Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաշտվեմ ծնողիս վերամուսնության հետ

Ինչպե՞ս հաշտվեմ ծնողիս վերամուսնության հետ

ԳԼՈՒԽ 5

Ինչպե՞ս հաշտվեմ ծնողիս վերամուսնության հետ

ՀՆԱՐԱՎՈՐ է՝ ծնողդ անչափ ուրախ է, որ նորից ամուսնանում է, դու, սակայն, ընդհանրապես ուրախ չես։ Ինչո՞ւ։ Քանի որ այլևս հույս չկա, որ երբևէ հայրդ ու մայրդ կմիավորվեն։ Բայցևայնպես, պետք է նշել, որ երբ ծնողը ամուսնանում է իր կողակցի մահից անմիջապես հետո, դա երեխային ավելի մեծ ցավ է պատճառում։

Ի՞նչ զգացիր, երբ ծնողդ վերամուսնացավ։ Դիր նշանը քեզ համապատասխան տարբերակի կողքին։

Ես . . .

□ ուրախ էի

□ անօգնական էի

□ դավաճանված էի զգում

□ խանդում էի

□ ինձ մեղավոր էի զգում, քանի որ սկսել էի սիրել խորթ ծնողիս

Բնական է, որ մեղավորության զգացում ունես խորթ ծնողիդ սիրելու պատճառով, քանի որ հավատարիմ ես քո ծնողին, որը այլևս ձեզ հետ չի ապրում։ Ինչ էլ լինի պատճառը, վերը նշված զգացումները կարող են դրդել քեզ արտահայտելու քո զգացական ցավը ոչ ճիշտ կերպով։

Հնարավոր է՝ ցանկանաս անընդհատ դժվարություններ ստեղծել խորթ ծնողիդ համար։ Գուցե նույնիսկ փորձես երկուսին իրար դեմ հանել, որ բաժանես նրանց։ Սակայն մի իմաստուն առակ ասում է. «Ով իր տան վրա փորձանք է բերում, քամի կժառանգի», այսինքն՝ ոչ մի արդյունքի չի հասնի (Առակներ 11։29)։ Մի՛ ընկիր այդ ծուղակը։ Դու այլ կերպ կարող ես հաղթահարել էմոցիոնալ ծանր վիճակը։ Քննենք մի քանի օրինակ։

Դժվարություն 1. ըմբոստություն խորթ ծնողի դեմ

Ինչ խոսք, հեշտ չէ ընդունել խորթ ծնողի հեղինակությունը ընտանիքում։ Երբ նա խնդրում է քեզ մի բան անել, թերևս ուզենաս վիրավորել ու ասել. «Դու իմ իսկական մայրը (հայրը) չես»։ Գուցե սիրտդ հովանա, բայց իրականում դա ոչ հասուն մարդու արարք է։

1 Կորնթացիներ 14։20-ում (ԱՆԹ) գրված է. «Խորհեցե՛ք հասուն մարդու պես»։ Կերպերից մեկը, որով կարող ես ցույց տալ քո հասունությունը, հետևյալն է՝ ընդունիր, որ խորթ ծնողդ իրավունքներ ունի ձեր ընտանիքում։ Եվ իրականում այդպես էլ կա. խորթ ծնողդ կատարում է հարազատ ծնողիդ պարտականությունը և արժանի է քո հարգանքին (Առակներ 1։8; Եփեսացիներ 6։1–4

Խորթ ծնողի դաստիարակությունը սիրո և հոգատարության դրսևորում է (Առակներ 13։24)։ «Խորթ հայրս մեզ խրատներ է տալիս,— ասում է Իվոնը (18 տարեկան),— բայց չէ՞ որ դա անում են բոլոր նորմալ հայրերը։ Կարծում եմ, որ եթե չընդունեմ նրա խորհուրդները, ցույց կտամ, որ ինձ համար միևնույնն է, որ տարիներ շարունակ հոգ է տանում մեր նյութական և հոգևոր կարիքների մասին։ Դա իրոք երախտամոռություն կլինի»։

Ինչ խոսք, գուցե բողոքներդ արդարացի լինեն։ Այդ դեպքում փաստիր, որ «հասուն» ես՝ հետևելով Կողոսացիներ 3։13-ի խորհրդին. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։

Ստորև գրի առ երկու կամ մի քանի լավ հատկություններ, որ տեսնում ես խորթ ծնողիդ մեջ։

․․․․․

Խորթ ծնողիդ լավ հատկությունների մասին հիշելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ ավելի շատ հարգելու նրան։

․․․․․

Դժվարություն 2. սովորիր լինել առատաձեռն և զիջումների գնալ

«Հայրս երկու անգամ վերամուսնացել է,— ասում է 24-ամյա Ահարոնը։— Ինձ համար շատ դժվար էր ամեն անգամ փոխհարաբերություններ զարգացնել ընտանիքի նոր անդամների հետ։ Սկզբում նրանք ինձ համար օտար մարդիկ էին, բայց ինձ ասում էին, որ պետք է սիրեմ նրանց։ Ես ուղղակի շփոթված էի»։

Դու էլ գուցե դժվարությունների բախվես։ Հնարավոր է՝ այլևս չհամարվես տան մեծը կամ միակ զավակը։ Եթե տղա ես, միգուցե երկար ժամանակ քեզ ընտանիքի տղամարդն ես համարել, իսկ հիմա այդ դիրքը զբաղեցնում է խորթ հայրդ։ Կամ թերևս նույն իրավիճակում ես, ինչ Իվոնը։ Նա պատմում է. «Հայրս երբեք ուշադիր չէր մորս հանդեպ։ Այդ պատճառով մայրս իր ողջ ուշադրությունը ինձ էր տալիս։ Բայց խորթ հայրս շատ ուշադիր էր նրա հանդեպ։ Նրանք միասին ժամանակ էին անցկացնում, զրուցում էին, ու ինձ թվում էր, թե նա գողանում է մորս ինձնից։ Ի վերջո, ես կարողացա հարմարվել»։

Կարո՞ղ ես դու էլ հարմարվել նոր իրավիճակին։ Աստվածաշունչը հորդորում է. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5)։ «Խոհեմություն» թարգմանված բառը բնագրում ունի «զիջել» իմաստը և կարող է վերաբերել այն մարդուն, որը չի պնդում իր իրավունքները։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս խորհուրդը։ 1) Մի՛ ապրիր անցյալով (Ժողովող 7։10)։ 2) Առատաձեռն եղիր խորթ ծնողիդ, քույրերիդ և եղբայրներիդ հանդեպ (1 Տիմոթեոս 6։18)։ 3) Նրանց օտար մարդ մի՛ համարիր։

Քո կարծիքով՝ վերը նշված խորհուրդներից ամենաշատը ո՞րը պետք է կիրառես։ ․․․․․

Դժվարություն 3. երբ երեխաների մեջ տարբերություն են դնում

«Խորթ հայրս իր երեխաներին ինձնից ու քրոջիցս ավելի շատ էր սիրում,— ասում է Թարան։— Նա գնում էր նրանց ուզած ուտելիքը և այն ֆիլմերը, որ ցանկանում էին դիտել։ Ամեն ինչ անում էր, որ ուրախացնի նրանց»։ Դժվար է համակերպվել նման վերաբերմունքին։ Ի՞նչը կարող է օգնել։ Փորձիր հասկանալ, թե ինչու խորթ ծնողդ քո հանդեպ չունի այն նույն զգացումները, որ ունի իր երեխաների հանդեպ։ Գուցե այդպիսի վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե արյունակցական կապով, այլ մի որոշ ժամանակ համատեղ ապրելու հանգամանքով։ Ի վերջո, բնական է, որ դու ավելի մտերիմ ես քո ծնողի, քան խորթ ծնողի հետ։

Սակայն հիշիր, որ տարբերություն դնելը և արդար վերաբերմունք դրսևորելը տարբեր բաներ են։ Մարդիկ բնավորության տարբեր գծեր ունեն ու տարբեր կարիքներ։ Ուստի կենտրոնացիր ոչ թե այն բանի վրա, թե ինչու է խորթ ծնողդ տարբերություն դնում ձեր մեջ, այլ այն բանի վրա, թե արդյոք բավարարում է քո կարիքները։

Խորթ ծնողդ քո ո՞ր կարիքներն է հոգում։

․․․․․

Քո կարծիքով՝ ո՞ր կարիքները չի հոգում։

․․․․․

Եթե զգում ես, որ խորթ ծնողդ չի բավարարում որոշ կարիքներ, հարգանքով խոսիր այդ մասին նրա հետ։

Համբերությունը վարձատրվում է

Սովորաբար տարիներ են հարկավոր, որպեսզի նման ընտանիքներում անդամների միջև վստահելի փոխհարաբերություններ զարգանան։ Միայն այդ դեպքում տարբեր մարդիկ կկարողանան համատեղ ապրել։ Ուստի համբերությամբ զինվիր։ Մի՛ ակնկալիր, որ քեզ միանգամից կսիրեն կամ որ ձեր ընտանիքը կդառնա ամուր։

Երբ Թոմասի մայրը վերամուսնացավ, նա իր տեղը չէր գտնում։ Նրա մայրը չորս երեխա ուներ, իսկ խորթ հայրը՝ երեք։ Թոմասը պատմում է. «Անընդհատ վեճեր, կռիվներ, վիրավորանքներ. մեր փոխհարաբերությունները շատ լարված էին»։ Ինչի՞ շնորհիվ նրանք հաջողությունների հասան։ «Երբ կիրառեցինք Աստվածաշնչի սկզբունքները, խնդիրները լուծվեցին»։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ինչպե՞ս կվարվես, եթե հարազատ եղբայրներդ ու քույրերդ քեզ հունից հանեն։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը։ Համբերատար մարդը ոգով ամբարտավան մարդուց լավ է» (Ժողովող 7։8

ԱՌԱՋԱՐԿ

Հնարավոր է՝ հակառակ սեռի խորթ քրոջդ կամ եղբորդ հետ խնդիրներ ունենաս։ Ուստի մտքումդ արգելքներ դիր քո սեռական ցանկությունների դեմ և հետևիր, որ քո պահվածքով կամ հագուկապով նրա մեջ սեռական ցանկություններ չարթնացնես։

ԳԻՏԵԻ՞Ր

Գուցե խորթ եղբայրներիդ ու քույրերիդ համար նույնպես դժվար է հարմարվել նոր ընտանիքին։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ես կփորձեմ ավելի շատ հարգանք դրսևորել խորթ ծնողիս հանդեպ՝ հիշելով այն լավ բաները, որ նա արել է մեր ընտանիքի համար (գրի առ երկու դրական բան)։ ․․․․․

Եթե խորթ քույրս կամ եղբայրս վատ վերաբերվի ինձ, կարող եմ կիրառել Հռոմեացիներ 12։21-ի սկզբունքը՝ անելով հետևյալը՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնողիս կամ խորթ ծնողիս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ի՞նչ մտավախություններ գուցե խորթ ծնողդ կամ խորթ քույրերդ/եղբայրներդ ունենան, երբ միանան ձեր ընտանիքին։

● Ինչո՞ւ է կարևոր հաշվի առնել այն հանգամանքը, որ նոր ընտանիքիդ հետ երկար ես ապրելու։

[մեջբերում 38-րդ էջի վրա]

«Մորս երկրորդ ամուսնությունն էլ ավարտվեց բաժանությամբ։ Բայց մինչ օրս շատ մտերիմ եմ իմ խորթ եղբայրների ու քույրերի հետ։ Նրանք իմ կյանքի անբաժանելի մասն են դարձել» (Թարա)։

[նկար 39-րդ էջի վրա]

Երկու տարբեր ընտանիքների միացությունը նման է ջրի ու ցեմենտի խառնուրդին. ժամանակ և ջանքեր են պահանջվում, որ արդյունքում ստացվի պինդ ու կարծր նյութ