Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

Փախի՛ր պոռնկությունից

Փախի՛ր պոռնկությունից

«Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։5)

1, 2. Ի՞նչ դավ նյութեց Բաղաամը Աստծու ժողովրդի դեմ։

ՁԿՆՈՐՍԸ գնում է սիրած վայրում ձուկ բռնելու։ Իր ուզած ձկան տեսակը որսալու համար նա ընտրում է խայծը, ամրացնում կարթին և գցում ջուրը։ Մի քանի րոպե անց թելը ձգվում է, ձողը՝ ճկվում, և ձկնորսը դուրս է քաշում ցանկալի որսը։ Նրա դեմքին շողում է գոհունակության ժպիտը. ճիշտ խայծ էր ընտրել։

2 Մ.թ.ա. 1473-ին Բաղաամ անունով մի մարդ նույնպես մտածեց ու ճիշտ խայծ ընտրեց։ Նրա թիրախը Աստծու ժողովուրդն էր, որ ճամբար էր դրել Մովաբի հարթավայրում՝ Ավետյաց երկրի շեմին։ Բաղաամը իրեն համարում էր Եհովայի մարգարե, բայց իրականում նա ագահ մարդ էր, և վարձի դիմաց պատրաստ էր անիծել Աստծու ժողովրդին։ Սակայն Եհովան միջամտեց, և Բաղաամի բերանից միայն օրհնություն դուրս եկավ։ Բայց նա այնքան էր ուզում ստանալ իր վարձատրությունը, որ մի չարանենգ բան մտածեց. եթե իսրայելացիները մեղք գործեն, Աստված ինքը կանիծի նրանց։ Ու նա գտավ համապատասխան խայծը. մովաբացի հրապուրիչ կանանց (Թվեր 22։1–7; 31։15, 16; Հայտնություն 2։14

3. Որքանո՞վ էր համապատասխան Բաղաամի ընտրած խայծը։

3 Խայծը ծառայե՞ց իր նպատակին։ Ցավոք, այո։ Տասնյակ հազարավոր իսրայելացի տղամարդիկ «կուլ տվեցին» այդ խայծը և «անբարո հարաբերություններ ունեցան Մովաբի աղջիկների հետ»։ Նրանք նույնիսկ սկսեցին երկրպագել մովաբացիների աստվածներին, նաև Փեգորի Բահաղին՝ պտղաբերության՝ սեռական հարաբերությունների աստծուն։ Հետևանքը եղավ այն, որ 24000 իսրայելացիներ կոտորվեցին։ Ինչպիսի՜ ողբերգություն Ավետյաց երկրի հենց շեմին (Թվեր 25։1–9

4. Ինչո՞ւ հազարավոր իսրայելացիներ պոռնկության ծուղակն ընկան։

4 Ի՞նչն էր իրականում այս իսրայելացիների կործանման պատճառը։ Նրանցից շատերը «չար ու անհավատ սիրտ էին զարգացրել»՝ հեռանալով այն Աստծուց, ով ազատել էր իրենց Եգիպտոսից, կերակրել էր անապատում և ապահով բերել-հասցրել Ավետյաց երկրի շեմին (Եբրայեցիներ 3։12)։ Այս դեպքի մասին Պողոս առաքյալը հիշատակեց՝ գրելով. «Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին, և մեկ օրվա մեջ քսաներեք հազար հոգի ընկավ» * (1 Կորնթացիներ 10։8

5, 6. Ինչո՞ւ է Մովաբի հարթավայրում իսրայելացիների հետ պատահածը կարևոր դաս մեզ համար։

5 Այսօր Աստծու ժողովուրդը, որ գտնվում է նոր աշխարհի շեմին, «Թվեր» գրքի այս պատմությունից կարևոր դասեր ունի քաղելու (1 Կորնթացիներ 10։11)։ Ներկայիս աշխարհը կարծես մի մեծ Մովաբ լինի՝ սեքսի մոլուցքով բռնված։ Ամեն տարի հազարավոր քրիստոնյաներ «կուլ են տալիս» այս նույն խայծը՝ անբարոյությունը, որը եղավ իսրայելացիների կորստի պատճառը (2 Կորնթացիներ 2։11)։ Զամրիի նման, ով անամոթաբար բոլոր իսրայելացիների աչքի առաջ մադիանացի կնոջ բերեց իր վրան, Աստծու ժողովրդի հետ ընկերակցող մարդկանցից ոմանք ապականիչ ազդեցություն են թողնում քրիստոնեական ժողովի անդամների բարոյականության վրա (Թվեր 25։6, 14; Հուդա 4

6 Գիտակցո՞ւմ ես, որ կանգնած ես ժամանակակից Մովաբի հարթավայրում։ Հորիզոնում տեսնո՞ւմ ես ցանկալի մրցանակը՝ երկար սպասված նոր աշխարհը։ Ուրեմն ամեն ինչ արա, որ մնաս Աստծու սիրո մեջ՝ հետևելով այս պատվերին. «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18

Մովաբի հարթավայրերը

ԻՆՉ Է ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆԸ

7, 8. Ի՞նչ է պոռնկությունը, և ի՞նչ «պտուղներ» է այն տալիս ցանողին։

7 Աստվածաշնչում «պոռնկություն» թարգմանված հունարեն բառը վերաբերում է ապօրինի սեռական հարաբերությանը, որ տեղի է ունենում սուրբգրային ամուսնությունից դուրս։ Դրա մեջ են մտնում շնությունը, մարմնավաճառությունը, իրար հետ չամուսնացած անհատների միջև սեռական հարաբերությունը, այդ թվում՝ օրալային (բերանային) ու անալային (հետանցքային) սեքսը և սեռական օրգանների մանիպուլյացիան (գրգռում, շոյանք և այլն՝ սեռական հաճույք պատճառելու նպատակով)։ Պոռնկություն է նաև համասեռամոլությունն ու անասնապղծությունը։ *

8 Աստվածաշնչի տեսակետը այս հարցում հստակ է. պոռնկություն գործողները չեն կարող մնալ քրիստոնեական ժողովում և չեն արժանանա հավիտենական կյանքին (1 Կորնթացիներ 6։9; Հայտնություն 22։15)։ Բացի դրանից, այդպես վարվելով՝ նրանք վնասում են իրենց. կորցնում են իրենց հանդեպ ուրիշների վստահությունը և ինքնահարգանքը, ամուսնական կյանքում ունենում են խնդիրներ, իրենց խիղճը տանջում է, կանգնում են անցանկալի հղիության, հիվանդությունների և երբեմն նույնիսկ կյանքը կորցնելու վտանգի առաջ (կարդա՛  Գաղատացիներ 6։7, 8)։ Ինչո՞ւ քայլել մի ճանապարհով, որը դառնությամբ կլցնի կյանքդ։ Ցավոք, շատերը այդքան հեռատես չեն լինում, երբ ոտք են դնում այդ ճանապարհին։ Առաջին քայլը հաճախ լինում է պոռնկագրություն դիտելը։

ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

9. Բացատրիր, թե ինչու է պոռնկագրությունը վտանգավոր։

9 Շատ երկրներում պոռնկագրական նյութերը ամենուր են՝ թերթի կրպակներում, երգերում, ֆիլմերում, հեռուստահաղորդումներում, ինտերնետում։ * Ոմանք ասում են, թե դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Սակայն այդպես չէ։ Պոռնկագրությունը կարող է առաջ բերել ձեռնաշարժության սովորություն և «խայտառակ կրքեր», ինչի հետևանքով մարդու մեջ սեքսի մոլուցք և այլասերված ցանկություններ են զարգանում, որոնք էլ ամուսնական խնդիրների և նույնիսկ ամուսնալուծության պատճառ են դառնում * (Հռոմեացիներ 1։24–27; Եփեսացիներ 4։19)։ Մի մասնագետ սեքսի մոլուցքը համեմատում է քաղցկեղի հետ։ «Այն շարունակ մեծանում է ու տարածվում,— ասում է նա։— Գրեթե անհնար է, որ դա ինքնիրեն անցնի։ Չափազանց դժվար է [այդ հիվանդությունը] բուժել»։

Խելամիտ կլինի ինտերնետից օգտվելիս լինել ընդհանուր սենյակում

10. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Հակոբոս 1։14, 15 համարների սկզբունքը (տես նաև « Ես մաքրվեցի բարոյապես» շրջանակը)։

10 Ուշադրություն դարձրու Հակոբոս 1։14, 15 համարներին, որտեղ ասվում է. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում»։ Ուրեմն եթե վատ ցանկությունը մտնում է քո միտք, անմիջապես ազատվիր դրանից։ Օրինակ՝ եթե պատահաբար էրոտիկ պատկեր տեսնես, միանգամից հեռացրու աչքերդ դրանից, անջատիր համակարգիչդ, փոխիր հեռուստացույցի ալիքը։ Մի խոսքով, ամեն ինչ արա, որ դիմադրես անբարո ցանկությանը՝ թույլ չտալով, որ այն զորանա ու հաղթի քեզ (կարդա՛  Մատթեոս 5։29, 30

11. Երբ պայքարում ենք սխալ ցանկությունների դեմ, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային։

11 Աստված, ով մեզանից էլ լավ է ճանաչում մեզ, հորդորում է. «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5)։ Ճիշտ է, դա կարող է դժվար լինել։ Բայց հիշիր՝ մենք սիրառատ ու համբերատար երկնային Հայր ունենք, որը պատրաստ է օգնել մեզ (Սաղմոս 68։19)։ Ուստի երբ վատ մտքեր են առաջանում քո մեջ, անմիջապես աղոթիր նրան։ Խնդրիր «սովորականին գերազանցող ուժը» և ստիպիր քեզ ուրիշ բանի մասին մտածել (2 Կորնթացիներ 4։7; 1 Կորնթացիներ 9։27; տես  «Ինչպես ազատվեմ վատ սովորությունից» շրջանակը)։

12. Ի՞նչ է խորհրդանշում մեր «սիրտը», և ինչո՞ւ պիտի պահպանենք այն։

12 Սողոմոն իմաստունը գրեց. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները» (Առակներ 4։23)։ «Սիրտը» մեր էությունն է՝ ներքին անձնավորությունը, որը բաց է Աստծու առաջ։ Իսկ մեր կյանքը՝ մեր հավիտենական ապագան, կախված է այն բանից, թե նայելով մեզ՝ ինչ է տեսնում Աստված, ոչ թե՝ ինչ են տեսնում մարդիկ։ Հարկավոր է միշտ հիշել այս պարզ, բայց կարևոր ճշմարտությունը։ Հավատարիմ Հոբը, օրինակ, ուխտ էր կապել իր աչքերի հետ, որպեսզի անպատշաճ ուշադրություն չդարձնի որևէ կնոջ (Հոբ 31։1)։ Նույն տրամադրվածությունն ուներ նաև սաղմոսերգուն, որն աղոթեց Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց» (Սաղմոս 119։37)։ Ի՜նչ լավ օրինակ են նրանք մեզ համար։

ԴԻՆԱՅԻ ԱՆԽՈՀԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

13. Ո՞վ էր Դինան, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա անխոհեմ վարվեց ընկերներ ընտրելու հարցում։

13 Ինչպես իմացանք 3-րդ գլխից, մեր ընկերները կարող են լավ կամ վատ ազդեցություն ունենալ մեզ վրա (Առակներ 13։20; կարդա՛  1 Կորնթացիներ 15։33)։ Քննենք Դինայի՝ Հակոբի աղջկա օրինակը։ Թեև նա լավ դաստիարակություն էր ստացել, սակայն անխոհեմաբար սկսեց ընկերություն անել քանանացի աղջիկների հետ։ Մովաբացիների պես՝ քանանացիներն էլ հայտնի էին իրենց անբարոյությամբ (Ղևտական 18։6–25)։ Ուստի քանանացի տղաների, այդ թվում՝ Սյուքեմի համար, ով «իր հոր ամբողջ տան մեջ ամենահարգվածն էր», Դինան մի աղջիկ էր, ով մյուսների պես դեմ չէր լինի սեռական հարաբերությանը (Ծննդոց 34։18, 19

14. Ինչպե՞ս Դինայի անխոհեմ ընտրությունը ողբերգության պատճառ դարձավ։

14 Հավանաբար Դինայի մտքով չէր էլ անցնում սեքսը, երբ տեսավ Սյուքեմին։ Տղան արեց այն, ինչը շատ քանանացիներ նորմալ էին համարում, երբ մեկի հանդեպ սեռական ցանկություն էր առաջանում։ Վերջին պահին Դինայի դիմադրելը ոչ մի նշանակություն չունեցավ, քանի որ Սյուքեմը բռնաբարեց նրան։ Ըստ ամենայնի՝ նա հետո սիրահարվեց աղջկան, սակայն դա չէր փոխում իրողությունը (կարդա՛  Ծննդոց 34։1–4)։ Բայց մենակ Դինան չէր, որ տուժեց դրանից։ Ընկերների հարցում աղջկա անխոհեմ ընտրությունը անարգանք ու նախատինք բերեց իր ողջ ընտանիքի վրա (Ծննդոց 34։7, 25–31; Գաղատացիներ 6։7, 8

15, 16. Ինչպե՞ս կարող ենք իմաստություն ձեռք բերել (տես նաև « Խորհրդածիր հետևյալ սուրբգրային համարների շուրջ» շրջանակը)։

15 Կյանքը դաս տվեց Դինային։ Բայց ովքեր սիրում ու հնազանդվում են Աստծուն, ստիպված չեն սեփական դառը փորձից սովորել։ Նրանք ճիշտ ընտրություն են անում և իմաստունների հետ են «քայլում» (Առակներ 13։20ա)։ Քանի որ լսում են Աստծուն, նրանք հասկանում են, թե որն է ճիշտ «ընթացքը», և խուսափում են տարբեր խնդիրներից ու ցավերից (Առակներ 2։6–9; Սաղմոս 1։1–3

16 Աստված իմաստություն է տալիս նրանց, ովքեր ձգտում են դրան և ջանքեր են թափում այն ձեռք բերելու համար, այսինքն՝ աղոթում են և կանոնավորաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը ու հավատարիմ ծառայի տրամադրած նյութերը (Մատթեոս 24։45; Հակոբոս 1։5)։ Կարևոր է նաև խոնարհ լինել, ինչը կօգնի պատրաստ լինել ընդունելու սուրբգրային խորհուրդը և հետևելու դրան (2 Թագավորներ 22։18, 19)։ Օրինակ՝ քրիստոնյան գուցե ընդունում է, որ մարդու սիրտը «նենգավոր է.... և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Բայց երբ անխոհեմ քայլ է պատրաստվում անել, այնքան խոնարհ կլինի՞, որ ընդունի սիրով տրված խորհուրդը կամ օգնությունը։

17. Ի՞նչ իրավիճակ գուցե ստեղծվի ընտանիքում, և ինչպե՞ս կարող է հայրը օգնել աղջկան տրամաբանել սուրբգրային սկզբունքների շուրջ։

17 Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Հայրը թույլ չի տալիս իր աղջկան երիտասարդ քրիստոնյա տղայի հետ ժամանակ անցկացնել առանց երրորդ մարդու ներկայության։ Աղջիկը տրտնջում է. «Դու ինձ չե՞ս վստահում։ Մենք ոչ մի վատ բան չենք անի»։ Նա գուցե իսկապես սիրում է Եհովային և ոչ մի վատ բան չի պատրաստվում անել, սակայն մի՞թե «իմաստությամբ է քայլում», մի՞թե հետևում է «փախեք պոռնկությունից» հորդորին։ Թե՞ նա անխոհեմաբար «իր սրտին է ապավինում» (Առակներ 28։26)։ Ի՞նչ ես կարծում, ո՞ր սկզբունքները կօգնեն հորը կամ աղջկան այս իրավիճակում ճիշտ վարվելու համար (տես Առակներ 22։3, Մատթեոս 6։13 և 26։41 համարները)։

ՀՈՎՍԵՓԸ ՓԱԽԱՎ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

18, 19. Ի՞նչ փորձության մեջ էր ընկել Հովսեփը և ինչպե՞ս վարվեց։

18 Դինայի եղբայր Հովսեփը, ով սիրում էր Եհովային, փախավ պոռնկությունից (Ծննդոց 30։20–24)։ Երեխա ժամանակ նա տեսել էր, թե ինչ հետևանք ունեցավ քրոջ անխոհեմությունը։ Այդ դեպքի հետ կապված հիշողությունները և Աստծուն հաճելի լինելու ցանկությունը պաշտպանեցին նրան տարիներ հետո, երբ Եգիպտոսում էր և իր տիրոջ կինը ամեն օր փորձում էր համոզել նրան, որ «պառկի իր հետ»։ Հովսեփը ստրուկ էր, և չէր կարող պարզապես թողնել ու հեռանալ այդ տնից։ Նա խելամտությամբ ու համարձակությամբ պետք է վարվեր։ Ամեն անգամ երիտասարդը մերժում էր Պետափրեսի կնոջը, իսկ վերջում նույնիսկ փախավ նրա մոտից (կարդա՛  Ծննդոց 39։7–12

19 Մի պահ մտածիր. եթե Հովսեփը սկսեր իր երևակայության մեջ պատկերացնել այդ կնոջը և մտածեր սեքսի մասին, կկարողանա՞ր արդյոք պահել իր անարատությունը։ Շատ հավանաբար՝ ոչ։ Անմաքուր մտքերին տրվելու փոխարեն՝ Հովսեփը մտածում էր Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերության մասին, ինչը թանկ էր իր համար։ Դա երևում է Պետափրեսի կնոջն ասած նրա խոսքերից. «Իմ տերը ոչինչ չի արգելել ինձ, բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես։ Ուստի ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդոց 39։8, 9

20. Ինչպե՞ս Եհովան փոխեց Հովսեփի հանգամանքները։

20 Պատկերացրու ինչքան էր ուրախանում Եհովայի սիրտը, երբ տեսնում էր, որ տնից հեռու էլ երիտասարդ Հովսեփը ամեն օր պահում է իր անարատությունը (Առակներ 27։11)։ Հետագայում Եհովան դեպքերին այնպիսի ընթացք տվեց, որ Հովսեփը ոչ միայն ազատվեց բանտից, այլև դարձավ Եգիպտոսում փարավոնից հետո երկրորդ մարդը, որը հոգ էր տանելու ժողովրդին սննդով ապահովելու մասին (Ծննդոց 41։39– 49)։ Որքա՜ն ճիշտ են Սաղմոս 97։10-ի խոսքերը. «Ո՛վ դուք Եհովային սիրողներ, ատեցե՛ք չարությունը։ Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները, ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց»։

21. Ինչպե՞ս աֆրիկացի մի երիտասարդ եղբայր քաջությամբ պահեց իր անարատությունը։

21 Այսօր էլ Աստծու ծառաներից շատերը ցույց են տալիս, որ «ատում են չարը և սիրում են բարին» (Ամոս 5։15)։ Աֆրիկյան երկրներից մեկում ապրող մի երիտասարդ եղբայր պատմում է, որ իր դասընկերուհին խնդրեց օգնել իրեն մաթեմատիկայի քննության ժամանակ՝ ասելով, որ փոխարենը իր հետ սեքսով կզբաղվի։ «Ես անմիջապես մերժեցի նրան,— ասում է տղան։— Անարատ մնալով՝ ես պահեցի իմ արժանապատվությունը և ինքնահարգանքը, ինչը արժեքավոր է անգամ ոսկուց ու արծաթից»։ Ճիշտ է, մեղքը ժամանակավոր հաճույք է պատճառում, սակայն դրա հասցրած ցավը խորն է ու երկարատև (Եբրայեցիներ 11։25)։ Հաճույքի այդ պահը հնարավոր չէ համեմատել այն հարատև ուրախության հետ, որ պատճառում է Եհովային հնազանդվելը (Առակներ 10։22

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՂՈՐՄԱԾ ԱՍՏԾՈՒՑ

22, 23. ա) Եթե քրիստոնյան լուրջ մեղք գործի, ինչո՞ւ կարող ենք ասել, որ ամեն բան վերջացած չէ։ բ) Ի՞նչ օգնություն կարող է նա ստանալ։

22 Լինելով անկատար՝ բոլորս էլ պայքարում ենք մեր մարմնական ցանկությունների դեմ և ջանում ենք անել այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում (Հռոմեացիներ 7։21–25)։ Եհովան գիտի դա և «հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Սակայն քրիստոնյան գուցե լուրջ մեղք գործի։ Արդյոք դրանով ամեն ինչ վերջացա՞ծ է։ Իհարկե ոչ։ Ճիշտ է, նա կքաղի իր արածի դառը պտուղները, ինչպես Դավիթ թագավորը, այդուհանդերձ Աստված միշտ պատրաստ է ներել նրանց, ովքեր խոստովանում են իրենց մեղքը (Սաղմոս 86։5; Հակոբոս 5։16; կարդա՛  Առակներ 28։13

23 Բացի դրանից, Աստված քրիստոնեական ժողովի միջոցով մեզ տվել է «մարդկանց տեսքով պարգևներ»՝ հոգևորապես հասուն հովիվներ, ովքեր կարող են ու պատրաստ են օգնություն տրամադրել (Եփեսացիներ 4։8, 12; Հակոբոս 5։14, 15)։ Նրանց նպատակն է օգնել մեղք գործած մարդուն վերականգնել Եհովայի հետ իր փոխհարաբերությունը և «իմաստուն սիրտ ձեռք բերել», որպեսզի այլևս չգործի այդ մեղքը (Առակներ 15։32

ՁԵՌՔ ԲԵՐ ԻՄԱՍՏՈՒՆ ՍԻՐՏ

24, 25. ա) Ինչի՞ց է երևում, որ Առակներ 7։6–23-ում նշված երիտասարդը անխոհեմ է։ բ) Ինչպե՞ս կարող ենք «իմաստուն սիրտ ձեռք բերել»։

24 Առակներ 7։6–23 համարներում խոսվում է մի երիտասարդի մասին, ով «խոհեմ սիրտ չուներ»։ Հոգևորապես ոչ հասուն և ծառայության մեջ անփորձ մարդը հնարավոր է՝ չունենա բավականաչափ ողջամտություն և խորաթափանցություն, և այդ երիտասարդի պես հեշտությամբ կարող է լուրջ մեղքի թակարդն ընկնել։ Ուստի Աստվածաշունչը հորդորում է բոլորին «իմաստուն սիրտ» զարգացնել։ Իմաստունը քննում է իր ներքին անձնավորությունը՝ կանոնավորաբար աղոթելով և ուսումնասիրելով Աստծու Խոսքը։ Որքանով որ հնարավոր է անկատար մարդու համար, նա իր մտքերը, ցանկությունները, զգացումներն ու նպատակները համապատասխանեցնում է Աստծու կամքին։ Այդպիսով՝ նա «սիրում է իր հոգին», կամ՝ շահում է Աստծու հավանությունը, ինչի արդյունքում «բարիք կգտնի» (Առակներ 19։8

25 Հարցրու ինքդ քեզ. «Լիովին համոզվա՞ծ եմ, որ Աստծու չափանիշները ճիշտ են։ Վստա՞հ եմ, որ դրանցով առաջնորդվելը երջանկություն է բերում» (Սաղմոս 19։7–10; Եսայիա 48։17, 18)։ Եթե կասկածներ ունես, դրանց վերաբերյալ փնտրտուքներ արա։ Խորհիր այն հետևանքների մասին, որոնք կկրես, եթե ուշադրություն չդարձնես Աստծու օրենքներին։ «Ճաշակիր և տես, որ Եհովան բարի է»՝ ապրելով ճշմարտության համաձայն և լցնելով քո միտքը այնպիսի բաներով, ինչը որ ճշմարիտ է, արդար, մաքուր, առաքինի և ինչը որ սեր է առաջ բերում (Սաղմոս 34։8; Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Համոզված եղիր, որ ինչքան շատ ջանքեր թափես, այնքան քո սերը Աստծու հանդեպ կմեծանա, և դու կսիրես այն, ինչ նա է սիրում, ու կատես այն, ինչ նա է ատում։ Հովսեփը կատարյալ չէր, սակայն կարողացավ փախչել պոռնկությունից, քանի որ թույլ էր տվել, որ տարիներ շարունակ Եհովան ձևավորի իրեն ու դարձնի խոհեմ։ Դու էլ նրա պես վարվիր (Եսայիա 64։8

26. Ի՞նչ կարևոր թեմա կքննարկենք հաջորդ գլուխներում։

26 Արարիչը սեռական օրգանները ստեղծել է ամուսնական կյանքից հաճույք ստանալու և երեխաներ ունենալու համար, ոչ թե անբարոյության (Առակներ 5։18Աստծու տեսակետը ամուսնության վերաբերյալ կքննարկենք հաջորդ երկու գլուխներում։

^ պարբ. 4 Ըստ «Թվեր» գրքի՝ սպանվածները 24000 էին։ Այդ թվի մեջ ակներևաբար ընդգրկված են թե՛ նրանք, ում Եհովան սպանեց, և թե՛ դատավորների կողմից սպանված ժողովրդի «գլխավորները», որոնք, ըստ ամենայնի, եղել են 1000 հոգի (Թվեր 25։4, 5

^ պարբ. 7 Անմաքրության և անառակ վարքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ընթերցողների հարցերը» 2006թ. հուլիսի 15-ի «Դիտարանում»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 9 Պոռնկագրությունը այստեղ վերաբերում է էրոտիկ բովանդակությամբ պատկերներին, գրավոր կամ բանավոր նյութերին, որոնց նպատակն է բորբոքել մարդու սեռական կրքերը։ Պոռնկագրական նյութերը բազմազան են՝ սկսած մեկի էրոտիկ նկարից մինչև երկու կամ ավելի անհատների միջև ամենանողկալի սեռական ակտի պատկերումը։

^ պարբ. 9 Ձեռնաշարժության մասին խոսվում է «Ինչպես ձերբազատվել ձեռնաշարժությունից» հավելվածում։