Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Խոսք՝ ծնողներին

Խոսք՝ ծնողներին

Խոսք՝ ծնողներին

Հասունացման շրջանը կարելի է համեմատել պարանի վրայով քայլելուն։ Երբ երեխան անում է հաջորդ անվստահ քայլը, դուք ասես քարանում եք։ Որպես ծնողներ՝ դուք կուզեիք հետ պահել նրան նման փորձությունից։ Բայց դա հնարավոր չէ։ Այդուհանդերձ, դուք կարող եք օգնել ձեր երեխային՝ ձող տալով նրան հավասարակշռությունը պահելու համար։ Միայն դուք կարող եք օգնել ձեր երեխային ճիշտ ընթացք բռնելու և դառնալու պատասխանատվության զգացում ունեցող չափահաս անձնավորություն։

Ճիշտ է, ասելը հեշտ է։ Երեկ ձեր տղան էներգիայով լի երեխա էր, որն անդադար խոսում էր ու խոսում, բայց հիմա դարձել է ինքնամփոփ պատանի։ Դեռ երեկ ձեր աղջնակը ամեն տեղ ուզում էր ձեզ հետ գալ, իսկ այսօր նա ամաչում է ձեզ հետ երևալ մարդկանց աչքին։

Այդուհանդերձ, պետք չէ մտածել, որ դուք, որպես ծնողներ, հաջողակ չեք։ Կա իմաստության աղբյուր, որը հուսալի առաջնորդություն է տալիս ձեզ և ձեր երեխային։ Այդ աղբյուրը Աստծու Խոսքն է՝ Աստվածաշունչը։

«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորը կօգնի ձեր երեխային մտածելու, տրամաբանելու և Աստվածաշնչի հիման վրա եզրակացություններ անելու։ Ծանոթանալով 4-րդ և 5-րդ էջերում գտնվող բովանդակությանը՝ կտեսնեք, թե գրքում ինչ զանազան թեմաներ են քննարկվում։ Բայց այս գիրքը միայն տեղեկություններ չի փոխանցում։ Այն ունի մի շարք առանձնահատկություններ։

1) Գիրքն անմիջապես գրավում է ընթերցողին։ Երեխան հնարավորություն կունենա տարբեր հարցերի շուրջ իր կարծիքը գրի առնելու։ Օրինակ՝ «Ինչ կանեմ, երբ ինձ ճնշեն» աղյուսակը (էջ 132, 133) կօգնի երեխային մտածելու, թե ինչպես կարող է վարվել, երբ իրեն դրդեն վատ արարքի։ Բացի այդ, յուրաքանչյուր բաժնի վերջում կա «իմ գրառումները» շրջանակը, որում պատանի ընթերցողը կարող է գրել իր մտքերը և կարդացածի վերաբերյալ իր տպավորությունները։

2) Գիրքը քաջալերում է հաղորդակցվել։ Օրինակ՝ 63-րդ և 64-րդ էջերում կա շրջանակ՝ «Ինչպե՞ս կարող եմ հայրիկի ու մայրիկի հետ խոսել սեքսի մասին»։ Իսկ ամեն գլխի վերջում տեղ գտած «Ի՞նչ ես կարծում» շրջանակը օգնում է ոչ միայն կրկնելու նյութը, այլև կարդացածը քննարկելու ընտանիքով։ Ամեն գլխում կա «գործողության պլան», որը հնարավորություն է տալիս լրացնելու «Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը» նախադասությունը։ Դա հորդորում է նրանց խորհրդակցել ծնողների հետ, որոնք կօգնեն նրանց քայլելու պարանի վրայով՝ առանց հավասարակշռությունը կորցնելու։

Զգուշացում. որպեսզի երեխան գրքում անկեղծորեն գրի առնի իր մտքերը, առանց նրա թույլտվության մի՛ կարդացեք նրա նշումները։ Կգա ժամանակը, և նա անձամբ կցանկանա ձեզ արտահայտել իր զգացմունքները, որոնց մասին գրի է առել։

Ունեցեք ձեր անձնական օրինակը։ Ուշադրությամբ կարդացեք այն։ Հիշեք, թե պատանեկան տարիներին ձեզ ինչեր էին անհանգստացնում ու տանջում։ Հարմար առիթի դեպքում այդ մասին պատմեք ձեր երեխային։ Այդ ժամանակ նա հեշտությամբ ձեզ կվստահի։ Երբ նա սկսի խոսել, ուշադիր լսեք։ Գուցե սկզբում հաղորդակցվելու ջանքերը հաջողությամբ չպսակվեն, բայց մի՛ հանձնվեք։ Երբեմն երեխան կարող է ցույց տալ, որ չի լսում ձեզ, բայց իրականում նրա համար ձեր խորհուրդը ավելի արժեքավոր է, քան իր դասընկերներինը։

Մենք շատ ուրախ ենք, որ այժմ դուք և ձեր երեխան ունեք Աստվածաշնչի վրա հիմնված այս գիրքը։ Մենք աղոթում ենք, որ այն ձեր ընտանիքի համար օրհնություն դառնա։

Հրատարակիչներ