Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ քարոզիչ

Պատկերացրու, թե դու առաքյալներից մեկն ես։ Մյուսների հետ բարձրացել ես Ձիթենյաց լեռը և լսում ես Հիսուսին, ով երկինք համբարձվելուց առաջ ասում է. «Բայց դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Ի՞նչ կզգաս այդ պահին։

Գիտակցելով, թե ինչ հսկայածավալ գործ պետք է արվի՝ թերևս անհանգստանաս. «Կկարողանա՞նք արդյոք վկայություն տալ «մինչև աշխարհի ծայրերը»։ Չէ՞ որ մենք ընդամենը մի բուռ ենք»։ Այդ պահին հավանաբար հիշես, թե ինչ ասաց Հիսուսը իր մահից առաջ. ««Ծառան մեծ չէ իր տիրոջից»։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Սակայն այս ամենը ձեզ կանեն իմ անվան պատճառով, քանի որ չեն ճանաչում նրան, ով ուղարկեց ինձ» (Հովհ. 15։20, 21)։ Ուստի գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ հիմնովին վկայություն տալ հալածանքների ու հակառակության ներքո»։

Վերոհիշյալ հարցերը արդիական են նաև այսօր։ Չէ՞ որ մենք՝ Եհովայի վկաներս, նույնպես պետք է «մինչև աշխարհի ծայրերը» հիմնովին վկայություն տանք «բոլոր ազգերին» (Մատթ. 28։19, 20)։ Կկարողանա՞նք ավարտին հասցնել այս գործը՝ չնայած կանխագուշակված հալածանքներին։

Այս ձեռնարկի նպատակն է օգնել քեզ ուսումնասիրելու «Առաքյալների գործերը» գիրքը։ Այնտեղ պատմվում է, թե ինչպես են առաքյալներն ու առաջին դարի մյուս քրիստոնյաները Եհովայի օգնությամբ կատարել Հիսուսի տված հանձնարարությունը։ Ընթերցելով գրքում զետեղված ոգևորիչ իրադարձությունները՝ շատ կքաջալերվես։ Դու կզարմանաս՝ տեսնելով, թե որքան նմանություններ կան առաջին դարի քրիստոնյաների և մեր միջև։ Կտեսնես, որ մենք ոչ միայն նույն գործն ենք կատարում, այլև նույն ձևով ենք այն կազմակերպում։ Եթե խորհես այս ամենի շուրջ, անկասկած կհամոզվես, որ Եհովա Աստված շարունակում է առաջնորդել իր կազմակերպության երկրային մասը։

Աղոթում ենք, որ «Գործեր» գրքի ուսումնասիրությունը ամրացնի քո վստահությունն այն բանում, որ Եհովան իր սուրբ ոգով կզորացնի ու կպաշտպանի քեզ։ Հուսով ենք, որ դու մեծ ոգևորությամբ կշարունակես «հիմնովին վկայություն տալ» Աստծու Թագավորության մասին և կօգնես մարդկանց գտնելու փրկության ուղին (Գործ. 28։23; 1 Տիմոթ. 4։16

Քո եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին