Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 47

Ինչի՞ց ենք իմանում, որ Արմագեդոնը մոտ է

Ինչի՞ց ենք իմանում, որ Արմագեդոնը մոտ է

Դու արդեն գիտես՝ ինչ է «նշանը», այնպես չէ՞։ ~ Նախորդ՝ 46–րդ գլխում կարդացինք այն նշանի մասին, որով Աստված ցույց տվեց, որ այլևս երբեք աշխարհը ջրհեղեղով չի կործանի։ Առաքյալներն էլ նշան խնդրեցին Հիսուսից, որի միջոցով նրանք կկարողանային իմանալ, թե երբ էր վերադառնալու Հիսուսը, և երբ էր լինելու աշխարհի վախճանը (Մատթէոս 24։3

Քանի որ Հիսուսը երկնքում անտեսանելի էր լինելու, մարդկանց նշան էր հարկավոր, որից կերևար, որ Հիսուսը սկսել է իշխել։ Հիսուսը նկարագրեց որոշ դեպքեր, որոնց ուշադրությամբ պետք է հետևեին իր աշակերտները։ Երբ այդ դեպքերը տեղի ունենային, դա կնշանակեր, որ Հիսուսը վերադարձել է և երկնքում իշխում է որպես Թագավոր։

Սովորեցնելով, թե որքան կարևոր է դեպքերին ուշադիր հետևելը՝ Հիսուսն ասաց. «Նայեցե՛ք թզենուն և մյուս բոլոր ծառերին։ Երբ տեսնում եք, որ արդեն ծիլեր են արձակվել, ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է»։ Այս օրինակից օգտվելով՝ կարող ես ասել, որ ամառը մոտ է։ Նմանապես, տեսնելով, որ Հիսուսի նկարագրած դեպքերը կատարվում են՝ կարող ես իմանալ, որ Արմագեդոնը մոտ է (Ղուկաս 21։29, 30

Ի՞նչ դաս էր սովորեցնում Հիսուսը՝ խոսելով թզենու մասին

Այս և հաջորդ էջերում պատկերված են Հիսուսի նկարագրած դեպքերը, որոնք պետք է ցույց տային, որ Աստծո Թագավորությունը մոտ է։ Այդ դեպքերի կատարվելուց հետո Քրիստոսը՝ որպես Աստծո Թագավորության Թագավոր, կործանելու է մյուս բոլոր կառավարությունները, ինչպես կարդացինք 46–րդ գլխում։

Ուշադիր նայենք նախորդ երկու էջերում պատկերված նկարներին, որից հետո կքննարկենք դրանք։ Այն ամենի մասին, ինչ պատկերված է այս նկարներում, կարող ես կարդալ Մատթէոս 24։6–14 և Ղուկաս 21։9–11 համարներում։ Նաև ուշադրություն դարձրու յուրաքանչյուր նկարի վրա դրված թվին։ Միևնույն թիվը դրված է նաև այն պարբերությունից առաջ, որտեղ տրվում է տվյալ նկարի բացատրությունը։ Այժմ տեսնենք, թե արդյո՞ք Հիսուսի տված նշանը կատարվում է այսօր։

1) Հիսուսն ասաց. «Պատերազմներ և պատերազմների լուրեր կլսեք. ....ազգ ազգի դեմ է ելնելու և թագավորություն՝ թագավորության»։ Լսե՞լ ես պատերազմների մասին։ ~ 1914–1918 թթ.–ին տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ 1939–1945 թթ.–ին՝ Երկրորդ համաշխարհայինը։ Նախկինում համաշխարհային պատերազմներ երբեք չէին եղել։ Այսօր էլ ամբողջ աշխարհում ամենուրեք պատերազմներ են։ Հեռուստատեսությունը, ռադիոն և թերթերը լի են պատերազմների մասին լուրերով։

2) Հիսուսը նաև ասաց. «Սովեր կլինեն»։ Հավանաբար դու էլ գիտես, որ շատերն այսօր բավականաչափ ուտելիք չունեն։ Ամեն օր հազարավոր մարդիկ են մահանում սովից։

3) Հիսուսն ավելացրեց. «Համաճարակներ կլինեն»։ Գիտե՞ս, թե ինչ է համաճարակը։ ~ Համաճարակ անվանում են այն երևույթը, երբ որևէ հիվանդություն, արագ տարածվելով, սպանում է բազում մարդկանց։ Այդպիսի մի մեծ համաճարակ, որը կոչվում էր իսպանկա, գրեթե մեկ տարվա ընթացքում մոտ 20 միլիոն մարդկանց կյանքեր խլեց։ Մեր օրերում է՛լ ավելի շատ մարդ է մահանում ՁԻԱՀ հիվանդությունից։ Կան նաև ուրիշ հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղը, սրտի հիվանդությունները և այլն, որ ամեն տարի հազարավոր կյանքեր են խլում։

4) Հիսուսը նաև ասաց. «Տեղ–​տեղ երկրաշարժեր կլինեն»։ Գիտե՞ս, թե ինչ է երկրաշարժը։ ~ Երկրաշարժի ժամանակ գետինը շարժվում է ոտքերի տակ։ Տները փուլ են գալիս, և այնտեղ գտնվող մարդիկ մահանում են։ 1914 թ.–ից սկսած՝ ամեն տարի բազում երկրաշարժեր են եղել։ Լսե՞լ ես այդպիսի աղետների մասին։ ~

5) Հիսուսն ասաց, որ չարությունը պիտի շատանա։ Ահա թե ինչու են այդքան շատ գողության և բռնության դեպքեր լինում։ Մարդիկ վախենում են, որ իրենց ունեցվածքը կթալանեն։ Աշխարհում երբեք այսքան շատ հանցագործություն և բռնություն չի եղել, որքան հիմա է լինում։

6) Հիսուսը մի շատ կարևոր բան էլ նշեց՝ ասելով. «Արքայության այս ավետարանը [բարի լուրը] ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը» (Մատթէոս 24։14)։ Եթե դու հավատում ես այս բարի լուրին, ապա պետք է պատմես այն ուրիշներին։ Այդպես վարվելով՝ դու էլ կմասնակցես Հիսուսի տված այս նշանի կատարմանը։

Որոշ մարդիկ գուցե ասեն, թե Հիսուսի նկարագրած դեպքերը միշտ էլ տեղի են ունեցել։ Բայց երբեք բոլոր այս դեպքերը միաժամանակ տեղի չեն ունեցել ամբողջ աշխարհում։ Ուրեմն հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում Հիսուսի տված «նշանը»։ ~ Երբ տեսնենք, որ այս բոլոր դեպքերը կատարվում են, նշանակում է, որ շուտով այս չար աշխարհը կփոխարինվի Աստծո նոր աշխարհով։

Երբ Հիսուսը տվեց այս նշանը, նա խոսեց տարվա մի եղանակի մասին. «Աղոթք արեք, որ ձեր փախչելը ձմռանը չլինի» (Մատթէոս 24։20)։ Ի՞նչ ես կարծում, Հիսուսն ի՞նչ նկատի ուներ այս խոսքերն ասելով։ ~

Եթե ինչ–​որ մեկը ստիպված լինի աղետից փախչել ձմռանը, երբ եղանակը դժվարություններ է ստեղծում ու վտանգավոր դարձնում ճանապարհը, ի՞նչ կարող է պատահել։ ~ Եթե նրան նույնիսկ հաջողվի փախչել՝ ապա միայն ծանր դժվարություններ հաղթահարելով։ Տխուր չի՞ լինի, եթե որևէ մեկը մահանա ձմռան բքին զուտ այն պատճառով, որ չափազանց զբաղված է եղել ուրիշ գործերով ու չի սկսել իր փախուստը նախքան ձմռան գալը։ ~

Երբ Հիսուսը խոսում էր ձմռանը փախչելու մասին, ի՞նչ դաս էր ուզում սովորեցնել

Հասկանո՞ւմ ես, թե Հիսուսը ինչ կարևոր միտք էր ուզում ընդգծել՝ ասելով, որ մարդիկ փախչելու համար չսպասեն մինչև ձմռան գալը։ ~ Նա ասում է մեզ, որ եթե գիտենք՝ Արմագեդոնը մոտ է, ապա չպետք է հետաձգենք այն քայլերը, որոնցով ցույց կտանք, որ սիրում ենք Աստծուն ու ցանկանում ենք ծառայել նրան։ Եթե ձգձգենք, հետո շա՜տ ուշ կլինի մեզ համար։ Մենք կնմանվենք Նոյի օրերում ապրած մարդկանց, որոնք լսում էին, թե ինչ էր ասում Նոյը, բայց չէին մտնում տապան, որ փրկվեին։

Հաջորդ գլխում մենք կխոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Արմագեդոն պատերազմից հետո։ Մենք կիմանանք, թե Աստված ինչ է մտադիր անելու բոլոր նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են իրեն։

Աստվածաշնչի հետևյալ համարները ևս ցույց են տալիս, որ Արմագեդոնը մոտ է. Բ Տիմոթէոս 3։1–5; Բ Պետրոս 3։3, 4։