Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Էվոլյուցիա. վարկածներ և փաստեր

Էվոլյուցիա. վարկածներ և փաստեր

«Էվոլյուցիան այնքանով է փաստ, որքանով որ արևի ջերմությունը»,— ասում է պրոֆեսոր Ռիչարդ Դոքինսը՝ էվոլյուցիոն տեսության հայտնի գիտնականներից մեկը16։ Ինչ խոսք, փորձերը և ուղղակի դիտումները ապացուցում են, որ արևը ջերմության մեծ աղբյուր է։ Բայց արդյո՞ք փորձերն ու ուղղակի դիտումները ապացուցում են, որ էվոլյուցիոն ուսմունքը նույնպես անհերքելի փաստ է։

Նախքան այս հարցին պատասխանելը հարկավոր է պարզել իրողությունը։ Շատ գիտնականներ նշում են, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների սերունդները կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Օրինակ՝ մարդիկ կարող են ընտրողաբար շներին այնպես զուգավորել, որ ի վերջո դրանց սերունդները ավելի կարճ ոտքեր և ավելի երկար մազեր ունենան, քան իրենց նախնիները a։ Որոշ գիտնականներ այդ փոփոխություններն անվանում են միկրոէվոլյուցիա։

Էվոլյուցիոն տեսության կողմնակիցներն ասում են, որ այդ աննշան փոփոխությունները միլիարդավոր տարիների ընթացքում կուտակվել են և դարձել մեծ փոփոխությունների պատճառ։ Այսպես ձուկը վերածվել է երկկենցաղի, իսկ կապիկը՝ մարդու։ Այդ ենթադրյալ մեծ փոփոխություններն անվանում են մակրոէվոլյուցիա։

Չարլզ Դարվինը և նրա գիրքը՝ «Տեսակների ծագումը»

Չարլզ Դարվինը, օրինակ, սովորեցնում էր, որ մեզ համար տեսանելի փոքր փոփոխությունները ցույց են տալիս, որ եղել են նաև մեծ փոփոխություններ, թեև դա ոչ ոք չի տեսել17։ Նա ասում էր՝ ժամանակի ընթացքում այս նախնական կամ այսպես կոչված կյանքի պարզ ձևերը «չափազանց աննշան փոփոխությունների» շնորհիվ աստիճանաբար փոխակերպվել են կյանքի միլիոնավոր բարդ ձևերի18։

Այս պնդումը շատերին է տրամաբանական թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջ բերել»։ Իրականում էվոլյուցիոն տեսությունը հիմնըված է երեք վարկածների վրա։ Քննենք այդ վարկածները։

Վարկած 1. Մուտացիաները անհրաժեշտ հումք են նոր տեսակների առաջացման համար։ Իրականում մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները՝ բույսերի և կենդանիների գեների աննշան փոփոխությունները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ19։

Մուտացիան կարող է սահմանափակ փոփոխություններ առաջացնել բույսերի մեջ, ինչպես օրինակ՝ մեծ ծաղիկներ ունեցող այս մուտանտը

Փաստեր։ Բույսի կամ կենդանու օրգանիզմի կառուցվածքը որոշվում է գենետիկական կոդում պարունակվող բազմաթիվ տեղեկություններով։ Տվյալների այդ բազան գտնվում է յուրաքանչյուր բջջի կորիզում  b։ Հետազոտողները հայտնաբերել են, որ մուտացիաները կարող են փոփոխություններ մտցնել բույսերի և կենդանիների սերունդների մեջ։ Բայց մի՞թե դրանք կարող են առաջ բերել բոլորովին նոր տեսակներ։ Ի՞նչ են բացահայտել գենետիկայի բնագավառում 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքները։

1930–ականների վերջին գիտնականները ոգևորությամբ ընդունեցին այն միտքը, որ բնական ընտրության (մի պրոցես, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում առավելապես տվյալ պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները) արդյունքում մուտացիաներից կարող են առաջանալ բույսերի նոր տեսակներ։ Հետևաբար նրանք եզրակացրին, որ արհեստական կամ մարդու կողմից վերահսկվող մուտացիաների ընտրությունը պետք է որ ավելի արդյունավետ լինի։ «Ընդհանուր առմամբ կենսաբանները և հատկապես գենետիկներն ու սելեկցիոներները մեծ ուրախություն էին ապրում»,— ասում է Վուլֆ Էկկեհարդ Լյոնիգը՝ Գերմանիայում բույսերի սելեկցիոն հետազոտման գծով Մաքս Փլանկ ինստիտուտի գիտնականներից մեկը c։ Ո՞րն էր այդ ուրախության պատճառը։ Լյոնիգը, որը մոտ 30 տարի ուսումնասիրել է բույսերի մուտացիաները, ասում է. «Այս հետազոտողները կարծում էին, որ եկել է ժամանակը փոխելու բույսերի և կենդանիների սելեկցիայի ավանդական մեթոդները։ Նրանք կարծում էին, որ ընտրողաբար մուտացիաներ կատարելը կարող է նպաստել բույսերի ու կենդանիների նոր և ավելի լավ տեսակների առաջացմանը»20։ Իրականում ոմանք հույս ունեին բոլորովին նոր տեսակներ առաջ բերել։

Պտղաճանճիկի մուտանտները թեև թերզարգացած են, այնուամենայնիվ պտղաճանճիկ են

Միացյալ Նահանգների, Ասիայի ու Եվրոպայի գիտնականները սկսեցին իրականացնել հսկայական ֆինանսական ներդրումներ պահանջող հետազոտական ծրագրեր՝ կիրառելով մեթոդներ, որոնք խոստանում էին արագացնել բույսերի և կենդանիների էվոլյուցիան։ Ինչպիսի՞ն եղան արդյունքները ավելի քան 40 տարվա լարված աշխատանքներից հետո։ Կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Պիտեր Զենգբուշը ասում է. «Չնայած ֆինանսական ահռելի ծախսերին՝ ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին»21։ Իսկ գիտնական Լյոնիգը ավելացնում է. «1980–ականներին գիտնականների հույսերը հօդս ցնդեցին, իսկ մեծ ուրախությունը մարեց։ Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկըրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները.... մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները» d։

Նույնիսկ այդ դեպքում ընդհանուր առմամբ 100 տարվա ընթացքում կատարված մուտացիոն հետազոտությունների և մասնավորապես 70 տարվա բույսերի ու կենդանիների մուտացիաների տվյալները գիտնականներին հնարավորություն են տալիս եզրակացություններ անել նոր տեսակներ առաջ բերելու մուտացիաների կարողության վերաբերյալ։ Փաստերը քննելուց հետո Լյոնիգը եզրակացնում է. «Մուտացիաները չեն կարող [բույսերի և կենդանիների] սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։ Այս եզրակացությունը համապատասխանում է մուտացիայի բնագավառում 20–րդ դարում կատարված բոլոր փորձերին և ստացված արդյունքներին, ինչպես նաև հավանականության օրենքներին»։

Փաստորեն, կարո՞ղ են մի տեսակի մուտացիաները վերափոխվել և դառնալ բոլորովին նոր տեսակ։ Պատասխանն ակնհայտ է։ Լյոնիգի կատարած ուսումնասիրությունները մղեցին նրան եզրակացնելու, որ «տարբեր գենոտիպ ունեցող տեսակները իրարից սահմանազատված են, և մուտացիաները չեն կարող ոչնչացնել կամ խախտել այդ սահմանները»22։

Ուշադրություն դարձրեք վերոհիշյալ փաստերին։ Եթե բարձրաստիճան գիտնականները չեն կարող նոր տեսակներ առաջ բերել արհեստականորեն, այսինքն՝ իրենց ընտրությամբ մուտացիաներ կատարելով, արդյոք հնարավո՞ր էր, որ ոչ բանական երևույթը՝ էվոլյուցիան, ինքնին նոր տեսակներ առաջ բերի։ Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող բույսերի և կենդանիների սկզբնական տեսակները վերածել բոլորովին նոր տեսակների, ապա ինչպե՞ս կարող էր մակրոէվոլյուցիա տեղի ունեցած լինել։

Վարկած 2. Բնական ընտրությունը նոր տեսակներ է առաջացրել։ Դարվինը հավատում էր, որ բնական ընտրության շնորհիվ գոյատևում էին կյանքի այն ձևերը, որոնք հարմարվում էին միջավայրի պայմաններին, մինչդեռ կենսապայմաններին չհարմարվող ձևերը ի վերջո մահանում էին։ Էվոլյուցիոնիստները սովորեցնում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար էվոլյուցիոնիստները պնդում են, որ այս մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր տեսակների։

Փաստեր։ Ինչպես նշվեց, հետազոտությունները պարզ ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող առաջ բերել բույսերի և կենդանիների բոլորովին նոր տեսակներ։ Այնուամենայնիվ, ի՞նչ փաստերի հիման վրա են էվոլյուցիոնիստները պնդում, որ բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում։ 1999 թ.–ին Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հրատարակած գրքույկներից մեկում ասվում էր, որ այդ պնդումը հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոս կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են Դարվինի սերինոսներ անվանումով»23։

1970–ականներին մի խումբ հետազոտողներ Պիտեր և Ռոզմարի Գրանտների գլխավորությամբ սկսեցին ուսումնասիրել այդ սերինոսներին և հայտնաբերեցին, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսները, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները։ Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ կտուցների չափն ու ձևը սերինոսների 13 տեսակները որոշելու հիմնական կերպերից են։ ԳԱԱ–ի գրքույկում ասվում է. «Գրանտները եզրակացրին, որ եթե մոտավորապես 10 տարին մեկ այդ կղզիներում երաշտ տեղի ունենա, ապա ընդամենը 200 տարի հետո սերինոսների նոր տեսակներ կարող են առաջանալ»24։

Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի գրքույկում չի հիշատակվում այն փաստը, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Հետազոտողները պարզեցին, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միջավայրին, քան նրանց ծնողները։ Ուստի հետազոտողները եզրակացրին, որ եթե այդ խաչասերումը շարունակվի, ապա արդյունքում սերինոսների երկու «տեսակները» կվերածվեն մեկ տեսակի25։

Լավագույն դեպքում Դարվինի սերինոսները ցույց են տալիս, որ տեսակները կարող են հարմարվել փոփոխվող կլիմային

Որքանո՞վ է տրամաբանական ենթադրել, որ բնական ընտրությունը առաջ է բերում բոլորովին նոր տեսակներ։ Տասնամյակներ առաջ էվոլյուցիոնիստ–կենսաբան Ջորջ Քրիստոֆեր Վիլյամսը կասկածի տակ դրեց այն տեսակետը, որ բնական ընտրությունը նոր տեսակներ առաջացնելու զորություն ունի26։ Էվոլյուցիոնիստ Ջեֆրի Շվարցը 1999 թ.–ին գրեց, որ բնական ընտրությունը օգնում է տեսակներին հարմարվելու փոփոխվող պայմաններին, սակայն որևէ նոր բան չի ստեղծում27։

Իրականում Դարվինի սերինոսները «նոր բան» չեն դառնում։ Նրանք մնում են սերինոսներ։ Եվ այն փաստը, որ նրանց տարբեր տեսակները խաչասերվում են, կասկածի տակ է դնում այն չափանիշները, որոնցով որոշ էվոլյուցիոնիստներ սահմանում են տեսակները։ Ավելին, այս թռչունների մասին տեղեկությունները բացահայտում են, որ նույնիսկ հեղինակավոր գիտական ակադեմիաները փաստերը ներկայացնում են կանխակալ ձևով։

Վարկած 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Վերը նշված ԳԱԱ–ի գրքույկը ընթերցողի մեջ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։ Գրքույկում նշվում է. «Այնքան շատ բրածո անցողիկ ձևեր են հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև, որ հաճախ դժվար է որոշել, թե կոնկրետ երբ է անցում տեղի ունեցել մի տեսակից մյուսը»28։

Փաստեր։ Այս ինքնավստահ հայտարարությունը զարմանք է առաջացնում։ Ինչո՞ւ։ Էվոլյուցիոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոխվել» e29։

Բրածոների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենդանիների բոլոր մեծ խմբերն առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ

Մինչ օրս աշխարհի գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ այս մեծ և մանրամասն տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը հայտնվել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Էվոլյուցիան ընդունելու համար «հավատ» է անհրաժեշտ

Ինչո՞ւ են շատ հայտնի էվոլյուցիոնիստներ պնդում, որ մակրոէվոլյուցիան փաստ է։ Հեղինակավոր էվոլյուցիոնիստ Ռիչարդ Լևոնթինը գրել է, որ շատ գիտնականներ հակված են ընդունելու այնպիսի գիտական պնդումներ, որոնք հակառակ են բանականությանը, «քանի որ [մարդը] ունի առաջնային հակում՝ հակում դեպի մատերիալիզմը» f։ Բազմաթիվ գիտնականներ նույնիսկ չեն ուզում ընդունել բանական Նախագծողի գոյությունը։ Ինչպես գրում է Լևոնթինը, «մենք չենք կարող ընդունել այն միտքը, որ Աստծու մատը խառն է ամեն ինչում»30։

Այս առումով սոցիոլոգ Ռոդնի Սթարկը, ինչպես գրված է «Սայենթիֆիք ամերիքըն»–ում, ասում է. «200 տարի շարունակ այն գաղափարն է իշխել, որ եթե ցանկանում ես լինել գիտնական, պետք է միտքդ ազատ պահես կրոնական կապանքներից»։ Այնուհետև ավելացնում է, որ հետազոտական ինստիտուտներում «կրոնասեր անհատները փակ են պահում իրենց բերանը»31։

Եթե մակրոէվոլյուցիոն ուսմունքը ընդունում եք որպես ճշմարտություն, ուրեմն պետք է հավատաք, որ գիտական հայտնագործությունների մասին խոսելիս ագնոստիկ կամ աթեիստ գիտնականները թույլ չեն տալիս, որ սեփական տեսակետներն ազդեն իրենց մեկնաբանությունների վրա։ Դուք պետք է նաև հավատաք, որ մուտացիաները և բնական ընտրությունն են առաջ բերել կյանքի բոլոր բարդ ձևերը, չնայած այն փաստին, որ մեկ դարի ընթացքում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն փոխակերպել որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի։ Բացի այդ, դուք պետք է հավատաք, որ բոլոր արարածները աստիճանաբար առաջացել են մեկ նախնուց՝ անտեսելով այն փաստը, որ բրածոների ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ բույսերի և կենդանիների տեսակների մեծ մասը առաջացել է միաժամանակ և չի վերածվել այլ տեսակների, նույնիսկ անթիվ–անհամար տարիների ընթացքում։ Արդյոք այսպիսի «հավատը» փաստերի՞ վրա է հիմնված, թե՞ վարկածների։ Թերևս կհամաձայնվեք, որ էվոլյուցիան ընդունելու համար իրոք «հավատ» է անհրաժեշտ։

a Սելեկցիոներների կողմից շների վրա կատարված փոփոխությունները որոշ գեների ֆունկցիայի խանգարման արդյունք են։ Օրինակ՝ տաքսա տեսակի շան փոքր չափը պայմանավորված է նրանով, որ կռճիկը նորմալ չի զարգանում, ինչը և առաջ է բերում գաճաճություն։

b Հետազոտությունները ցույց են տալիս, որ բջջի ցիտոպլազման, թաղանթը և օրգանոիդները նույնպես մեծ դեր են խաղում օրգանիզմի ձևավորման մեջ։

c Լյոնիգը հավատում է, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։ Այս հոդվածում մեջբերված է նրա անձնական կարծիքը և չի ներկայացվում բույսերի սելեկցիոն հետազոտման գծով Մաքս Փլանկ ինստիտուտի տեսակետը։

d Մուտացիաներ կատարելու բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ նոր մուտանտներ ստանալու հավանականությունը աստիճանաբար նվազում է, իսկ արդեն գոյություն ունեցող մուտանտները ավելի հաճախ առաջ են բերում իրենց նման տեսակներ։ Բացի այդ, բույսերի մուտացիաների մեկ տոկոսից քիչն է ենթակա հետագա հետազոտությունների, և այս խմբից էլ գրեթե մեկ տոկոսն է հարմար կոմերցիոն գործածության համար։ Սակայն երբեք բոլորովին նոր տեսակներ չստեղծվեցին։ Իսկ կենդանիների մուտացիաների արդյունքները շատ ավելի վատն էին, քան բույսերինը, և այդ մեթոդը այլևս չկիրառվեց։

e Անգամ բրածոների մի քանի օրինակներ, որոնք հետազոտողները համարում են էվոլյուցիայի ապացույց, վիճահարույց հարց են դարձել։ Տե՛ս «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը (էջ 22–29)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

f Մատերիալիզմը այստեղ վերաբերում է այն տեսությանը, ըստ որի՝ տիեզերքում ամեն ինչ, ներառյալ կյանքի բոլոր տեսակները առաջացել են առանց որևէ գերբնական միջամտության։