեզ չի ուրախացնում այս ամենը։ ~ Ուզո՞ւմ ես լինել Եհովայի գառնուկներից մեկը։ ~ Ոչխարը լսում է իր հովվի ձայնը ու նրանից չի հեռանում։ Դու լսո՞ւմ ես Եհովային։ ~ Աշխատո՞ւմ ես նրանից չհեռանալ։ ~ Եթե այդպես է, ապա կարող ես երբեք չվախենալ։ Եհովան քեզ հետ կլինի։

Եհովան սիրով հոգ է տանում նրանց, ովքեր ծառայում են իրեն։ Կարդանք այդ մասին Սաղմոս 37։25; 55։22 և Ղուկաս 12։29–31 համարներում։