Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 41

Երեխաներ, որ ուրախացրին Աստծուն

Երեխաներ, որ ուրախացրին Աստծուն

Քո կարծիքով՝ աշխարհում ամենից շատ ո՞ր երեխան է ուրախացրել Եհովային։ ~ Նրա Որդին՝ Հիսուսը։ Խոսենք այն մասին, թե երեխա հասակում ինչ է արել Հիսուսը՝ իր երկնային Հորն ուրախացնելու համար։

Երուսաղեմում գտնվում էր Եհովայի գեղեցիկ տաճարը, իսկ Հիսուսի ընտանիքը ապրում էր մի վայրում, որտեղից Երուսաղեմ հասնելու համար երեք օր էր հարկավոր։ Մի առիթով Հիսուսն այդ տաճարի մասին ասաց, որ այն իր «Հոր տունն» էր։ Ընտանիքի մյուս անդամների հետ միասին նա ամեն տարի գնում էր այնտեղ՝ Պասեքի տոնին մասնակցելու։

Մի անգամ Պասեքը տոնելուց հետո ընտանիքը տուն էր վերադառնում։ Երբ կանգ առան գիշերելու, նկատեցին, որ Հիսուսն իրենց հետ չէ (այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր)։ Նրան չգտան ո՛չ իրենց բարեկամների մոտ, ո՛չ էլ ծանոթների։ Մարիամն ու Հովսեփը անմիջապես վերադարձան Երուսաղեմ՝ Հիսուսին փնտրելու։ Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ էր նա։ ~

Ծնողները Հիսուսին գտան տաճարում, որտեղ նա լսում էր ուսուցիչներին և հարցեր էր տալիս նրանց։ Իսկ երբ Հիսուսին էին որևէ բան հարցնում, նա միշտ կարողանում էր պատասխան տալ։ Ուսուցիչները զարմանում էին՝ լսելով Հիսուսի հրաշալի պատասխանները։ Հասկանո՞ւմ ես, թե ինչու էր Աստված ուրախանում իր Որդիով։ ~

Ինչ խոսք, Մարիամն ու Հովսեփը հանգստացան միայն այն պահին, երբ ի վերջո գտան Հիսուսին։ Իսկ ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա չէր անհանգստացել՝ գիտենալով, որ տաճարը ապահով ու լավ տեղ է։ Նա իր ծնողներին հարցրեց. «Չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»։ Հիսուսը գիտեր, որ տաճարը Աստծո տունն էր, և այնտեղ գտնվելը հաճելի էր իրեն։

Այնուհետև Մարիամն ու Հովսեփը 12–​ամյա Հիսուսին իրենց հետ տարան տուն՝ Նազարեթ։ Ի՞նչ ես կարծում, Հիսուսն ինչպե՞ս էր իրեն պահում։ ~ Աստվածաշունչն ասում է, որ նա շարունակում էր հնազանդվել իր ծնողներին։ Քո կարծիքով՝ ի՞նչ է դա նշանակում։ ~ Նշանակում է, որ նա լսում էր նրանց։ Այո՛, նա անում էր իր ծնողների ասածը, նույնիսկ եթե նրանք խնդրելիս լինեին, օրինակ, ջրհորից ջուր բերել (Ղուկաս 2։41–52

Մանուկ հասակում Հիսուսն ինչպե՞ս էր ուրախացնում Եհովային

 

Հապա խորհիր. կատարյալ մարդ լինելով հանդերձ՝ Հիսուսը հնազանդվում էր իր անկատար ծնողներին։ Դրանով նա ուրախացնո՞ւմ էր Աստծուն։ ~ Իհա՛րկե, քանի որ Աստծո Խոսքը պատվիրում է երեխաներին. «Հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիս 6։1)։ Դու նույնպես կուրախացնես Աստծուն, եթե հնազանդվես քո ծնողներին, ինչպես Հիսուսը։

Աստծուն կարող ես ուրախացնել նաև մեկ այլ ձևով՝ նրա մասին ուրիշներին պատմելով։ Ճիշտ է, ոմանք գուցե ասեն, թե դա երեխայի գործ չէ։ Սակայն մի անգամ, երբ մարդիկ փորձում էին արգելել փոքր տղաներին այդպես վարվել, Հիսուսն ասաց. «Երբևէ չե՞ք կարդացել Գրություններում, թե «փոքր երեխաների բերանով Աստված պիտի փառաբանվի»» (Մատթէոս 21։16)։ Ուրեմն եթե իսկապես ցանկանանք, ապա բոլորս էլ կկարողանանք ուրիշների հետ զրուցել Եհովայի մասին ու պատմել նրանց, թե որքան հրաշալի Աստված է նա։ Այդպես վարվելով՝ մենք կուրախացնենք Աստծուն։

Որտե՞ղ կարող ենք սովորել Եհովա Աստծո մասին, որպեսզի հետո էլ ուրիշներին պատմենք։ ~ Տանը՝ Աստվածաշունչ ուսումնասիրելով։ Բայց ավելի շատ կարող ենք սովորել այն վայրում, որտեղ ուսումնասիրություն անցկացնելու համար հավաքվում է Աստծո ժողովուրդը։ Իսկ ինչպե՞ս իմանանք, թե որն է նրա ժողովուրդը։ ~

Օրինակ՝ տեսնելով, թե ինչ են այդ մարդիկ անում իրենց ժողովի հանդիպումների ժամանակ։ Իսկապե՞ս սովորեցնում են այն, ինչ գրված է Աստվածաշնչում, կարդում և քննարկո՞ւմ են այն։ Չէ՞ որ հենց այդ ձևով է, որ մենք լսում ենք Աստծուն։ ~ Տեղին կլինի ակնկալել, որ քրիստոնեական ժողովի հանդիպման ժամանակ Աստծո ասածը լսենք, այնպես չէ՞։ ~ Բայց եթե մարդիկ ասեն, թե կարիք չկա ապրել Աստվածաշնչում գրվածի համաձայն, դու նրանց Աստծո ժողովուրդ կհամարե՞ս։ ~

Կա մի կարևոր բան ևս. Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո ժողովուրդը կազմվելու է «իր անվան համար» (Գործք 15։14)։ Մենք գիտենք, որ Աստծո անունը Եհովա է, ուստի կարող ենք հարցնել մարդկանց, թե արդյոք Եհովան իրենց Աստվածն է։ Եթե ասեն՝ ոչ, ապա կիմանանք, որ նրանք Աստծո ժողովուրդը չեն։ Բացի այդ, Աստծո ժողովուրդը պետք է պատմի ուրիշներին Աստծո Թագավորության մասին։ Նրանք նաև պետք է ցույց տան Աստծո հանդեպ իրենց սերը՝ պահելով նրա պատվիրանները (Ա Յովհաննէս 5։3

Եթե ճանաչում ես այնպիսի մարդկանց, ովքեր անում են այս ամենը, ապա Աստծուն երկրպագելու համար պետք է մասնակցես նրանց հանդիպումներին։ Այդ հանդիպումների ժամանակ դու պետք է ուշադրությամբ լսես, իսկ հետո, երբ հարցեր տրվեն, պատասխանես։ Այդպես էր վարվում Հիսուսը Աստծո տանը։ Եթե այդպես վարվես, ապա Հիսուսի նման դու էլ կուրախացնես Աստծուն։

Իսկ Աստվածաշնչից կարո՞ղ ես հիշել ուրիշ երեխաների, որոնք Աստծուն ուրախություն են պատճառել։ ~ Հրաշալի օրինակ է Տիմոթեոսը։ Նրա հայրը չէր հավատում Եհովա Աստծուն։ Բայց նրա մայրն ու տատիկը՝ Եվնիկեն ու Լոիդան, հավատում էին։ Տիմոթեոսը լսեց նրանց ու սովորեց Եհովայի մասին։

Ի՞նչ ցանկացավ անել Տիմոթեոսը, չնայած այն բանին, որ նրա հայրն անհավատ էր

Երբ նա մեծացավ, Պողոս առաքյալը այցելեց այն քաղաքը, որտեղ նա ապրում էր։ Պողոսը տեսավ, թե որքան շատ էր նա ցանկանում ծառայել Եհովային։ Ուստի հրավիրեց Տիմոթեոսին գնալ իր հետ և ավելի շատ ծառայել Աստծուն։ Ուր էլ որ նրանք գնում էին, մարդկանց պատմում էին Աստծո Թագավորության և Հիսուսի մասին (Գործք 16։1–5; Բ Տիմոթէոս 1։5; 3։14, 15

Բայց արդյո՞ք Աստվածաշնչում հանդիպում են միայն տղա երեխաների օրինակներ։ ~ Ամենևի՛ն։ Տեսնենք, թե ինչպես Եհովային ուրախություն պատճառեց իսրայելացի մի փոքրիկ աղջնակ։ Այն օրերում ասորիներն ու իսրայելացիները թշնամիներ էին։ Մի անգամ ասորիները կռվի ելան Իսրայելի դեմ ու այդ փոքրիկ աղջկան գերի տարան։ Նրան ուղարկեցին Նեեման անունով մի մարդու տուն։ Նեեմանը ասորական բանակի զորագլուխ էր։ Աղջիկը դարձավ Նեեմանի կնոջ ծառան։

Նեեմանը հիվանդ էր բորոտությամբ։ Ոչ մի բժիշկ չէր կարողանում բուժել նրան։ Իսրայելացի աղջիկը, սակայն, համոզված էր, որ Աստծո հատուկ ծառաներից՝ մարգարեներից մեկը, կկարողանար օգնել Նեեմանին։ Նեեմանն ու նրա կինը չէին երկրպագում Եհովային։ Արդյո՞ք աղջիկը կպատմեր նրանց այն, ինչ գիտեր։ Դու, օրինակ, ինչպե՞ս կվարվեիր։ ~

Այս իսրայելացի աղջիկը ինչպե՞ս ուրախացրեց Եհովային

Փոքրիկ աղջիկն ասաց. «Երանի թե Նեեմանը գնար Իսրայել՝ Եհովայի մարգարեի մոտ, այն ժամանակ մարգարեն կբուժեր նրան բորոտությունից»։ Նեեմանը լսեց աղջկան ու գնաց Եհովայի մարգարեի մոտ։ Երբ նա արեց այն, ինչ մարգարեն ասաց, բժշկվեց։ Դրանից հետո Նեեմանը սկսեց երկրպագել ճշմարիտ Աստծուն (Դ Թագաւորաց 5։1–15

Կցանկանայի՞ր այդ աղջկա նման օգնել որևէ մեկին սովորել Եհովայի մասին և իմանալ, թե ինչ է հարկավոր անել։ ~ Իսկ ո՞ւմ կարող ես դու օգնել։ ~ Ճիշտ է, նրանք սկզբում գուցե չիմանան, որ օգնության կարիք ունեն։ Այնուամենայնիվ, կարող ես պատմել նրանց այն լավ բաների մասին, որ անում է Եհովան։ Գուցե նրանք լսեն։ Վստահ եղիր, որ այդպես վարվելով՝ կուրախացնես Եհովային։

Որպեսզի երեխաներն է՛լ ավելի քաջալերվեն հաճույքով ծառայելու Աստծուն, կարելի է կարդալ Սաղմոս 122։1; Ժողովող 12։1; Ա Տիմոթէոս 4։12; Եբրայեցիս 10։23–25 խոսքերը։