Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 35

Մարդիկ կարող են արթնանալ մահվան քնից

Մարդիկ կարող են արթնանալ մահվան քնից

Եթե մահանանք, ի՞նչ ես կարծում, Աստված կուզենա՞ հարություն տալ մեզ, այսինքն՝ նորից կյանք տալ։ ~ Հոբ անունով մի բարի մարդ հավատում էր, որ Աստված ցանկանում է հարություն տալ մարդկանց։ Մտածելով, թե շուտով մահանալու է՝ Հոբն ասաց Աստծուն. «Դու կկանչես, և ես քեզ պատասխան կտամ»։ Հոբը նաև ասաց, որ Եհովան «կհաճի» իրեն, այսինքն՝ կցանկանա հարություն տալ (Յոբ 14։14, 15)

Իր Հոր՝ Եհովա Աստծո նման, Հիսուսն էլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն ունի։ Երբ բորոտությամբ տառապող մի մարդ ասաց Հիսուսին՝ «եթե ուզես, կարող ես ինձ մաքրել», նա պատասխանեց՝ ուզում եմ։ Հիսուսը բուժեց բորոտությամբ հիվանդ այդ մարդուն (Մարկոս 1։40–42

Ինչի՞ց է երևում, որ Եհովան սիրում է երեխաներին

Հիսուսն իր Հորից էր սովորել երեխաներին սիրել։ Դարեր առաջ երկու տարբեր առիթներով Եհովան իր ծառաների միջոցով հարություն է տվել փոքր երեխաների։ Երբ Եղիա մարգարեն աղաչեց Եհովային հարություն տալ մի տղայի, որի մայրը հյուրասիրություն էր ցուցաբերել իրեն, Եհովան այդպես էլ արեց։ Իսկ իր ծառա Եղիսեի միջոցով Եհովան հարություն տվեց մեկ ուրիշ փոքրիկ տղայի (Գ Թագաւորաց 17։17–24; Դ Թագաւորաց 4։32–37

Ի՜նչ հրաշալի է, որ Եհովան մեզ շատ է սիրում, այնպես չէ՞։ ~ Նա մեր մասին մտածում է ամեն ժամանակ. նույնիսկ եթե մահանանք, նա մեզ չի մոռանա։ Հիսուսն ասաց, որ իր Հայրը բոլոր այն մահացածներին, ում սիրում է, կենդանի է համարում (Ղուկաս 20։38)։ Աստվածաշնչում ասվում է, որ «ոչ մահը, ոչ կյանքը, ոչ ներկա բաները, ոչ գալիք բաները չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց» (Հռովմայեցիս 8։38, 39

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ Եհովան հոգ է տանում երեխաներին։ Երևի հիշում ես, որ Հիսուսը ժամանակ էր տրամադրում նրանց ու պատմում էր Աստծո մասին։ Իսկ գիտեի՞ր, որ Աստված Հիսուսին զորություն էր տվել կյանքի վերադարձնելու երեխաներին։ ~ Եկ տեսնենք, թե ինչպես Հիսուսը հարություն տվեց Հայրոս անունով մարդու 12–​ամյա աղջնակին։

Հայրոսն իր կնոջ ու միակ երեխայի հետ ապրում էր Գալիլեայի ծովի մոտակայքում։ Մի օր նրա աղջիկը ծանր հիվանդացավ։ Հայրոսը տեսնում էր, որ իր աղջիկը մահամերձ է։ Հանկարծ նա հիշեց Հիսուսի մասին։ Նա լսել էր, որ Հիսուս անունով մի հիանալի մարդ կարողանում է հիվանդություններ բուժել։ Հայրոսը գնաց նրա ետևից ու գտավ Հիսուսին Գալիլեայի ծովի ափին՝ մարդկանց ուսուցանելիս։

Հիսուսի շուրջ հավաքված բազմությունը ճեղքելով՝ Հայրոսը եկավ–​ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Աղջիկս ծանր հիվանդ է։ Աղաչո՛ւմ եմ, ե՛կ, օգնի՛ր նրան»։ Հիսուսը Հայրոսի հետ անմիջապես ճանապարհ ընկավ։ Մարդիկ, որ եկել էին տեսնելու Մեծ Ուսուցչին, գնացին նրանց ետևից։ Երբ նրանք դեռ ճանապարհին էին, մի քանի հոգի եկան Հայրոսի տնից և նրան ասացին. «Աղջիկդ մահացավ։ Այլևս կարիք չկա անհանգստացնել ուսուցչին»։

Հիսուսը լսեց նրանց խոսքերը։ Նա գիտեր, թե ինչ խոր ցավ էր զգում Հայրոսը իր միակ զավակին կորցնելու պատճառով։ Ուստի նրան ասաց. «Մի՛ վախեցիր։ Միայն հավատա՛ Աստծուն, և աղջիկդ կապրի»։ Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը և հասան Հայրոսի տուն։ Այնտեղ ծանոթներն ու բարեկամները հավաքվել ու լաց էին լինում։ Նրանք սգում էին փոքրիկի մահը։ Հիսուսն ասաց. «Լաց մի՛ եղեք։ Երեխան չի մահացել, նա քնած է»։

Հիսուսի այս խոսքերը լսելով՝ մարդիկ սկսեցին ծիծաղել. նրանք գիտեին, որ աղջիկը մահացել է։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Հիսուսն ասում, թե նա քնած է։ ~ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր ցանկանում Հիսուսը սովորեցնել այդ մարդկանց։ ~ Նա ուզում էր ասել, որ մահը նման է խոր քնի։ Հիսուսն ուզում էր մարդկանց ցույց տալ, որ Աստծո տված զորությամբ նա կարող է մահացած մարդուն կյանքի վերադարձնել նույնքան հեշտությամբ, որքան հեշտությամբ կարելի է արթնացնել քնած մարդուն։

Այն, որ Հիսուսը հարություն տվեց Հայրոսի աղջկան, ի՞նչ է մեզ ասում

Հիսուսը բոլորին դուրս հրավիրեց տնից՝ թողնելով այնտեղ միայն Պետրոս, Հակոբոս, Հովհաննես առաքյալներին և աղջկա ծնողներին։ Ապա մոտենալով աղջկան՝ բռնեց նրա ձեռքն ու ասաց. «Վե՛ր կաց, աղջի՛կ»։ Եվ նույն պահին աղջիկը վեր կացավ ու սկսեց քայլել։ Նրա ծնողների ուրախությանը չափ չկար (Մարկոս 5։21–24, 35–43; Ղուկաս 8։40–42, 49–56

Այժմ խորհենք այսպիսի մի հարցի շուրջ. եթե Հիսուսը կարողացավ կյանքի վերադարձնել այդ աղջկան, կկարողանա՞ հարություն տալ նաև ուրիշների։ ~ Բայց Հիսուսը հարություն կտա՞ նրանց, ի՞նչ ես կարծում։ ~ Այո՛, կտա։ Հիսուսն ինքն է ասել. «Ժամանակ կգա, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, կլսեն իմ ձայնը և դուրս կգան» (Յովհաննէս 5։28, 29

Ուրեմն ի՞նչ կպատասխանեիր՝ Հիսուսն ուզո՞ւմ է հարություն տալ մարդկանց։ ~ Աստվածաշնչում գրված մեկ ուրիշ դեպք էլ օգնում է պատասխանել այդ հարցին։ Այն նաև ցույց է տալիս, թե Հիսուսն ինչ էր զգում հարազատի մահը ողբացող մարդկանց հանդեպ։

Նային քաղաքից դուրս էր գալիս մահվան մի թափոր։ Տանում էին թաղելու մի երիտասարդի։ Նրա մայրն այրի էր. նա կորցրել էր իր ամուսնուն։ Իսկ այժմ մահացել էր այդ կնոջ մինուճար որդին։ Որքա՜ն վշտացած էր նա։ Քաղաքի բնակիչներից շատերը ուղեկցում էին նրան։ Կինը աղեկտուր ողբում էր իր որդու մահը, ու մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանում սփոփել նրա վիշտը։

Այդ օրը Հիսուսն իր աշակերտների հետ գնում էր Նային։ Քաղաքի դարպասի մոտ նրանք հանդիպեցին մահվան թափորին։ Երբ Հիսուսը տեսավ ողբացող կնոջը, նրա հանդեպ լցվեց խոր կարեկցանքով։ Կնոջ վիշտը տակնուվրա արեց նրա սիրտը։ Հիսուսը ցանկացավ օգնել նրան։

Մեղմ, բայց վճռական ձայնով՝ Հիսուսն ասաց կնոջը. «Լաց մի՛ լինիր»։ Բոլորը նայեցին Հիսուսի կողմը՝ հետաքրքրությամբ սպասելով, թե ինչ է լինելու։ Հիսուսը մոտեցավ մահացածին և հրամայեց. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Նույն պահին երիտասարդը պառկած տեղից վեր կացավ–​նստեց և սկսեց խոսել (Ղուկաս 7։11–17

Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր զգում այդ պահին նրա մայրը։ Ի՞նչ կզգայիր դո՛ւ, եթե քեզ սիրելի մի անձնավորություն, որ մահացել է, կենդանանար։ ~ Մի՞թե այս դեպքը ցույց չի տալիս, որ Հիսուսն իսկապես սիրում է մարդկանց և ուզում է օգնել նրանց։ ~ Հապա մտածիր, թե Աստծո նոր աշխարհում որքա՜ն հրաշալի կլինի դիմավորել հարություն առած մարդկանց (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։3, 4

Ի՞նչ է ցույց տալիս այրի կնոջ մինուճար որդու հարությունը

Այդ ժամանակ հարություն առնողների մեջ կլինեն մեզ ծանոթ մարդիկ (այդ թվում նաև երեխաներ)։ Մենք կճանաչենք նրանց, ինչպես Հայրոսը ճանաչեց իր աղջկան, երբ Հիսուսը հարություն տվեց նրան։ Հարություն կառնեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր մահացել են հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ։ Աստված չի մոռացել նրանց, չնայած որ այդ մարդիկ ապրել են հեռավոր անցյալում։

Մի՞թե հրաշալի չէ գիտենալ, որ Եհովա Աստված և նրա Որդի Հիսուսը այդքա՜ն սիրում են մեզ։ ~ Նրանք ուզում են, որ մենք ապրենք ոչ թե հաշված տարիներ, այլ հավիտյան։

Մահացածների վերաբերյալ աստվածաշնչյան հիանալի հույսի մասին կարդանք Եսայիա 25։8; Գործք 24։15; Ա Կորնթացիս 15։20–22 համարներում։