Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

Թող քո խոսքը կերտիչ լինի

Թող քո խոսքը կերտիչ լինի

«Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք.... կերտելու համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 4։29)

1–3. ա) Ի՞նչ պարգև է Եհովան մեզ տվել, և այն ինչպե՞ս օգտագործելն է սխալ։ բ) Աստծու սիրո մեջ մնալու համար ինչպե՞ս պետք է օգտագործենք խոսքի պարգևը։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քո սիրելի անձնավորությանը նվեր ես տվել, բայց նա այդ նվերի հետ խնամքով չի վարվում կամ էլ սխալ է օգտագործում։ Ի՞նչ կզգայիր դու։ Ենթադրենք այդ նվերը ավտոմեքենա է։ Ու դու իմանում ես, որ նա անզգույշ է վարում և վնաս է պատճառում ուրիշներին։ Անշուշտ, դա կհիասթափեցներ քեզ։

2 Խոսելու ունակությունը նույնպես նվեր է, որը տվել է մեզ Եհովան՝ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» տվողը (Հակոբոս 1։17)։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք հստակ արտահայտել մեր մտքերն ու զգացմունքները, ինչով և տարբերվում ենք կենդանիներից։ Սակայն այս նվերը նույնպես կարող է սխալ օգտագործվել։ Որքա՜ն կհիասթափվի Եհովան, եթե այն անխոհեմաբար օգտագործենք՝ մեր խոսքով ուրիշներին ցավ պատճառենք։

3 Աստծու սիրո մեջ մնալու համար պետք է խոսքի պարգևն օգտագործենք ճիշտ նպատակով, ինչի համար որ Եհովան տվել է մեզ։ Նա մեզ հայտնում է, թե ինչպիսի խոսքն է իրեն հաճելի։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփեսացիներ 4։29)։ Քննարկենք, թե ինչու պետք է հսկենք մեր լեզուն, ինչպիսի խոսքեր ասելուց պետք է խուսափենք և ինչպես կարող ենք մեր խոսքը կերտիչ դարձնել։

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀՍԿԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

4, 5. Ինչպե՞ս է «Առակներ» գրքում նկարագրվում խոսքի ուժը։

4 Կարևոր պատճառներից մեկը, թե ինչու պետք է հսկենք մեր լեզուն, այն է, որ խոսքը զորեղ ուժ ունի։ Առակներ 15։4-ում ասվում է. «Հանդարտ լեզուն կյանքի ծառ է, բայց խեղաթյուրված լեզուն կոտրում է ոգին»։ Մեղմ խոսքերը թարմություն են պատճառում լսողներին, իսկ «խեղաթյուրված լեզուն» կարող է փշրել մարդու սիրտը։ Այո՛, մեր խոսքերը զորություն ունեն վերքեր հասցնելու և բժշկելու (Առակներ 18։21

5 Խոսքի ուժը պատկերավոր ներկայացնելով՝ մեկ ուրիշ առակում ասվում է, որ անմտածված խոսքը «սրի պես խոցում է» (Առակներ 12։18)։ Երբ մարդը խոսում է առանց երկար մտածելու, կարող է էմոցիոնալ ցավ պատճառել և փոխհարաբերություններ փչացնել։ Երբևէ զգացե՞լ ես այն ցավը, որ պատճառում է անմիտ խոսքերի սուրը։ Նույն առակում կարդում ենք. «Բայց իմաստունների լեզուն բուժում է»։ Մտածված խոսքերը կարող են բուժել սրտի ցավը և վերականգնել փոխհարաբերությունները։ Իսկ դու զգացե՞լ ես բարի խոսքերի ամոքիչ զորությունը (կարդա՛  Առակներ 16։24)։ Գիտակցելով այդ փաստը, մենք ուզում ենք, որ մեր խոսքերը բուժեն մարդկանց, ոչ թե ցավ պատճառեն։

Մեղմ խոսքը թարմություն է պատճառում

6. Ինչո՞ւ է լեզուն հսկելը իսկական պայքար։

6 Որքան էլ ջանանք, չենք կարող լիովին վերահսկել մեր լեզուն։ Այստեղ հարկ է նշել լեզուն հսկելու երկրորդ կարևոր պատճառը՝ մեղքն ու անկատարությունը դրդում են մեզ սխալ օգտագործել խոսքի պարգևը։ Խոսքերը ծնվում են սրտում, իսկ «մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծննդոց 8։21; Ղուկաս 6։45)։ Ուստի մեր լեզուն հսկելը իսկական պայքար է (կարդա՛  Հակոբոս 3։2–4)։ Թեև լիարժեք արդյունքի չենք կարող հասնել, սակայն կարող ենք անընդհատ ջանքեր թափել։ Մենք պետք է պայքարենք մեր լեզուն սխալ օգտագործելու հակման դեմ այնպես, ինչպես գետում լողացողն է անընդհատ պայքարում հակառակ հոսանքի դեմ։

7, 8. Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան հաշիվ է պահանջում մեր խոսքերի համար։

7 Երրորդ պատճառը, թե ինչու պետք է հսկենք մեր լեզուն, այն է, որ Եհովան հաշիվ է պահանջում մեր խոսքերի համար։ Այսինքն՝ մեր խոսքերը ազդում են ոչ միայն մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա, այլև Եհովայի։ Հակոբոս 1։26-ում կարդում ենք. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է»։ * Ինչպես իմացանք նախորդ գլխից, խոսքը անմիջական կապ ունի մեր մատուցած երկրպագության հետ։ Եթե մեր լեզուն չսանձենք՝ վիրավորական, խայթող խոսքեր ասենք, մեր քրիստոնեական ծառայությունը ունայն կլինի Աստծու աչքում։ Մի՞թե սա սթափեցնող չէ (Հակոբոս 3։8–10

8 Պարզ է, ուրեմն, որ մենք հիմնավոր պատճառներ ունենք ուշադիր լինելու, որ խոսքի պարգևը սխալ չօգտագործենք։ Նախքան իմանալը, թե ինչպես մեր խոսքը կերտիչ դարձնենք, տեսնենք, թե ինչ տեսակ խոսքը տեղ չունի ճշմարիտ քրիստոնյայի կյանքում։

ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ

9, 10. ա) Ինչպիսի՞ բառերն են սովորական դարձել առօրյայում։ բ) Ինչո՞ւ չպետք է անպարկեշտ խոսք օգտագործենք (տես նաև ծանոթագրությունը)։

9 Անպարկեշտ խոսքեր։ Աշխարհում անեծքը, հայհոյանքը և այլ տեսակի անվայել խոսքերը առօրյա զրույցների անբաժանելի մասն են դարձել։ Շատերը նման խոսքեր օգտագործում են այդ պահին մոռացած բառի փոխարեն կամ իրենց ասածին շեշտ հաղորդելու համար։ Երգիծաբանները հաճախ գռեհիկ, սեքսին առնչվող ժարգոնային բառեր են օգտագործում հումորային ծրագրերում։ Սակայն անպարկեշտ լեզուն ամենևին էլ զվարճալի չէ։ Մոտ 2000 տարի առաջ Պողոս առաքյալը կողոսացի քրիստոնյաներին գրեց. «Թող անպարկեշտ խոսքեր դուրս չգան ձեր բերանից» (Կողոսացիներ 3։8)։ Իսկ եփեսացիներին գրեց, որ չանեն «անպարկեշտ կատակներ» (Եփեսացիներ 5։3, 4

10 Անպարկեշտ խոսքերը տհաճ են Եհովային, ինչպես նաև նրանց, ովքեր սիրում են նրան։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ մերժել այդպիսի լեզուն։ «Մարմնի գործերը» թվարկելիս Պողոսը նշեց «անմաքրությունը», որի մեջ մտնում է նաև անմաքուր լեզուն (Գաղատացիներ 5։19–21)։ Սա լուրջ հարց է, քանի որ անհատը կարող է զրկվել ժողովի ընկերակցությունից, եթե անտեսի իրեն տրված խորհուրդները, չզղջա և շարունակի օգտագործել անպարկեշտ, նվաստացուցիչ ու գռեհիկ բառեր։ *

11, 12. ա) Ուրիշների մասին զրույցը ե՞րբ է վերածվում վնասակար բամբասանքի։ բ) Եհովայի ծառաները ինչո՞ւ պետք է զգույշ լինեն, որ չզրպարտեն որևէ մեկին։

11 Չարամիտ բամբասանք, զրպարտություն։ Մարդիկ հակված են խոսել սրա-նրա մասին։ Մի՞թե դա վատ է ու վնասակար։ Ոչ, եթե այդ զրույցը դրական և օգտակար տեղեկությունների փոխանակում է, օրինակ՝ այսինչը մկրտվեց կամ այնինչը քաջալերանքի կարիք ունի։ Առաջին դարի քրիստոնյաները անկեղծորեն հետաքրքրվում էին միմյանց բարօրությամբ և անհրաժեշտ տեղեկություններ էին փոխանցում (Եփեսացիներ 6։21, 22; Կողոսացիներ 4։8, 9)։ Սակայն սովորական զրույցը կարող է դառնալ վնասակար բամբասանք, երբ փաստերը աղավաղվեն կամ որևէ մեկի անձնական հարցերին առնչվեն։ Իսկ ինչն ավելի վատ է, բամբասանքը կարող է վերածվել զրպարտության, որը միշտ աղետաբեր է։ Զրպարտությունը վարկաբեկող սուտ մեղադրանք է՝ կեղծ տեղեկություն։ Օրինակ՝ երբ Հիսուսը բուժեց մի դիվահար մարդու, փարիսեցիները չարամտորեն զրպարտեցին նրան՝ մարդկանց աչքից գցելու համար (Մատթեոս 9։32–34; 12։22–24)։ Զրպարտությունը հաճախ նաև վեճերի պատճառ է լինում (Առակներ 26։20

12 Եհովան թեթև բան չի համարում այն, որ մարդիկ խոսքի պարգևը օգտագործում են ուրիշներին վարկաբեկելու և պառակտումներ մտցնելու համար։ Նա ատում է նրանց, ովքեր «եղբայրների մեջ վեճ են սերմանում» (Առակներ 6։16–19)։ Աստվածաշնչում «զրպարտիչ» և «բանսարկու» բառերը թարգմանվել են հունարեն «դիաբոլոս» բառից, որն օգտագործվում է նաև Սատանային բնորոշելու համար։ Նա կոչվում է Բանսարկու, քանի որ չարամտորեն զրպարտում է Աստծուն (Հայտնություն 12։9, 10)։ Իհարկե, մենք չենք ուզի խոսքի պարգևն այնպես օգտագործել, որ, ըստ էության, դառնանք բանսարկու։ Քրիստոնեական ժողովում զրպարտիչ խոսքերը, որոնք պառակտումներ ու բաժանումներ են մտցնում, տեղ չունեն (Գաղատացիներ 5։19–21)։ Ուստի լսածդ մեկ ուրիշին հայտնելուց առաջ հարցրու ինքդ քեզ. «Այս տեղեկությունը ճի՞շտ է։ Բարության դրսևորում կլինի՞ մեկ ուրիշի հետ այդ մասին խոսելը։ Անհրաժեշտություն կա՞ կամ ճիշտ կլինի՞ հայտնել այդ տեղեկությունը» (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 4։11

13, 14. ա) Վիրավորական խոսքը ի՞նչ ազդեցություն է թողնում լսողների վրա։ բ) Ի՞նչ է չարախոսությունը, և ի՞նչ կլինի չարախոսներին, եթե չփոխվեն։

13 Վիրավորական խոսք։ Ինչպես արդեն նշվեց, խոսքերը կարող են մարդկանց ցավ պատճառել։ Անկատարության պատճառով մենք երբեմն հնարավոր է ասենք բաներ, որոնց համար հետո զղջանք։ Բայց Աստվածաշունչը զգուշացնում է, թե քրիստոնեական ընտանիքում և ժողովում ինչպիսի խոսք չպետք է լինի։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31)։ «Վիրավորական խոսք» արտահայտությունը այլ թարգմանություններում գրված է «չար լեզու», «նվաստացուցիչ խոսքեր»։ Եթե մարդկանց նսեմացնող անուններ կպցնենք և շարունակ քննադատենք, կվիրավորվի նրանց արժանապատվությունը, և նրանց մեջ թերարժեքության զգացում կառաջանա։ Այս առումով հատկապես խոցելի են երեխաները, որոնք շատ զգայուն են և հակված են վստահելու մեծերին (Կողոսացիներ 3։21

14 Աստվածաշունչը խիստ դատապարտում է չարախոսությունը՝ ուրիշներին վիրավորական և նվաստացուցիչ խոսքեր ասելը։ Չարախոսելու սովորություն ունեցող մարդը վտանգում է ժողովի անդամ լինելու իր առանձնաշնորհումը։ Եթե նա մի քանի անգամ խորհուրդ ստանալուց հետո չփոխվի, կզրկվի ընկերակցությունից, իսկ հետագայում՝ Աստծու Թագավորության գալիք օրհնությունները վայելելուց (1 Կորնթացիներ 5։11–13; 6։9, 10)։ Հստակ է ուրեմն, որ եթե ուզում ենք մնալ Աստծու սիրո մեջ, չպետք է անմաքուր և անպատշաճ խոսքեր օգտագործենք։ Այդպիսի լեզուն քանդում է, ոչ թե կերտում։

ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆ

15. Ինչպիսի՞ խոսքն է «բարի.... կերտելու համար»։

15 Ինչպե՞ս կարող ենք խոսքի պարգևն օգտագործել ճիշտ նպատակով, ինչի համար որ Եհովան այն տվել է մեզ։ Հիշենք, որ Աստվածաշունչը խրախուսում է ասել «միայն բարի խոսք.... կերտելու համար» (Եփեսացիներ 4։29)։ Եհովային հաճելի է, երբ կերտում, քաջալերում և ոգևորում ենք մարդկանց։ Իհարկե, նման խոսքեր ասելու համար նախ պետք է մտածել, թե ինչ ասել։ Աստվածաշունչը այս հարցում կոնկրետ կանոններ չի սահմանում, ոչ էլ կերտիչ խոսքերի ցուցակ է ներկայացնում (Տիտոս 2։8)։ Կերտիչ խոսք ասելու համար պարզապես պետք է հիշել երեք կարևոր բան. այն պետք է լինի քաջալերական, ճշմարիտ և բարի։ Տեսնենք կերտիչ խոսքի մի քանի օրինակ (տես « Իմ խոսքը կերտի՞չ է» շրջանակը)։

16, 17. ա) Ինչո՞ւ պետք է գովենք ուրիշներին։ բ) Ինչի՞ համար կարելի է գովել մարդկանց ժողովում, ընտանիքում։

16 Անկեղծ գովասանք։ Մարդը գովասանքի և հավանության արժանանալու կարիք ունի, և Եհովան ու Հիսուսը միշտ հաշվի են առել այդ փաստը (Մատթեոս 3։17; 25։19–23; Հովհաննես 1։47)։ Մենք էլ պետք է նրանց պես գովենք ուրիշներին։ Ինչո՞ւ։ «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է»,— ասվում է Առակներ 15։23-ում։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ զգում, երբ ինձ գովում են։ Մի՞թե չեմ ուրախանում ու ոգևորվում»։ Գովասանքի անկեղծ խոսքերը ցույց են տալիս, որ քեզ նկատում են, քո մասին մտածում են և ջանքերդ գնահատում։ Դա քեզ վստահություն է ներշնչում ու թևեր է տալիս, որ է՛լ ավելին անես։ Ուրեմն, եթե քեզ հաճելի է գովասանք լսելը, ապա չպե՞տք է դու էլ ուրիշներին գովես (կարդա՛  Մատթեոս 7։12

17 Սովորիր նկատել ուրիշների դրական կողմերը։ Երբ լսում ես, թե ինչպես է ժողովում եղբայրը լավ ելույթ ներկայացնում, նկատում ես, որ պատանի քրիստոնյան ձգտում է հոգևոր նպատակների հասնել, կամ տեսնում ես, թե ինչպես է տարեց քույրը կամ եղբայրը, չնայած ծերության հետ կապված իր դժվարություններին, հավատարմորեն գալիս ժողովի հանդիպումներին, անկեղծորեն գովիր նրանց։ Դա կոգևորի ու հոգևորապես կամրապնդի նրանց։ Ընտանիքում կողակիցները նույնպես կարիք ունեն գովասանքի և գնահատանքի ջերմ խոսքեր լսելու իրարից (Առակներ 31։10, 28)։ Հատկապես երեխաները մեծ ոգևորությամբ են լցվում, երբ նրանց նկատում են և գնահատում։ Գովեստի և հավանության խոսքերը երեխայի վրա նույն ազդեցությունն են թողնում, ինչպիսին որ արևի լույսն ու ջուրը՝ բույսի վրա։ Ծնողնե՛ր, առիթներ փնտրեք գովելու ձեր երեխաներին իրենց լավ հատկությունների և թափած ջանքերի համար։ Դա նրանց վստահություն կներշնչի և կոգևորի, որ ավելին անեն։

18, 19. Ինչո՞ւ պետք է ջանք չխնայենք հավատակիցներին մխիթարելու և քաջալերելու համար, և ինչպե՞ս կարող ենք դա անել։

18 Մխիթարություն։ Եհովան հոգ է տանում «փշրվածների ու ոգով խոնարհների» մասին (Եսայիա 57։15)։ Նրա Խոսքը հորդորում է մեզ «մխիթարել» միմյանց և «սփոփել վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11, 14)։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան նկատում և գնահատում է մեր ջանքերը, որ ներդնում ենք մխիթարելու այն հավատակիցներին, ովքեր վհատված են ու հոգով փշրված։

Եհովային հաճելի է, երբ մեր խոսքերով կերտում ենք ուրիշներին

19 Իսկ ի՞նչ ասել վհատված հավատակցին մխիթարելու համար։ Մի՛ մտածիր, թե դու պետք է փորձես լուծել նրա խնդիրը։ Շատ դեպքերում բավական են մի քանի պարզ քաջալերական բառերը։ Հայտնիր նրան, որ դու մտածում ես իր մասին։ Առաջարկիր միասին բարձրաձայն աղոթել։ Աղոթքում խնդրիր Եհովային, որ օգնի նրան տեսնել՝ ինչքան շատ են սիրում նրան թե՛ իր մտերիմները, թե՛ Աստված (Հակոբոս 5։14, 15)։ Հավաստիացրու, որ ժողովում նրան թանկ են գնահատում ու զգում են նրա կարիքը (1 Կորնթացիներ 12։12–26)։ Աստվածաշնչից քաջալերական համար կարդա և վստահեցրու, որ նա իսկապես թանկ է Եհովայի համար (Սաղմոս 34։18; Մատթեոս 10։29–31)։ Վհատված անհատին «բարի խոսք» ասելու համար ժամանակ տրամադրելով և նրա հետ անկեղծ լինելով՝ կօգնես, որ իրեն սիրված ու գնահատված զգա (կարդա՛  Առակներ 12։25

20, 21. Ի՞նչն է խորհուրդը դարձնում արդյունավետ։

20 Ճիշտ կերպով տրված խորհուրդ։ Լինելով անկատար՝ մենք բոլորս ժամանակ առ ժամանակ խորհրդի կարիք ենք ունենում։ Աստվածաշունչը հորդորում է. «Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որպեսզի ապագայում իմաստուն լինես» (Առակներ 19։20)։ Միայն երեցները չէ, որ կարող են խորհուրդ տալ։ Ծնողները խորհուրդ են տալիս իրենց երեխաներին (Եփեսացիներ 6։4)։ Հասուն քույրերը գուցե հարկ լինի՝ խորհուրդ տան երիտասարդ քույրերին (Տիտոս 2։3–5)։ Դիմացինի հանդեպ սերը կմղի այնպես խորհուրդ տալ, որ լսողը չճնշվի և ընդունի այն։ Ի՞նչը կօգնի, որ ճիշտ կերպով խորհուրդ տանք։ Նկատի առնենք երեք պայման՝ խորհուրդ տվողի վերաբերմունքն ու մղումները, խորհրդի հիմքը և խորհուրդ տալու ձևը։

21 Խորհրդի արդյունավետությունը մեծ մասամբ կախված է այն տվողից։ Հարցրու ինքդ քեզ. «Ե՞րբ է ինձ համար հեշտ ընդունել խորհուրդը»։ Երբ հասկանում ես, որ խորհուրդ տվողը քո լավն է ուզում, ոչ թե նենգ մղումներով կամ պարզապես իր լարված հոգեվիճակից ելնելով է քեզ այդ բանն ասում, ավելի հեշտ է լինում խորհուրդն ընդունել։ Ուրեմն չպե՞տք է դու էլ ճիշտ մղումներով խորհուրդ տաս։ Խորհուրդը նաև պետք է հիմնված լինի Աստծու Խոսքի վրա (2 Տիմոթեոս 3։16)։ Ուստի, անկախ նրանից, անմիջապես Աստվածաշնչից մեջբերում կանենք, թե ոչ, մեր խորհուրդը պետք է հիմնենք Աստվածաշնչի վրա։ Այդ իսկ պատճառով երեցները ուշադիր են, որ իրենց սեփական կարծիքը չթելադրեն ուրիշներին, և չծռեն Աստծու Խոսքը այնպես, որ թվա, թե այն թիկունք է կանգնում իրենց անձնական կարծիքին։ Խորհրդի արդյունավետությունը կախված է նաև այն բանից, թե ինչպես այն կտանք։ Եթե այն համեմված լինի բարությամբ, ավելի հեշտ կլինի ընդունել, և խորհուրդ ստացողի արժանապատվությունը չի վիրավորվի (Կողոսացիներ 4։6

22. Ինչպե՞ս ես վճռել օգտագործել խոսքի պարգևը։

22 Խոսքը իսկապես թանկարժեք պարգև է Աստծուց։ Նրա հանդեպ սերը պետք է մղի մեզ, որ այդ նվերը ճիշտ օգտագործենք։ Միշտ հիշենք, որ մեր բերանից դուրս եկած խոսքերը զորություն ունեն. դրանք կարող են քանդել կամ կերտել։ Ուրեմն թող որ Աստծուց ստացած այդ պարգևը ճիշտ օգտագործենք՝ կերտելու համար։ Այդ դեպքում մեր խոսքը օրհնություն կլինի լսողների համար և կօգնի, որ մնանք Աստծու սիրո մեջ։

^ պարբ. 7 «Ունայն» թարգմանված հունարեն բառը նշանակում է նաև «անօգուտ» (1 Կորնթացիներ 15։17

^ պարբ. 10 Աստվածաշնչում «անմաքրություն» բառը օգտագործվում է մի շարք մեղքերի համար։ Թեպետ անմաքրության ոչ բոլոր տեսակների համար է իրավական կոմիտե կազմվում, սակայն այն անհատը, ով ծայրաստիճան անմաքրություն է գործում և չի զղջում, նրան զրկում են ժողովի ընկերակցությունից (2 Կորնթացիներ 12։21; Եփեսացիներ 4։19, տես «Դիտարանի» 2006թ. հուլիսի 15-ի համարում «Ընթերցողների հարցերը»)։