Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Ճշմարտությունը Հոր, Որդու և սուրբ ոգու մասին

Ճշմարտությունը Հոր, Որդու և սուրբ ոգու մասին

ՆՐԱՆՔ, ովքեր հավատում են Երրորդության ուսմունքին, ասում են. «Աստված եռանձնյա է՝ բաղկացած է երեք անձից՝ Հորից, Որդուց և Սուրբ Հոգուց։ Այս երեքն էլ հավասար են իրար, ամենակարող են և չունեն սկիզբ»։ Ըստ Երրորդության ուսմունքի՝ թե՛ Հայրն է Աստված, թե՛ Որդին է Աստված և թե՛ Սուրբ Հոգին է Աստված, միևնույն ժամանակ Աստված մեկն է։

Այնուհանդերձ այն մարդիկ, ովքեր հավատում են Երրորդությանը, խոստովանում են, որ չեն կարող բացատրել այդ ուսմունքը։ Ու չնայած դրան՝ նրանք մտածում են, թե Աստվածաշունչը սովորեցնում է Երրորդության ուսմունքը։ Սակայն պետք է նշել, որ «երրորդություն» բառը ոչ մի անգամ չի հանդիպում Աստվածաշնչում։ Իսկ Երրորդության գաղափարը կա՞ Աստվածաշնչում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար քննենք աստվածաշնչյան մի համար, որը Երրորդության ուսմունքի կողմնակիցները հաճախ են մեջբերում։

«ԲԱՆԸ ԱՍՏՈՒԱԾ ԷՐ»

Հովհաննես 1։1-ում արձանագրված է. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր» (Էջմիածնի հրատարակություն)։ Նույն գլխում Հովհաննես առաքյալը հստակ նշում է, որ «Բանը» Հիսուսն է (Հովհաննես 1։14)։ Սակայն քանի որ Բանը Աստված է կոչվում, ոմանք եկել են այն եզրակացության, որ Որդին և Հայրը պետք է որ նույն Աստվածը լինեն։

Հիշենք, որ Հովհաննեսի Ավետարանը գրվել է հունարենով։ Հետագայում այն թարգմանվել է այլ լեզուներով։ Աստվածաշնչի թարգմանիչներից շատերը, սակայն, չեն օգտագործել «Բանը Աստուած էր» արտահայտությունը։ Հիմնվելով աստվածաշնչյան հունարենի իմացության վրա՝ այդ թարգմանիչները եկել են այն եզրակացության, որ «Բանը Աստուած էր» արտահայտությունը պետք է այլ կերպ թարգմանվեր։ Ինչպե՞ս։ Ահա մի քանի օրինակներ՝ «Լոգոսը [Խոսքը] աստվածային էր» (A New Translation of the Bible), «Խոսքը աստված էր» (The New Testament in an Improved Version), «Խոսքը Աստծու հետ էր և ուներ նույն էությունը» (The Translator’s New Testament)։ Ըստ այս թարգմանությունների՝ Բանը, կամ՝ Խոսքը Աստվածը չէր։ * Պարզապես Եհովայի ստեղծագործությունների մեջ բարձր դիրք ունենալու պատճառով Բանի մասին խոսվում է որպես աստծու։ Այս համարում «աստված» բառը նշանակում է «զորավոր մեկը»։

ՁԵՌՔ ԲԵՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԵՐ

Մարդկանց մեծամասնությունը չգիտի այն հունարենը, որով գրվել է Աստվածաշունչը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես իմանալ, թե իրականում ինչ նկատի ուներ Հովհաննես առաքյալը։ Մտածիր հետևյալ օրինակի շուրջ. ուսուցիչը դաս է բացատրում աշակերտներին, սակայն աշակերտները տարբեր ձևով են հասկանում այն։ Ի՞նչ կարող են նրանք անել։ Կարող են դիմել ուսուցչին, որ նա լրացուցիչ տեղեկություններ տա դասի մասին։ Անկասկած, դա կօգնի աշակերտներին ճիշտ հասկանալու դասը։ Նմանապես Հովհաննես 1։1-ի նշանակությունը ըմբռնելու համար դու կարող ես Հովհաննեսի Ավետարանը ուշադիր քննել և տեսնել, թե իրականում ինչ դիրք է զբաղեցնում Հիսուսը։ Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ փաստեր ունենալը կօգնի քեզ ճիշտ եզրակացության գալու։

Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե ինչ է գրում Հովհաննես առաքյալը 1-ին գլխի 18-րդ համարում. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել [Ամենակարող] Աստծուն»։ Մինչդեռ մարդիկ տեսել են Հիսուսին՝ Որդուն, ինչպես նշում է առաքյալը. «Բանը [Հիսուսը] մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը» (Հովհաննես 1։14, Էջմ. հրատ.)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Որդին Ամենակարող Աստծու մի մասը լինել։ Հովհաննես առաքյալը նաև գրում է, որ «Բանը Աստծու մօտ էր»։ Ինչպե՞ս է հնարավոր, որ անհատը լինի ինչ-որ մեկի մոտ և միևնույն ժամանակ լինի այդ մեկը։ Դեռ ավելին, ինչպես արձանագրված է Հովհաննես 17։3-ում, Հիսուսը հստակ տարբերություն է դնում իր և իր երկնային Հոր միջև։ Նա իր Հորը կոչում է «միակ ճշմարիտ Աստված»։ Իսկ Հովհաննեսը իր ավետարանը ամփոփում է հետևյալ խոսքերով. «Սրանք գրվեցին, որ դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհաննես 20։31)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը ոչ թե Աստված է կոչվում, այլ Աստծու Որդի։ Այս լրացուցիչ տեղեկությունները ցույց են տալիս, թե ինչպես պետք է հասկանալ Հովհաննես 1։1-ը։ Հիսուսը՝ Բանը, «աստված» է այն իմաստով, որ ունի բարձր դիրք, սակայն հավասար չէ Ամենակարող Աստծուն։

ՀԱՍՏԱՏԻՐ ՓԱՍՏԵՐԸ

Նորից մտածիր ուսուցչի և աշակերտների օրինակի շուրջ։ Պատկերացրու՝ աշակերտներից ոմանք նույնիսկ ուսուցչի լրացուցիչ բացատրությունը լսելուց հետո դեռ կասկածներ ունեն։ Ուրիշ ի՞նչ կարող են անել։ Նրանք կարող են դիմել մեկ ուրիշ ուսուցչի օգնությանը։ Եվ եթե երկրորդ ուսուցիչն էլ հաստատի առաջինի բացատրությունը, ապա աշակերտներից շատերի կասկածները կվերանան։ Ուստի եթե համոզված չես, թե իրականում ինչ էր ուզում ասել Հովհաննեսը այն մասին, թե ինչ դիրք ունի Հիսուսը Ամենակարող Աստծու համեմատ, դիմիր Աստվածաշնչի մեկ ուրիշ գրողի օգնությանը։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե ինչ է գրել Մատթեոս ավետարանագիրը։ Մեջբերելով աշխարհի վերջի վերաբերյալ Հիսուսի խոսքերը՝ նա գրում է. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24։36)։ Ինչպե՞ս են այս խոսքերը հաստատում, որ Հիսուսը Ամենակարող Աստված չէ։

Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ Հայրը Որդուց ավելի շատ բան գիտի։ Եթե Հիսուսը Ամենակարող Աստծու մի մասը լիներ, ապա կիմանար այն ամենը, ինչ Հայրը գիտեր։ Հետևաբար Որդին և Հայրը չեն կարող լինել հավասար։ Այնուհանդերձ, ոմանք գուցե առարկեն՝ ասելով. «Հիսուսը երկու էություն ուներ և այդ պարագայում որպես մարդ էր հանդես գալիս»։ Այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել սուրբ ոգու մասին։ Եթե այն նույնպես Աստծու մի մասն է, ապա ինչո՞ւ Հիսուսը չասաց, որ սուրբ ոգին գիտի այն, ինչ Հայրը գիտի։

Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դու ավելի շատ համարների կհանդիպես այս թեմայի վերաբերյալ, որոնք կհաստատեն ճշմարտությունը Հոր, Որդու և սուրբ ոգու մասին (Սաղմոս 90։2; Գործեր 7։55; Կողոսացիներ 1։15

^ պարբ. 3 Հովհաննես 1։1-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Խոսքը «Աստվա՞ծ» էր» հոդվածը «Դիտարանի» 2008թ. նոյեմբերի 1-ի համարում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։