Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատին

Ինչպես վերաբերվել ընկերակցությունից զրկված անհատին

Անհնար է նկարագրել այն ցավը, որ զգում ենք, երբ մեր հարազատը կամ մտերիմ ընկերը մեղք գործելու և չզղջալու պատճառով զրկվում է ժողովի ընկերակցությունից։ Նման դեպքում այն, թե որքանով կհետևենք Աստվածաշնչի առաջնորդությանը, ցույց կտա, թե որքան խորն է Եհովայի և նրա օրենքների հանդեպ մեր սերը։ * Քննենք մի քանի հարցեր, որ կարող են ծագել այս առնչությամբ։

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընկերակցությունից զրկվածին։ Աստվածաշունչն ասում է. «Այլևս շփում չունենաք այնպիսի մեկի հետ, որը թեև եղբայր է կոչվում, սակայն, միևնույն ժամանակ, պոռնիկ է կամ ագահ կամ կռապաշտ կամ չարախոս կամ հարբեցող կամ էլ շորթող. այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեք» (1 Կորնթացիներ 5։11)։ Իսկ այն մարդու մասին, ով «Քրիստոսի ուսմունքից այն կողմ է անցնում», կարդում ենք. «Նրան ձեր տուն մի՛ ընդունեք և ողջույնի խոսք մի՛ ասեք նրան, որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին» (2 Հովհաննես 9–11)։ Այդպիսի մարդու հետ մենք ո՛չ հոգևոր, ո՛չ էլ որևէ այլ տեսակի շփում չենք ունենում։ 1981թ. սեպտեմբերի 15-ի «Դիտարանում» հետևյալն էր ասվում. «Բարևը առաջին քայլն է որևէ մեկի հետ զրույց սկսելու կամ ընկերանալու համար։ Մի՞թե կուզեիր անել այդ առաջին քայլը վտարված անհատի հետ ընկերական հարաբերությունների մեջ մտնելու համար» (էջ 25)։

Իսկապե՞ս անհրաժեշտ է ոչ մի շփում չունենալ վտարվածի հետ։ Այո՛, և դրա համար մի քանի պատճառ կա։ Առաջին՝ դրանով ցույց ենք տալիս մեր հավատարմությունը Աստծու և նրա Խոսքի հանդեպ։ Մենք հնազանդվում ենք Եհովային ոչ միայն այն ժամանակ, երբ դա հեշտ է անել, այլև երբ դժվար է։ Նրա հանդեպ սերը մղում է մեզ հնազանդվել նրա բոլոր պատվիրաններին. մենք գիտակցում ենք, որ նա արդար և սիրո Աստված է, և նրա օրենքները մեր իսկ օգտի համար են (Եսայիա 48։17; 1 Հովհաննես 5։3)։ Երկրորդ՝ չզղջացող անհատից հեռու մնալով՝ մենք և ժողովի մյուս անդամները պաշտպանված կլինենք հոգևոր ու բարոյական ապականությունից և ժողովի բարի անունը մաքուր կպահենք (1 Կորնթացիներ 5։6, 7)։ Երրորդ՝ եթե մենք հետևենք Աստվածաշնչի սկզբունքներին, դա նույնիսկ կարող է օգուտ բերել ընկերակցությունից զրկվածին։ Իրավական կոմիտեի որոշմանը թիկունք կանգնելով՝ թերևս շարժենք նրա սիրտը, որը չի արձագանքել երեցների առաջարկած օգնությանը։ Սիրելի մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կորցնելը գուցե մղի նրան «խելքի գալ», գիտակցել իր սխալի լրջությունը և քայլեր անել դեպի Եհովան (Ղուկաս 15։17

Ինչպե՞ս վարվել, եթե հարազատդ է ընկերակցությունից զրկվել։ Ընտանեկան կապերի պատճառով այս առաջնորդությանը հետևելը կարող է հավատարմության իսկական փորձություն լինել։ Ինչպե՞ս ճիշտ կլինի վերաբերվել ընկերակցությունից զրկված հարազատին։ Ճիշտ է, չենք կարող քննարկել բոլոր հնարավոր իրավիճակները, սակայն ուշադրություն դարձնենք երկուսի վրա։

Մի իրավիճակն այն է, երբ ընկերակցությունից զրկվածը ապրում է իր անմիջական ընտանիքի անդամների հետ նույն հարկի տակ։ Այդ դեպքում առօրյա կենցաղային գործերում շփումը կարող է շարունակվել, քանի որ ընկերակցությունից զրկելը ընտանեկան կապերը չի խզում։ Սակայն անհատը իր բռնած ընթացքով ինքնին խզում է հոգևոր կապը ընտանիքի Վկա անդամների հետ։ Ուստի նրա ընտանիքի անդամները, որոնք նվիրված են Եհովային, այլևս չեն կարող հոգևոր շփում ունենալ նրա հետ։ Օրինակ, երբ ընտանիքը հավաքվում է ընտանեկան երկրպագության, և նա նույնպես ներկա է, ապա չպետք է մասնակցի քննարկմանը։ Բայց եթե վտարվողը երեխա է, ծնողները պատասխանատու են կրթելու և դաստիարակելու նրան։ Ուստի սիրող ծնողները կարող են Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ * (Առակներ 6։20–22; 29։17

Մյուս իրավիճակն այն է, երբ ընկերակցությունից զրկվածը իր անմիջական ընտանիքի անդամների հետ չի ապրում։ Թեև շատ հազվագյուտ դեպքերում ընտանեկան որոշ անհրաժեշտ հարցերի հետ կապված գուցե հարկ լինի սահմանափակ շփում ունենալ նրա հետ, սակայն այդ շփումը պետք է հասցնել նվազագույնի։ Հավատարիմ քրիստոնյաները առանձին ապրող վտարված հարազատի հետ շփվելու առիթներ չեն փնտրի, այլ Եհովային և նրա կազմակերպությանը հավատարիմ մնալու ցանկությունից մղված՝ կհետևեն այդ հարցի հետ կապված սուրբգրային առաջնորդությանը։ Իրենց հավատարիմ ընթացքով նրանք կփաստեն ընկերակցությունից զրկվածի հանդեպ անկեղծ հոգատարությունը և թերևս կմղեն նրան օգուտ քաղել իր ստացած խրատից * (Եբրայեցիներ 12։11

^ պարբ. 1 Ներկայացված սուրբգրային սկզբունքները կիրառելի են նաև ընկերակցությունից հրաժարվողների դեպքում։

^ պարբ. 2 Երեխաների ընկերակցությունից զրկվելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես«Դիտարանի» 2001թ. հոկտեմբերի 1-ի համարը, էջ 16, 17 և 1988թ. նոյեմբերի 15-ի համարը, էջ 20, անգլ. (1989թ., սեպտեմբերի 15, էջ 17, ռուս.)։

^ պարբ. 3 Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 1988թ. ապրիլի 15-ի համարը, էջ 26–31, անգլ. (սեպտեմբերի 15, էջ 18–23, ռուս.) և 2002թ. օգոստոսի «Թագավորական ծառայություն» թերթիկը, էջ 3, 4։