Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ազատություն ունենալ

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ազատություն ունենալ

ԳԼՈՒԽ 3

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ազատություն ունենալ

«Երանի՜ ծնողներս թողնեին, որ տեղ գնալիս առանց որևէ մեկի հսկողության լինեի» (Սառա, 18 տարեկան)։

«Ես միշտ հարցնում եմ ծնողներիս, թե ինչու չեն վստահում ինձ, երբ ուզում եմ ընկերներիս հետ մի տեղ գնալ։ Հաճախ նրանք ասում են. «Քեզ վստահում ենք, բայց ընկերներիդ չենք վստահում»» (Քրիստին, 18 տարեկան)։

ՍԱՌԱՅԻ ու Քրիստինի նման՝ դու է՞լ ես ավելի շատ ազատության ձգտում։ Այդ դեպքում պետք է արժանանաս ծնողներիդ վստահությանը։ Իսկ վստահությունը շատ առումներով նման է փողին։ Վաստակելը դժվար է, իսկ կորցնելը՝ հեշտ։ Եվ նշանակություն չունի, թե որքան փող ես վաստակում, միևնույնն է, այն երբեք չի հերիքում։ «Երբ ուզում եմ ինչ-որ տեղ գնալ,— ասում է 16-ամյա Իլիանան,— ծնողներս սկսում են հարցաքննել՝ ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ ես գնում, ի՞նչ ես անելու, ե՞րբ ես վերադառնալու։ Ես հասկանում եմ՝ նրանք իմ ծնողներն են, բայց ինձ նյարդայնացնում են նրանց հարցերը»։

Ի՞նչ կարող ես անել ծնողներիդ վստահությանը արժանանալու համար։ Նախ քննենք, թե ինչու է վստահությունը թեժ քննարկման առարկա ծնողների և երեխաների միջև։

Ուրիշ տարիք, ուրիշ խնդիրներ

Աստվածաշունչն ասում է, որ «տղամարդը կթողնի իր հորն ու մորը» (Ծննդոց 2։24)։ Ինչ խոսք, նույնը կարելի է ասել կնոջ առնչությամբ։ Անկախ այն բանից՝ տղա ես, թե աղջիկ, պատանեկությունը քեզ պատրաստում է չափահասության. դա այն ժամանակն է, երբ դու արդեն պատրաստ ես հեռանալու տնից և քո ընտանիքը կազմելու *։

Սակայն անցումային տարիքը «դուռ» չէ, որի միջով դու պարզապես պետք է անցնես, որ դառնաս չափահաս։ Այն ավելի շատ նման է աստիճանների, որով ողջ պատանեկության ընթացքում քայլ առ քայլ բարձրանում ես։ Հավանաբար դու և ծնողներդ տարբեր կարծիքներ ունեք այն մասին, թե որքան ես բարձրացել այդ աստիճաններով։ «Ես 20 տարեկան եմ, բայց ինձ դեռ չեն վստահում»,— ասում է Մարիան։ Նա կարծում է, որ իրեն չեն վստահում ընկերներ ընտրելու հարցում։ «Ծնողներս մտածում են, թե ես չեմ կարող դուրս գալ դժվար իրավիճակներից։ Փորձել եմ բացատրել նրանց, որ արդեն հաղթահարել եմ դժվարություններ, սակայն նրանք չեն համոզվում»։

Ինչպես երևում է Մարիայի խոսքերից, վստահության հարցը կարող է պատանիների և ծնողների միջև մեծ լարվածություն առաջացնել։ Քո ընտանիքում է՞լ է այդպես։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես արժանանալ ծնողներիդ վստահությանը։ Եվ եթե ինչ-որ անմիտ արարքի պատճառով կորցրել ես քո վստահությունը, ապա ի՞նչ կարող ես անել, որ այն վերագտնես։

Ապացուցիր, որ արժանի ես վստահության

Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին գրեց. «Շարունակ փորձեք ինքներդ ձեզ» (2 Կորնթացիներ 13։5)։ Ճիշտ է, նրա խոսքերը գլխավորապես պատանիներին չէին ուղղված, սակայն այդ սկզբունքը կիրառելի է նաև նրանց պարագայում։ Թե որքան շատ ազատություն կտան քեզ, կախված է այն բանից, թե որքանով են վստահում քեզ։ Իհարկե, դա չի նշանակում, որ դու պետք է կատարյալ լինես։ Սխալներ բոլորն են գործում (Ժողովող 7։20)։ Գուցե քո պահվա՞ծքն է պատճառը, որ ծնողներդ չեն վստահում քեզ։

Պողոսը գրեց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Հարցրու ինքդ քեզ. «Ազնիվ մարդու համբավ ունե՞մ ծնողներիս առաջ և անկեղծորե՞ն եմ պատասխանում, երբ նրանք հարցնում են, թե ուր եմ գնացել կամ ինչ եմ արել»։ Տեսնենք, թե ինչ են ասում մի քանի երիտասարդներ, ովքեր ազնվորեն ինքնաքննություն են կատարել ու հասկացել են, որ պետք է փոխվեն։ Նրանց խոսքերը կարդալուց հետո պատասխանիր ստորև բերվող հարցերին։

Լորի — «Ես էլեկտրոնային փոստով գաղտնի նամակներ էի գրում մի տղայի, որն ինձ դուր էր գալիս։ Ծնողներս իմացան այդ մասին և ասացին, որ նամակագրությանը վերջ դնեմ։ Խոստացա, որ չեմ գրի, բայց չպահեցի խոստումս։ Այսպես շարունակվեց մեկ տարի։ Ես անընդհատ գրում էի այդ տղային, ծնողներս իմանում էին, հետո ներողություն էի խնդրում, խոստանում, որ չեմ գրի, ու նորից շարունակում էի գրել։ Այդ պատճառով ծնողներս կորցրին վստահությունն իմ հանդեպ»։

Քո կարծիքով՝ ինչո՞ւ Լորիի ծնողները դադարեցին նրան վստահելուց։․․․․․

Եթե դու լինեիր Լորիի ծնողների փոխարեն, ի՞նչ կանեիր և ինչո՞ւ։ ․․․․․

Ինչպե՞ս կարող էր վարվել Լորին այն բանից հետո, երբ ծնողները առաջին անգամ խոսեցին իր հետ այդ խնդրի մասին։ ․․․․․

Բեվերլի — «Երբ խոսքը վերաբերում էր տղաներին, ծնողներս չէին վստահում ինձ, բայց հիմա հասկանում եմ, թե ինչու։ Ես ֆլիրտ էի անում երկու տղայի հետ, որոնք երկու տարով մեծ էին ինձնից։ Նաև հեռախոսով երկար զրուցում էի նրանց հետ, իսկ հավաքույթների ժամանակ նրանցից բացի ուրիշ ոչ մեկի հետ չէի խոսում։ Ծնողներս մեկ ամսով վերցրին իմ հեռախոսը և թույլ չտվեցին ինձ գնալ այն տեղերը, որտեղ այդ տղաները կարող էին լինել»։

Եթե դու լինեիր Բեվերլիի ծնողների փոխարեն, ի՞նչ կանեիր և ինչո՞ւ։ ․․․․․

Քո կարծիքով՝ խելամիտ չէ՞ր արդյոք, որ ծնողները սահմանափակումներ դրեցին նրա առաջ։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ ․․․․․

Ի՞նչ պետք է Բեվերլին աներ, որպեսզի նորից արժանանար ծնողների վստահությանը։ ․․․․․

Ինչպես վերագտնել վստահությունը

Ի՞նչ կարող ես անել, եթե քո ծնողներն էլ քեզ չեն վստահում։ Համոզված եղիր, որ կարող ես իրավիճակը շտկել։ Բայց ինչպե՞ս։

Հնարավոր է՝ ծնողներդ քեզ ավելի շատ վստահեն ու ազատություն տան, եթե դու ժամանակի ընթացքում լավ վարք դրսևորես։ Անետը համոզվել է դրանում։ Նա պատմում է. «Երբ դեռ պատանի ես, լիովին չես հասկանում, որ կարևոր է ունենալ վստահելի մարդու համբավ։ Հիմա ես պատասխանատվության զգացում ունեմ և պարտավորված եմ զգում այնպես անել, որ չկորցնեմ ծնողներիս վստահությունը»։ Ի՞նչ ենք սովորում։ Ծնողներիդ մեղադրելու փոխարեն՝ փորձիր քո վարքով վստահություն շահել և այդ դեպքում ավելի շատ ազատություն կունենաս։

Արդյոք վստահելի՞ ես ստորև նշված հարցերում։ Մտածիր, թե վարքագծումդ ինչ փոփոխություններ պետք է անես, և դիր նշանը համապատասխան տարբերակի կողքին։

□ Տուն վերադառնալ ժամանակին

□ Կատարել բոլոր խոստումները

□ Լինել ճշտապահ

□ Խելամտորեն ծախսել փողը

□ Ավարտել տան գործերը

□ Ժամանակին արթնանալ

□ Սենյակը մաքուր պահել

□ Ճշմարտությունն ասել

□ Շատ չխոսել հեռախոսով կամ շատ ժամանակ չանցկացնել համակարգչի առաջ

□ Ընդունել սխալները և ներողություն խնդրել

□ Եվ այլն

Վճռիր ապացուցել, որ կարող ես վստահություն ձեռք բերել քո նշած տարբերակներում։ Հետևիր Աստվածաշնչում տրված խորհուրդներին. «Հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին» (Եփեսացիներ 4։22)։ «Թող ձեր «այո»-ն այո լինի» (Հակոբոս 5։12)։ «Ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25)։ «Հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում» (Կողոսացիներ 3։20)։ Վստահ եղիր, որ այս խորհուրդները կիրառելու դեպքում ժամանակի ընթացքում քո առաջադիմությունը հայտնի կլինի ուրիշներին, այդ թվում նաև ծնողներիդ (1 Տիմոթեոս 4։15

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե, չնայած քո ջանքերին, ծնողներդ ավելի շատ ազատություն չեն տալիս։ Խոսիր նրանց հետ։ Փոխանակ պահանջելու, որ ծնողներդ քեզ ավելի շատ վստահեն՝ հարգանքով հարցրու, թե ինչ պետք է դու անես վստահություն ձեռք բերելու համար։ Հստակ բացատրիր, թե ինչ կուզեիր, որ նրանք անեն։

Մի՛ ակնկալիր, որ ծնողներդ անմիջապես կընդառաջեն քեզ։ Անկասկած, նրանք ուզում են վստահ լինել, որ դու կպահես խոստումներդ։ Օգտագործիր այդ հնարավորությունը և ապացուցիր, որ արժանի ես վստահության։ Ժամանակի ընթացքում ծնողներդ հավանաբար քեզ ավելի շատ կվստահեն ու ազատություն կտան։ Այդպես եղավ Բեվերլիի դեպքում։ «Վստահություն շահելը ավելի դժվար է, քան կորցնելը,— ասում է նա։— Հիմա ծնողներս վստահում են ինձ, և ամեն ինչ լավ է»։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 22։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ծնողներդ ամուսնալուծվա՞ծ են։ Ինչպե՞ս կարող ես հավասարակշռվածություն պահպանել, երբ շուրջդ ամեն բան տակնուվրա է լինում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 7-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ձեր ազատությունը թող չարիք գործելու պատրվակ չդառնա» (1 Պետրոս 2։16, ԱՆԹ)։

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ համեմատիր քեզ ավագ քրոջդ կամ եղբորդ հետ՝ մտածելով, որ նա ավելի շատ ազատություն ունի, քան դու, այլ համեմատիր ներկայումս ունեցած ազատությունդ ավելի փոքր տարիքում ունեցած սահմանափակումներիդ հետ։

ԳԻՏԵԻ՞Ր

Չափից դուրս ազատություն տալը ոչ թե ծնողական սիրո, այլ անտարբերության նշան է։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ինձ ավելի շատ կվստահեն հետևյալ հարցերում՝ ․․․․․

Եթե կորցնեմ ծնողներիս վստահությունը, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ գուցե ծնողներդ չուզենան քեզ ավելի շատ ազատություն տալ, նույնիսկ եթե ջանք ես թափում՝ ապացուցելու, որ արժանի ես վստահության։

● Ինչպե՞ս է հաղորդակցությունը օգնում, որ ծնողներդ քեզ ավելի շատ ազատություն տան։

[մեջբերում 24-րդ էջի վրա]

«Երբ խոսում եմ ծնողներիս հետ, անկեղծորեն պատմում եմ իմ պրոբլեմների ու մտահոգությունների մասին։ Կարծում եմ՝ դա օգնում է, որ ավելի շատ վստահեն ինձ» (Դիանա)։

[գծապատկեր\նկար 23-րդ էջի վրա]

Անցումային տարիքում վստահելի անձնավորություն դառնալը նման է աստիճանների, որով ողջ պատանեկության ընթացքում քայլ առ քայլ բարձրանում ես

գծապատկեր

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ