Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

ԳԼՈՒԽ 29

Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

«ԵՍ ԱՆԸՆԴՀԱՏ մտածում եմ աղջիկների մասին, նույնիսկ երբ նրանք իմ կողքին չեն,— ասում է Մայքլ անունով մի երիտասարդ,— ծիծաղելի է, բայց երբեմն չեմ կարողանում կենտրոնանալ»։

Դու է՞լ ես օրերով տարվում հակառակ սեռի մասին մտքերով։ Եթե այո, ապա ասես ինքդ քեզ հետ պատերազմելիս լինես. սեքսի մասին մտքերը հարձակում են գործում քեզ վրա։ Մայքլն ասում է. «Այդ մտքերը ղեկավարում են քեզ։ Հանկարծ մի գեղեցիկ աղջիկ ես տեսնում հեռվում ու շեղվում ես ճանապարհից, նույնիսկ պատրաստ ես մտնելու այն խանութը, որտեղ նա է մտել, միայն թե մոտիկից տեսնես նրան»։

Սեռական ցանկություններ ունենալն ինքնին սխալ չէ։ Չէ՞ որ Աստված տղամարդուն ու կնոջը ստեղծել է միմյանց նկատմամբ ուժգին զգացմունքներ ունենալու ունակությամբ։ Սակայն սեռական հարաբերություններ կարող է ունենալ միայն ամուսնական զույգը։ Ուրեմն եթե ունենում ես ուժգին սեռական ցանկություններ, մի՛ մտածիր, որ էությամբ վատն ես ու չես կարող բարոյապես մաքուր մնալ։ Դու կարող ես բարոյապես մաքուր մնալ, եթե ցանկանաս։ Դրա համար պետք է ղեկավարես մտքերդ։ Ինչպե՞ս։

Հետևիր, թե ում հետ ես շփվում։ Երբ դասարանցիներդ ու ընկերներդ զրուցում են սեքսի մասին, գուցե գայթակղություն առաջանա մասնակցելու նրանց զրույցներին, որպեսզի նրանց մեջ քեզ սպիտակ ագռավ չզգաս։ Բայց այդ դեպքում կդժվարանաս կառավարել մտքերդ։ Ի՞նչ կարող ես անել։ Պարզապես հեռացիր։ Այո՛, հենց այդպես։ Կարիք չկա ամաչելու կամ վատ զգալու։ Հիմնականում հնարավոր է նման զրույցներից խուսափելու այնպիսի ձև գտնել, որը նրանց առիթ չի տա քեզ ծաղրելու, և նրանք չեն մտածի, որ դու քեզ իրենցից ավելի լավն ես համարում։

Խուսափիր անպարկեշտ զվարճություններից։ Անշուշտ, բոլոր ֆիլմերն ու երգերը չէ, որ վատն են։ Սակայն մեր օրերում զվարճությունների մեծ մասը նախատեսված է անպատշաճ սեռական ցանկություններ գրգռելու համար։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Հեռու մնա այնպիսի զվարճություններից, որոնք սեռական ցանկություններ են բորբոքում *։

Ինչպես հաղթահարել ձեռնաշարժության սովորությունը

Սեռական ցանկությունները բավարարելու համար որոշ պատանիներ սկսում են ձեռնաշարժությամբ զբաղվել։ Բայց դա միայն բարդացնում է իրավիճակը։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (Կողոսացիներ 3։5)։ Ձեռնաշարժությունը ոչ թե սպանում է, այլ ավելի է գրգռում ու մեծացնում սեռական ախորժակը։

Ձեռնաշարժությունը մի սովորություն է, որը քեզ դարձնում է քո ցանկությունների գերին (Տիտոս 3։3)։ Այս սովորությունը հաղթահարելու կերպերից մեկը վստահելի անձնավորության հետ խոսելն է։ Մի քրիստոնյա, որը երկար տարիներ պայքարել է ձեռնաշարժության դեմ, ասում է. «Ցավում եմ, որ չեմ համարձակվել ինչ-որ մեկի հետ խոսել այդ մասին, երբ դեռ պատանի էի։ Երկար տարիներ խիղճս տանջել է ինձ։ Դրա պատճառով չեմ կարողացել ազատորեն շփվել ուրիշների և, ամենակարևորը, Եհովայի հետ»։

Ո՞ւմ հետ կարող ես խոսել։ Հաճախ նախընտրելի է, որ խոսես ծնողներիցդ մեկի հետ։ Քեզ կարող է օգնել նաև որևէ հասուն քրիստոնյա։ Կարող ես այսպես սկսել. «Կուզեի խոսել մի խնդրի մասին, որն ինձ շատ է անհանգստացնում»։

Անդրեն շատ ուրախ էր, որ խոսեց երեցներից մեկի հետ։ Նա ասում է. «Երբ երեցը լսում էր ինձ, նրա աչքերը արցունքով լցվեցին։ Հենց ավարտեցի, նա հավաստիացրեց, որ Եհովան սիրում է ինձ, և ասաց, որ շատերն են պայքարում այս խնդրի դեմ։ Նա խոստացավ, որ կշարունակի հետաքրքրվել ինձանով ու Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններից օգտակար տեղեկություններ կգտնի ինձ համար։ Զրույցից հետո ես վճռեցի շարունակել իմ պայքարը, նույնիսկ եթե նորից սայթաքեմ»։

Մարիոն որոշեց խոսել հոր հետ, որը կարեկցանքով ու հասկացողությամբ լսեց որդուն։ Նա նույնիսկ խոստովանեց Մարիոյին, որ պատանեկան տարիքում ինքն էլ է պայքարել այդ սովորության դեմ։ Մարիոն պատմում է. «Հորս անկեղծությունն ու ազնվությունը շատ քաջալերեցին ինձ։ Ես մտածեցի, որ եթե նա ձերբազատվել է այդ սովորությունից, ապա ես էլ կարող եմ։ Այնքան էի տպավորվել հորս վերաբերմունքից, որ չկարողացա զսպել ինձ ու արտասվեցի»։

Անդրեի ու Մարիոյի նման՝ դու էլ կարող ես օգնություն ստանալ ձեռնաշարժության սովորության դեմ պայքարելու համար։ Նույնիսկ եթե ձախողվես, չհանձնվես։ Համոզված եղիր, որ դու կարող ես հաղթանակած դուրս գալ այդ պայքարից *։

Կառավարիր մտքերդ

Պողոս առաքյալն ասել է. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ այն» (1 Կորնթացիներ 9։27Գուցե դու էլ պետք է խիստ լինես քո նկատմամբ, երբ հակառակ սեռի մասին մտքեր են գալիս։ Եթե այդպիսի մտքերը չեն հեռանում, փորձիր սպորտով զբաղվել։ Աստվածաշունչն ասում է. «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար» (1 Տիմոթեոս 4։8)։ Արագ քայլքը կամ մարմնամարզությունը կարող է օգնել քեզ վանելու շեղող մտքերը։

Բայց ամենակարևորը, մի՛ մոռացիր, որ քո երկնային Հայրը կարող է օգնել քեզ։ Մի քրիստոնյա ասում է. «Երբ սեռական ցանկություններ են առաջանում, սկսում եմ ջերմեռանդորեն աղոթել»։ Ինչ խոսք, դա չի նշանակում, որ Աստված հրաշքով կվերացնի հակառակ սեռի հանդեպ քո ցանկությունը։ Բայց նա կօգնի քեզ տեսնելու, որ շատ ուրիշ բաներ կան, որոնց մասին կարող ես մտածել։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 7 Զվարճությունների մասին ավելի մանրամասնորեն խոսվում է այս գրքի 8-րդ բաժնում։

^ պարբ. 14 Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս 1-ին հատորի 25-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ դադարիր ձեռնաշարժության դեմ պայքարելուց, եթե կրկին սայթաքել ես։ Մտածիր, թե ինչու կրկնվեց, և փորձիր նույն բանը նորից չանել։

ԳԻՏԵԻ՞Ր

Այն, ինչ թույլ ես տալիս, որ մտնի քո միտքը, ձևավորում է էությունդ և ազդում է արարքներիդ վրա (Հակոբոս 1։14, 15

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Որպեսզի հակառակ սեռի մասին մտքերս ցրեմ, ես ․․․․․

Եթե դասընկերներիս հետ զրույցը դառնա անպատշաճ կամ անվայել, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ սեռական ցանկությունների մեջ սխալ բան չկա։

● Ինչո՞ւ պետք է սեռական ցանկությունները հսկողության տակ պահես։

● Զվարճության ի՞նչ ձևեր կարող են դրդել քեզ մտածելու հակառակ սեռի մասին։

● Ինչո՞ւ է կարևոր հեռանալ, եթե զրույցը դառնում է անվայել։

[մեջբերում 240-րդ էջի վրա]

«Սեռական ցանկություններ առաջացնող մտքերից ազատվելու համար ջանք եմ թափում, որ այլ բաների մասին մտածեմ։ Հիշեցնում եմ ինձ, որ ժամանակի ընթացքում այդ ցանկություններն ու զգացմունքները կանցնեն» (Դեյվ)։

[նկար 239-րդ էջի վրա]

Թույլ կտայի՞ր, որ վիրուսները ներխուժեն քո համակարգիչ։ Այդ դեպքում թույլ կտա՞ս, որ անպատշաճ մտքերը ներխուժեն քո ուղեղ