Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա

Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա
  • Օգնո՞ւմ են արդյոք հրեշտակները մարդկանց

  • Ինչպե՞ս են չար ոգիները ազդեցություն գործում մարդկանց վրա

  • Պե՞տք է արդյոք վախենալ չար ոգիներից

1. Ինչո՞ւ պետք է ավելին իմանանք հրեշտակների մասին։

ՈՐԵՎԷ մեկին ճանաչելու համար մենք սովորաբար ծանոթանում ենք նաև նրա ընտանիքի հետ։ Նմանապես, Եհովային ճանաչելու համար մենք պետք է ծանոթ լինենք նաև հրեշտակներից բաղկացած նրա ընտանիքին։ Աստվածաշունչը հրեշտակներին անվանում է Աստծու որդիներ (Հոբ 38։7)։ Ո՞րն է նրանց դերը Աստծու նպատակի մեջ։ Հրեշտակները դեր խաղացե՞լ են մարդկության պատմության մեջ։ Նրանք ազդեցություն գործո՞ւմ են քո կյանքի վրա։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

2. Ինչպե՞ս են առաջ եկել հրեշտակները, և որքա՞ն է նրանց թիվը։

2 Աստվածաշնչում հարյուրավոր անգամներ նշվում է հրեշտակների մասին։ Քննենք դրանցից մի քանիսը, որպեսզի ավելին իմանանք նրանց մասին։ Ինչպե՞ս են առաջ եկել հրեշտակները։ Կողոսացիներ 1։16-ում ասվում է. «Նրա [Հիսուս Քրիստոսի] միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա»։ Ուրեմն հրեշտակներ կոչվող ոգեղեն արարածներին ստեղծել է Եհովա Աստված իր անդրանիկ Որդու միջոցով։ Իսկ որքա՞ն է նրանց թիվը։ Աստվածաշունչը նշում է, որ հարյուր միլիոնավոր հրեշտակներ կան, և նրանք բոլորն էլ մեծ զորություն ունեն * (Սաղմոս 103։20

3. Ի՞նչ ենք իմանում հրեշտակների մասին Հոբ 38։4–7 համարներից։

3 Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից, իմանում ենք, որ երբ Աստված երկրի հիմքերն էր դնում, «Աստծու բոլոր որդիները բարձրաձայն գովաբանություն էին անում» (Հոբ 38։4–7)։ Հետևաբար հրեշտակները գոյություն են ունեցել մարդկանց ստեղծվելուց շատ առաջ, նույնիսկ նախքան երկրի ստեղծվելը։ Աստվածաշնչյան այս հատվածը ցույց է տալիս, որ հրեշտակները զգացումներ ունեն, քանի որ ասվում է, որ նրանք «ուրախությունից միասին բացականչում էին»։ Ուշադրություն դարձրու նաև, որ «Աստծու բոլոր որդիները» միասին էին ուրախանում։ Այդ ժամանակ բոլոր հրեշտակները միասնական էին՝ ինչպես մեկ ընտանիք ծառայում էին Եհովա Աստծուն։

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

4. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ հավատարիմ հրեշտակները հետաքրքրված են մարդկանցով։

4 Այն ժամանակվանից ի վեր, երբ ստեղծվեց առաջին մարդկային զույգը, հավատարիմ ոգեղեն արարածները մեծ հետաքրքրությամբ հետևում էին, թե ինչպես է մեծանում մարդկային ընտանիքը, և ինչպես են իրականանում Աստծու նպատակները (Առակներ 8։30, 31; 1 Պետրոս 1։11, 12)։ Սակայն ժամանակի ընթացքում հրեշտակները տեսան, որ մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է իրենց սիրառատ Արարչին ծառայելուց։ Անկասկած, դա տխրեցրեց հավատարիմ հրեշտակներին։ Մյուս կողմից, սակայն, երբ նույնիսկ մեկ մարդ հետ է դառնում դեպի Եհովան, «հրեշտակները ուրախանում են» (Ղուկաս 15։10)։ Քանի որ հրեշտակները այդքան մտահոգված են Աստծուն ծառայող մարդկանց բարօրությամբ, զարմանալի չէ, որ Եհովան մինչ օրս նրանց միջոցով զորացնում ու պաշտպանում է երկրի վրա գտնվող իր հավատարիմ ծառաներին (կարդա՛  Եբրայեցիներ 1։7, 14)։ Քննենք մի քանի օրինակ։

«Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22)

5. Հրեշտակների աջակցության ի՞նչ օրինակներ ենք գտնում Աստվածաշնչում։

5 Երկու հրեշտակ օգնեցին արդար Ղովտին ու նրա աղջիկներին փրկվելու այլասերված Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումից՝ դուրս բերելով նրանց այնտեղից (Ծննդոց 19։15, 16)։ Այդ դեպքից դարեր անց Դանիել մարգարեին գցեցին առյուծների գուբը, սակայն նա կենդանի մնաց և ասաց հետևյալ խոսքերը. «Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակին ու փակեց առյուծների երախը» (Դանիել 6։22)։ Մ.թ. 1-ին դարում հրեշտակը Պետրոս առաքյալին ազատեց բանտից (Գործեր 12։6–11)։ Հրեշտակները նաև քաջալերեցին Հիսուսին նրա երկրային ծառայությունը սկսելիս (Մարկոս 1։13)։ Իսկ նրա մահից առաջ մի հրեշտակ հայտնվեց և «զորացրեց նրան» (Ղուկաս 22։43)։ Կյանքի այդ կարևոր պահին Հիսուսի համար որքա՜ն քաջալերական պետք է որ լիներ հրեշտակների աջակցությունը։

6. ա) Ինչպե՞ս են հրեշտակները պաշտպանում Աստծու ծառաներին մեր օրերում։ բ) Ինչպիսի՞ հարցեր ենք քննելու։

6 Մեր օրերում, սակայն, հրեշտակները տեսանելի կերպով չեն հայտնվում։ Ու թեև նրանք անտեսանելի են մարդկանց համար, այնուհանդերձ, դեռ շարունակում են պաշտպանել Աստծու ծառաներին, հատկապես հոգևոր վտանգներից։ Աստվածաշունչն ասում է. «Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը և փրկում է նրանց» (Սաղմոս 34։7)։ Այս խոսքերը զորության աղբյուր են մեզ համար, քանի որ գոյություն ունեն վտանգավոր չար ոգեղեն արարածներ, որոնք ուզում են կործանել մեզ։ Ովքե՞ր են նրանք։ Որտեղի՞ց են ծագում առել։ Ինչպե՞ս են փորձում վնասել մեզ։ Այս հարցերի պատասխանները իմանալու համար քննենք այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մարդկության պատմության սկզբում։

ՈԳԵՂԵՆ ԱՐԱՐԱԾՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ

7. Ի՞նչ հաջողությունների հասավ Սատանան Աստծուց մարդկանց հեռացնելու հարցում։

7 Ինչպես սովորեցինք 3-րդ գլխում, Աստծու հրեշտակներից մեկը ուրիշների վրա իշխելու ցանկություն զարգացրեց իր մեջ և դեմ դուրս եկավ Աստծուն։ Հետագայում այս հրեշտակը հայտնի դարձավ Բանսարկու Սատանա անունով (Հայտնություն 12։9)։ Եվային խաբելուց հետո 16 դարերի ընթացքում Սատանային հաջողվեց Աստծուց հեռացնել գրեթե բոլոր մարդկանց, բացի մի քանի հավատարիմներից, որոնցից էին, օրինակ՝ Աբելը, Ենոքը և Նոյը (Եբրայեցիներ 11։4, 5, 7

8. ա) Ինչպե՞ս որոշ հրեշտակներ դարձան դևեր։ բ) Ի՞նչ արեցին դևերը, որպեսզի վերապրեն Նոյի օրերի Ջրհեղեղից։

8 Նոյի օրերում ուրիշ հրեշտակներ նույնպես ըմբոստացան Եհովայի դեմ։ Նրանք թողեցին Աստծու երկնային ընտանիքը, իջան երկիր և հագան ֆիզիկական մարմիններ։ Ինչո՞ւ։ Ծննդոց 6։2-ում կարդում ենք. «Ճշմարիտ Աստծու որդիները սկսեցին ուշադրություն դարձնել մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին»։ Սակայն Եհովա Աստված թույլ չտվեց, որ այդ հրեշտակների արարքները և դրանց հետևանքով տարածված այլասերվածությունը երկար շարունակվեն։ Նա համաշխարհային ջրհեղեղ բերեց և երկրի երեսից սրբեց բոլոր ամբարիշտ մարդկանց՝ փրկելով միայն իր հավատարիմ ծառաներին (Ծննդոց 7։17, 23)։ Ըմբոստ հրեշտակները, կամ՝ դևերը, ստիպված եղան թողնել իրենց ֆիզիկական մարմինները և վերադառնալ երկինք։ Ըմբոստանալով՝ նրանք դիրք բռնեցին Սատանայի կողմը, որը դարձել էր «դևերի իշխան» (Մատթեոս 9։34

9. ա) Ի՞նչ պատահեց դևերին, երբ նրանք երկինք վերադարձան։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ պարբերություններում։

9 Երբ անհնազանդ հրեշտակները վերադարձան երկինք, նրանք, ինչպես և իրենց իշխանը՝ Սատանան, այլևս չէին կարող Աստծու երկնային ընտանիքի անդամները լինել (2 Պետրոս 2։4)։ Ու թեև մեր օրերում դևերն այլևս չեն կարող ֆիզիկական մարմիններ հագնել, այնուհանդերձ շարունակում են վատ ազդեցություն գործել մարդկանց վրա։ Իրականում, դևերի օգնությամբ Սատանան «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9; 1 Հովհաննես 5։19)։ Ինչպե՞ս։ Մարդկանց խաբելու համար դևերը օգտագործում են տարբեր միջոցներ (կարդա՛  2 Կորնթացիներ 2։11)։ Քննենք, թե որոնք են այդ միջոցներից մի քանիսը։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԴԵՎԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ

10. Ի՞նչ է ոգեհարցությունը։

10 Մարդկանց մոլորեցնելու համար դևերը օգտագործում են ոգեհարցությունը։ Ոգեհարցությունը հաղորդակցություն է դևերի հետ՝ լինի դա ուղղակի կերպով թե ոգեհարցի միջոցով։ Աստվածաշունչը դատապարտում է ոգեհարցությունը և զգուշացնում է մեզ հեռու մնալ այն ամենից, ինչը կապ ունի դրա հետ (Գաղատացիներ 5։19–21)։ Ոգեհարցությունը դևերի համար նույն նպատակին է ծառայում, ինչ որ խայծը՝ ձկնորսի։ Ինչպես ձկնորսն է զանազան խայծեր օգտագործում տարբեր տեսակի ձկներ որսալու համար, այնպես էլ չար ոգիներն են ոգեհարցության տարբեր ձևեր գործածում՝ իրենց ազդեցությունը մարդկանց վրա բանեցնելու համար։

11. Ի՞նչ է գուշակությունը, և ինչո՞ւ պետք է խուսափենք դրանից։

11 Դևերի օգտագործած խայծերից մեկը գուշակությունն է։ Իսկ ի՞նչ է գուշակությունը։ Դա մի միջոց է, որով մարդիկ փորձում են իմանալ ապագայի կամ ինչ-որ անհայտ բանի մասին։ Գուշակության ձևերից են աստղագուշակությունը, խաղաքարտերի միջոցով կամ մոգական բյուրեղով գուշակելը, ձեռնագուշակությունը, երազահանությունը, սուրճի բաժակ նայելը, թուղթ ու գիր անելը, ոգի կանչելը, մոմ թափելը։ Թեև շատերին թվում է, թե գուշակությունը անվնաս զբաղմունք է, սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ գուշակներն ու չար ոգիները համագործակցում են իրար հետ։ Օրինակ՝ Գործեր 16։16–18-ում խոսվում է մի աղջկա մասին, որը «գուշակող դև» ուներ, և նրա օգնությամբ «գուշակություններ էր անում»։ Բայց երբ դևին հանեցին աղջկա միջից, նա կորցրեց գուշակություն անելու իր կարողությունը։

Մարդկանց մոլորեցնելու համար դևերը օգտագործում են տարբեր միջոցներ

12. Ինչո՞ւ է մահացածների հետ հաղորդակցվելը վտանգավոր։

12 Դևերը մոլորեցնում են նաև հավատացնելով մարդկանց, թե նրանք կարող են հաղորդակցվել մահացածների հետ։ Այն անհատները, ովքեր սգում են իրենց հարազատի մահը, հաճախ խաբվում են, քանի որ սխալ պատկերացումներ ունեն մահացածների մասին։ Օրինակ՝ ոգեհարցը կարող է մահացածի մասին հատուկ տեղեկություն տալ կամ խոսել նրա ձայնով։ Այդ իսկ պատճառով շատերը հավատում են, թե մահացածները կենդանի են, և նրանց հետ հաղորդակցվելը կթեթևացնի սգացող հարազատի վիշտը։ Նման սփոփանքը իրականում կեղծ է, նաև վտանգավոր։ Ինչո՞ւ։ Քանի որ դևերը կարող են մահացած անհատի ձայնը կրկնօրինակել և նրա մասին ոգեհարցին տեղեկություններ հաղորդել (1 Սամուել 28։3–19)։ Բացի այդ, 6-րդ գլխում սովորեցինք, որ մահացած մարդիկ դադարում են գոյություն ունենալուց (Սաղմոս 115։17)։ Ուրեմն այն անհատը, որ «մեռելներին հարցուփորձ անող» է, մոլորված է չար ոգիների կողմից և գործում է Աստծու կամքին հակառակ (կարդա՛  2 Օրենք 18։10, 11; Եսայիա 8։19)։ Ուստի զգույշ եղիր, որ կարողանաս խույս տալ դևերի այս վտանգավոր խայծից։

13. Ի՞նչ են կարողացել անել շատ մարդիկ, որոնք մի ժամանակ ապրել են չար ոգիների հանդեպ ունեցած վախի մեջ։

13 Չար ոգիները ոչ միայն մոլորեցնում են մարդկանց, այլև վախեցնում։ Այսօր Սատանան և նրա դևերը հասկանում են, որ «քիչ ժամանակ» հետո իրենց գործունեությանը վերջ կդրվի, և դրա համար էլ ավելի քան երբևէ կատաղած են (Հայտնություն 12։12, 17)։ Այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ, որոնք մի ժամանակ ապրում էին չար ոգիների հանդեպ ունեցած մշտական վախի մեջ, կարողացել են ազատվել այդ վախից։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել, և ինչպե՞ս պետք է վարվի այն անհատը, որը զբաղվում է ոգեհարցությամբ։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԴՐԵԼ ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻՆ

14. Առաջին դարի Եփեսոսի քրիստոնյաների օրինակին հետևելով՝ ինչպե՞ս կարող ենք ազատվել չար ոգիների ազդեցությունից։

14 Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ոչ միայն չար ոգիներին դիմադրելու, այլև նրանցից ազատվելու կերպերը։ Քննենք Եփեսոսում ապրող առաջին դարի քրիստոնյաների օրինակը։ Մինչև քրիստոնյա դառնալը նրանցից ոմանք զբաղվում էին ոգեհարցությամբ։ Սակայն ի՞նչ արեցին այդ մարդիկ, երբ որոշեցին ազատվել ոգեհարցությունից։ Աստվածաշունչն ասում է. «Մոգությամբ զբաղվողներից բավականին թվով մարդիկ իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին» (Գործեր 19։19)։ Մոգության հետ կապված իրենց գրքերը այրելով՝ այդ նոր քրիստոնյաները օրինակ թողեցին բոլոր նրանց, ովքեր ուզում են դիմադրել չար ոգիներին։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային, պետք է ձերբազատվեն այն ամենից, ինչը կապ ունի ոգեհարցության հետ։ Դա նշանակում է ձերբազատվել այնպիսի գրքերից, ամսագրերից, տեսաֆիլմերից, նկարներից, երգերից ու երաժշտությունից, որոնք խրախուսում են զբաղվել ոգեհարցությամբ և ներկայացնում են այն որպես գրավիչ ու հաճելի զբաղմունք։ Դրանց մեջ են մտնում նաև թալիսմանները և բոլոր այն առարկաները, որոնք մարդիկ օգտագործում են չարից պաշտպանվելու նպատակով (1 Կորնթացիներ 10։21

15. Ի՞նչ պետք է անենք չար ոգեղեն ուժերին դիմադրելու համար։

15 Տարիներ անց այն բանից հետո, երբ Եփեսոսի քրիստոնյաները վերացրին մոգության հետ կապված իրենց գրքերը, Պողոս առաքյալը նրանց գրեց. «Մեր պայքարը.... ոգեղեն չար ուժերի դեմ [է]» (Եփեսացիներ 6։12)։ Ինչպես երևում է, դևերը չէին հանձնվել։ Նրանք դեռ փորձում էին հաղթանակած դուրս գալ։ Ուրիշ ի՞նչ պետք է անեին Եփեսոսի քրիստոնյաները։ Պողոսը նշեց. «Ամեն բանից առավել վերցրեք հավատի մեծ վահանը, որով կկարողանաք հանգցնել Չարի [Սատանայի] կրակոտ նետերը» (Եփեսացիներ 6։16)։ Որքան ամուր լինի մեր հավատի վահանը, այնքան ավելի մեծ դիմադրություն կկարողանանք ցույց տալ չար ոգեղեն ուժերին (Մատթեոս 17։20

16. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատը։

16 Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր հավատը։ Մենք կարող ենք դա անել՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Ինչպես որ պատի ամրությունը հիմնականում կախված է հիմքի ամրությունից, այնպես էլ մեր հավատի ամրությունն է մեծապես կախված նրանից, թե որքանով է ամուր մեր հավատի հիմքը, որն է՝ աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքները։ Եթե ամեն օր կարդանք և ուսումնասիրենք Աստվածաշունչը, մեր հավատը գնալով կամրանա։ Ամուր պատի նման՝ այդպիսի հավատը կպաշտպանի մեզ չար ոգիների ազդեցությունից (1 Հովհաննես 5։5

17. Ուրիշ ի՞նչ է հարկավոր անել չար ոգիներին դիմադրելու համար։

17 Ուրիշ ի՞նչ քայլեր պետք է անեին Եփեսոսում ապրող քրիստոնյաները։ Նրանց ավելի մեծ պաշտպանություն էր պետք, քանի որ ապրում էին մի այնպիսի քաղաքում, որը ողողված էր ոգեհարցությամբ։ Դա է պատճառը, որ Պողոսը նրանց ասաց. «Ամեն տեսակ աղոթքով ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով» (Եփեսացիներ 6։18)։ Քանի որ մենք նույնպես ապրում ենք ոգեհարցությամբ ողողված աշխարհում, չար ոգիներին դիմադրելու համար պետք է ջերմեռանդորեն աղոթենք Եհովային։ Անհրաժեշտ է նաև աղոթքներում գործածել Աստծու անունը (կարդա՛  Առակներ 18։10)։ Մենք պետք է շարունակ աղոթենք Աստծուն, որ ազատի մեզ «Չարից»՝ Բանսարկու Սատանայից (Մատթեոս 6։13)։ Եհովան, անշուշտ, կպատասխանի նման աղաչանքներին (Սաղմոս 145։19

18, 19. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ չար ոգիների դեմ պատերազմում կհաղթենք։ բ) Ի՞նչ հարց ենք քննելու հաջորդ գլխում։

18 Չար ոգիները վտանգավոր են։ Սակայն պետք չէ վախենալ նրանցից, եթե հակառակվում ենք Սատանային և միևնույն ժամանակ մոտենում ենք Աստծուն՝ կատարելով նրա կամքը (կարդա՛  Հակոբոս 4։7, 8)։ Չար ոգիների զորությունը սահմանափակ է։ Նրանք պատժվեցին Նոյի օրերում, և ապագայում կկայանա նրանց վերջնական դատաստանը (Հուդա 6)։ Մի՛ մոռացիր, որ մենք ունենք Եհովա Աստծու զորեղ հրեշտակների պաշտպանությունը (2 Թագավորներ 6։15–17)։ Հրեշտակները շատ են ցանկանում տեսնել, թե ինչպես ենք մենք հաջողությամբ չար ոգիներին դիմադրում։ Ուստի այս արդար հրեշտակները, այսպես ասած, ոգևորում են մեզ այդ պայքարում։ Ուրեմն թող որ մոտ մնանք Եհովային և հավատարիմ ոգեղեն արարածներից բաղկացած նրա ընտանիքին, խուսափենք ոգեհարցության բոլոր ձևերից և միշտ կիրառենք Աստծու Խոսքից ստացած խորհուրդները (1 Պետրոս 5։6, 7; 2 Պետրոս 2։9)։ Միայն այդ ժամանակ կարող ենք վստահ լինել, որ չար ոգիների դեմ պատերազմում կհաղթենք։

19 Սակայն ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ չար ոգիները և ամբարշտությունը այսքան տառապանք պատճառեն մարդկանց։ Այս հարցի պատասխանը կիմանանք հաջորդ գլխում։

^ պարբ. 2 Արդար հրեշտակների մասին Աստվածաշունչն ասում է, որ «նրանց թիվը բյուր բյուրավոր» է, կամ՝ «տասը հազար անգամ տասնյակ հազարներ» (Հայտնություն 5։11, ծնթ.)։ Ուստի, ինչպես Աստվածաշունչն է նշում, գոյություն ունեն հարյուր միլիոնավոր հրեշտակներ։