Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

Շարունակիր կերտել հոգևոր անձնավորությունդ

Շարունակիր կերտել հոգևոր անձնավորությունդ

«Զորանալով ձեր սրբագույն հավատով.... մնացեք Աստծու սիրո մեջ» (ՀՈՒԴԱ 20, 21)

1, 2. Ի՞նչ հոգևոր շինարարական նախագիծ է յուրաքանչյուրս իրականացնում, և ինչո՞ւ է կարևոր, որ մեր աշխատանքը որակյալ լինի։

ԱՐԴԵՆ որոշ ժամանակ է՝ եռանդորեն աշխատում ես մի շինարարական նախագծի վրա։ Այդ աշխատանքը դեռ երկար կշարունակվի։ Ճիշտ է, գործը հեշտ չէ, բայց բավականություն է պատճառում։ Որոշել ես՝ ինչ էլ լինի, չհանձնվել ու չծուլանալ, քանի որ քո կատարած աշխատանքի որակը անմիջականորեն անդրադառնալու է կյանքիդ և նույնիսկ ապագայիդ վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ շինարարական նախագիծը քո հոգևոր անձնավորությունն է։

2 Հուդա աշակերտը ընդգծեց մեր հոգևոր անձնավորությունը կառուցելու և կերտելու կարևորությունը։ Նա գրեց. «Զորանալով ձեր սրբագույն հավատով և սուրբ ոգով աղոթելով՝ մնացեք Աստծու սիրո մեջ» * (Հուդա 20, 21)։ Այո՛, նա ցույց տվեց, թե որն է Աստծու սիրո մեջ մնալու գրավականը։ Այսօր ինչպե՞ս կարող ենք հետևել նրա հորդորին։ Եկեք տեսնենք, թե որ երեք կերպերով կարող ենք կերտել մեր հոգևոր անձնավորությունը։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԿԵՐՏԵԼ ՀԱՎԱՏԴ

3–5. ա) Ինչպիսի՞ տեսակետ է Սատանան ուզում, որ ունենանք Աստծու պահանջների հանդեպ։ բ) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծու պահանջներին, և ի՞նչ զգացումով դա կլցնի մեզ։

3 Նախևառաջ մենք պետք է ամրացնենք մեր հավատը Աստծու օրենքի հանդեպ։ Այս գիրքը ուսումնասիրելու ընթացքում քննարկեցինք վարքի վերաբերյալ Եհովայի մի շարք արդար պահանջներ։ Անձամբ դու ինչպե՞ս ես վերաբերվում դրանց։ Սատանան ցանկանում է մոլորեցնել մեզ այնպես, որ մտածենք, թե Եհովայի օրենքները, սկզբունքներն ու չափանիշները սահմանափակում են մեր ազատությունը, զրկում են մեզ ինչ-որ լավ բանից և նույնիսկ բռնատիրական են։ Եդեմում հաջողության հասնելուց ի վեր նա օգտագործում է այս նենգ մեթոդը (Ծննդոց 3։1–6)։ Իսկ քո դեպքում այն կգործի՞։ Շատ բան կախված է այն բանից, թե ինչ վերաբերմունք ունես դու։

4 Բերենք մի օրինակ։ Գեղեցիկ այգում շրջելիս նկատում ես բարձր ճաղեր, որոնք փակում են մուտքը դեպի այգու առանձին մի հատված, որը ավելի գեղեցիկ ու գրավիչ է երևում։ Սկզբում գուցե մտածես, որ այդ ճաղերը անհարկի սահմանափակում են քո ազատությունը։ Սակայն երբ ավելի ուշադիր ես նայում, նկատում ես, որ այնտեղ մի ահազդու առյուծ է շրջում՝ որս որոնելով։ Հիմա արդեն ճաղերին այլ կերպ ես նայում. դրանք ոչ թե սահմանափակում, այլ պաշտպանում են քեզ։ Իսկ իրականում կա՞ մեկը, որ փորձում է որսալ մեզ։ Աստծու խոսքն ասում է. «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետրոս 5։8

5 Սատանան է այդ գազանը։ Քանի որ Եհովան չի ուզում, որ մենք դառնանք Սատանայի որսը, հաստատել է օրենքներ, որոնք պաշտպանում են մեզ այդ չարամիտ գիշատչի նենգություններից (Եփեսացիներ 6։11)։ Ուստի ամեն անգամ, երբ խորհրդածում ենք Աստծու օրենքների շուրջ, մենք պետք է գիտակցենք, որ դրանք տալով՝ Աստված իր սերն է դրսևորել մեր հանդեպ։ Այս լույսի ներքո դրանց նայելով՝ մենք կտեսնենք, որ Աստծու պահանջները ուրախության աղբյուր և պաշտպանություն են մեզ համար։ Հակոբոս աշակերտը գրեց. «Բայց ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և հարատևում է դրանում.... երջանիկ կլինի» (Հակոբոս 1։25

6. Ո՞րն է Աստծու արդար օրենքների ու չափանիշների հանդեպ հավատ զորացնելու լավագույն կերպը։ Բեր օրինակ։

6 Աստծու պատվիրաններին ներդաշնակ ապրելը Մեծագույն Օրենսդրի և նրա տված իմաստուն օրենքների հանդեպ մեր հավատը զորացնելու լավագույն կերպն է։ Օրինակ՝ «Քրիստոսի օրենքի» մեջ է մտնում Հիսուսի այն պատվերը, որ սովորեցնենք ուրիշներին պահել այն ամենը, ինչ նա է պատվիրել (Գաղատացիներ 6։2; Մատթեոս 28։19)։ Քրիստոնյաները նաև լրջորեն են վերաբերվում երկրպագելու և միմյանց կերտելու համար նախատեսված հանդիպումներին շարունակ մասնակցելու պատվերին (Եբրայեցիներ 10։24, 25)։ Աստծու պատվերների մեջ է մտնում նաև Եհովային պարբերաբար, հաճախակի և սրտանց աղոթելը (Մատթեոս 6։5–8; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Երբ հետևում ենք այս պահանջներին, ավելի հստակ ենք տեսնում, թե որքա՜ն սիրառատ առաջնորդություն է տրված մեզ։ Դրանք կատարելը այնպիսի ուրախություն ու գոհունակություն է պատճառում մեզ, ինչպիսին երբեք չենք գտնի այս աշխարհում։ Մինչ խորհրդածում ես, թե ինչպես անձամբ կարող ես օգուտներ քաղել Աստծու օրենքներին ներդաշնակ ապրելուց, մի՞թե հավատդ չի զորանում այդ պահանջների հանդեպ։

7, 8. Ինչպե՞ս է Աստծու Խոսքը քաջալերում նրանց, ովքեր մտավախություն ունեն, որ հետագայում գուցե չկարողանան հավատարիմ մնալ Աստծուն։

7 Ոմանք երբեմն անհանգստանում են, որ գուցե տարիներ անց չկարողանան հետևել Եհովայի տված պահանջներին։ Նրանք վախենում են, որ գուցե մի օր մեղք գործեն։ Եթե դու էլ նման մտահոգություն ունես, հիշիր այս խոսքերը. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Օ՜, եթե միայն ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18)։ Երբևէ խորհրդածե՞լ ես այս խոսքերի շուրջ. որքա՜ն քաջալերական են դրանք։

8 Եհովան այստեղ վստահեցնում է մեզ, որ իրեն հնազանդվելը մեր բարօրությանն է նպաստում։ Համարում նշվում է երկու օրհնությունների մասին։ Առաջին՝ մեր խաղաղությունը գետի պես կլինի, այսինքն՝ հանդարտ, առատ ու մշտահոս։ Երկրորդ՝ մեր արդարությունը ծովի ալիքների պես կլինի։ Եթե կանգնել ես ծովափին և նայել ես անընդհատ գալարվող ու փուլ եկող ալիքներին, անկասկած անվերջության զգացումը համակել է քեզ։ Գիտես, որ դրանք դեռ անհամար դարեր կշարունակեն ողողել իրենց ափերը։ Եհովան հավաստիացնում է, որ քո արդարությունը՝ ճիշտ կերպով վարվելու քո ընթացքը, այդպես մշտական ու հարատև կլինի։ Քանի դեռ ջանում ես հավատարիմ մնալ նրան, նա երբեք չի թողնի, որ սասանվես (կարդա՛  Սաղմոս 55։22)։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում այս խոսքերից։ Մի՞թե այս խոստումները չեն կերտում հավատդ Եհովայի և նրա արդար պահանջների հանդեպ։

ՁԳՏԻՐ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ

9, 10. ա) Ինչո՞ւ է հասունությունը փայլուն նպատակ քրիստոնյայի համար։ բ) Ինչպե՞ս է հոգևոր մտածելակերպը նպաստում ուրախությանը։

9 Մեր հոգևոր անձնավորությունը կերտելու երկրորդ կերպը ամփոփված է հետևյալ ներշնչյալ խոսքերում. «Եկեք շարունակենք ձգտել հասունության» (Եբրայեցիներ 6։1)։ Հասունությունը փայլուն նպատակ է քրիստոնյայի համար։ Հակառակ կատարելությանը, որին հասնելը այսօր մեզ համար անհնար է՝ հասունությունը հասանելի նպատակ է։ Բացի այդ, որքան ավելի հասուն լինենք, այնքան ավելի մեծ ուրախություն կստանանք մեր ծառայությունից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

10 Հասուն քրիստոնյան հոգևոր անձնավորություն է։ Նա ամեն ինչին նայում է Եհովայի տեսանկյունից (Հովհաննես 4։23)։ Պողոսը գրեց. «Ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների, իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում, բայց ովքեր ըստ ոգու են քայլում, ոգու համաձայն են մտածում» (Հռոմեացիներ 8։5)։ Մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդու ուրախությունը կարճատև է, քանի որ նա հակված է մտածել միայն իր մասին, հեռատես չէ և կենտրոնացած է նյութական բաների վրա։ Իսկ հոգևոր մտածելակերպ ունեցող մարդը ուրախ է, քանի որ նրա ուշադրության կենտրոնում Եհովան է՝ «երջանիկ Աստվածը» (1 Տիմոթեոս 1։11)։ Հոգևոր անձնավորության ցանկությունը Եհովային հաճեցնելն է, և նույնիսկ փորձության ժամանակ նա իր ուրախությունը չի կորցնում։ Ինչո՞ւ։ Քանի որ փորձությունը առիթ է, որ փաստի՝ Սատանան ստախոս է, և կերտի իր հավատարմությունը՝ ուրախություն պատճառելով երկնային Հորը (Առակներ 27։11; կարդա՛  Հակոբոս 1։2, 3

11, 12. ա) Ի՞նչ հորդորեց Պողոսը, և ի՞նչ իմաստ է կրում «մարզել» թարգմանված հունարեն բառը։ բ) Ինչի՞ շնորհիվ է մարդու մարմինը մարզվում։

11 Հասուն քրիստոնյա, կամ՝ հոգևոր անձնավորություն լինելու համար հարկավոր է «մարզվել»։ Ուշադրություն դարձրու հետևյալ համարին. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ովքեր իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Պողոսը ըմբռնողականությունը մարզելու մասին հորդորելիս օգտագործեց հունարեն մի բառ, որը շատ հավանաբար առաջին դարում ընդունված էր ասել մարզիկների համար, քանի որ նրա խոսքերը կարելի է թարգմանել նաև «մարզվել մարմնամարզիկի պես»։ Իսկ ի՞նչ է իր մեջ ներառում այդպիսի մարզումը։

Ատլետի վարպետությունը շարունակ մարզվելու արդյունք է

12 Երբ երեխան ծնվում է, նրա մարմինը դեռ մարզված չէ։ Նորածինը դժվարանում է կառավարել իր ձեռքերն ու ոտքերը. պատահական շարժումներ է անում և երբեմն էլ իր իսկ դեմքին է խփում, ինչից շփոթվում կամ լաց է լինում։ Սակայն ժամանակի ընթացքում շարժումների շնորհիվ նրա մարմինը մարզվում է. սկսում է չոչ անել, հետո՝ քայլել ու վազվզել։ * Իսկ, օրինակ, մարմնամարզիկի մարմինը բավականին մարզված է ու զարգացած։ Տեսե՞լ ես, թե ինչպես է ատլետը գերազանց ճկունությամբ ու վարպետությամբ բարդ վարժություններ կատարում՝ պտտելով իր մարմինը օդում։ Միանգամից հասկանում ես, թե որքան է մարզվել, որ կարողանա լիովին կառավարել իր մարմինը։ Սակայն ֆիզիկական մարզվածության մասին Աստվածաշունչն ասում է, որ «քիչ բանի համար է օգտակար»։ Շատ ավելի օգտակար է մարզել մեր ըմբռնողականությունը. հոգևորապես մարզվել (1 Տիմոթեոս 4։8

13. Ինչպե՞ս կարող ենք մարզել մեր ըմբռնողականությունը։

13 Այս գրքում մենք քննարկել ենք այն ամենը, ինչը կօգնի քեզ մարզել ըմբռնողականությունդ այնպես, որ լինես հոգևոր անձնավորություն և հավատարիմ մնաս Եհովային։ Որոշումներ կայացնելիս խորհրդածիր Եհովայի սահմանած սկզբունքների ու օրենքների շուրջ և աղոթիր նրան առաջնորդության համար։ Ամեն անգամ հարցրու ինքդ քեզ. «Այս հարցին առնչվող ի՞նչ սկզբունք կամ օրենք կա Աստվածաշնչում։ Ինչպե՞ս կարող եմ դրանք կիրառել։ Ինչպե՞ս վարվեմ, որ հաճելի լինի իմ երկնային Հորը» (կարդա՛  Առակներ 3։5, 6; Հակոբոս 1։5)։ Ամեն անգամ նման կերպ որոշում կայացնելով՝ դու ավելի կմարզես ըմբռնողականությունդ։ Իսկ դա էլ իր հերթին կնպաստի, որ դառնաս ու մնաս հոգևոր անձնավորություն։

14. Հոգևորապես աճելու համար ինչի՞ հանդեպ պետք է ախորժակ զարգացնենք և ինչի՞ց պետք է զգուշանանք։

14 Երբ հասնենք հոգևոր հասունության, դա չի նշանակում, որ հոգևորապես աճելու տեղ էլ չենք ունենա։ Աճը կապված է սնվելու հետ։ Ինչպես տեսանք, Պողոս առաքյալը իր հորդորում նշեց. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է»։ Ուստի մեր հավատը և հոգևոր անձնավորությունը կերտելու համար պետք է շարունակենք սնվել հոգևոր պինդ կերակուրով։ Երբ կիրառում ենք այն գիտելիքները, որ ձեռք ենք բերում, դա իմաստություն է։ Իսկ Աստվածաշունչն ասում է. «Գլխավորը իմաստությունն է»։ Ուրեմն հարկավոր է անկեղծ փափագ զարգացնել այն անգին ճշմարտությունների հանդեպ, որ տալիս է մեր Հայրը (Առակներ 4։5–7; 1 Պետրոս 2։2)։ Սակայն, ինչ խոսք, գիտելիքներն ու իմաստությունը պատճառ չեն, որ դառնանք ինքնագոհ ու հպարտ։ Մենք պետք է պարբերաբար քննենք մեզ, որպեսզի հպարտությունը կամ նման վատ հատկությունները արմատ չգցեն մեր սրտում։ Պողոսը գրեց. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթացիներ 13։5

15. Ինչո՞ւ է անհրաժեշտ սեր ունենալ։

15 Տան շինարարությունը մի օր ավարտվում է, բայց տունը բարվոք վիճակում պահելու համար շարունակական աշխատանքների կարիք կա։ Խնամքն ու վերանորոգումը պարտադիր են։ Երբեմն հանգամանքների փոփոխությունից ելնելով՝ գուցե նույնիսկ հարկ լինի մեծ ձևափոխություններ անել։ Իսկ ինչի՞ կարիք ունենք մենք, որպեսզի դառնանք հասուն քրիստոնյա և շարունակենք մնալ հոգևոր անձնավորություն։ Ամենից առավել մեզ հարկավոր է սեր ունենալ։ Պետք է շարունակենք մեծացնել Եհովայի և մեր հավատակիցների հանդեպ ունեցած սերը։ Եթե սեր չունենանք, մեր գիտելիքներն ու արած գործերը ոչ մի արժեք չեն ունենա (1 Կորնթացիներ 13։1–3)։ Սերը կօգնի, որ հասնենք քրիստոնեական հասունության և շարունակենք աճել հոգևորապես։

ՎԱՌ ՊԱՀԻՐ ՔՈ ՀՈՒՅՍԸ

16. Ինչպիսի՞ մտածելակերպն է Սատանայից գալիս, և ի՞նչ պաշտպանիչ միջոց է տրամադրել մեզ Եհովան։

16 Այժմ քննենք հոգևոր շինարարական նախագիծն իրականացնելու երրորդ կերպը։ Քրիստոսի ազնվասիրտ հետևորդ դառնալու համար դու պետք է հսկես քո մտածելակերպը։ Սատանան՝ այս աշխարհի իշխանը, հմտորեն դրդում է մարդկանց տրվելու բացասական մտքերին, ընկնելու վհատության ու հուսահատության գիրկը և չվստահելու ոչ ոքի (Եփեսացիներ 2։2)։ Նման մտածելակերպը վտանգավոր է քրիստոնյայի համար, ինչպես փտախտը փայտե տան համար։ Ուրախ ենք սակայն, որ Եհովան դրանից պաշտպանվելու միջոց է տրամադրել մեզ. դա հույսն է։

17. Ինչպե՞ս է Աստծու Խոսքում ներկայացվում հույսի կարևորությունը։

17 Աստվածաշունչը նկարագրում է հոգևոր այն սպառազինությունը, որը անհրաժեշտ է մեզ Սատանայի և այս աշխարհի դեմ մղած պայքարում։ Այդ սպառազինության կարևոր բաղադրիչը սաղավարտն է՝ «փրկության հույսը» (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Աստվածաշնչյան ժամանակներում զինվորը գիտեր, որ դժվար թե պատերազմում կենդանի մնա, եթե սաղավարտ չկրի։ Սաղավարտը մետաղյա գլխարկ էր, որը ներսի կողմից պատված էր կաշվով կամ թաղիքով, ինչի շնորհիվ գլխին իջած հարվածները լուրջ վնաս չէին պատճառում զինվորին։ Ինչպես որ սաղավարտն էր պաշտպանում գլուխը, այնպես էլ հույսն է պաշտպանում մեր միտքը, մեր մտածելակերպը։

18, 19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին մեր հույսը վառ պահելու հարցում։

18 Հիսուսը հույսը վառ պահելու գերազանց օրինակ է։ Հիշիր, թե նա ինչերի միջով անցավ թեկուզ միայն իր երկրային կյանքի վերջին գիշերը։ Նրա մտերիմ ընկերներից մեկը փողի դիմաց մատնեց նրան, մյուսը երեք անգամ ուրացավ, որ ճանաչում է, մնացածն էլ մենակ թողեցին ու փախան։ Նրա ազգակիցները մերժեցին նրան՝ պահանջելով, որ հռոմեացի զինվորների ձեռքով ցցին գամվի ու սպանվի։ Դժվար թե մեզնից մեկը երբևէ նման ծանր փորձությունների առաջ կանգնի։ Իսկ ի՞նչը օգնեց նրան չհուսահատվել։ Եբրայեցիներ 12։2-ում կարդում ենք. «Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ և նստեց Աստծու գահի աջ կողմը»։ Նա երբեք տեսադաշտից չկորցրեց «իր առաջ դրված ուրախությունը»։

19 Իսկ ո՞րն էր այդ ուրախությունը։ Նա գիտեր, որ իր տոկունությամբ կնպաստի Եհովայի անվան սրբացմանը, կներկայացնի մեծագույն վկայությունը այն բանի, որ Սատանան ստախոս է։ Ուրիշ ոչինչ դրանից ավելի ուրախություն չէր պատճառի նրան։ Նա նաև գիտեր, որ Եհովան առատապես կօրհնի իր հավատարիմ ընթացքը, և որ շատ մոտ է այն ժամանակը, որ նորից կմիանա իր Հորը։ Հիսուսը նույնիսկ ամենածանր ժամերին մտքում վառ էր պահում այս հույսը։ Մենք էլ պետք է այդպես անենք։ Մենք նույնպես մեր «առաջ դրված ուրախություն» ունենք։ Եհովան առանձնաշնորհում է տվել յուրաքանչյուրիս բաժին բերելու իր մեծ անվան սրբացման մեջ։ Մենք կարող ենք փաստել, որ Սատանան ստախոս է, եթե Եհովային ընդունենք որպես մեր Գերիշխան և ջանանք մնալ մեր սիրառատ Հոր գրկում՝ անկախ այն բանից, թե ինչ փորձությունների առաջ կկանգնենք։

20. Ի՞նչը կօգնի, որ դրական մտածելակերպ պահպանենք և մեր հույսը չկորցնենք։

20 Եհովան ոչ միայն պատրաստ է, այլև մեծ ցանկություն ունի վարձատրելու իր հավատարիմ ծառաներին (Եսայիա 30։18; կարդա՛  Մաղաքիա 3։10)։ Նա ուրախություն է ստանում իր ծառաների արդար ցանկությունները բավարարելուց (Սաղմոս 37։4)։ Ուստի մտքումդ հաստատ ու վառ պահիր ապագայի հույսը, որ տալիս է Եհովան։ Երբեք մի՛ տրվիր բացասական, քայքայիչ և ապականված մտքերին, որ գալիս է Սատանայի աշխարհից։ Եթե զգում ես, որ այս աշխարհի ոգին սկսում է թափանցել քո մեջ, ջերմեռանդորեն աղոթիր Եհովային, որ տա քեզ այն «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք»։ Այդ խաղաղությունը կպահպանի քո սիրտն ու միտքը (Փիլիպպեցիներ 4։6, 7

21, 22. ա) Ի՞նչ պայծառ հեռանկար է բացված «մեծ բազմության» առաջ։ բ) Ո՞ր օրհնությանն ես անձկությամբ սպասում, և ի՞նչ վճռականությամբ ես լցված։

21 Ի՜նչ պայծառ հույս է տվել մեզ Եհովան։ Եթե «մեծ բազմության» մեջ ես, որը վերապրելու է մեծ նեղությունը, միայն պատկերացրու այն չքնաղ կյանքը, որ վայելելու ես շուտով (Հայտնություն 7։9, 14)։ Դժվար է նկարագրել այն թեթևությունը, որ կզգաս այն ժամանակ, երբ Սատանան ու դևերն այլևս չեն լինի։ Չէ՞ որ մեզնից ոչ ոք դեռևս չի զգացել, թե ինչպիսին է կյանքը առանց Սատանայի ապականիչ ճնշումների։ Երբ նրանք այլևս չխանգարեն մեզ, ի՜նչ մեծ բավականությամբ Հիսուսի և նրա 144000 իշխանակիցների կառավարման ներքո մենք կմասնակցենք երկիրը դրախտ դարձնելու գործին։ Չի լինի ոչ մի հիվանդություն ու ցավ։ Մեր մահացած հարազատները հարություն կառնեն, ու նրանց հետ կապրենք այն կյանքով, որն Աստված նպատակադրել էր մարդկության համար։ Մենք աստիճանաբար կհասնենք կատարելության և կմոտենանք այն մեծագույն վարձատրությանը, որի մասին խոստումը գրված է Հռոմեացիներ 8։21-ում, այն է՝ «Աստծու զավակների փառահեղ ազատությունը»։

22 Եհովան ուզում է, որ դու հասնես այդ փառահեղ ու իսկական ազատությանը։ Դրան տանող միակ ճանապարհը հնազանդությունն է։ Ուստի Եհովային հավատարիմ ու հնազանդ մնալու ջանքերը, որ թափում ես օր օրի, զուր չեն։ Ուրեմն, շարունակի՛ր կերտել քո հոգևոր անձնավորությունը, որպեսզի մնաս Աստծու սիրո մեջ հավիտյան։

^ պարբ. 2 «Զորանալ» թարգմանված հունարեն բառը ունի կառուցելու և կերտելու իմաստ։

^ պարբ. 12 Ըստ գիտնականների՝ մեր օրգանիզմում կան պրոպրիոռեցեպտորներ կոչվող ընկալիչներ, որոնք ապահովում են շարժումների և վերջույթների դիրքի զգացողությունը։ Դրա շնորհիվ է, օրինակ, որ կարողանում ենք փակ աչքերով ծափ տալ։ Մի պացիենտ, որը կորցրել էր պրոպրիոռեցեպտորների զգայունակությունը, չէր կարողանում կանգնել, քայլել և անգամ նստել։