Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 43

Ովքե՞ր են մեր եղբայրներն ու քույրերը

Ովքե՞ր են մեր եղբայրներն ու քույրերը

Մի անգամ Մեծ Ուսուցիչը զարմանալի հարց տվեց։ Նա ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները» (Մատթէոս 12։48)։ Կարո՞ղ ես պատասխանել այդ հարցին։ ~ Երևի քեզ հայտնի է, որ Հիսուսի մոր անունը Մարիամ էր։ Գիտե՞ս նրա եղբայրների անունները։ ~ Իսկ քո կարծիքով՝ նա քույրեր ունեցե՞լ է։ ~

Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսի եղբայրների անուններն էին՝ Հակոբոս, Հովսեփ, Սիմոն և Հուդա։ Հիսուսը ուներ նաև քույրեր։ Նրանք կենդանի էին, երբ Հիսուսը կատարում էր իր քարոզչական ծառայությունը։ Քանի որ Հիսուսը առաջնեկն էր, նրանք բոլորն էլ իրենից փոքր էին (Մատթէոս 13։55, 56; Ղուկաս 1։34, 35

Կարո՞ղ ես ասել՝ Հիսուսի եղբայրները նաև նրա աշակերտնե՞րն էին։ ~ Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում նրանք «չէին հավատում նրան» (Յովհաննէս 7։5)։ Բայց հետագայում Հակոբոսն ու Հուդան դարձան նրա աշակերտները և նույնիսկ Աստվածաշնչի մաս կազմող որոշ գրքեր գրեցին։ Գիտե՞ս, թե որ գրքերն են դրանք։ ~ Հակոբոսի և Հուդայի նամակները։

Թեպետ Հիսուսի քույրերի անունները նշված չեն Աստվածաշնչում, սակայն հայտնի է, որ նա ամենաքիչը երկու քույր է ունեցել։ Հնարավոր է նաև, որ Հիսուսն ավելի շատ քույրեր ունեցած լինի։ Արդյոք դարձա՞ն նրանք իր հետևորդները։ ~ Հայտնի չէ, քանի որ Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այդ մասին։ Բայց կուզե՞ս իմանալ, թե ինչու Հիսուսը հարցրեց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»։ ~ Եկ պարզենք։

Մի անգամ Հիսուսն ուսուցանում էր իր աշակերտներին, երբ հանկարծ ինչ–​որ մեկը ընդհատեց նրան ու ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած՝ ուզում են քեզ հետ խոսել»։ Օգտագործելով առիթը՝ Հիսուսը մի կարևոր դաս սովորեցրեց։ Նա տվեց վերևում հիշատակված զարմանալի հարցը և ապա ձեռքն ուղղելով դեպի իր աշակերտները՝ բացականչեց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները»։

Այնուհետև նա բացատրեց իր խոսքերը. «Ով որ կատարում է իմ երկնային Հոր կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» (Մատթէոս 12։47–50)։ Այս խոսքերից երևում է, թե որքան էր Հիսուսը սիրում իր աշակերտներին։ Նա ուզում էր ասել, որ իր աշակերտներն իր համար նույնքան հարազատ են, որքան իր եղբայրները, քույրերը կամ մայրը։

Հիսուսի խոսքերով՝ ովքե՞ր էին իր եղբայրներն ու քույրերը

Հիսուսի հարազատ եղբայրները՝ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան, այդ ժամանակ դեռևս չէին հավատում, որ Հիսուսն Աստծո Որդին է։ Նրանք, ըստ երևույթին, չէին հավատում նաև այն խոսքերին, որ Գաբրիել հրեշտակն ասել էր իրենց մորը (Ղուկաս 1։30–33)։ Ուստի հավանական է, որ Հիսուսի եղբայրները վատ էին վերաբերվում իրեն։ Նման ձևով վարվող ոչ մի անձնավորություն չի կարող իսկական եղբայր կամ քույր լինել։ Ճանաչո՞ւմ ես այնպիսի մարդու, որը վատ է վերաբերվում իր եղբորը կամ քրոջը։ ~

Աստվածաշնչում պատմվում է Եսավի ու Հակոբի մասին. թե ինչպես Եսավն այնքան զայրացավ, որ ասաց. «Ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։ Նրանց մայրը՝ Ռեբեկան, այնքան վախեցավ, որ Հակոբին հեռու մի տեղ ուղարկեց, որպեսզի Եսավը չկարողանա սպանել նրան (Ծննդոց 27։41–46)։ Բայց տարիներ անց Եսավի վերաբերմունքը փոխվեց, և երբ նա հանդիպեց իր եղբորը, գրկեց նրան ու համբուրեց (Ծննդոց 33։4

Անցան տարիներ։ Հակոբը 12 որդի ունեցավ։ Նրա մեծ որդիները, սակայն, չէին սիրում իրենց փոքր եղբորը՝ Հովսեփին։ Նրանք նախանձում էին Հովսեփին, քանի որ նա իրենց հոր սիրելի որդին էր։ Ուստի Հովսեփի եղբայրները վաճառեցին նրան Եգիպտոս գնացող ստրկավաճառներին։ Իսկ իրենց հորն ասացին, թե Հովսեփին մի վայրի գազան է հոշոտել (Ծննդոց 37։23–36)։ Ի՞նչ ես կարծում, ահավոր բան չէ՞ր նրանց կատարածը։ ~

Բայց հետագայում Հովսեփի եղբայրները զղջացին իրենց արածի համար։ Այդ պատճառով էլ Հովսեփը ներեց նրանց։ Նկատեցի՞ր, որ Հովսեփը Հիսուսի նման վարվեց։ ~ Հիսուսի առաքյալները լքեցին իրեն, իսկ Պետրոսը նույնիսկ ասաց, թե նրան չի ճանաչում։ Բայց Հովսեփի նման՝ Հիսուսը ներեց նրանց։

Ի՞նչ դաս պետք է սովորենք այն բանից, թե ինչպես վարվեց Կայենը Աբելի հետ

Ահա երկու եղբայրներ ևս. Կայենն ու Աբելը։ Նրանց օրինակից նույնպես կարող ենք դաս քաղել։ Եհովան տեսնում էր Կայենի սիրտը և գիտեր, որ նա իրականում չի սիրում իր եղբորը։ Ուստի Աստված ասաց Կայենին, որ նա պետք է փոխվի։ Եթե Կայենը իսկապես սիրեր Աստծուն, ապա ուշադրություն կդարձներ նրա խոսքին։ Բայց Կայենը չէր սիրում Աստծուն։ Մի օր նա ասաց Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Աբելը գնաց նրա հետ։ Երբ նրանք դաշտում մենակ էին, Կայենը այնպես ուժգին հարվածեց իր եղբորը, որ նա մահացավ (Ծննդոց 4։2–7, 8 ԷԹ

Աստվածաշունչը հայտնում է, որ այս պատմությունից կարևոր դաս ունենք սովորելու։ Գիտե՞ս թե որն է այդ դասը։ ~ «Սա է պատվերը, որ սկզբից լսեցիք, որ իրար սիրենք. ո՛չ ինչպես Կայենը, որ չարից էր»։ Ուրեմն եղբայրներն ու քույրերը պետք է սիրեն իրար։ Նրանք չպետք է լինեն Կայենի պես (Ա Յովհաննէս 3։11, 12

Ինչո՞ւ լավ չէ լինել Կայենի նման։ ~ Որովհետև Աստվածաշնչում ասվում է, որ նա չարից էր՝ Բանսարկու Սատանայից։ Քանի որ Կայենը վարվեց Սատանայի նման, կարելի է ասել, որ Սատանան էր նրա հայրը։

Տեսնո՞ւմ ես, թե ինչու է կարևոր, որ սիրես քո եղբայրներին ու քույրերին։ ~ Եթե դու չսիրես նրանց, ո՞ւմ երեխաներին կնմանվես։ ~ Բանսարկուի երեխաներին։ Դու անշուշտ չէիր ցանկանա, որ նման բան տեղի ունենար, այնպես չէ՞։ ~ Ուրեմն ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ ուզում ես լինել Աստծո երեխան։ ~ Քո եղբայրներին ու քույրերին սրտանց սիրելով։

Իսկ ի՞նչ է սերը։ ~ Սերը մի խոր զգացում է մարդու ներսում, որը մղում է նրան լավ բաներ անել ուրիշների համար։ Մենք ցույց կտանք, որ սիրում ենք ուրիշներին, եթե ջերմ զգացումներ ունենանք նրանց հանդեպ ու բարի գործեր անենք նրանց համար։ Իսկ ովքե՞ր են մեր եղբայրներն ու քույրերը, որոնց պետք է սիրենք։ ~ Հիշո՞ւմ ես՝ Հիսուսը սովորեցրեց, որ դրանք քրիստոնեական մեծ ընտանիքի անդամներն են։

Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ սիրում ես քո եղբորը

Որքանո՞վ է կարևոր այդ քրիստոնյա եղբայրներին ու քույրերին սիրելը։ ~ Աստվածաշնչում ասվում է. «Նա, որ իր տեսած եղբորը [կամ քրոջը] չի սիրում, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Յովհաննէս 4։20)։ Ուստի մեր քրիստոնեական ընտանիքից ոչ թե մի քանիսին պետք է սիրենք, այլ բոլորին։ Հիսուսն ասաց. «Սրանով մարդիկ կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Դու սիրո՞ւմ ես արդյոք բոլոր եղբայրներին ու քույրերին։ ~ Հիշիր, որ եթե նրանց չես սիրում, ուրեմն իրականում դու Աստծուն էլ չես սիրում։

Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկապես սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին։ ~ Մենք ցույց կտանք դա, եթե չխուսափենք նրանցից լոկ այն պատճառով, որ չենք ցանկանում զրուցել նրանց հետ։ Մենք սիրալիր կլինենք բոլորի հանդեպ, միշտ լավ բաներ կանենք նրանց համար և պատրաստ կլինենք նրանց հետ կիսելու մեր ունեցածը։ Եվ եթե նրանցից ոմանք դժվարության մեջ լինեն, ապա մենք սիրահոժար կերպով օգնություն ցույց կտանք։ Մենք իրոք մի մեծ ընտանիքի անդամներ ենք։

Եթե իսկապե՛ս սիրենք մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, ի՞նչ կապացուցենք։ ~ Կապացուցենք, որ Հիսուսի՝ Մեծ Ուսուցչի աշակերտներն ենք։ Մի՞թե հենց դա չէ մեր ցանկությունը։ ~

Եղբայրների ու քույրերի հանդեպ սեր ցուցաբերելու մասին քննարկվում է նաև Գաղատացիս 6։10; Ա Յովհաննէս 4։8, 21 համարներում։ Կարող ես բաց անել քո Աստվածաշունչը և ընթերցել դրանք։