Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 38

Ինչո՞ւ պիտի սիրենք Հիսուսին

Ինչո՞ւ պիտի սիրենք Հիսուսին

Պատկերացրու՝ գտնվում ես մի նավակում, որը քիչ է մնում խորտակվի։ Կուզեի՞ր, որ քեզ փրկեին։ ~ Իսկ ի՞նչ կանեիր, եթե որևէ մեկը քեզ փրկելու համար իր կյանքը զոհաբերեր։ ~ Հենց այդպես է վարվել Հիսուս Քրիստոսը։ Ինչպես իմացանք 37–րդ գլխից, նա իր կյանքը զոհաբերել է, որպեսզի մենք փրկություն ունենանք։

Ինչ խոսք, Հիսուսը խորտակվելուց չէ, որ մեզ փրկում է։ Հիշո՞ւմ ես, թե նա ինչից է մեզ ազատում։ ~ Ադամի փոխանցած մեղքից ու մահից։ Հիսուսը մահացել է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր վատ գործեր են արել։ Դու քո կյանքը վտանգի կենթարկեի՞ր՝ փրկելու համար այդպիսի մարդկանց։ ~

Աստվածաշունչն ասում է. «Հազիվ թե որևէ մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե թե մեկը համաձայնի մեռնել»։ Սակայն Հիսուսը, ինչպես բացատրում է Աստվածաշունչը, «մեռավ ամբարիշտների համար»։ Ամբարիշտ են համարվում այն մարդիկ, ովքեր Աստծուն չեն ծառայում։ Շարունակության մեջ կարդում ենք. «Երբ մենք դեռ մեղավոր էինք [դեռ վատ գործեր էինք անում], Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռովմայեցիս 5։6–8

Կարո՞ղ ես հիշել մի առաքյալի, որը նախկինում վատ գործեր է արել։ ~ Այդ առաքյալը այսպիսի խոսքեր գրեց. «Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ»։ Դա Պողոս առաքյալն էր։ Նա ասաց, որ ինքը «մի ժամանակ անմիտ» էր ու վարվում էր «չարությամբ» (Ա Տիմոթէոս 1։15; Տիտոս 3։3

Փորձիր պատկերացնել, թե Աստված ինչքան շատ պիտի սիրեր մարդկանց, որ ուղարկեր իր Որդուն՝ կյանքը տալու այդ մարդկանց համար։ Բացենք Աստվածաշունչը և միասին կարդանք Յովհաննէս 3–րդ գլխի 16–րդ համարը։ Այստեղ գրված է. «Աստված այնպես սիրեց աշխարհը [այսինքն՝ երկրի վրա ապրող մարդկանց], որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Ի՞նչ տառապանքներ կրեց Հիսուսը՝ զոհաբերելով իր կյանքը մեզ համար

Հիսուսը ցույց տվեց, որ նա մարդկանց սիրում էր նույնքան, որքան սիրում էր իր Հայրը։ Երևի հիշում ես՝ 30–րդ գլխում մենք կարդացինք, թե ինչ տառապանքներ կրեց Հիսուսը այն գիշեր, երբ նրան ձերբակալեցին։ Նրան տարան Կայիափա քահանայապետի տուն, որտեղ սկսեցին հարցաքննել։ Կեղծ վկաներ բերեցին, որոնք սուտ բաներ էին ասում նրա մասին։ Մարդիկ բռունցքով հարվածում էին նրան։ Այդ ժամանակ էր, որ Պետրոսը ուրացավ Հիսուսին՝ ասելով, թե չի ճանաչում նրան։ Այժմ եկ պատկերացնենք, որ մենք այնտեղ ենք գտնվում և տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո։

Լույսը բացվում է։ Հիսուսն ամբողջ գիշեր արթուն է մնացել։ Քանի որ գիշերվա դատաքննությունն անօրինական ձևով էր անցկացվել, քահանաները արագորեն հավաքվում են Ատյանում՝ հրեական բարձրագույն դատարանում, և նոր դատավարություն են սկսում։ Այստեղ նրանք նորից մեղադրում են Հիսուսին Աստծո դեմ հանցանք գործելու մեջ։

Այնուհետև քահանաները կապկպում են Հիսուսին ու տանում Պիղատոսի՝ հռոմեական կուսակալի մոտ։ Նրանք ասում են Պիղատոսին. «Հիսուսը դեմ է կառավարությանը։ Նա պետք է մեռնի»։ Բայց Պիղատոսը հասկանում է, որ քահանաները ստում են, ուստի ասում է նրանց. «Ես ոչ մի հանցանք չեմ տեսնում այս մարդու մեջ։ Ես նրան ազատ կարձակեմ»։ Սակայն քահանաներն ու հավաքված ժողովուրդը աղաղակում են. «Ո՛չ, թող մեռնի՛»։

Պիղատոսը նորից է ասում, որ ուզում է Հիսուսին ազատ արձակել։ Բայց քահանաների դրդմամբ ժողովուրդը աղաղակում է. «Եթե արձակես, ապա դու էլ կառավարությանը հակառակ ես։ Սպանի՛ր նրան»։ Ժողովուրդը ավելի ու ավելի բարձր է աղաղակում։ Գիտե՞ս՝ ինչ է անում Պիղատոսը։ ~

Պիղատոսն այլևս չի հակառակվում ժողովրդի ցանկությանը։ Սկզբում նա Հիսուսին մտրակել է տալիս, ապա հանձնում է զինվորներին, որպեսզի սպանեն։ Զինվորները Հիսուսի գլխին փշե պսակ են դնում՝ որպես թագ, ու նրա առջև խոնարհվելով՝ սկսում են ծաղրել։ Ապա փայտե մի մեծ ցից են դնում Հիսուսի ուսին ու նրա հետ միասին շարժվում դեպի քաղաքից դուրս՝ Գանգի տեղ կոչվող վայրը։ Այստեղ նրանք Հիսուսի ձեռքերն ու ոտքերը մեխում են այդ ցցին և ապա ցիցը հանում. Հիսուսը մնում է ցցից կախված։ Նա սարսափելի ցավ է զգում. նրա վերքերից արյուն է հոսում։

Հիսուսն անմիջապես չի մահանում։ Որոշ ժամանակ նա այդպես կախված է մնում։ Քահանայապետները ծաղրում են նրան։ Անցորդներն ասում են. «Եթե Աստծո որդի ես, իջիր տանջանքի ցցից»։ Բայց Հիսուսը գիտի, թե իր Հայրն ինչու է իրեն երկիր ուղարկել։ Նա գիտի, որ պիտի իր կատարյալ կյանքը տա, որպեսզի մենք հավիտյան ապրելու հնարավորություն ստանանք։ Վերջապես ցերեկվա ժամը երեքի կողմերը Հիսուսը բարձր ձայնով աղաղակում է Հորը և մահանում (Մատթէոս 26։36–27։50; Մարկոս 15։1; Ղուկաս 22։39–​23։46; Յովհաննէս 18։1–19։30

Տեսնո՞ւմ ես՝ որքա՜ն տարբեր էր Հիսուսը Ադամից։ Ադամը սեր չցուցաբերեց Աստծո հանդեպ ու չհնազանդվեց նրան։ Նա մեր հանդեպ նույնպես սեր չցուցաբերեց, քանի որ մեղք գործեց ու բոլորիս մեղք փոխանցեց։ Բայց Հիսուսը սեր դրսևորեց թե՛ Աստծո և թե՛ մեր հանդեպ։ Նա մինչև վերջ հնազանդվեց Աստծուն և իր կյանքը տվեց, որպեսզի ազատեր մեզ Ադամի փոխանցած մեղքից։

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Հիսուսին

Երախտագիտություն զգո՞ւմ ես Հիսուսի հանդեպ։ ~ Երբ աղոթում ես Աստծուն, շնորհակալություն հայտնո՞ւմ ես նրան, որ տվել է մեզ իր Որդուն։ ~ Պողոս առաքյալը բարձր էր գնահատում Հիսուսի արածը։ Նա այսպիսի խոսքեր է գրել. «[Աստծո Որդին] սիրեց ինձ և իր անձը մատնեց ինձ համար» (Գաղատացիս 2։20)։ Հիսուսը մահացել է նաև իմ ու քո համար։ Նա տվել է իր կատարյալ կյանքը, որպեսզի մենք կարողանանք հավիտյան ապրել։ Եվ սա պատճառներից ամենակարևորն է, թե ինչու պիտի սիրենք Հիսուսին։

Պողոս առաքյալը Կորնթոս քաղաքի քրիստոնյաներին գրեց. «Քրիստոսի սերը ստիպում է մեզ այսպես մտածելու»։ Ինչպե՞ս մտածելու, ի՞նչ ես կարծում։ ~ Ուշադրություն դարձնենք, թե Պողոսը ինչ է պատասխանում՝ շարունակելով իր խոսքը. «Քրիստոսը մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, ապրեն նրա [Քրիստոսի] համար, ոչ թե իրենց անձերի համար» (Բ Կորնթացիս 5։14, 15

Ինչո՞վ կարող ես ցույց տալ, որ Քրիստոսի համար ես ապրում։ ~ Օրինակ՝ պատմելով ուրիշներին այն ամենը, ինչ սովորել ես նրա մասին։ Մի ուրիշ օրինակ. պատկերացրու՝ տանը մենակ ես։ Ո՛չ մայրիկը, ո՛չ էլ հայրիկը չեն տեսնում, թե դու ինչով ես զբաղված։ Ինչպե՞ս կվարվես. հեռուստացույցով կամ Ինտերնետով կնայե՞ս այնպիսի բաներ, որոնք Հիսուսին դուր չէին գա։ ~ Հիշիր՝ Հիսուսը կենդանի է այժմ և տեսնում է ամեն ինչ։

Ո՞վ կարող է միշտ տեսնել, թե մենք ինչով ենք զբաղված

Մյուս պատճառը, թե ինչու պիտի սիրենք Հիսուսին, այն է, որ ուզում ենք ընդօրինակել Եհովային։ «Հայրը ինձ սիրում է»,— ասաց Հիսուսը։ Գիտե՞ս, թե ինչու է Եհովան սիրում Հիսուսին, և թե մենք ինչու պետք է սիրենք նրան։ ~ Որովհետև Հիսուսը պատրաստ էր մեռնելու, որպեսզի կատարվեր Աստծո կամքը (Յովհաննէս 10։17)։ Ուրեմն անենք այն, ինչ Աստվածաշունչն է մեզ ասում. «Նմանվեցե՛ք Աստծուն՝ որպես սիրելի զավակներ, և ընթացե՛ք սիրով, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, և իր անձը մեզ համար մատնեց» (Եփեսացիս 5։1, 2

Աստվածաշնչի հետևյալ համարները կօգնեն մեզ ավելի սիրել Հիսուսին և գնահատել այն, ինչ նա մեզ համար արել է. Հովհաննէս 3։35; 15։9, 10 և Ա Յովհաննէս 5։11, 12։