Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

Որտե՞ղ են գտնվում մահացածները

Որտե՞ղ են գտնվում մահացածները
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո

  • Ինչո՞ւ են մարդիկ մահանում

  • Մխիթարակա՞ն է արդյոք իմանալ մահվան մասին ճշմարտությունը

1-3. Ի՞նչ հարցեր են մարդիկ տալիս մահվան մասին, և ի՞նչ են սովորեցնում տարբեր կրոններ։

ՀԱԶԱՐԱՎՈՐ տարիներ է, ինչ մարդիկ խորհում են այս հարցերի շուրջ։ Սրանք կարևոր նշանակություն ունեցող հարցեր են, քանի որ, անկախ նրանից, թե ովքեր ենք մենք և որտեղ ենք ապրում, դրանց պատասխանները վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին։

2 Նախորդ գլխից իմացանք, թե Հիսուսի քավիչ զոհը ինչպես է ճանապարհ հարթել դեպի հավիտենական կյանք։ Սովորեցինք նաև, որ Աստվածաշունչը այնպիսի ժամանակներ է նախագուշակում, երբ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։4)։ Սակայն մինչ կգան այդ ժամանակները, բոլոր մարդիկ մահանում են։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են» (Ժողովող 9։5)։ Այնուհանդերձ, մենք ձգտում ենք ապրել որքան հնարավոր է երկար, ու չնայած դրան՝ դեռ շարունակում ենք մտածել, թե ինչ է պատահում մահից հետո։

3 Երբ մահանում է մեր սիրելիներից մեկը, մենք մեծ վիշտ ենք ապրում, ու թերևս մեր մեջ հարցեր են առաջանում. «Որտե՞ղ է նա գտնվում։ Տանջվո՞ւմ է արդյոք։ Տեսնո՞ւմ է մեզ։ Կարո՞ղ ենք օգնել նրան։ Կտեսնե՞նք նրան կրկին»։ Աշխարհի կրոնները տարբեր կերպերով են պատասխանում այս հարցերին։ Որոշ կրոններ սովորեցնում են, որ եթե արդար կյանքով ապրես, կգնաս երկինք, բայց եթե մեղավոր կյանքով ապրես, հավիտյան կայրվես տանջանքի վայրում։ Ուրիշ կրոններ սովորեցնում են, թե մահանալուց հետո մարդիկ գնում են ոգեղեն ոլորտ, որպեսզի միանան իրենց նախնիներին։ Այլ կրոններ էլ ասում են, որ մահացածները գնում են անդրշիրիմյան աշխարհ, որպեսզի դատվեն ու դրանից հետո վերամարմնավորվեն, կամ՝ կրկին ծնվեն մեկ այլ մարմնով։

4. Մահվան վերաբերյալ ո՞ր հիմնական գաղափարն են սովորեցնում շատ կրոններ։

4 Նման կրոնական ուսմունքների համաձայն՝ մահից հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել։ Թե՛ անցյալում և թե՛ այսօր գոյություն ունեցող գրեթե յուրաքանչյուր կրոն սովորեցնում է, որ մահից հետո մարդը ինչ-որ ձևով շարունակում է ապրել հավիտյան՝ պահպանելով տեսնելու, լսելու և մտածելու կարողությունը։ Սակայն ինչպե՞ս է դա հնարավոր, երբ մարդու զգայարանները և մտքերը կապված են ուղեղի աշխատանքի հետ։ Իսկ ուղեղը մահանալուց հետո դադարում է աշխատելուց։ Դրանից հետո այլևս չեն գործում զգայարանները, չկա հիշողություն, և չկան զգացմունքներ։ Երբ ուղեղը մահանում է, դրանք դադարում են գոյություն ունենալուց։

ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

5, 6. Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը մահացածների վիճակի մասին։

5 Այն, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, բոլորովին էլ առեղծված չէ Եհովայի՝ մարդու ուղեղը Ստեղծողի համար։ Նա գիտի ճշմարտությունը և իր Խոսքում՝ Աստվածաշնչում, պարզ բացատրում է, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Այնտեղ ասվում է, որ երբ մարդը մահանում է, դադարում է գոյություն ունենալուց։ Մահը կյանքի հակառակն է։ Մահացածները ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ մտածում։ Մարդուց ոչ մի մասնիկ մահից հետո չի շարունակում իր գոյությունը։ Մենք անմահ հոգի կամ ոգի չունենք։ *

Ո՞ւր անհետացավ կրակը

6 Նշելով, որ ապրողները գիտակցում են, որ մահանալու են՝ Սողոմոն թագավորը գրում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Ապա շարունակելով խոսել այս պարզ ճշմարտության մասին՝ նա ասում է, որ մահացածները չեն կարող սիրել կամ ատել, քանի որ գերեզմանում «ո՛չ աշխատանք կա, ո՛չ ծրագրեր, ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ իմաստություն» (կարդա՛  Ժողովող 9։5, 6, 10)։ Իսկ Սաղմոս 146։4-ում ասվում է, որ երբ մարդը մահանում է, «կորչում են նրա մտքերը»։ Մարդը մահկանացու է, և մահից հետո դադարում է գոյություն ունենալուց։ Մեր կյանքը նման է այրվող մոմի կրակին։ Երբ կրակը հանգչում է, ոչ մի տեղ չի գնում, պարզապես դադարում է գոյություն ունենալուց։

ԻՆՉ ԱՍԱՑ ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

7. Հիսուսն ինչի՞ հետ համեմատեց մահը։

7 Հիսուս Քրիստոսը նույնպես խոսեց մահացածների վիճակի մասին։ Երբ նրա մտերիմներից մեկը՝ Ղազարոսը, մահացավ, Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է»։ Իմանալով, որ Ղազարոսը հիվանդ է՝ աշակերտները կարծեցին, թե նա պարզապես պառկել է քնելու, որ ապաքինվի։ Բայց նրանք սխալվում էին։ Ուստի Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ» (կարդա՛  Հովհաննես 11։11–14)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։ Ղազարոսը ո՛չ երկնքում էր, ո՛չ էլ դժոխքում։ Նա չհանդիպեց հրեշտակների կամ իր նախնիներին, և ոչ էլ կրկին ծնվեց որպես մեկ ուրիշ անձնավորություն։ Ղազարոսը մահացել էր. նա կարծես քնած լիներ խոր քնով, որում երազներ չկան։ Աստվածաշնչյան ուրիշ համարներ նույնպես մահը համեմատում են քնի հետ։ Օրինակ՝ երբ Ստեփանոս աշակերտին քարկոծելով սպանեցին, Աստվածաշունչն ասում է, որ նա «ննջեց» (Գործեր 7։60, ծնթ.)։ Պողոս առաքյալը նույնպես գրում է, որ իր օրերում մի քանիսը «ննջեցին» (1 Կորնթացիներ 15։6

Եհովան մարդկանց ստեղծել է երկրի վրա հավիտյան ապրելու նպատակով

8. Որտեղի՞ց գիտենք, որ Աստծու նպատակը չէր, որ մարդիկ մահանային։

8 Արդյոք Աստծու սկզբնական նպատակի մեջ մտնո՞ւմ էր, որ մարդիկ մահանային։ Ամենևի՛ն։ Եհովան ստեղծել էր մարդկանց, որ նրանք երկրի վրա հավիտյան ապրեին։ Ինչպես արդեն սովորեցինք նախորդ գլուխներից, Աստված առաջին մարդկային զույգին բնակեցրեց հրաշալի դրախտում և պարգևեց կատարյալ առողջություն։ Եհովան նրանց համար միայն բարին էր ցանկանում։ Մի՞թե սիրառատ ծնողը կցանկանա, որ իր երեխաները զգան ծերության ցավը և մահանան։ Երբե՛ք։ Եհովան սիրում էր իր զավակներին և ուզում էր, որ նրանք անվերջ երջանկություն վայելեին երկրի վրա։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան «հավիտենություն է դրել մարդկանց սրտերում» (Ժողովող 3։11)։ Աստված ստեղծել է մեզ հավիտյան ապրելու ցանկությամբ և քայլեր է ձեռնարկել, որ այդ ցանկությունը իրականություն դառնա։

ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ

9. Ի՞նչ էր պատվիրել Եհովան, և ինչո՞ւ դժվար չէր այդ պատվերին հնազանդվել։

9 Ինչո՞ւ են մարդիկ մահանում։ Այս հարցի պատասխանը իմանալու համար տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ միայն Ադամն ու Եվան էին ապրում երկրի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ աչքերի համար ցանկալի ու լավ պտուղներ ունեցող» (Ծննդոց 2։9)։ Սակայն Եհովան Ադամին ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։16, 17)։ Այս պատվերին հնազանդվելը ամենևին էլ դժվար չէր, քանի որ պարտեզում կային շատ ծառեր, որոնց պտուղներից Ադամն ու Եվան կարող էին ուտել։ Սակայն այդ պատվիրանը նրանց հնարավորություն էր տալիս ցույց տալու իրենց երախտագիտությունն այն Անձնավորության հանդեպ, որն իրենց տվել էր ամեն ինչ, այդ թվում նաև կատարյալ կյանք։ Նրանց հնազանդությունը ցույց կտար, որ հարգում են իրենց երկնային Հոր հեղինակությունը և ուզում են հետևել նրա սիրառատ առաջնորդությանը։

10, 11. ա) Ինչպե՞ս առաջին մարդկային զույգը անհնազանդություն ցուցաբերեց Աստծու հանդեպ։ բ) Ինչո՞ւ էր Ադամի ու Եվայի անհնազանդությունը լուրջ մեղք։

10 Ցավոք, առաջին մարդկային զույգը չհնազանդվեց Եհովային։ Խոսելով օձի միջոցով՝ Սատանան հարց ուղղեց Եվային. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Եվան պատասխանեց. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել։ Բայց պարտեզի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»» (Ծննդոց 3։1–3

11 Սատանան շարունակեց՝ ասելով. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող» (Ծննդոց 3։4, 5)։ Նա ցանկանում էր հավատացնել Եվային, թե արգելված պտղից ուտելով՝ վերջինիս համար լավ կլինի։ Սատանայի խոսքերի համաձայն՝ Եվան անձամբ կարող էր որոշել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, այսինքն՝ կարող էր անել այն, ինչ ուզում է։ Սատանան նաև մեղադրեց Եհովային, թե նա սուտ է խոսել, երբ ասել է, որ այդ պտուղն ուտելը վատ հետևանքներ կունենա։ Եվան հավատաց Սատանային, ուստի քաղեց ծառի պտղից ու կերավ։ Այնուհետև Եվան այդ պտղից տվեց նաև իր ամուսնուն, և նա նույնպես կերավ։ Նրանք անգիտակցաբար չգործեցին այդ արարքը, այլ լավ հասկանում էին, որ անում են հենց այն, ինչը Աստված ասել է, որ չանեն։ Ուտելով պտուղը՝ նրանք գիտակցաբար չհնազանդվեցին Աստծու տված պարզ պատվերին։ Նրանք արհամարհեցին իրենց երկնային Հորը և նրա իշխանությունը։ Նման անհարգալից վերաբերմունքը իրենց սիրառատ Արարչի հանդեպ աններելի էր։

12. Ի՞նչն է օգնում մեզ հասկանալու, թե ինչ զգաց Եհովան, երբ Ադամն ու Եվան իրեն հակառակ ընթացք բռնեցին։

12 Ի՞նչ կզգայիր, եթե քո պահած-մեծացրած երեխան այն աստիճան անհնազանդ լիներ, որ բացահայտորեն ցույց տար, որ չի հարգում և չի սիրում քեզ։ Նման վերաբերմունքն, անկասկած, մեծ ցավ կպատճառեր քեզ։ Այժմ պատկերացրու, թե ինչ զգաց Եհովան, երբ Ադամն ու Եվան իրեն հակառակ ընթացք բռնեցին։

Ադամը ստեղծվել էր հողից ու հող էլ դարձավ

13. Ի՞նչ էր պատահելու Ադամին, երբ նա մահանար, և ի՞նչ էր դա նշանակում։

13 Նրանց այդ արարքից հետո Եհովան թույլ չտվեց անհնազանդ Ադամին ու Եվային ապրել հավիտյան։ Ինչպես որ նա ասել էր, նրանք երկուսն էլ մահացան։ Ադամն ու Եվան դադարեցին գոյություն ունենալուց։ Նրանք չտեղափոխվեցին ոգեղեն ոլորտ։ Դա իմանում ենք Եհովայի այն խոսքերից, որոնք նա ասաց Ադամին, երբ պատասխանատվության կանչեց անհնազանդության համար։ Եհովան ասաց Ադամին. «Հետ [կ]դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19)։ Աստված Ադամին ստեղծել էր հողի փոշուց (Ծննդոց 2։7)։ Մինչ այդ Ադամը գոյություն չուներ։ Ուստի երբ Եհովան ասաց, որ նա պետք է հող դառնա, ուզում էր ասել, որ առաջվա պես գոյություն չի ունենալու։ Ադամը լինելու էր նույնքան անկենդան, որքան որ հողը, որից նա ստեղծվել էր։

14. Ինչո՞ւ են մարդիկ մահանում։

14 Ադամն ու Եվան այսօր կարող էին կենդանի լինել, սակայն մահացան, քանի որ չհնազանդվեցին Աստծուն և մեղք գործեցին։ Ադամի մեղավոր վիճակը, ինչպես նաև մահը փոխանցվեցին նրա բոլոր սերունդներին, այդ պատճառով բոլոր մարդիկ մահանում են (կարդա՛  Հռոմեացիներ 5։12)։ Մեղքը ժառանգական հիվանդության պես է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Մեղքի հետևանքը՝ մահը, անեծք է։ Մահը մեր թշնամին է (1 Կորնթացիներ 15։26)։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք Եհովային, որ փրկանք տվեց՝ ազատելու մեզ այդ անգութ թշնամուց։

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼԸ ՕԳՏԱԿԱՐ Է

15. Ինչո՞ւ է մխիթարական իմանալ մահվան մասին ճշմարտությունը։

15 Մխիթարական է իմանալ, թե մահվան մասին ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ինչպես արդեն իմացանք, մահացածները չեն տառապում ու ցավ չեն զգում։ Հարկ չկա վախենալու նրանցից, քանի որ նրանք չեն կարող վնասել մեզ։ Նրանք չունեն մեր օգնության կարիքը և չեն էլ կարող օգնել որևէ մեկին, չեն կարող լսել և խոսել մեզ հետ։ Բազմաթիվ կրոնական առաջնորդներ խաբում են՝ ասելով, թե կարող են օգնել մահացածներին, և մարդիկ, հավատալով այդ խոսքերին, փող են տալիս նրանց։ Մահվան մասին ճշմարտությունն իմանալը պաշտպանում է մեզ նման ստերից։

16. Ո՞վ է ազդեցություն գործել շատ կրոնների ուսմունքների վրա և ինչպե՞ս։

16 Արդյոք քո կրոնը սովորեցնո՞ւմ է այն, ինչ Աստվածաշունչն է ասում մահվան մասին։ Շատ կրոններ այլ բան են սովորեցնում։ Ինչո՞ւ։ Քանի որ Սատանան ազդեցություն է գործել նրանց ուսմունքների վրա։ Նա կեղծ կրոնի միջոցով հավատացնում է մարդկանց, թե մահից հետո նրանք շարունակելու են ապրել ոգեղեն ոլորտում։ Այս և սրա նման ուրիշ ստերի միջոցով Սատանան փորձում է հեռացնել մարդկանց Եհովա Աստծուց։ Ինչպե՞ս։

17. Ինչո՞ւ է հավիտենական տանջանքի մասին ուսմունքը անարգանք բերում Եհովային։

17 Ինչպես արդեն նշեցինք, որոշ կրոններ սովորեցնում են, որ եթե մարդը մեղավոր կյանքով է ապրում, մահանալուց հետո հավիտյան տանջվում է կրակների մեջ։ Այս ուսմունքը անարգանք է բերում Աստծուն։ Եհովան սիրո Աստված է և նման ձևով մարդկանց չէր տանջի (կարդա՛  1 Հովհաննես 4։8)։ Ի՞նչ կմտածեիր այն մարդու մասին, որն իր չարաճճի երեխային պատժելու համար նրա ձեռքերը կրակի վրա պահեր։ Կհարգեի՞ր նրան։ Կուզեի՞ր ճանաչել նման անհատի։ Դժվար թե։ Հավանաբար կմտածեիր, որ նրա արածը դաժանություն է։ Սատանան ցանկանում է, որ մենք հավատանք, թե Եհովան հավիտյան՝ անհաշիվ տարիներ, տանջում է մարդկանց կրակների մեջ։

18. Մահացածներին երկրպագելը ո՞ր սուտ ուսմունքի վրա է հիմնված։

18 Սատանան որոշ կրոնների միջոցով սովորեցնում է նաև, թե մահից հետո մարդիկ դառնում են անմահ հոգիներ, որոնց կենդանի մարդիկ պետք է հարգեն ու պատվեն։ Ըստ այս ուսմունքի՝ մահացածների հոգիները կարող են դառնալ կա՛մ մեր պահապանները, կա՛մ թշնամիները։ Շատ մարդիկ հավատում են այդ ստին։ Նրանք վախենում են մահացածներից և պատվում ու երկրպագում են նրանց։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները քնած են, և մենք պետք է երկրպագենք միայն ճշմարիտ Աստված Եհովային՝ մեր Արարչին (Հայտնություն 4։11

19. Ո՞ր ուսմունքն ենք հասկանում՝ մահվան մասին ճշմարտությունն իմանալով։

19 Մահացածների մասին ճշմարտությունն իմանալը պաշտպանում է մեզ կրոնական ստերից և օգնում է հասկանալու աստվածաշնչյան մյուս ուսմունքները։ Օրինակ՝ երբ իմանում ենք, որ մահանալուց հետո մարդիկ չեն փոխադրվում ոգեղեն ոլորտ, հասկանում ենք, թե ինչ է նշանակում երկրային դրախտում հավիտենական կյանքի մասին Աստծու խոստումը։

20. Ինչի՞ մասին կիմանանք հաջորդ գլխում։

20 Դեռ դարեր առաջ աստվածավախ Հոբը հետևյալ հարցը տվեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի» (Հոբ 14։14)։ Հնարավո՞ր է արդյոք, որ անկենդան մարդը, որը քնած է մահվան քնով, կրկին կյանք ստանա։ Հաջորդ գլխում կիմանանք, թե ինչ մխիթարական լուր է հայտնում Աստվածաշունչը այս մասին։

^ պարբ. 5 «Հոգի» և «ոգի» բառերի համար տե՛ս ««Հոգի» և «ոգի». ի՞նչ են նշանակում այս բառերն իրարականում» հավելվածը։