Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 36

Ովքե՞ր են հարություն առնելու, և որտե՞ղ են նրանք ապրելու

Ովքե՞ր են հարություն առնելու, և որտե՞ղ են նրանք ապրելու

Նախորդ երկու գլուխներում մենք կարդացինք մի քանի հոգու մասին, ովքեր հարություն առան։ Կարո՞ղ ես հիշել՝ քանիսն էին նրանք։ ~ Հինգը։ Նրանցից քանի՞սն էին երեխաներ։ ~ Երեքը։ Իսկ չորրորդը երիտասարդ էր։ Քո կարծիքով, ի՞նչ է դա ցույց տալիս։ ~

Դա ցույց է տալիս, որ Աստված սիրում է երեխաներին։ Բայց նա հարություն կտա բազում ուրիշ մարդկանց ևս։ Ի՞նչ ես կարծում, Աստված միայն բարի գործեր արած մարդկա՞նց հարություն կտա։ ~ Գուցե մեզ այդպես թվա։ Սակայն չէ՞ որ շատ մարդիկ չեն իմացել ճշմարտությունը Եհովա Աստծո ու նրա Որդու մասին։ Եվ նրանք վատ գործեր են արել այն պատճառով, որ սխալ բաներ են սովորած եղել։ Ըստ քեզ՝ Եհովան հարություն կտա՞ այդպիսի մարդկանց։ ~

Աստվածաշունչն ասում է. «Թե՛ արդարների և թե՛ մեղավորների հարություն է լինելու» (Գործք 24։15)։ Ինչո՞ւ, սակայն, հարություն առնեն նրանք, ովքեր արդար չեն եղել և չեն արել այն, ինչ ճիշտ է։ ~ Որովհետև նրանք երբեք հնարավորություն չեն ունեցել սովորելու Եհովայի մասին և իմանալու, թե ինչ է նա ուզում, որ մարդիկ անեն։

Ինչո՞ւ է Աստված հարություն տալու նրանց, ովքեր արդար կյանքով չեն ապրել

Ի՞նչ ես կարծում, մահացածները ե՞րբ են հարություն առնելու։ ~ Հիշենք այն դեպքը, երբ Ղազարոսը մահացել էր։ Նրա քրոջը՝ Մարթային, Հիսուսը խոստացավ. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարություն կառնի հարության ժամանակ՝ վերջին օրը» (Յովհաննէս 11։23, 24)։ Ի՞նչ նկատի ուներ Մարթան՝ «վերջին օրը» ասելով։ ~

Որտե՞ղ է գտնվելու Դրախտը, որի մասին Հիսուսն ասաց իր կողքի ցցին գամված մարդուն

Մարթան լսել էր Հիսուսի խոստումը այն մասին, որ կգա ժամանակ, երբ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, դուրս կելնեն» (Յովհաննէս 5։28, 29)։ Այստեղից տեսնում ենք, որ «վերջին օրը» այն ժամանակահատվածն է, երբ Աստծո հիշողության մեջ եղող մարդիկ հարություն կառնեն։ Դա սովորական օր չէ՝ 24 ժամ տևողությամբ։ Այն տևելու է հազար տարի։ Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Աստված արդարությամբ դատելու է մարդկանց։ Նրանց թվում լինելու են նաև հարություն առածները (Գործք 17։31; Բ Պետրոս 3։8

Դա մի ուրախալի ժամանակաշրջան է լինելու։ Հազար տարի տևողությամբ այդ օրվա ընթացքում միլիոնավոր մարդիկ հարություն կառնեն։ Հիսուսն ասաց, որ հարություն առնողները ապրելու են Դրախտում։ Տեսնենք, թե որտե՞ղ է գտնվելու այդ Դրախտը, և ինչպիսին է այն լինելու։

Հիսուսը տանջանքի ցցի վրա մահանալուց երեք ժամ առաջ իր կողքի ցցին գամված մարդու հետ խոսեց Դրախտի մասին։ Այդ մարդը մի հանցագործ էր, որին մահվան էին դատապարտել։ Բայց տեսնելով, թե ինչ էին խոսում Հիսուսի մասին՝ հանցագործը սկսեց հավատալ նրան և ասաց. «Հիշիր ինձ, երբ գաս քո թագավորությունով»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր՝ ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։42, 43 ՆԱ

Ի՞նչ ենք պատկերացնում, երբ կարդում ենք Դրախտի մասին

Հիսուսն ի՞նչ նկատի ուներ այս խոսքերն ասելիս։ Որտե՞ղ է լինելու Դրախտը։ ~ Խորհենք այդ մասին։ Աստված որտե՞ղ հիմնեց այն։ ~ Հիշենք՝ Դրախտը, որտեղ Աստված բնակեցրել էր առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, գտնվում էր այստեղ՝ երկրի վրա։ Այն կոչվում էր Եդեմի պարտեզ։ Այնտեղ կենդանիներ կային, բայց նրանք մարդկանց չէին վնասում։ Ամենուրեք աճում էին ծառեր, որոնց վրա անուշահամ մրգեր էին հասունանում։ Պարտեզով հոսում էր մի մեծ գետ։ Դրախտը մի հրաշալի բնակավայր էր (Ծննդոց 2։8–10

Ուրեմն՝ երբ կարդում ենք, որ հանցագործը Հիսուսի հետ լինելու է Դրախտում, որպես դրախտ պատկերացնում ենք երկիրը՝ գեղեցիկ բնակավայրի վերածված։ Բայց արդյո՞ք Հիսուսը այդ նախկին հանցագործի հետ հենց այստեղ՝ երկրի վրա է ապրելու։ ~ Ոչ։ Գիտե՞ս, թե ինչու։ ~

Հիսուսը լինելու է երկնքում և այնտեղից թագավորելու է դրախտի վերածված երկիրը։ Նա այդ մարդու հետ Դրախտում կլինի այն իմաստով, որ հարություն կտա նրան ու հոգ կտանի նրա մասին։ Բայց ինչո՞ւ է Հիսուսը թույլ տալու, որ Դրախտում ապրի մի այնպիսի մարդ, որը նախկինում հանցագործ է եղել։ ~ Փորձենք գտնել պատասխանը։

Մինչև Հիսուսի հետ խոսելը ծանո՞թ էր այդ մարդը Աստծո նպատակներին։ ~ Ոչ, ծանոթ չէր։ Նա հանցագործ էր դարձել, քանի որ չէր իմացել Աստծո մասին ճշմարտությունը։ Դրախտում նա կսովորի Աստծո նպատակների մասին և հնարավորություն կունենա ցույց տալու, որ իսկապես սիրում է Եհովա Աստծուն ու պատրաստ է կատարել նրա կամքը։

Ի՞նչ ես կարծում, բոլո՞ր հարություն առնողներն են ապրելու Դրախտում՝ երկրի վրա։ ~ Ո՛չ բոլորը։ Գիտե՞ս, թե ինչու։ ~ Ոմանք հարություն են առնելու Հիսուսի հետ երկնքում ապրելու համար և նրա հետ միասին թագավորելու են դրախտ–​երկրի վրա։ Տեսնենք, թե որտեղից գիտենք այդ մասին։

Իր կյանքի վերջին գիշերը Հիսուսն ասաց առաքյալներին. «Իմ Հոր տանը՝ երկնքում, բնակվելու շատ տեղեր կան, և ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստեմ»։ Այնուհետև խոստացավ. «Դարձյալ կգամ ու ձեզ իմ մոտ կառնեմ, որ լինեք այնտեղ, որտեղ ես եմ» (Յովհաննէս 14։2, 3

Ո՞ւր գնաց Հիսուսը հարություն առնելուց հետո։ ~ Նա վերադարձավ երկինք՝ իր Հոր մոտ (Յովհաննէս 17։4, 5)։ Իր առաքյալներին և մյուս աշակերտներին Հիսուսը խոստացավ երկնային կյանքի հարություն տալ։ Ի՞նչ էին նրանք անելու Հիսուսի հետ երկնքում։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսի այն աշակերտները, ովքեր պիտի կենդանանան «առաջին հարության» ժամանակ, ապրելու են երկնքում և նրա հետ թագավորելու են երկրի վրա հազար տարի (Յայտնութիւն 5։10; 20։6; Բ Տիմոթէոս 2։12

Կուզե՞ս պարզենք, թե քանի հոգի են երկնային կյանքի հարություն ստանալու և Հիսուսի հետ թագավորելու։ ~ Ահա թե ինչ ասաց Հիսուսը իր աշակերտներին. «Մի՛ վախեցիր, փոքր հոտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց արքայությունը տալ ձեզ» (Ղուկաս 12։32)։ Այս «փոքր հոտը» բաղկացած է սահմանափակ թվով անհատներից։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկրից «հարյուր քառասունչորս հազար հոգի» երկնային կյանքի հարություն կստանան (Յայտնութիւն 14։1, 3

Որտե՞ղ են ապրելու հարություն առած անհատները և ի՞նչ են անելու

Իսկ քանի՞սն են ապրելու երկրային Դրախտում։ ~ Աստվածաշունչը որևէ թիվ չի հայտնում։ Երբ Ադամն ու Եվան դեռ Եդեմի պարտեզում էին, Աստված պատվիրել էր նրանց երեխաներ ունենալ և լցնել երկիրը։ Ճիշտ է, դա նրանց չհաջողվեց։ Բայց Աստված հոգ կտանի, որ երկիրը բարի մարդկանցով լցնելու իր նպատակը իրականանա (Ծննդոց 1։28; Եսայիա 45։18; 55։11

Պատկերացնո՞ւմ ես, թե որքա՜ն հրաշալի կլինի կյանքը Դրախտում։ Ամբողջ երկիրը կվերածվի պարտեզի։ Այնտեղ կլինեն ամեն տեսակի թռչուններ ու կենդանիներ, ծառեր ու ծաղիկներ։ Ոչ ոք չի հիվանդանա, ոչ ոքի չի սպառնա մահը։ Մարդկանց միջև կտիրի սեր և համերաշխություն։ Եթե ցանկանում ենք հավիտյան ապրել Դրախտում, ապա այսօրվանից պետք է պատրաստվենք դրան։

Երկրի վերաբերյալ Աստծո նպատակի մասին կարդանք Առակաց 2։21, 22; Ժողովող 1։4; Եսայիա 2։4; 11։6–9; 35։5, 6 և Եսայիա 65։21–24 համարներում։