Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

Փրկանք. Աստծու մեծագույն նվերը

Փրկանք. Աստծու մեծագույն նվերը
  • Ի՞նչ է փրկանքը

  • Ինչպե՞ս այն տրվեց

  • Ի՞նչ կարող է այն նշանակել քեզ համար

  • Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես փրկանքը

1, 2. ա) Ո՞ր նվերն է քեզ համար արժեքավոր։ բ) Ինչո՞ւ է փրկանքը ամենաարժեքավոր նվերը։

Ո՞ՐՆ է ամենաարժեքավոր նվերը, որ դու երբևէ ստացել ես։ Արժեքավոր լինելու համար պարտադիր չէ, որ նվերը թանկ լինի. չէ՞ որ դրա իսկական արժեքը փողով չի որոշվում։ Երբ նվերը քեզ ուրախություն է պարգևում, և այն քեզ անհրաժեշտ է, նշանակում է, որ մեծ արժեք ունի քեզ համար։

2 Սակայն կա մի նվեր, որը չես համեմատի ուրիշ ոչ մի բանի հետ։ Այդ նվերը Աստված է պարգևել մարդկանց։ Ճիշտ է, Եհովան մեզ շատ բաներ է տվել, սակայն նրա մեծագույն նվերը փրկանքն է՝ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհը (կարդա՛  Մատթեոս 20։28)։ Ինչպես դեռ կիմանանք, փրկանքը ամենաարժեքավոր նվերն է, քանի որ այն կարող է պարգևել քեզ անսահման երջանկություն և տալ այն, ինչը քեզ ամենաշատն է անհրաժեշտ։ Իրականում, փրկանքը Եհովայի սիրո մեծագույն դրսևորումն է՝ ցուցաբերված անձամբ քո հանդեպ։

ԻՆՉ Է ՓՐԿԱՆՔԸ

3. Ի՞նչ է փրկանքը, և ի՞նչ պետք է լավ ըմբռնենք, որպեսզի հասկանանք դրա արժեքը։

3 Եթե հակիրճ նշենք, փրկանքը այն միջոցն է, որով Եհովա Աստված ազատագրելու, կամ՝ փրկելու է մարդկությանը մեղքից ու մահից (Եփեսացիներ 1։7)։ Որպեսզի կարողանանք լավ ըմբռնել աստվածաշնչյան այս ուսմունքը, պետք է հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում։ Փրկանքի արժեքը կհասկանանք միայն այն դեպքում, եթե ըմբռնենք, թե իրականում ինչ կորցրեց Ադամը՝ մեղք գործելով Աստծու դեմ։

4. Ի՞նչ էր նշանակում Ադամի համար կատարյալ մարդկային կյանքը։

4 Երբ Եհովան ստեղծեց Ադամին, պարգևեց նրան շատ թանկարժեք մի բան՝ կատարյալ մարդկային կյանք։ Մի պահ խորհիր, թե դա ինչ էր նշանակում Ադամի համար։ Ստեղծված լինելով կատարյալ մտքով ու մարմնով՝ Ադամը իր ողջ կյանքում ո՛չ հիվանդանալու էր, ո՛չ ծերանալու և ո՛չ էլ մահանալու։ Որպես կատարյալ մարդ՝ նա առանձնահատուկ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Աստվածաշունչն ասում է, որ Ադամը Աստծու որդի էր (Ղուկաս 3։38)։ Հետևաբար նա այնպիսի մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովա Աստծու հետ, ինչպիսին որդին է ունենում իր սիրող հոր հետ։ Եհովա Աստված հաղորդակցվում էր իր երկրային որդու հետ՝ տալով նրան բավականություն պատճառող աշխատանք և հայտնելով, թե ինչ է ակնկալում նրանից (Ծննդոց 1։28–30; 2։16, 17

5. Ի՞նչ իմաստով էր Ադամը «Աստծու պատկերով» ստեղծված։

5 Ադամը ստեղծված էր «Աստծու պատկերով» (Ծննդոց 1։27)։ Սակայն դա չի նշանակում, որ իր արտաքին տեսքով նման էր Աստծուն։ Ինչպես իմացանք 1-ին գլխից, Եհովան անտեսանելի ոգի է (Հովհաննես 4։24)։ Հետևաբար նա չունի մսից և արյունից կազմված մարմին։ Աստծու պատկերով ստեղծված լինել նշանակում է, որ Ադամը ուներ նույն հատկությունները, որ ունի Աստված, այսինքն՝ սեր, իմաստություն, արդարություն և զորություն։ Ադամը նման էր իր երկնային Հորը ևս մեկ իմաստով. նա ուներ ազատ կամք։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Ադամը բոլորովին նման չէր ռոբոտի, որը կատարում է միայն ծրագրավորված գործողություններ։ Նա կարող էր որոշումներ կայացնել և ընտրություն անել ճշտի և սխալի միջև։ Եթե Ադամը ընտրեր Աստծուն հնազանդվելը, ապա հավիտյան կապրեր երկրային Դրախտում։

6. Ի՞նչ կորցրեց Ադամը՝ չհնազանդվելով Աստծուն, և ինչպե՞ս դա անդրադարձավ նրա սերունդների վրա։

6 Երբ Ադամը անհնազանդ գտնվեց Աստծուն, դատապարտվեց մահվան։ Իր գործած մեղքի դիմաց նա շատ թանկ վճարեց. վճարեց իր կատարյալ կյանքով և ունեցած բոլոր օրհնություններով (Ծննդոց 3։17–19)։ Ցավոք, Ադամը այդ թանկարժեք կյանքի հեռանկարը կորցրեց ոչ միայն իր, այլև իր ապագա սերունդների համար։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Մենք բոլորս Ադամից ենք ժառանգել մեղքը։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է, որ Ադամը թե՛ իրեն և թե՛ իր սերունդներին որպես գերի «ծախեց» մեղքին ու մահվանը (Հռոմեացիներ 7։14)։ Քանի որ Ադամն ու Եվան գիտակցաբար չհնազանդվեցին Աստծուն, նրանց համար այլևս հավիտենական կյանքի հույս չկար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց սերունդների, այդ թվում նաև մեր մասին։

7, 8. Հիմնականում ի՞նչ երկու իմաստ ունի փրկանք բառը։

7 Եհովան փրկանքի միջոցով օգնության հասավ մարդկությանը։ Իսկ ի՞նչ է փրկանքը։ «Փրկանք» բառը հիմնականում ունի երկու իմաստ։ Առաջին՝ փրկանքը այն գինն է, որը վճարվում է որևէ մեկին ազատագրելու կամ որևէ բան հետ գնելու համար։ Այն կարելի է համեմատել պատերազմի ժամանակ գերի ընկած զինվորին ազատելու նպատակով վճարվող փրկագնի հետ։ Երկրորդ՝ փրկանքը այն համարժեք գինն է, որով ծածկվում է ինչ-որ բանի ծախսը կամ փոխհատուցվում է հասցված վնասը։ Օրինակ՝ եթե անհատը ինչ-որ վնաս է հասցրել, նա պետք է դրա դիմաց համապատասխան չափի գումար վճարի, որը հավասար կլինի իր հասցրած վնասի չափին։

8 Իսկ ինչպե՞ս է հնարավոր «ծածկել» այն մեծ վնասը, որն Ադամը պատճառեց բոլորիս, և ազատագրել մեզ մեղքի ու մահվան գերությունից։ Այժմ տեսնենք, թե ինչպես Եհովան տվեց փրկանքը, և թե ինչ կարող է այն նշանակել քեզ համար։

ԻՆՉՊԵՍ ԵՀՈՎԱՆ ՏՎԵՑ ՓՐԿԱՆՔԸ

9. Ինչպիսի՞ փրկանք էր պահանջվում։

9 Քանի որ հասցված վնասը կատարյալ մարդկային կյանքի կորուստն էր, ոչ մի անկատար մարդ չէր կարող այն հետ գնել (Սաղմոս 49։7, 8)։ Ուստի անհրաժեշտ էր, որ փրկանքը հավասար լիներ այն նույն կյանքի արժեքին, որ կորցրել էր Ադամը։ Սա ներդաշնակ է Աստծու Խոսքում գտնվող կատարյալ արդարության սկզբունքին, որի համաձայն՝ «հոգու դիմաց հոգի» էր պահանջվում (2 Օրենք 19։21)։ Ուրեմն ինչո՞վ էր հնարավոր փոխհատուցել այն կատարյալ մարդկային կյանքի արժեքը, որը կորցրել էր Ադամը։ Պահանջվում էր մեկ ուրիշ կատարյալ մարդու կյանք, որը կծառայեր որպես «համապատասխան փրկանք» (1 Տիմոթեոս 2։6

10. Ինչպե՞ս Եհովան տվեց փրկանքը։

10 Ինչպե՞ս Եհովան տվեց փրկանքը։ Նա երկիր ուղարկեց իր կատարյալ, ոգեղեն որդիներից մեկին՝ ամենաթանկ անձնավորությանը՝ միածին Որդուն (կարդա՛  1 Հովհաննես 4։9, 10)։ Որդին հոժարակամորեն թողեց իր երկնային բնակավայրը (Փիլիպպեցիներ 2։7)։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, Եհովան հրաշքով իր Որդու կյանքը տեղափոխեց Մարիամի արգանդը։ Աստծու սուրբ ոգու միջոցով Հիսուսը ծնվեց որպես կատարյալ մարդ, ուստի նա մեղքի դատապարտության տակ չէր (Ղուկաս 1։35

Եհովան իր միածին Որդուն որպես փրկանք տվեց մեզ համար

11. Ինչպե՞ս կարող էր մեկը փրկանք տալ միլիոնավոր մարդկանց համար։

11 Իսկ ինչպե՞ս կարող է մեկը փրկանք տալ միլիոնավոր մարդկանց համար։ Նախ տեսնենք, թե ինչպես այդ միլիոնավոր մարդիկ մեղավորներ դարձան։ Մեղք գործելով՝ Ադամը կորցրեց իր թանկարժեք կատարյալ կյանքը։ Այդ պատճառով նա չէր կարող կատարյալ կյանք փոխանցել իր սերունդներին. նրանք ժառանգեցին միայն մեղք ու մահ։ Իսկ Հիսուսը, որին Աստվածաշունչն անվանում է «վերջին Ադամ», ուներ կատարյալ մարդկային կյանք և երբեք մեղք չէր գործել (1 Կորնթացիներ 15։45)։ Կարելի է ասել՝ նա փոխարինեց Ադամին։ Աստծու հանդեպ լիակատար հնազանդություն ցույց տալով և զոհաբերելով իր կատարյալ կյանքը՝ Հիսուսը վճարեց Ադամի մեղքի համար։ Այդպիսով նա հույս պարգևեց Ադամի սերունդներին (Հռոմեացիներ 5։19; 1 Կորնթացիներ 15։21, 22

12. Ի՞նչ փաստեց Հիսուսը՝ տառապանքների ներքո տոկալով։

12 Աստվածաշունչը մանրամասնորեն նկարագրում է այն բոլոր չարչարանքները, որ կրեց Հիսուսը մինչև իր մահը։ Նրան անգթորեն մտրակով ծեծեցին, դաժանաբար գամեցին ցցին և թողեցին, որ տաժանալից մահով մեռնի (Հովհաննես 19։1, 16–18, 30; տե՛ս «Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործում» հավելվածը)։ Ինչո՞ւ պետք է Հիսուսն այդքան չարչարանքներ կրեր։ Հետագա գլուխներից մեկում մենք կտեսնենք, թե ինչպես է Սատանան հարցականի տակ դրել այն, թե ունի արդյոք Եհովան երկրային ծառաներ, որոնք կարող են հավատարիմ մնալ նրան փորձության ժամանակ։ Հիսուսը լավագույն կերպով պատասխան տվեց Սատանայի բարձրացրած այդ հարցին՝ հավատարմորեն տոկալով դաժան տառապանքների ներքո։ Նա փաստեց, որ, անկախ նրանից, թե ինչ կանի Սատանան, ազատ կամք ունեցող կատարյալ մարդը կարող է Աստծու առաջ անարատություն պահել։ Որքա՜ն պետք է ուրախացած լիներ Եհովան՝ տեսնելով իր սիրելի Որդու հավատարմությունը (Առակներ 27։11

13. Ինչպե՞ս վճարվեց փրկանքը։

13 Ինչպե՞ս վճարվեց փրկանքը։ Ըստ հրեական օրացույցի՝ մ.թ. 33-ի նիսան ամսի 14-ին Եհովան թույլ տվեց, որ իր կատարյալ ու անմեղ Որդին մահապատժի ենթարկվի։ Այդպիսով՝ Հիսուսը «մեկընդմիշտ» զոհաբերեց իր կատարյալ մարդկային կյանքը (Եբրայեցիներ 10։10)։ Նրա մահվան երրորդ օրը Եհովան հարություն տվեց նրան՝ դարձյալ ոգեղեն կյանք պարգևելով։ Երկնքում Հիսուսը ներկայացրեց Աստծուն իր կատարյալ մարդկային կյանքի արժեքը, կյանքի, որը որպես փրկանք տվել էր Ադամի սերունդների համար (Եբրայեցիներ 9։24)։ Եհովան ընդունեց Հիսուսի զոհի արժեքը, մի բան, որն անհրաժեշտ էր մարդկությանը մեղքի ու մահվան գերությունից ազատելու համար (կարդա՛  Հռոմեացիներ 3։23, 24

ՓՐԿԱՆՔ. ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ

14, 15. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի «մեղքերի ներում» ստանանք։

14 Չնայած մեր մեղավոր վիճակին՝ փրկանքի շնորհիվ մենք կարող ենք բազում հրաշալի օրհնություններ վայելել։ Տեսնենք, թե որոնք են այն օգուտներից մի քանիսը, որ բերում է Աստծու այս մեծագույն պարգևը հիմա և բերելու է ապագայում։

15 Մեղքերի թողություն։ Մեր ժառանգած անկատարության պատճառով մենք պետք է մեծ պայքար մղենք, որպեսզի անենք այն, ինչ ճիշտ է։ Լինի խոսքով թե գործով՝ բոլորս էլ մեղք ենք գործում։ Սակայն Հիսուսի քավիչ զոհի շնորհիվ մենք կարող ենք «մեղքերի ներում» ստանալ (Կողոսացիներ 1։13, 14)։ Բայց դրա համար պետք է մեր ամբողջ սրտով զղջանք, նաև խոնարհաբար խնդրենք Եհովային, որ ների մեզ քավիչ զոհի հանդեպ ունեցած մեր հավատի հիման վրա (կարդա՛  1 Հովհաննես 1։8, 9

16. Ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս երկրպագելու Աստծուն մաքուր խղճով, և որո՞նք են մաքուր խիղճ ունենալու օգուտները։

16 Մաքուր խիղճ՝ Աստծու առաջ։ Մեղավոր խիղճը հեշտությամբ կարող է հուսահատության մեջ գցել մեզ ու առաջ բերել անարժեքության զգացում։ Սակայն, չնայած մեր անկատարությանը, փրկանքի միջոցով հնարավոր դարձած մեղքերի ներման շնորհիվ Եհովա Աստված ողորմածաբար մեզ հնարավորություն է տալիս երկրպագելու իրեն մաքուր խղճով (Եբրայեցիներ 9։13, 14)։ Դրա շնորհիվ կարող ենք խոսելու ազատությամբ հաղորդակցվել Եհովայի հետ՝ ազատ, առանց կաշկանդվելու աղոթքով դիմել նրան (Եբրայեցիներ 4։14–16)։ Մաքուր խիղճ պահպանելը տալիս է մտքի խաղաղություն, օգնում է ինքնահարգանք ունենալու և բերում է երջանկություն։

17. Ինչպիսի՞ օրհնություններ են հնարավոր դարձել Հիսուսի մահով։

17 Երկրային դրախտում հավիտյան ապրելու հույս։ Հռոմեացիներ 6։23-ում գրված է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ 3-րդ գլխում մենք իմացանք, թե ինչ օրհնություններ են լինելու գալիք երկրային Դրախտում (Հայտնություն 21։3, 4)։ Բոլոր այդ ապագա օրհնությունները, այդ թվում նաև հավիտենական կյանքը՝ կատարյալ առողջությամբ, հնարավոր են շնորհիվ այն բանի, որ Հիսուսը մահացավ մեզ համար։ Որպեսզի ստանանք այդ օրհնությունները, մենք պետք է փրկանքի համար մեր երախտագիտությունը ցույց տանք Աստծուն։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՔՈ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

18. Ինչո՞ւ մենք պետք է երախտապարտ լինենք Եհովային փրկանքի պարգևի համար։

18 Ինչո՞ւ պետք է խորապես երախտապարտ լինենք Եհովային փրկանքի համար։ Սովորաբար նվերը հատկապես արժեքավոր է, երբ նվիրողը այն ձեռք բերելու համար ջանքեր է թափել, ժամանակ է տրամադրել կամ միջոցներ է ծախսել։ Այդպիսի նվերը սիրտ է ջերմացնում, քանի որ ցույց է տալիս նվիրողի անկեղծ սերը մեր հանդեպ։ Փրկանքը ամենաթանկարժեք նվերն է, քանի որ այն մեզ տալու համար Աստված մեծագույն զոհողության է գնացել։ Հովհաննես 3։16-ում ասվում է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց»։ Փրկանքը Եհովայի սիրո ամենամեծ ապացույցն է, ինչպես նաև Հիսուսի սիրո, քանի որ նա հոժարակամորեն զոհեց իր կյանքը մեզ համար (Հովհաննես 15։13)։ Փրկանքի պարգևը վստահեցնում է մեզ, որ Եհովան ու նրա Որդին սիրում են յուրաքանչյուրիս անհատապես (Գաղատացիներ 2։20

Ձգտելով ճանաչել Եհովային՝ դու ցույց կտաս, որ թանկ ես գնահատում նրա տված փրկանքը

19, 20. Ինչպե՞ս կարող ես երախտագիտությունդ ցույց տալ փրկանքի համար։

19 Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ երախտապարտ ես Աստծու նվերի՝ փրկանքի համար։ Նախ ձգտիր ճանաչել այդ մեծագույն պարգևը տվողին՝ Եհովային (Հովհաննես 17։3)։ Աստվածաշունչը այս գրքի օգնությամբ ուսումնասիրելը կօգնի քեզ այդ հարցում։ Որքան ճանաչես Եհովային, այնքան ավելի շատ կսիրես նրան, և սերը կմղի քեզ հաճեցնելու նրան (1 Հովհաննես 5։3

20 Հավատ դրսևորիր Հիսուսի քավիչ զոհի հանդեպ։ Հովհաննես 3։36-ում գրված է. «Ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի»։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հավատում ես Հիսուսին։ Հավատը միայն խոսքերով չէ, որ պետք է դրսևորել։ Հակոբոս 2։26-ում ասվում է, որ «հավատը առանց գործերի մեռած է»։ Այո՛, իսկական հավատը պետք է գործերով փաստել։ Որպեսզի ցույց տանք, որ հավատում ենք Հիսուսին, պետք է մեր լավագույնն անենք՝ ընդօրինակելու նրան թե՛ խոսքով, թե՛ գործով (Հովհաննես 13։15

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է ներկա լինենք Տիրոջ ընթրիքի տարեկան արարողությանը։ բ) Ի՞նչ կիմանանք 6-րդ և 7-րդ գլուխներից։

21 Ներկա եղիր Հիշատակի երեկոյին։ Մ.թ. 33-ի նիսան ամսվա 14-ի երեկոյան Հիսուսը մի հատուկ արարողություն հաստատեց, որն Աստվածաշունչը անվանում է «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20; Մատթեոս 26։26–28)։ Այն նաև կոչվում է Հիսուսի մահվան Հիշատակի երեկո։ Հիսուսը հաստատեց այն, որպեսզի իր առաքյալները և նրանցից հետո բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հիշեն, որ իր կատարյալ կյանքը նա որպես փրկանք է տվել։ Նա պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19Հիշատակի երեկոն նշելը հիշեցնում է մեզ այն մեծ սերը, որ փրկանքի միջոցով ցուցաբերեցին թե՛ Եհովան, թե՛ Հիսուսը։ Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը փրկանքի համար՝ ներկա լինելով Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի տարեկան արարողությանը։ *

22 Իրոք որ, Եհովայի տված փրկանքը անգին նվեր է (2 Կորնթացիներ 9։14, 15)։ Այն կարող է օգուտներ բերել նույնիսկ նրանց, ովքեր արդեն մահացել են։ Իսկ թե ինչպես, այդ մասին կիմանանք 6-րդ և 7-րդ գլուխներից։

^ պարբ. 21 Տիրոջ ընթրիքի մասին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս «Տիրոջ ընթրիք. հիշարժան օր, որը փառք է բերում Աստծուն» հավելվածը։