Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել հավատս

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել հավատս

ԳԼՈՒԽ 36

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել հավատս

Ի՞նչն է քեզ ամենից շատ խանգարում, որ դասընկերոջդ պատմես հավատիդ մասին։

□ Գիտելիքների պակասը

□ Վախը, որ կծաղրեն

□ Չգիտեմ, թե ինչպես սկսեմ զրույցը

Ինչպե՞ս քեզ համար հեշտ կլիներ խոսել հավատիդ մասին։

□ Անձամբ դասընկերոջ հետ

□ Դասարանի առաջ

□ Ռեֆերատի կամ շարադրության միջոցով

Դասընկերներիցդ ո՞վ կլսեր քեզ, եթե իմանայիր, թե ինչպես սկսես զրույցը։ ․․․․․

ՀԱՎԱՆԱԲԱՐ դասընկերներդ այնքան էլ չեն սիրում խոսել Աստծու մասին։ Նրանց ամեն ինչ հետաքրքրում է՝ սպորտ, հագուստ, աղջիկներ (կամ տղաներ), բայց ոչ Աստված։ Հենց հոգևոր խոսակցություն է բացվում, անսովոր լռություն է տիրում։

Բանն այն չէ, որ նրանք չեն հավատում Աստծուն։ Շատ պատանիներ հավատ ունեն, պարզապես ամաչում կամ անհարմար են զգում խոսել այդ մասին։

Իսկ դո՞ւ

Գուցե դժվարանում ես դասընկերներիդ հետ խոսել Աստծու մասին։ Ինչ խոսք, հաճելի չէ, երբ խոսում ես մի թեմայի շուրջ, որը չեն ուզում լսել, կամ ավելի վատ, որի համար ծաղրում են քեզ։ Սակայն հնարավոր է նաև զարմանաս՝ տեսնելով դասընկերներիդ արձագանքը։ Նրանցից շատերն ուզում են իմանալ, թե ուր է ընթանում այս աշխարհը, և ինչու է տառապանքն այսքան շատ։ Հետաքրքիր է, որ դասընկերներդ նման հարցերի շուրջ ավելի հակված են խոսել ոչ թե մեծահասակների, այլ իրենց հասակակիցների հետ։

Այդուհանդերձ, գուցե վախով ես լցվում, երբ պատկերացնում ես քեզ դասընկերներիդ հետ կրոնի մասին խոսելիս։ Թերևս անհանգստանում ես՝ մտածելով, որ քեզ ֆանատիկ կհամարեն, կամ դու չես կարողանա ինչ-որ բան ճիշտ բացատրել։ Հավատիդ մասին խոսելը նույնն է, ինչ երաժշտական գործիք նվագելը։ Սկզբում դժվար է։ Բայց որքան շատ նվագես, այնքան ավելի լավ կստացվի, և քո ջանքերը կվարձատրվեն։ Իսկ ինչպե՞ս սկսես զրույցը։

Կարող ես ընտրել հեշտ թեմաներ։ Օրինակ՝ եթե դպրոցում բոլորը խոսում են վերջերս տեղի ունեցած մի իրադարձության մասին, դու էլ կարող ես արտահայտել քո կարծիքը՝ հիմնվելով Աստվածաշնչի վրա։ Գուցե նախընտրես այդ մասին առանձին խոսել դասընկերներիցդ մեկի հետ։ Հեշտ կլինի նաև, եթե սեղանիդ վրա աստվածաշնչյան հրատարակություն դնես։ Հնարավոր է՝ այն գրավի դասընկերներիցդ մեկի ուշադրությունը։ Հաճախ հենց այդպես էլ լինում է, ու զրույցի համար լավ սկիզբ է դրվում։

Այս մեթոդներից ո՞րը կարող ես փորձել։ ․․․․․

Մտածիր, թե ուրիշ ինչ ձևով կարող ես խոսել հավատիդ մասին։ Գրի առ։

․․․․․

Երբեմն այն դասը, որ սովորում եք, վկայություն տալու լավ առիթ է ստեղծում։ Օրինակ՝ ի՞նչ կարող ես անել, եթե դասարանում քննարկում եք էվոլյուցիոն տեսությունը։ Կարո՞ղ ես բացատրել, որ հավատում ես Աստծու գոյությանը։

Պաշտպանիր հավատդ Արարչի հանդեպ

Ռայեն անունով մի պատանի ասում է. «Էվոլյուցիոն տեսությունը լիովին հակասում էր այն ամենին, ինչ սովորեցրել էին ինձ մանկուց։ Այն ներկայացվում էր որպես փաստ, ու ես վախով լցվեցի»։ Իսկ Ռաքելն ասում է. «Երբ ուսուցչուհիս ասաց, որ հաջորդ դասին էվոլյուցիոն տեսության մասին ենք խոսելու, ներսս տակնուվրա եղավ։ Ես գիտեի, որ պետք է բացատրեմ իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ»։

Ի՞նչ ես զգում, երբ դասարանում քննարկվում է էվոլյուցիան։ Դու հավատում ես, որ Աստված է «ստեղծել բոլոր բաները» (Հայտնություն 4։11)։ Շուրջդ տեսնում ես բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ ամեն ինչ նախագծված է բանականություն ունեցող Անձնավորության կողմից։ Սակայն դասագրքերը, ինչպես նաև ուսուցիչդ ասում են, որ դու առաջ ես եկել էվոլյուցիայի արդյունքում։ Ուստի գուցե մտածես. «Ո՞վ եմ ես, որ այդ թեմայի շուրջ վիճեմ մասնագետների հետ»։

Բայց դու միակը չես, ով չի հավատում էվոլյուցիային։ Իրականում, նույնիսկ մի շարք գիտնականներ էվոլյուցիոն տեսության կողմնակիցներ չեն։ Բազմաթիվ ուսուցիչներ և աշակերտներ նույնպես չեն ընդունում այն։

Այդուհանդերձ, արարչագործության հանդեպ հավատդ պաշտպանելու համար դու պետք է իմանաս, թե այդ մասին ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։ Կարիք չկա վիճաբանելու այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում։ Քննենք մի քանի օրինակ։

Դասագրքում գրված է, որ երկրագունդը և արեգակնային համակարգը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ։ Աստվածաշնչում նշվում է, որ երկիրը և ողջ տիեզերքը գոյություն են ունեցել նախքան արարչագործական առաջին «օրը»։ Հետևաբար, հնարավոր է՝ երկրագունդը և արեգակնային համակարգը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ (Ծննդոց 1։1, 2

Ուսուցիչն ասում է, որ երկրագունդը չի կարող ստեղծված լինել ընդամենը վեց օրում։ Աստվածաշնչում չի նշվում, որ վեց արարչագործական «օրերից» յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն է ունեցել։

Դասարանը քննարկում է մի քանի օրինակ այն մասին, թե ինչպես են կենդանիները և մարդիկ ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել։ Աստվածաշնչում գրված է, որ Աստված կենդանի արարածներին ստեղծեց՝ «ըստ իրենց տեսակների» (Ծննդոց 1։20, 21)։ Աստծու Խոսքը թիկունք չի կանգնում այն գաղափարին, թե կյանքը առաջացել է անկենդան մատերիայից, կամ թե Աստված մեկ բջջի միջոցով սկիզբ է տվել էվոլյուցիայի ընթացքին։ Սակայն յուրաքանչյուր «տեսակ» մեծ բազմազանության պոտենցիալ ունի։ Ուստի Աստվածաշունչը նշում է, որ յուրաքանչյուր «տեսակի» մեջ փոփոխությունները հնարավոր են։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ի՞նչ կպատասխանեիր ուսուցչիդ կամ դասընկերոջդ, եթե նա ասեր.

«Գիտությունը ապացուցել է, որ մենք էվոլյուցիայի արդյունք ենք»։ ․․․․․

«Ես չեմ հավատում Աստծուն։ Ես հավատում եմ իմ տեսածին»։ ․․․․․

Համոզվիր, թե ինչին ես հավատում

Եթե մեծացել ես Եհովայի վկաների ընտանիքում, գուցե հավատում ես Արարչի գոյությանը զուտ այն պատճառով, որ դա են քեզ սովորեցրել։ Բայց մեծանալով՝ թերևս ուզում ես «սուրբ ծառայություն մատուցել քո բանականությամբ», որպեսզի հավատդ ամուր հիմք ունենա (Հռոմեացիներ 12։1)։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է համոզում ինձ, որ գոյություն ունի Արարիչ»։ 14-ամյա Սեմը խորհրդածելով, թե ինչպես է կազմված մեր մարմինը՝ ասում է. «Մարդու մարմինը շատ բարդ է կազմված, ու նրա բոլոր մասերը գործում են ներդաշնակորեն։ Այն չէր կարող առաջ գալ էվոլյուցիայի արդյունքում»։ 16-ամյա Հոլլին նույն եզրահանգման է եկել։ Նա ասում է. «Երբ իմացա, որ շաքարախտ ունեմ, սկսեցի շատ բան ուսումնասիրել մարդու օրգանիզմի մասին։ Օրինակ՝ ինձ տպավորեց այն, թե մեր օրգանիզմում ինչ կարևոր դեր է խաղում մի շատ փոքր օրգան՝ ենթաստամոքսային գեղձը։ Դրանից է կախված արյան բաղադրությունը, ինչպես նաև մյուս օրգանների գործունեությունը»։

Գրի առ երեք ապացույց, որ համոզում է քեզ, որ գոյություն ունի Արարիչ։

1. ․․․․․

2. ․․․․․

3. ․․․․․

Եթե հավատում ես, որ Աստված է ստեղծել ամեն բան, այդ դեպքում ամաչելու կամ անհարմար զգալու ոչ մի հիմք չունես։ Չէ՞ որ փաստերը վկայում են այն մասին, որ մենք ստեղծվել ենք բանականություն ունեցող Անձնավորության կողմից։

Ի վերջո, ոչ թե արարչագործությունը, այլ էվոլյուցիոն տեսությունն է պահանջում կույր հավատ և հրաշքներ՝ առանց հրաշագործի։ Երբ, գործի դնելով բանականությունդ, մանրամասնորեն ուսումնասիրես այս թեման, դասարանի առջև ավելի մեծ վստահությամբ կպաշտպանես քո հավատը։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Հասակակիցներիցդ շատերը մկրտվում են։ Պատրա՞ստ ես անելու այս կարևոր քայլը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ես չեմ ամաչում այն հռչակելուց. իրականում բարի լուրը Աստծու զորությունն է բոլոր հավատ ունեցողների փրկության համար» (Հռոմեացիներ 1։16

ԱՌԱՋԱՐԿ

Եթե համոզմունքներիդ մասին անվստահ և ամոթով խոսես, ապա դասընկերներիդ կհրահրես քեզ ծաղրելու։ Բայց եթե համարձակորեն խոսես, ինչպես որ դասընկերներդ են խոսում իրենց տեսակետների մասին, ապա ավելի հավանական է, որ նրանք քեզ հարգանքով կվերաբերվեն։

ԳԻՏԵԻ՞Ր

Երբեմն երբ ուսուցիչներին խնդրում ես ապացուցել էվոլյուցիոն տեսությունը, նրանք չեն կարողանում ոչինչ ասել և գալիս են այն եզրահանգման, որ այդ տեսությունն ընդունել են զուտ այն պատճառով, որ դա են իրենց սովորեցրել։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Դասընկերոջս հետ Աստվածաշնչի մասին զրույց սկսելու համար ես ․․․․․

Եթե ինձ հարցնեն, թե ինչու եմ հավատում Արարչի գոյությանը, կպատասխանեմ՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր, որ ուրիշների հետ խոսես համոզմունքներիդ մասին։

● Ինչպե՞ս քեզ համար ավելի հեշտ կլինի բացատրել, թե ինչու ես հավատում արարչագործությանը։

● Ինչպե՞ս կարող ես գնահատանքդ ցույց տալ Նրան, ով ստեղծել է բոլոր բաները (Գործեր 17։26, 27

[մեջբերում 299-րդ էջի վրա]

«Դպրոցը քարոզչական այնպիսի տարածք է, որտեղ միայն դու կարող ես քարոզել» (Իռաիդա)։

[նկար 298-րդ էջի վրա]

Հավատի մասին խոսելը նույնն է, ինչ երաժշտական գործիք նվագելը. հաջողության գաղտնիքը գիտելիքներն ու փորձն են

[նկարներ 300-րդ էջի վրա]

Դու կարող ես հաղթահարել հավատդ պաշտպանելու մտավախությունը