Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 18

Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ

Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
  • Ինչպե՞ս է կատարվում քրիստոնեական մկրտությունը

  • Ի՞նչ է անհրաժեշտ մկրտության չափանիշներին համապատասխանելու համար

  • Ինչպե՞ս է անհատը նվիրվում Աստծուն

  • Ինչո՞ւ է կարևոր մկրտվել

1. Ինչո՞ւ եթովպացի պաշտոնյան ցանկացավ մկրտվել։

«ԱՀԱ ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»։ Այս հարցը տվեց առաջին դարում ապրող մի եթովպացի արքունական պաշտոնյա։ Երբ Փիլիպոս անունով մի քրիստոնյա Սուրբ Գրքերից բացատրեց նրան, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան, նա մինչև սրտի խորքը տպավորվեց և ցանկացավ մկրտվել (Գործեր 8։26–36

2. Ինչո՞ւ պետք է սկսես մտածել մկրտության մասին։

2 Եթե Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել ես այս գրքի նախորդ գլուխները, գուցե պատրաստ ես քեզ տալու հետևյալ հարցը. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»։ Ուսումնասիրության ընթացքում իմացել ես, որ Աստված խոստանում է հավիտենական կյանք Դրախտում (Ղուկաս 23։43; Հայտնություն 21։3, 4)։ Իմացել ես նաև հարության հույսի մասին և թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները (Ժողովող 9։5; Հովհաննես 5։28, 29)։ Հավանաբար հաճախում ես Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին, շփվում նրանց հետ ու տեսնում, թե ինչպես են նրանք ապրում ճշմարիտ կրոնի համաձայն (Հովհաննես 13։35)։ Բայց ամենակարևորն այն է, որ դու արդեն սկսել ես մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովա Աստծու հետ։

3. ա) Ի՞նչ պատվիրեց Հիսուսը իր հետևորդներին։ բ) Ինչպե՞ս է կատարվում ջրի մկրտությունը։

3 Սակայն ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ ուզում ես Աստծուն ծառայել։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով» (Մատթեոս 28։19)։ Հիսուսը մեզ համար օրինակ թողեց՝ մկրտվելով ջրում։ Նրա վրա ջուր չլցրին և ոչ էլ մեռոնով օծեցին (Մատթեոս 3։16)։ «Մկրտել» թարգմանված հունարեն բառը նշանակում է «ընկղմել»։ Ուստի քրիստոնեական մկրտությունը կատարվում է մարդուն ջրի մեջ ամբողջությամբ ընկղմելով։

4. Ի՞նչ է ցույց տալիս ջրի մկրտությունը։

4 Ջրի մկրտությունը պահանջ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եհովա Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ։ Մկրտվելով՝ մենք հանրորեն ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք ծառայել Աստծուն և ամբողջ սրտով կատարել նրա կամքը (Սաղմոս 40։7, 8)։ Սակայն մկրտության պահանջներին համապատասխանելու համար դու պետք է որոշ քայլեր անես։

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՏ

5. ա) Ո՞րն է առաջին քայլը մկրտության պահանջներին համապատասխանելու համար։ բ) Ինչո՞ւ է կարևոր ժողովի հանդիպումներին հաճախելը։

5 Դու արդեն սկսել ես կատարել առաջին քայլը։ Ինչպե՞ս։ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության միջոցով դու ճանաչում ես Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին (կարդա՛  Հովհաննես 17։3)։ Բայց դեռ սովորելու շատ բան կա։ Քրիստոնյաների նպատակն է՝ «լցվել [Աստծու] կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով» (Կողոսացիներ 1։9)։ Այս հարցում քեզ մեծապես կօգնեն Եհովայի վկաների ժողովի հանդիպումները։ Այդ հոգևոր միջոցառումներին ներկա գտնվելը շատ կարևոր է (Եբրայեցիներ 10։24, 25)։ Ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելով՝ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերես։

Մկրտության կարևոր պահանջներից մեկը ճշգրիտ գիտելիքներ ստանալն է

6. Ի՞նչ պետք է իմանաս Աստվածաշնչից, որպեսզի համապատասխանես մկրտության պահանջներին։

6 Իհարկե, մկրտվելու համար պարտադիր չէ իմանալ ամբողջ Աստվածաշունչը։ Չնայած եթովպացի պալատականը Սուրբ Գրքերից որոշ գիտելիքներ ուներ, այնուամենայնիվ այլ հատվածներ հասկանալու համար օգնության կարիք ուներ (Գործեր 8։30, 31)։ Դու նույնպես դեռ շատ բան ունես սովորելու։ Աստծուն ճանաչելու ուղին անվերջ է (Ժողովող 3։11)։ Սակայն մինչև մկրտվելը դու պետք է իմանաս և ընդունես Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, օրինակ՝ մահացածների վիճակի, ինչպես նաև Աստծու անվան ու նրա Թագավորության մասին ճշմարտությունները (Եբրայեցիներ 5։12

7. Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Աստվածաշնչի ուսումնասիրությունը քեզ վրա։

7 Սակայն միայն գիտելիքներ ունենալը բավական չէ, քանի որ «առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։ Օրինակ՝ Աստվածաշունչը հայտնում է, որ երբ հին Կորնթոս քաղաքում ոմանք լսեցին քրիստոնյաների քարոզած լուրը, «հավատացին ու մկրտվեցին» (Գործեր 18։8)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կօգնի քեզ հավաստիանալու, որ այն իրոք Աստծու ներշնչված Խոսքն է, ինչպես նաև հավատալու Աստծու խոստումներին և Քրիստոսի զոհի փրկարար զորությանը (Հեսու 23։14; Գործեր 4։12; 2 Տիմոթեոս 3։16, 17

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

8. Ի՞նչը կմղի քեզ պատմելու ուրիշներին քո սովորածի մասին։

8 Հավատդ մեծանալուն պես դու կտեսնես, որ չես կարողանում չխոսել այն ամենի մասին, ինչ սովորել ես Աստվածաշնչից (Երեմիա 20։9)։ Դու մեծ ցանկություն կունենաս ուրիշներին հայտնելու Աստծու և նրա նպատակների մասին (կարդա՛  2 Կորնթացիներ 4։13

Հավատը կմղի քեզ ուրիշներին պատմելու քո համոզմունքների մասին

9, 10. ա) Ո՞ւմ կարող ես պատմել Աստվածաշնչի ճշմարտության մասին։ բ) Ի՞նչ պետք է անես, եթե ցանկանում ես Եհովայի վկաների հետ մասնակցել քարոզչական գործին։

9 Սկզբում Աստվածաշնչի ճշմարտության մասին կարող ես նրբանկատորեն խոսել քո հարազատների, ընկերների, հարևանների և գործընկերների հետ։ Իսկ ժամանակի ընթացքում գուցե ցանկանաս Եհովայի վկաների հետ մասնակցել քարոզչական գործին։ Այդ մասին հայտնիր քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Վկային։ Եթե դու համապատասխանում ես պահանջվող չափանիշներին, քայլեր ձեռք կառնվեն, որ դու և քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը հանդիպեք ժողովից երկու երեցների հետ։

10 Դա քեզ հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու ժողովի երեցներին, որոնք հովվում են Աստծու հոտը (Գործեր 20։28; 1 Պետրոս 5։2, 3)։ Երբ երեցները տեսնեն, որ հասկանում և ընդունում ես Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, ապրում ես Աստծու սկզբունքներին ներդաշնակ և իրոք ցանկանում ես դառնալ Եհովայի վկա, կհայտնեն քեզ, որ դու կարող ես լինել բարի լուրի չմկրտված քարոզիչ։

11. Ի՞նչ փոփոխություններ պետք է անես նախքան չմկրտված քարոզիչ դառնալը։

11 Սակայն երեցները գուցե նկատեն, որ դու դեռ պետք է որոշ փոփոխություններ կատարես քո ապրելակերպի և սովորությունների մեջ։ Օրինակ՝ հնարավոր է՝ որոշ գաղտնի սովորություններ ունես, որոնցից պետք է ձերբազատվել։ Հետևաբար, նախքան երեցներին հայտնելը, որ ուզում ես չմկրտված քարոզիչ դառնալ, պետք է արդեն ձերբազատված լինես այնպիսի լուրջ մեղքերից, ինչպիսիք են անբարոյությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը (կարդա՛  1 Կորնթացիներ 6։9, 10; Գաղատացիներ 5։19–21

ԶՂՋԱ ԵՎ ԴԱՐՁԻ ԵԿ

12. Ինչո՞ւ է զղջալը անհրաժեշտ պայման։

12 Մկրտությունից առաջ հարկավոր է ուրիշ քայլեր էլ անել։ Պետրոս առաքյալը ասաց. «Զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն» (Գործեր 3։19)։ Զղջալ նշանակում է խորապես ափսոսալ արածի համար։ Ինչ խոսք, պետք է զղջա ոչ միայն այն անհատը, ով անբարո կյանքով է ապրել, այլև նա, ով համեմատաբար մաքուր կյանք է վարել։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլոր մարդիկ մեղավոր են և Աստծու ներման կարիքն ունեն (Հռոմեացիներ 3։23; 5։12)։ Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը դու չգիտեիր, թե որն է Աստծու կամքը։ Հետևաբար ինչպե՞ս կարող էիր ամբողջովին համապատասխանել նրա չափանիշներին։ Այդ պատճառով էլ զղջալը անհրաժեշտ պայման է բոլորի համար։

13. Ի՞նչ է նշանակում դարձի գալ։

13 Զղջալուն պետք է հաջորդի դարձի գալը։ Դա նշանակում է, որ բավարար չէ միայն զղջալը։ Դու պետք է նաև հրաժարվես նախկին ապրելակերպիցդ և հաստատապես վճռես անել այն, ինչ ճիշտ է։ Ուստի նախքան մկրտվելը դու պետք է զղջաս և դարձի գաս։

ՆՎԻՐՎԻՐ ԱՍՏԾՈՒՆ

14. Ի՞նչ կարևոր քայլ պետք է անես նախքան մկրտվելը։

14 Նախքան մկրտվելը կա ևս մեկ քայլ, որ պետք է անես։ Դու պետք է նվիրվես Եհովա Աստծուն։

Աղոթքի միջոցով նվիրվե՞լ ես Աստծուն

15, 16. Ի՞նչ է նշանակում նվիրվել Աստծուն, և ի՞նչն է մղում դա անելու։

15 Երբ սրտաբուխ աղոթքի միջոցով նվիրվում ես Եհովա Աստծուն, դու խոստանում ես հավիտյան բացարձակ նվիրվածություն դրսևորել նրա հանդեպ (2 Օրենք 6։15)։ Իսկ ի՞նչը պետք է քեզ մղի դառնալու Աստծու ծառան։ Օրինակ՝ ենթադրենք՝ երիտասարդ տղան մտերմություն է անում մի աղջկա հետ։ Որքան լավ է նա ճանաչում աղջկան և տեսնում նրա լավ հատկությունները, այնքան ավելի շատ է նրա սիրտը կապվում աղջկան։ Ուստի բնական է, որ ժամանակի ընթացքում տղան աղջկան ամուսնության առաջարկություն կանի։ Ինչ խոսք, ամուսնությունը լրացուցիչ պատասխանատվություններ է բերում, սակայն աղջկա հանդեպ ունեցած սերը կմղի երիտասարդին անելու այդ կարևոր քայլը։

16 Ճանաչելով և սիրելով Եհովային՝ դու կցանկանաս ծառայել նրան քո ողջ էությամբ և անվերապահորեն։ Նա, ով ցանկանում է հետևել Աստծու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, պետք է «իր անձը ուրանա» (Մարկոս 8։34)։ Անձը ուրանալ նշանակում է թույլ չտալ, որ անձնական ցանկություններն ու նպատակները խոչընդոտեն ամեն ինչում Աստծուն հնազանդվելուն։ Նախքան մկրտվելը Աստծու կամքը կատարելը պետք է քո կյանքի գլխավոր նպատակը լինի (կարդա՛  1 Պետրոս 4։2

ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ

17. Ինչո՞ւ են ոմանք վարանում իրենց անձը Աստծուն նվիրել։

17 Ոմանք վարանում են իրենց անձը Եհովային նվիրել, քանի որ վախենում են, որ այդ քայլն անելով՝ հաշվետու են դառնում Աստծուն։ Նրանք մտավախություն ունեն, որ կսխալվեն և կհիասթափեցնեն Եհովային։ Հետևաբար մտածում են, թե ավելի լավ է այդ քայլին չդիմել։

18. Ի՞նչը կարող է մղել քեզ նվիրվելու Եհովային։

18 Սիրելով Եհովային՝ դու կմղվես նրան նվիրվելու և հնարավորության սահմաններում ամեն բան անելու, որ ապրես նվիրմանդ համաձայն (Ժողովող 5։4)։ Աստծուն նվիրվելուց հետո, անշուշտ, կցանկանաս «Եհովային արժանի կերպով քայլել, որպեսզի լիովին հաճեցնես նրան» (Կողոսացիներ 1։10)։ Եթե սիրում ես Աստծուն, չես մտածի, որ նրա կամքը կատարելը դժվար է։ Փոխարենը՝ կհամաձայնվես Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերին. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3

19. Ինչո՞ւ չպետք է վախենաս Աստծուն նվիրվելուց։

19 Աստծուն նվիրվելու համար պետք չէ կատարյալ լինել։ Եհովան գիտի, որ քո հնարավորությունները սահմանափակ են, և քեզանից չի ակնկալում մի բան, ինչը դու ի վիճակի չես անելու (Սաղմոս 103։14)։ Նա ցանկանում է, որ դու հաջողությունների հասնես, ուստի թիկունք կկանգնի ու կօգնի քեզ (կարդա՛  Եսայիա 41։10)։ Կարող ես համոզված լինել, որ եթե քո ամբողջ սրտով վստահես Եհովային, նա «կուղղի քո շավիղները» (Առակներ 3։5, 6

ՆՎԻՐՈՒՄԴ ԽՈՐՀՐԴԱՆՇԻՐ ՋՐԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՄԲ

20. Ինչո՞ւ պետք է նվիրման մասին հրապարակորեն հռչակել։

20 Վերոհիշյալ մտքերի շուրջ խորհրդածելը կօգնի քեզ աղոթքի միջոցով քո անձը նվիրելու Եհովային։ Յուրաքանչյուր անհատ, ով իսկապես սիրում է Աստծուն, պետք է իր հավատի մասին «հրապարակորեն հռչակի փրկության համար» (Հռոմեացիներ 10։10)։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։

Մկրտվելով՝ դու մահանում ես քո նախկին ապրելակերպի համար և կենդանանում՝ Աստծու կամքը կատարելու համար

21, 22. Ինչպե՞ս կարող ես «հրապարակորեն հռչակել» քո հավատի մասին։

21 Եթե ուզում ես մկրտվել, քո ժողովի երեցների խորհրդի կոորդինատորին հայտնիր այդ մասին։ Նա հոգ կտանի, որ մի քանի երեց քեզ հետ քննարկեն Աստվածաշնչի հիմնական ուսմունքները։ Եթե երեցները տեսնեն, որ համապատասխանում ես մկրտության պահանջներին, քեզ կտեղեկացնեն, որ կարող ես մկրտվել առաջին իսկ հնարավորության դեպքում *։ Սովորաբար մկրտությունից առաջ ելույթ է ներկայացվում, որի ժամանակ խոսվում է մկրտության նշանակության մասին։ Այնուհետև հռետորը մկրտության բոլոր թեկնածուներին հրավիրում է պատասխանելու երկու հարցի, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց իրենց հավատի մասին «հրապարակորեն հռչակելու»։

22 Մկրտության ժամանակ բոլորը կտեսնեն, որ դու քո անձը նվիրել ես Աստծուն և այժմ Եհովայի վկա ես։ Մկրտվողին ամբողջությամբ ընկղմում են ջրի մեջ, ինչը ցույց է տալիս, որ նա նվիրվել է Եհովային։

ԻՆՉ է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

23. Ի՞նչ է նշանակում մկրտվել «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով»։

23 Հիսուսն ասաց, որ իր աշակերտները պետք է մկրտվեն «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթեոս 28։19)։ Դա նշանակում է, որ մկրտվողն ընդունում է Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի իշխանությունը (Սաղմոս 83։18; Մատթեոս 28։18)։ Նա նաև հասկանում է սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի դերը (Գաղատացիներ 5։22, 23; 2 Պետրոս 1։21

24, 25. ա) Ի՞նչ է խորհրդանշում մկրտությունը։ բ) Ո՞ր հարցի պատասխանը կիմանանք։

24 Մկրտվել չի նշանակում պարզապես ջրի մեջ ընկղմվել։ Դա մի կարևոր բան է խորհրդանշում։ Ջրի մեջ ամբողջությամբ ընկղմվելը նշանակում է, որ դու մահացել ես քո նախկին ապրելակերպի համար, իսկ ջրից դուրս գալը՝ որ կենդանացել ես Աստծու կամքը կատարելու համար։ Հիշիր նաև, որ դու նվիրվում ես Եհովա Աստծուն և ոչ թե ինչ-որ գործի, մարդու կամ կազմակերպության։ Քո նվիրումը և մկրտությունը սկիզբն է Աստծու հետ մտերիմ ու ամուր ընկերության (Սաղմոս 25։14

25 Սակայն մկրտությունը փրկություն չի երաշխավորում։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակեք ձգտել վախով ու դողով հասնելու ձեր փրկությանը» (Փիլիպպեցիներ 2։12)։ Մկրտությունը դեպի փրկություն տանող ճանապարհի սկիզբն է միայն։ Ուստի հարց է ծագում. ինչպե՞ս կարող ես մնալ Աստծու սիրո մեջ։ Այդ մասին կիմանանք վերջին գլխում։

^ պարբ. 21 Սովորաբար Եհովայի վկաների համաժողովների ժամանակ մկրտություն է լինում։