Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 14

Ազնիվ եղիր ամեն ինչում

Ազնիվ եղիր ամեն ինչում

«Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։18)

1, 2. Ինչո՞ւ է Եհովան ուրախանում, երբ տեսնում է, որ ձգտում ենք ազնիվ լինել։

ՄԱՅՐԸ երեխայի հետ դուրս է գալիս խանութից։ Հանկարծ երեխան կանգ է առնում ու շփոթված նայում է իր ձեռքի խաղալիքին, որ խանութում վերցրել էր ու մոռացել՝ տեղը դնի կամ խնդրի մայրիկին, որ գնի իր համար։ Նա անհանգիստ դիմում է մորը։ Մայրը հանգստացնում է երեխային և ասում, որ հիմա հետ կգնան, փոքրիկը խաղալիքը տեղը կդնի ու ներողություն կխնդրի։ Բայցևայնպես, տեսնելով երեխայի ազնվությունը՝ մոր սիրտը բերկրանքով է լցվում։

2 Ինչպես որ ծնողներն են ուրախանում, երբ տեսնում են, որ իրենց երեխաները հասկացել են ազնիվ լինելու կարևորությունը, այնպես էլ մեր երկնային Հայրը՝ «ճշմարտության Աստվածն» է ուրախանում (Սաղմոս 31։5)։ Նա նույնպես հրճվանքով է նայում, թե ինչպես ենք մենք հոգևորապես հասունանում ու ձգտում լինել ազնիվ։ Եվ քանի որ մեր նպատակն է հաճելի լինել նրան ու մնալ նրա սիրո մեջ, «ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել», ինչպես գրեց Պողոս առաքյալը (Եբրայեցիներ 13։18)։ Այժմ քննենք կյանքի չորս ոլորտ, որտեղ գուցե երբեմն դժվար լինի ազնվությամբ վարվել։ Այնուհետև կտեսնենք, թե ինչ օրհնություններ է բերում ազնվությունը։

ԱԶՆԻՎ՝ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ

3–5. ա) Ի՞նչ վտանգի մասին է զգուշացնում Աստծու Խոսքը՝ կապված ինքնախաբեության հետ։ բ) Ի՞նչը կօգնի, որ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։

3 Նախևառաջ մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Դա դժվար է, քանի որ անկատար մարդը հեշտությամբ է ինքնախաբեության գիրկն ընկնում։ Օրինակ՝ Լաոդիկեայի ժողովին Հիսուսն ասաց, որ նրանք իրենք իրենց խաբում են՝ մտածելով, թե հարուստ են, բայց իրականում թշվառ վիճակում են՝ հոգևորապես «աղքատ են, կույր ու մերկ» (Հայտնություն 3։17)։ Իրենք իրենց խաբելով՝ լաոդիկեցիները ավելի վտանգավոր իրավիճակում էին հայտնվել։

4 Հավանաբար հիշում ես՝ այս մասին ինչ է գրել Հակոբոս աշակերտը. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է» (Հակոբոս 1։26)։ Եթե մտածենք, թե կարող ենք սխալ օգտագործել մեր լեզուն և շարունակել Աստծուն ընդունելի ծառայություն մատուցել, մենք կխաբենք ինքներս մեզ։ Այդ դեպքում Եհովային մատուցած մեր երկրպագությունը ունայն կամ զուր կլինի։ Ի՞նչը կարող է օգնել, որ նման իրավիճակում չհայտնվենք։

5 Հակոբոսը իր նամակում Աստծու Խոսքի ճշմարտությունը նմանեցնում է հայելու։ Նա խորհուրդ է տալիս ուշադիր քննել Աստծու կատարյալ օրենքը և համապատասխան փոփոխություններ անել մեր կյանքում (կարդա՛  Հակոբոս 1։23–25)։ Աստվածաշունչը կարող է օգնել, որ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և տեսնենք, թե ինչ բարելավումներ անելու կարիք ունենք (Ողբ 3։40; Անգե 1։5)։ Կարող ենք նաև աղոթել Եհովային և խնդրել, որ քննի մեզ, օգնի տեսնել մեր լուրջ թերությունները և ուղղել դրանք (Սաղմոս 139։23, 24)։ Անազնվությունը նենգ հատկություն է, և մենք դրա վերաբերյալ պետք է նույն տեսակետն ունենանք, ինչպիսին որ մեր երկնային Հայրն ունի։ Առակներ 3։32-ում կարդում ենք. «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է»։ Եհովան կարող է օգնել մեզ, որ ունենանք իր նույն տեսակետը և մեզ նայենք իր աչքերով։ Հիշիր Պողոսի խոսքերը. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել»։ Թեև հիմա մենք չենք կարող լինել կատարյալ, բայց անկեղծորեն ուզում և ձգտում ենք լինել ազնիվ։

ԱԶՆԻՎ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Եթե ազնիվ ես, չես անի բաներ, որ կուզեիր՝ թաքուն պահել

6. Ինչո՞ւ պետք է ամուսնական զույգերը ազնիվ լինեն միմյանց հանդեպ, և արդյունքում ի՞նչ սխալ արարքներից հեռու կմնան։

6 Ազնվությունը պետք է քրիստոնեական ընտանիքին բնորոշ հատկություն լինի։ Կինն ու ամուսինը պետք է միմյանց հանդեպ անկեղծ ու ազնիվ լինեն։ Քրիստոնյայի ընտանիքում տեղ չունեն այնպիսի վնասակար ու անմաքուր սովորությունները, ինչպիսիք են՝ մեկ ուրիշի հետ ֆլիրտ անելը, ինտերնետի միջոցով գաղտնի ծանոթություններ հաստատելը և որևէ տեսակի պոռնկագրություն դիտելը։ Որոշ ամուսնացած քրիստոնյաներ նման անմաքուր բաներով են զբաղվել և թաքուն են պահել իրենց կողակցից։ Իսկ դա անազնվություն է։ Այս հարցում ուշադրության են արժանի Դավիթ թագավորի խոսքերը. «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26։4)։ Եթե ամուսնացած ես, երբեք այնպիսի բան մի՛ արա, որ ուզենաս թաքուն պահել քո կողակցից։

7, 8. Աստվածաշնչից ո՞ր օրինակները կօգնեն երեխաներին ազնվություն սովորեցնել։

7 Երեխաներին ազնվություն սովորեցնելիս խելամիտ ծնողները օգտագործում են աստվածաշնչյան օրինակներ։ Որպես բացասական օրինակներ նրանք կարող են կարդալ Աքանի պատմությունը, ով գողություն արեց և փորձեց թաքուն պահել գողացած իրերը, Գեեզիի պատմությունը, ով իր շահի համար սուտ խոսեց, և Հուդայի պատմությունը, ով գողություն էր անում և նույնիսկ մատնեց Հիսուսին (Հեսու 6։17–19; 7։11–25; 2 Թագավորներ 5։14–16, 20–27; Մատթեոս 26։14, 15; Հովհաննես 12։6

8 Իսկ դրական օրինակներից կարող են կարդալ Հակոբի մասին, ով պատվիրեց իր որդիներին վերադարձնել այն գումարը, որ մնացել էր նրանց պարկերում, քանի որ մտածեց, որ սխալմունք է եղել։ Ուսանելի է Հեփթայեի աղջկա օրինակը, ով մեծ զոհողություն արեց, որպեսզի հայրը կարողանա պահել իր երդումը, և իհարկե Հիսուսի օրինակը, ով զինված ամբոխին քաջաբար ասաց, որ ինքն է Քրիստոսը, որպեսզի պաշտպանի իր ընկերներին, և այդպես կատարվի մարգարեությունը (Ծննդոց 43։12; Դատավորներ 11։30–40; Հովհաննես 18։3–11)։ Աստծու Խոսքի գանձարանից այս արժեքավոր դասերը կօգնեն ծնողներին սովորեցնել իրենց երեխաներին սիրել և գնահատել ազնվությունը։

9. Ինչպե՞ս պետք է ծնողները երեխաներին ազնվություն սովորեցնեն, և ինչո՞ւ է դա կարևոր։

9 Բավական չէ երեխաներին պարզապես խոսքով ազնվություն սովորեցնել։ Պողոս առաքյալը գրեց. «Դու, որ սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր», ի՞նքդ ես գողանում» (Հռոմեացիներ 2։21)։ Երեխաները շփոթության մեջ են ընկնում, երբ տեսնում են, որ իրենց ծնողները ազնվություն են սովորեցնում, բայց իրենք անազնիվ են վարվում։ Որոշ ծնողներ փոքր բաներ գողանալը և փոքրիկ ստերը արդարացնում են՝ ասելով՝ «դե բոլորն էլ վերցնում են» կամ «դա ընդամենը անմեղ սուտ է»։ Իրականում գողությունը գողություն է, որքան էլ չնչին լինի գողացված իրի արժեքը, իսկ սուտը սուտ է, որքան էլ այն փոքրիկ լինի * (կարդա՛  Ղուկաս 16։10)։ Երեխաներն իսկույն նկատում են կեղծավորությունը։ Ծնողների անազնիվ վարվելակերպը կարող է շատ վատ անդրադառնալ երեխայի զարգացման վրա (Եփեսացիներ 6։4)։ Իսկ եթե ծնողները թե՛ խոսքով և թե՛ իրենց վարվելակերպով օրինակ լինեն, ապա երեխաները ազնիվ մարդիկ կդառնան ու իրենց վարքով փառք կբերեն Եհովա Աստծուն (Առակներ 22։6

ԱԶՆԻՎ՝ ԺՈՂՈՎՈՒՄ

10. Հավատակիցների հետ շփվելիս ինչի՞ մասին պետք է հիշենք։

10 Հավատակիցների հետ շփվելիս ազնվություն դրսևորելու առիթներ են ստեղծվում, ինչի շնորհիվ մեր մեջ ավելի է զարգանում այդ հատկությունը։ Ինչպես սովորեցինք 12-րդ գլխում, պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք օգտագործում խոսքի պարգևը հատկապես մեր հոգևոր քույրերի ու եղբայրների հետ շփվելիս, քանի որ սովորական զրույցը կարող է աննկատ վերածվել վնասակար բամբասանքի, երբեմն նույնիսկ զրպարտության։ Եթե պատմենք ինչ-որ դեպք, որը լսել ենք, բայց թե որքանով է ճիշտ, վստահ չենք, ապա հնարավոր է՝ ակամա նպաստենք ստի տարածմանը։ Նման դեպքում լավ կլինի զսպենք մեր լեզուն (Առակներ 10։19)։ Մյուս կողմից՝ եթե անգամ տեղեկությունը ստույգ է, դա չի նշանակում, որ արժե ուրիշներին այն հայտնել։ Օրինակ՝ գուցե դա մեզ չի վերաբերում կամ այդ մասին խոսելը բարության դրսևորում չէ (1 Թեսաղոնիկեցիներ 4։11)։ Որոշ մարդիկ իրենց աննրբանկատ խոսքերն ու կոպտությունը արդարացնում են՝ ազնվություն անվանելով, մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ մեր խոսքը պետք է միշտ մեղմ ու վայելուչ լինի (կարդա՛  Կողոսացիներ 4։6

11, 12. ա) Ինչպե՞ս են ոմանք, ովքեր լուրջ մեղք են գործել, ավելի բարդացնում խնդիրը։ բ) Լուրջ մեղքերի վերաբերյալ ի՞նչ ստերով է փորձում մեզ խաբել Սատանան, և ինչպե՞ս պետք է վարվենք մենք։ գ) Ինչպե՞ս կարող ենք ազնիվ լինել Եհովայի կազմակերպության հանդեպ։

11 Հատկապես հարկավոր է ազնիվ լինել նրանց հետ, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում։ Ոմանք, ովքեր լուրջ մեղք են գործել, խնդիրն ավելի են բարդացնում, երբ փորձում են ծածկել իրենց մեղքը և խաբում են երեցներին։ Նրանք նույնիսկ սկսում են երկակի կյանք վարել՝ ձևացնում են, թե ծառայում են Եհովային, և միևնույն ժամանակ շարունակում են մեղքի ճանապարհով քայլել։ Արդյունքում՝ նրանց ողջ կյանքը կեղծիք է դառնում (Սաղմոս 12։2)։ Ուրիշներն էլ երեցներին եղելության մի մասն են հայտնում՝ թաքցնելով կարևոր փաստերը (Գործեր 5։1–11)։ Հաճախ նրանք այդ քայլին են դիմում այն պատճառով, որ խաբվում են՝ հավատալով Սատանայի ստերին (տես « Լուրջ մեղքերին առնչվող սատանայական ստեր» շրջանակը)։

12 Կարևոր է նաև ազնիվ լինել Եհովայի կազմակերպության հանդեպ, երբ գրավոր պատասխանում ենք որոշ հարցերի։ Օրինակ՝ երբ դիմում ենք լրացնում ծառայության մեջ որևէ առանձնաշնորհում ստանալու համար, չպետք է սխալ տեղեկություններ նշենք մեր առողջության կամ անձնական այլ հարցերին առնչվող կետերը լրացնելիս։ Ազնվություն չի լինի նաև, եթե քարոզչական ծառայության հաշվետվությունը լրացնելիս կեղծենք տվյալները (կարդա՛  Առակներ 6։16–19

13. Մեր հավատակիցների հետ գործնական հարաբերություններում ինչպե՞ս կարող ենք ազնիվ լինել։

13 Երբեմն քրիստոնյա եղբայրներն ու քույրերը միասին գործնական հարաբերությունների մեջ են մտնում։ Նման դեպքերում ևս պետք է ազնվություն դրսևորել։ Հարկավոր է հիշել, որ գործարքային հարցերը չպետք է առնչվեն մեր երկրպագությանը, լինի Թագավորության սրահում թե քարոզչական ծառայության մեջ։ Գործնական հարաբերությունները կարող են լինել աշխատանքային, օրինակ՝ գործատեր և աշխատող։ Եթե մենք գործատերն ենք, ապա քրոջ կամ եղբոր հետ պետք է ազնիվ լինենք՝ ժամանակին տանք աշխատավարձը և վճարենք այնքան, որքան որ նախապես պայմանավորվել ենք, նաև կատարենք այն բոլոր պարտավորությունները, որ նախատեսված են օրենքով (1 Տիմոթեոս 5։18; Հակոբոս 5։1–4)։ Իսկ եթե մենք ենք աշխատողը, ապա պետք է բարեխղճորեն կատարենք այն ամբողջ գործը, ինչի համար որ մեզ վարձատրում են (2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։ Չպետք է ակնկալենք, որ մեր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կդրսևորվի՝ մեր հավատակիցը մեզ ավելի շատ արձակուրդային օրեր կտա կամ այլ առավելություններ կշնորհի, որ մյուս աշխատողները չունեն (Եփեսացիներ 6։5–8

14. Ի՞նչ իմաստուն քայլ պետք է անեն այն քրիստոնյաները, ովքեր գործարքի մեջ են մտնում հավատակիցների հետ, և ինչո՞ւ։

14 Իսկ ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել, եթե որոշում ենք որևէ մեկի հետ գործարքի մեջ մտնել՝ որոշակի ներդրում անելով կամ գործի համար պարտքով գումար տրամադրելով։ Աստվածաշնչում այս հարցի հետ կապված մի կարևոր և օգտակար սկզբունք կա. գրավոր փաստաթուղթ կազմել։ Օրինակ՝ երբ Երեմիան մի հողատարածք գնեց, վկաների ներկայությամբ երկու օրինակից գրավոր փաստաթուղթ կազմեց և ապահով տեղում պահեց, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան անդրադառնալ դրան (Երեմիա 32։9–12; տես նաև Ծննդոց 23։16–20)։ Հավատակիցների հետ գործարքի մեջ մտնելիս փաստաթուղթ կազմելը, բոլոր մանրամասները գրի առնելը և վկաների ներկայությամբ ստորագրելը բոլորովին էլ անվստահության նշան չէ։ Ընդհակառակը՝ դա օգնում է խուսափել հետագա թյուրիմացություններից, հիասթափություններից և տարաձայնություններից։ Բոլոր քրիստոնյաները, ովքեր գործարքային հարաբերությունների մեջ են իրար հետ, պետք է հիշեն, որ չարժե ինչ-որ գործարքի պատճառով վտանգել ժողովի խաղաղությունն ու միասնությունը * (1 Կորնթացիներ 6։1–8

ԱԶՆԻՎ՝ ԱՇԽԱՐՀԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

15. Ի՞նչ է Եհովան զգում խարդախության հանդեպ, և ինչպե՞ս պետք է վարվեն քրիստոնյաները առևտուր անելիս։

15 Քրիստոնյան պետք է ազնիվ լինի ոչ միայն ժողովում, այլև բոլոր մարդկանց հետ։ Պողոսը գրեց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Մեր Արարիչն ակնկալում է, որ մենք ազնիվ լինենք նաև աշխարհիկ մարդկանց հետ գործ ունենալիս։ Միայն «Առակներ» գրքում մի քանի անգամ խոսվում է խարդախ կշեռքի մասին (Առակներ 11։1; 20։10, 23)։ Հին ժամանակներում կշեռքով կշռում էին և՛ վաճառվող ապրանքը, և՛ փողը, որով պետք է գնեին այդ ապրանքը։ Խարդախ վաճառականները երկու տեսակ կշռաքարեր և սխալ կշեռքներ էին օգտագործում գնորդներին խաբելու համար։ * Եհովան ատում է խարդախությունը։ Ուստի նրա սիրո մեջ մնալու համար մենք պետք է խուսափենք ցանկացած խարդախությունից, որ այսօր տարածված է առևտրի աշխարհում։

16, 17. Ի՞նչ անազնիվ քայլեր ենք տեսնում մեր շրջապատում, սակայն ի՞նչ վճռականությամբ են լցված ճշմարիտ քրիստոնյաները։

16 Քանի որ այս աշխարհի իշխանը Սատանան է, մենք չենք զարմանում՝ տեսնելով այդքան շատ անազնվություն մեր շրջապատում։ Ամեն օր մենք գուցե կանգնում ենք անազնիվ վարվելու գայթակղության առաջ։ Օրինակ՝ աշխատանքի ընդունվելու համար ներկայացվող ռեզյումեում (ինքնակենսագրական) մարդիկ սովորաբար սուտ կամ չափազանցված տեղեկություններ են լրացնում իրենց մասնագիտության և աշխատանքային փորձի վերաբերյալ։ Իսկ միգրացիայի, հարկերի, ապահովագրության և նմանատիպ այլ ոլորտների հետ կապված բլանկներում ոմանք սխալ տվյալներ են լրացնում, որպեսզի իրենց ուզածին հասնեն։ Շատ աշակերտներ և ուսանողներ էլ կեղծիքի են դիմում քննությունների ժամանակ կամ, երբ շարադրություն ու ռեֆերատ պետք է գրեն, արտագրում կամ ինտերնետից տպում են ուրիշի աշխատանքը և ներկայացնում որպես իրենցը։ Իսկ երբ մարդիկ գործ են ունենում անազնիվ պաշտոնյաների հետ, հաճախ կաշառք են տալիս, որպեսզի իրենց ուզածը ստանան։ Մենք ուրիշ բան չենք էլ ակնկալում մի աշխարհից, որտեղ այդքան շատ են «անձնասեր, փողասեր.... առաքինություն չսիրող» մարդիկ (2 Տիմոթեոս 3։1–5

17 Քրիստոնյաները վճռել են չդիմել ոչ մի այսպիսի անազնիվ քայլերի։ Սակայն այն, որ անազնիվ մարդիկ, թվում է, հաջողության են հասնում և առաջ են գնում, կարող է խանգարել, որ պահենք ազնիվ լինելու մեր վճռականությունը (Սաղմոս 73։1–8)։ Երբեմն քրիստոնյան գուցե նույնիսկ ֆինանսական կորուստներ ունենա, քանի որ ուզում է ամեն ինչում ազնիվ լինել։ Սակայն ազնիվ մնալու համար արժե նման կորուստներ կրել։ Իսկ ինչո՞ւ։ Որո՞նք են ազնիվ լինելու օգուտները։

ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

18. Ինչո՞ւ է ազնիվ մարդու համբավը անչափ արժեքավոր։

18 Կյանքում քիչ բաներ կան այնքան արժեքավոր, որքան ազնիվ ու վստահելի մարդու համբավն է (տես « Որքանով եմ ազնիվ» շրջանակը)։ Ցանկացած մեկը կարող է այդպիսի համբավ ձեռք բերել։ Այն կախված չէ մարդու տաղանդից, հարստությունից, գեղեցկությունից, հասարակական դիրքից և որևէ գործոնից, որ նրա վերահսկողության տակ չէ։ Այդուհանդերձ, շատերը չեն ձգտում ունենալ այդ գանձը՝ բարի անունը։ Այսօր բարի անուն ունեցող մարդիկ հազվադեպ են (Միքիա 7։2)։ Ոմանք գուցե ծաղրեն քեզ ազնիվ լինելու համար։ Բայց ոմանք էլ կգնահատեն քո այդ հատկությունը՝ վստահելով ու հարգելով քեզ։ Եհովայի վկաներից շատերը ազնիվ լինելու շնորհիվ նույնիսկ ֆինանսապես են օգտվել։ Նրանք չեն կորցրել իրենց աշխատանքը, երբ գործատերը հեռացրել է բոլոր անազնիվ աշխատողներին։ Ոմանք էլ աշխատանք են գտել, որովհետև գործատերերը ազնիվ աշխատողների կարիք են ունեցել։

19. Ինչպե՞ս է ազնիվ լինելը անդրադառնում մեր խղճի և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերության վրա։

19 Ինչ էլ լինի, ազնիվ վարվելով՝ դու ավելի մեծ օրհնություններ կունենաս։ Այդ օրհնություններից մեկը մաքուր խիղճն է։ Պողոսը գրեց. «Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք» (Եբրայեցիներ 13։18)։ Իսկ ամենակարևորը՝ քո ազնվությունը երբեք աննկատ չի մնա մեր սիրառատ Հոր աչքից, ով սիրում է ազնիվ մարդկանց (կարդա՛  Սաղմոս 15։1, 2; Առակներ 22։1)։ Այո՛, ազնիվ լինելը օգնում է, որ չկորցնես քո հանդեպ Աստծու սերը, իսկ դա մեր ամենամեծ վարձատրությունն է։ Հաջորդ գլխում կքննարկենք ազնվությանն առնչվող մեկ այլ թեմա. Եհովայի տեսակետը աշխատանքի վերաբերյալ։

^ պարբ. 9 Եթե ժողովի անդամներից որևէ մեկը անընդհատ դիտավորյալ սուտ ասի՝ ուրիշին վնաս հասցնելու նպատակով, դա կարող է հիմք լինել, որ երեցները իրավական կոմիտե կազմեն։

^ պարբ. 14 Այն մասին, թե ինչպես վարվել, եթե գործարքի հետ կապված խնդիրներ ծագեն կամ այն ձախողվի, տես «Երբ գործարար հարաբերություններում խնդիրներ են լինում» հավելվածը։

^ պարբ. 15 Նրանք կշռաքարերի մի տեսակը օգտագործում էին գնելիս, մյուսը՝ վաճառելիս. երկու դեպքում էլ շահում էին։ Կամ էլ օգտագործում էին այնպիսի կշեռք, որի մի նժարը ավելի երկար կամ ծանր էր մյուսից. այդպես թերակշռում էին ապրանքը ու խաբում հաճախորդին։