Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով

Ապրիր Աստծուն հաճելի կյանքով
  • Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը

  • Ինչպե՞ս է Սատանայի բարձրացրած հարցը առնչվում քեզ

  • Ինչպիսի՞ վարքն է Եհովային տհաճ

  • Ինչպե՞ս կարող ես ապրել Աստծուն հաճելի կյանքով

1, 2. Բե՛ր այնպիսի մարդկանց օրինակներ, որոնք եղել են Եհովայի մտերիմ ընկերները։

Ո՞ՒՄ հետ կուզեիր ընկերություն անել։ Հավանաբար մեկի հետ, ով ունի նույն հայացքները, հետաքրքրություններն ու արժեքները, որ դու ունես, և այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ազնվությունն ու բարությունը։

2 Պատմության ընթացքում Աստված ընտրել է որոշ մարդկանց, որ իր մտերիմ ընկերները լինեն։ Օրինակ՝ Աբրահամին Եհովան իր ընկերը կոչեց (կարդա՛  Եսայիա 41։8; Հակոբոս 2։23)։ Դավթի մասին նա ասաց՝ «իմ սրտին հաճելի մարդ է», քանի որ վերջինս այնպիսի հատկություններ ուներ, որոնք հաճելի էին իրեն (Գործեր 13։22)։ Իսկ Դանիել մարգարեին Աստված համարեց «թանկագին մարդ» (Դանիել 9։23

3. Ինչպիսի՞ մարդկանց է Եհովան ընկեր համարում։

3 Ինչո՞ւ Եհովան Աբրահամին, Դավթին ու Դանիելին համարեց իր ընկերները։ Նա Աբրահամին ասաց. «[Դու] լսեցիր իմ ձայնին» (Ծննդոց 22։18)։ Եհովան մտերմանում է այն անհատների հետ, ովքեր խոնարհաբար կատարում են իր ասածները։ «Հնազանդվեք իմ ձայնին,— ասաց Եհովան իսրայելացիներին,— և ես ձեր Աստվածը կլինեմ, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք» (Երեմիա 7։23)։ Եթե հնազանդվես Եհովային, դու նույնպես կարող ես դառնալ նրա ընկերը։

ԵՀՈՎԱՆ ԶՈՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

4, 5. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս իր զորությունը հօգուտ իր ծառաների։

4 Ի՞նչ կարող է նշանակել քեզ համար Աստծու հետ ընկերությունը։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան առիթներ է փնտրում «իր զորությունը ցույց տալու հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։ Իսկ ինչպե՞ս կարող է նա իր զորությունը ցույց տալ հօգուտ քեզ։ Կերպերից մեկը գրված է Սաղմոս 32։8-ում. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի»։

5 Որքա՜ն հոգատար է Եհովան։ Նա ոչ միայն ցույց կտա քեզ ճիշտ ճանապարհը, այլև կպաշտպանի այդ ճանապարհին։ Աստված ուզում է օգնել քեզ, որ հաջողությամբ հաղթահարես փորձություններն ու դժվարությունները (կարդա՛  Սաղմոս 55։22)։ Հետևաբար եթե ծառայես նրան կատարյալ սրտով, ապա սաղմոսերգուի նման՝ դու էլ կարող ես համոզվածությամբ ասել. «Եհովան միշտ իմ առջևում է։ Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է» (Սաղմոս 16։8; 63։8)։ Այո՛, Եհովան կարող է օգնել քեզ ապրելու այնպիսի կյանքով, որը հաճելի է իրեն։ Սակայն Աստծու թշնամին ուզում է հետ պահել քեզ նրան հաճեցնելուց։

ՍԱՏԱՆԱՅԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԸ

6. Ինչո՞ւմ Սատանան մեղադրեց մարդկանց։

6 11-րդ գլխից մենք իմացանք, թե ինչպես Բանսարկու Սատանան Աստծու գերիշխանությունը հարցականի տակ դրեց։ Նա մեղադրեց Աստծուն ստախոսության մեջ՝ ակնարկելով, որ նա անարդար է վարվել՝ թույլ չտալով Ադամին ու Եվային ինքնուրույն որոշել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Երբ Ադամի ու Եվայի գործած մեղքից հետո երկիրը սկսեց լցվել նրանց սերունդներով, Սատանան հարցականի տակ դրեց նաև մարդկանց մղումները։ Մեղադրելով նրանց՝ նա կարծես ասաց. «Մարդիկ սիրուց մղված չէ, որ ծառայում են Աստծուն։ Եթե հնարավորություն ունենամ, կարող եմ ցանկացած մարդու Աստծու դեմ հանել»։ Սա է ցույց տալիս Հոբ անունով մի մարդու պատմությունը։ Իսկ ո՞վ էր Հոբը, և ինչպե՞ս էր նա ներգրավված Սատանայի բարձրացրած հարցի մեջ։

7, 8. ա) Ինչո՞վ էր Հոբը աչքի ընկնում իր ժամանակներում ապրող մարդկանց մեջ։ բ) Սատանան ինչպե՞ս հարցականի տակ դրեց Հոբի մղումները։

7 Հոբը բարի մարդ էր, որն ապրել է մեզնից 3600 տարի առաջ։ Նրա մասին Եհովան ասաց. «Նրա նման անարատ, ուղղամիտ, Աստծուց վախեցող և չարից հեռացող մարդ չկա» (Հոբ 1։8)։ Հոբը հաճեցնում էր Աստծուն։

8 Սատանան հարցականի տակ դրեց Աստծուն ծառայելու Հոբի մղումները։ Նա ասաց Եհովային. «Չէ՞ որ դու ցանկապատ ես դրել, որ պաշտպանես նրան, նրա տունն ու ողջ ունեցվածքը։ Նրա ձեռքի գործը դու օրհնել ես, իսկ նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։ Սակայն ձեռքդ մեկնիր, խնդրեմ, ու դիպիր այն ամենին, ինչ նա ունի, և տես, թե արդյոք երես առ երես չի՞ անիծի քեզ» (Հոբ 1։10, 11

9. Եհովան ինչպե՞ս արձագանքեց Սատանայի մեղադրանքին և ինչո՞ւ։

9 Սատանան պնդեց, թե Հոբը ծառայում է Աստծուն իր շահի համար։ Նաև ասաց, որ եթե Հոբը փորձության ենթարկվի, դեմ դուրս կգա Աստծուն։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան Սատանայի այս մեղադրանքին։ Քանի որ բարձրացրած հարցը վերաբերում էր Հոբի մղումներին, Եհովան թույլ տվեց Սատանային փորձության ենթարկել նրան։ Այդպես պարզ կդառնար՝ սիրո՞ւմ է Հոբը Աստծուն, թե ոչ։

ՀՈԲԸ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

10. Ի՞նչ փորձություններ պատահեցին Հոբին, և ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։

10 Սատանան տարբեր ձևերով սկսեց փորձել Հոբին։ Նրա անասունների մի մասը առևանգվեց, մյուս մասը սպանվեց. սպանվեցին նաև նրա ծառաներից շատերը։ Հոբը ընկավ տնտեսական ծանր վիճակի մեջ։ Սակայն նրան ավելի մեծ ողբերգություն պատահեց, երբ ուժգին փոթորկի պատճառով մահացան նրա տասը երեխաները։ Չնայած այս ամենին՝ «Հոբը մեղք չգործեց և ոչ մի սխալ բան չվերագրեց Աստծուն» (Հոբ 1։22

11. ա) Ինչպե՞ս Սատանան շարունակեց պնդել իր մեղադրանքը, և ի՞նչ արեց Եհովան։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Հոբը, երբ Սատանան հարվածեց նրան ծանր հիվանդությամբ։

11 Սատանան այդքանով չբավարարվեց։ Ըստ երևույթին, նա մտածեց, որ թեև Հոբը կարողացավ տանել իր ունեցվածքի, ծառաների ու երեխաների կորուստը, սակայն ծանր հիվանդ լինելու դեպքում դեմ դուրս կգա Աստծուն։ Եհովան թույլ տվեց, որ Սատանան հարվածի Հոբին մի գարշելի, ցավոտ հիվանդությամբ։ Սակայն նույնիսկ դա պատճառ չեղավ, որ Աստծու հանդեպ Հոբի հավատը սասանվի։ Փոխարենը՝ նա հաստատակամորեն ասաց. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս» (Հոբ 27։5

Հոբը վարձատրվեց իր հավատարմության համար

12. Ինչպե՞ս Հոբը պատասխան տվեց Սատանայի մեղադրանքին։

12 Հոբը նույնիսկ տեղյակ չէր, որ Սատանան է իր փորձությունների պատճառը։ Չիմանալով Եհովայի գերիշխանության վերաբերյալ Սատանայի բարձրացրած վիճաբանական հարցի մասին՝ Հոբը մտածում էր, թե իր դժբախտությունների պատճառը Աստված է (Հոբ 6։4; 16։11–14)։ Այնուհանդերձ նա պահեց Եհովայի հանդեպ իր անարատությունը և դրանով փաստեց, որ Սատանայի պնդումը, թե Հոբը շահադիտական նպատակներով է ծառայում Աստծուն, սուտ է։

13. Ի՞նչ եղավ Հոբի հավատարիմ ընթացքի արդյունքը։

13 Հոբի հավատարմության միջոցով Եհովան սպառիչ պատասխան տվեց Սատանայի անարգական մեղադրանքին։ Հոբը իսկապես Եհովայի ընկերն էր։ Եվ Աստված վարձատրեց նրան հավատարիմ ընթացքի համար (Հոբ 42։12–17

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԱՌՆՉՎՈՒՄ ՔԵԶ

14, 15. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սատանայի բարձրացրած հարցը վերաբերում է ոչ միայն Հոբին, այլև բոլոր մարդկանց։

14 Աստծու հանդեպ անարատություն պահելու մասին Սատանայի բարձրացրած հարցը միայն Հոբին չէ, որ վերաբերում էր։ Այն վերաբերում է նաև քեզ։ Դա պարզ է դառնում Առակներ 27։11-ում գրված խոսքերից. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ»։ Հոբի մահից հարյուրավոր տարիներ անց գրի առնված այս խոսքերը ցույց են տալիս, որ Սատանան դեռ շարունակում է չարախոսել Աստծուն և մեղադրել նրա ծառաներին։ Ուստի երբ ապրում ենք Աստծուն հաճելի կյանքով, մենք ուրախացնում ենք նրա սիրտը, և նա պատասխան է տալիս Սատանայի սուտ մեղադրանքներին։ Այս բանի գիտակցումը ինչպիսի՞ զգացումներ է առաջացնում քո մեջ։ Մի՞թե պատիվ չէ, որ մենք կարող ենք Սատանայի սուտ մեղադրանքներին պատասխան տալու հարցում մեր դերն ունենալ, նույնիսկ եթե պահանջվում է որոշ փոփոխություններ կատարել կյանքում։

15 Ուշադրություն դարձրու, որ Սատանան ասաց, թե «մարդն իր ողջ ունեցվածքը կտա իր հոգու փոխարեն» (Հոբ 2։4)։ Ասելով «մարդ»՝ Սատանան հստակ ցույց տվեց, որ իր բարձրացրած հարցը վերաբերում է ոչ միայն Հոբին, այլև ընդհանրապես բոլոր մարդկանց։ Սա պետք է հետաքրքրի նաև քեզ, քանի որ Սատանան հարցականի տակ է դրել նաև Աստծու հանդեպ քո անարատությունը։ Ուստի երբ փորձությունների ես ենթարկվում, նա ուզում է, որ անհնազանդ գտնվես Աստծու հանդեպ և շեղվես ճիշտ ճանապարհից։ Իսկ ինչպե՞ս է Սատանան փորձում իրականացնել իր նպատակը։

16. ա) Ի՞նչ միջոցներով է Սատանան փորձում մարդկանց հեռացնել Աստծուց։ բ) Ինչպե՞ս կարող է Սատանան այդ միջոցները օգտագործել քո դեմ։

16 Ինչպես իմացանք 10-րդ գլխից, Սատանան տարբեր միջոցներ է օգտագործում մարդկանց Աստծուց հեռացնելու համար։ Երբեմն նա իր զոհի վրա հարձակում է գործում «մռնչող առյուծի պես» (1 Պետրոս 5։8)։ Դա կարող է լինել, երբ քո ընկերները, բարեկամները կամ ուրիշ մարդիկ հակառակվեն քեզ՝ տեսնելով, որ ջանքեր ես թափում Աստվածաշունչը ուսումնասիրելու և սովորածդ կյանքում կիրառելու համար * (Հովհաննես 15։19, 20)։ Երբեմն էլ Սատանան «լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14)։ Սա նշանակում է, որ Սատանան կարող է խորամանկ միջոցներով հրապուրել կամ մոլորեցնել քեզ, որ թողնես Աստծուն հաճելի ապրելակերպը։ Նա նաև կարող է որպես զենք օգտագործել վհատությունը՝ դրդելով քեզ մտածելու, թե արժանի չես Աստծու բարեհաճությանը (Առակներ 24։10)։ Անկախ այն բանից՝ Սատանան գործում է որպես «մռնչող առյուծ», թե «լույսի հրեշտակ», նրա բարձրացրած հարցը մնում է նույնը. նա պնդում է, որ փորձությունների կամ հալածանքների հանդիպելիս դու կդադարես Աստծուն ծառայելուց։ Ինչպե՞ս կարող ես պատասխան տալ Սատանայի մեղադրանքին և Հոբի նման՝ փաստել Աստծու հանդեպ քո անարատությունը։

ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

17. Ո՞րն է Եհովայի պատվերներին հնազանդվելու գլխավոր պատճառը։

17 Դու կարող ես պատասխան տալ Սատանայի բարձրացրած հարցին, եթե ապրես Աստծուն հաճելի կյանքով։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստվածաշունչն ասում է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (2 Օրենք 6։5)։ Որքան շատ սիրես Աստծուն, այնքան ավելի մեծ ցանկություն կունենաս անելու այն, ինչ նա ակնկալում է քեզանից։ Հովհաննես առաքյալը գրում է. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները»։ Եթե սիրես Եհովային քո ամբողջ սրտով, կհամոզվես, որ «նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3

18, 19. ա) Որո՞նք են Եհովայի պահանջներից մի քանիսը (տե՛ս « Հեռո՛ւ մնա այն բաներից, որոնք Եհովան ատում է» շրջանակը)։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան երբեք մեր ուժերից վեր բաներ չի պահանջում։

18 Որո՞նք են Եհովայի պատվերները։ Դրանցից մի քանիսը վերաբերում են մեր վարքին։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու « Հեռո՛ւ մնա այն բաներից, որոնք Եհովան ատում է» վերնագրով շրջանակին։ Այնտեղ կտեսնես, թե որ գործերն են ուղղակիորեն դատապարտվում Աստվածաշնչում։ Առաջին հայացքից որոշ գործեր հնարավոր է՝ այդքան էլ վատ չթվան։ Սակայն նշված աստվածաշնչյան համարների շուրջ խորհրդածելով՝ դու կտեսնես, թե որքան իմաստուն են Եհովայի օրենքները։ Վարքիդ մեջ փոփոխություններ կատարելը քեզ համար թերևս դժվար լինի։ Սակայն ապրելով Աստծուն հաճելի կյանքով՝ դու բավարարվածության զգացում կունենաս ու երջանիկ կլինես (Եսայիա 48։17, 18)։ Դա քո ուժերից վեր չէ։ Որտեղի՞ց գիտենք։

19 Եհովան երբեք մեր ուժերից վեր բաներ չի պահանջում (կարդա՛  2 Օրենք 30։11–14)։ Նա մեզնից լավ գիտի մեր կարողություններն ու հնարավորությունների սահմանափակ լինելը (Սաղմոս 103։14)։ Եհովան կարող է քեզ ուժ տալ, որ հնազանդվես իրեն։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13)։ Որպեսզի կարողանաս տոկալ, Եհովան քեզ նույնիսկ սովորականին գերազանցող ուժ կտա (2 Կորնթացիներ 4։7)։ Բազում փորձություններ հաջողությամբ հաղթահարելուց հետո Պողոս առաքյալն ասաց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

ԶԱՐԳԱՑՐՈՒ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20. Ի՞նչ հատկություններ պետք է զարգացնես, և ինչո՞ւ է դա կարևոր։

20 Հաճեցնել Եհովային ավելին է նշանակում, քան պարզապես հեռու մնալ այն բաներից, որոնք նա ատում է։ Դու նաև պետք է սիրես այն, ինչ սիրում է Եհովան (Հռոմեացիներ 12։9)։ Անկասկած, քեզ հաճելի է մտերմանալ այնպիսի անհատների հետ, ովքեր նույն հայացքները, հետաքրքրություններն ու արժեքներն ունեն, ինչ դու։ Դա հաճելի է նաև Եհովային։ Ուրեմն սովորիր սիրել այն բաները, որոնք նա է սիրում։ Դրանցից մի քանիսը նշված են 15-րդ սաղմոսում (կարդա՛  Սաղմոս 15։1–5)։ Այնտեղ կարդում ենք, թե ինչպիսի մարդկանց է Աստված ընկեր համարում։ Եհովայի ընկերները ցուցաբերում են «ոգու պտուղը»՝ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղատացիներ 5։22, 23

21. Ի՞նչը կօգնի քեզ աստվածահաճո հատկություններ զարգացնելու։

21 Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալը և ուսումնասիրելը կօգնի քեզ զարգացնելու աստվածահաճո հատկություններ։ Իսկ Աստծու պահանջների մասին սովորելը կօգնի ներդաշնակեցնելու քո մտածելակերպը Աստծու մտածելակերպին (Եսայիա 30։20, 21)։ Որքան ամուր լինի սերդ Եհովայի հանդեպ, այնքան ավելի մեծ կլինի Աստծուն հաճելի կյանքով ապրելու քո ցանկությունը։

22. Ի՞նչ կլինի արդյունքը, եթե ապրես Աստծուն հաճելի կյանքով։

22 Իհարկե, Եհովային հաճելի կյանքով ապրելու համար ջանքեր են պահանջվում։ Աստվածաշնչում կյանքը բարեփոխելը համեմատվում է հին անձնավորությունը հանելու և նոր անձնավորություն հագնելու հետ (Կողոսացիներ 3։9, 10)։ Եհովայի պահանջների վերաբերյալ սաղմոսերգուն գրեց. «Դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա» (Սաղմոս 19։11)։ Դու նույնպես կհամոզվես, որ Աստծուն հաճելի կյանքով ապրելը առատ վարձատրություններ է բերում։ Այդպես վարվելով՝ դու պատասխան կտաս Սատանայի բարձրացրած հարցին և կուրախացնես Եհովայի սիրտը։

^ պարբ. 16 Սա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր հակառակվում են քեզ, ղեկավարվում են Սատանայի կողմից։ Սակայն Սատանան է այս աշխարհի աստվածը. ամբողջ աշխարհը գտնվում է նրա իշխանության տակ (2 Կորնթացիներ 4։4; 1 Հովհաննես 5։19)։ Ուստի պետք է ակնկալել, որ Աստծուն հաճելի կյանքով ապրելը բոլորին չէ, որ դուր կգա։ Կլինեն մարդիկ, որ կհակառակվեն քեզ։