Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը

Ինչպես է Դանիելի մարգարեությունը նախագուշակում Մեսիայի գալուստը

ԴԱՆԻԵԼ մարգարեն ապրել է Հիսուսի ծնվելուց ավելի քան 500 տարի առաջ։ Եհովան Դանիելին այնպիսի տեղեկություններ հայտնեց, որոնց շնորհիվ հնարավոր էր լինելու ճշգրտությամբ որոշել այն ժամանակը, երբ Հիսուսը պետք է սուրբ ոգով օծվեր, կամ՝ դառնար Մեսիա, այսինքն՝ Քրիստոս։ Դանիելին ասվեց. «Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ պետք է անցնի» (Դանիել 9։25

Մեսիայի հայտնվելու ժամանակը որոշելու համար նախ պետք է իմանանք, թե որ տարեթվից պետք է հաշվենք։ Ըստ Դանիելի մարգարեության՝ այդ ժամանակը սկսվելու էր «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալու» թվականից։ Ե՞րբ դուրս եկավ այդ հրամանը։ Աստվածաշունչը արձանագրողներից մեկի՝ Նեեմիայի խոսքերի համաձայն՝ Երուսաղեմի պարիսպները դարձյալ վերաշինելու հրամանը դուրս եկավ «Արտաքսերքսես թագավորի թագավորության քսաներորդ տարում» (Նեեմիա 2։1, 5–8)։ Պատմաբանները հաստատում են, որ մ.թ.ա. 474 թվականը Արտաքսերքսեսի իշխանության առաջին տարին էր։ Հետևաբար նրա թագավորության 20-րդ տարին մ.թ.ա. 455 թվականն էր։ Այժմ պարզ է, որ Դանիելի՝ Մեսիական մարգարեության կատարումը սկսվեց մ.թ.ա. 455 թվականին։

Դանիելը նշում է, թե որքան ժամանակ պետք է անցներ մինչև Մեսիայի հայտնվելը։ Մարգարեության մեջ ասվում է՝ «յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ», ընդհանուր առմամբ՝ 69 շաբաթ։ Որքա՞ն ժամանակահատված են ընդգրկում այս 69 շաբաթները։ Աստվածաշնչի որոշ թարգմանություններ նշում են, որ դրանք շաբաթ-տարիներ են և ոչ թե օրեր։ Այսինքն՝ ամեն մի շաբաթը յոթ տարի է։ Շաբաթ-տարիների, կամ՝ յոթ տարիների հասկացությունը ծանոթ էր հին հրեաներին։ Օրինակ՝ ճիշտ ինչպես որ ամեն յոթերորդ օրը նրանք պահում էին Շաբաթը, այնպես էլ ամեն յոթերորդ տարին նրանք պահում էին Շաբաթ տարին (Ելք 23։10, 11)։ Ուստի մարգարեական 69 շաբաթները հավասար են 69 անգամ 7 տարվա, կամ՝ ընդհանուր հաշվով՝ 483 տարիների։

Այժմ հաշվենք։ Մ.թ.ա. 455 թվականից հաշվելով 483 տարիներ՝ գալիս ենք մ.թ. 29 թվականը։ Դա հենց այն տարին է, երբ Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիա * (Ղուկաս 3։1, 2, 21, 22)։ Ի՜նչ հրաշալի կերպով կատարվեց Դանիելի մարգարեությունը։

^ պարբ. 2 Մ.թ.ա. 455 թվականից մինչև մ.թ.ա. 1 թվականը 454 տարի է։ Մ.թ.ա. 1 թվականից մինչև մ.թ. 1 թվականը 1 տարի է (0 թվական չկա)։ Իսկ մ.թ. 1 թվականից մինչև մ.թ. 29 թվականը 28 տարի է։ Այս երեք թվերը իրար գումարելով՝ ստանում ենք 483 տարի։ Հիսուսը սպանվեց մ.թ. 33 թ.-ին 70-րդ շաբաթի ընթացքում (Դանիել 9։24, 26)։ Տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 11-րդ գլուխը (ռուս.) և «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանում «Յոթանասուն շաբաթ» հոդվածը (անգլ., հ. 2, էջ 899–901)։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։