Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործում

Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործում

ԽԱՉԸ պաշտում են միլիոնավոր մարդիկ։ «Բրիտանական հանրագիտարանը» խաչը կոչում է «քրիստոնեության գլխավոր խորհրդանիշ»։ Այնուհանդերձ ճշմարիտ քրիստոնյաները խաչ չեն օգտագործում երկրպագության մեջ։ Ինչո՞ւ։

Գլխավոր պատճառն այն է, որ Հիսուս Քրիստոսը չի մահացել խաչի վրա։ Հիմնականում «խաչ» թարգմանված հունարեն «ստավրոս» բառը նշանակում է «ուղղահայաց ցից» կամ «սյուն»։ Աստվածաշնչի թարգմանություններից մեկում նշվում է. «[Ստավրոս բառը] ամենևին էլ չի նշանակում ինչ-որ անկյան տակ միմյանց ամրացված գերանի երկու կտոր.... հունարենում [Նոր Կտակարանում] չկա ոչ մի արձանագրություն, որ դա գերանի երկու կտոր է» (The Companion Bible)։

Աստվածաշնչյան մի քանի համարներում նաև մեկ այլ բառ է օգտագործվում՝ նկարագրելու համար այն առարկան, որի վրա մահացել է Հիսուսը։ Դա հունարեն «քսիլոն» բառն է (Գործեր 5։30; 10։39; 13։29; Գաղատացիներ 3։13; 1 Պետրոս 2։24)։ Այս բառը նշանակում է «գերան» կամ «փայտ, մահակ, ծառ»։

Գերմանացի գրող Հերման Ֆուլդան, բացատրելով, թե մարդկանց մահապատժի ենթարկելու համար ինչու էր սովորական ցից գործածվում, «Խաչը և խաչելությունը» գրքում գրում է. «Այն վայրերում, որտեղ հրապարակորեն մահապատժի էին ենթարկում, ամեն տեղ չէ, որ ծառեր կային։ Ուստի հողի մեջ սովորական գերան էին խրում, որի վրա հանցագործների ձեռքերը գլխավերևում կապում կամ մեխում էին։ Հաճախ ոտքերն էլ էին կապում կամ մեխում» (Das Kreuz und die Kreuzigung)։

Ամենահամոզիչ ապացույցը գտնում ենք Աստծու Խոսքում։ Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոսը փրկագնով ազատեց մեզ Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեր փոխարեն, որովհետև գրված է. «Ցցից կախված ամեն մարդ անիծյալ է»» (Գաղատացիներ 3։13)։ Այս համարում Պողոսը մեջբերում է 2 Օրենք 21։22, 23-ից, որտեղ հստակ խոսվում է ծառի, կամ՝ փայտի և ոչ թե խաչի մասին։ Եվ քանի որ նման մահապատիժը անհատին անիծյալ էր դարձնում, ճիշտ չի լինի, որ քրիստոնյաները իրենց տներում խաչված Քրիստոսի պատկերներ կախեն։

Ոչ մի փաստ չկա, որ Քրիստոսի մահից հետո 300 տարիների ընթացքում քրիստոնեություն դավանողները երկրպագության մեջ խաչ են օգտագործել։ Սակայն 4-րդ դարում հեթանոս Կոստանդին կայսրը, քրիստոնեություն ընդունելով, խաչը դարձրեց քրիստոնեության խորհրդանիշ։ Ինչպիսին էլ որ եղած լինեն Կոստանդինի մղումները, խաչը բացարձակապես կապ չի ունեցել Հիսուս Քրիստոսի հետ։ Իրականում այն հեթանոսական ծագում ունի։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» նշում է. «Խաչը հանդիպում է նախաքրիստոնեական և ոչ քրիստոնեական մշակույթներում»։ Իսկ բազմաթիվ ուրիշ աղբյուրներում նշվում է, որ խաչը օգտագործվել է բնության երկրպագության և պտղաբերության ծիսակատարությունների մեջ, որոնք ուղեկցվում էին սեռական անբարոյությամբ (New Catholic Encyclopedia)։

Այդ դեպքում ինչո՞ւ քրիստոնեությունը որդեգրեց խաչի երկրպագությունը։ Ակներևաբար այն պատճառով, որ հեթանոսները հեշտությամբ ընդունեն քրիստոնեությունը։ Այդուհանդերձ, ցանկացած հեթանոսական խորհրդանիշի պաշտամունքը ուղղակիորեն դատապարտվում է Աստվածաշնչում (2 Կորնթացիներ 6։14–18)։ Սուրբ Գիրքը նաև արգելում է կռապաշտության բոլոր ձևերը (Ելք 20։4, 5; 1 Կորնթացիներ 10։14)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները հիմնավոր պատճառներ ունեն չօգտագործելու խաչը երկրպագության մեջ։ *

^ պարբ. 4 Խաչի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը (անգլ., էջ 89–93, ռուս., էջ 202–206)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։